Քարե հսկա կամարները բազմել էին ամբողջ երկրով մեկ: Ամբարն առայժմ չոր ու ցամաք էր, ջրատարների մեջ քամի էր խաղում: Մի կլոր տարի պահանջվեց, որ Ջրանցույց կառուցեն, ու ջուրը Հյուսիսի երկրից հասցնեն Հարավի երկիր:
– Շուտով,- ասում էին մայրերը երեխաներին,- շատ շուտով Ջրանցույցի կառուցումը կավարտվի, և Հյուսիսում՝ հազարավոր մղոններ հեռվում, սահմանադուռը կբացեն, ու պաղ ջուր կհոսի, որով կջրենք մշակաբույսերն ու ծաղիկները, մեր լողավազաններից ու սեղաններից ջուրը չի պակասի:
Երեխաները հետևում էին Ջրանցույցի կառուցմանը, նայում էին, թե ինչպես է ամուր դրվում քարը քարին: Երեսուն ոտնաչափ բարձրություն ուներ, երկայնքի ամեն հաջորդ հարյուր յարդին խոշոր գարգոլներով ջրհորդաններ կային, որտեղից ջուրը բարակ հոսելով լցվելու էր այգու ջրավազանների մեջ:
Հյուսիսում ոչ թե մեկ երկիր էր, այլ երկու: Նրանք տարիներ շարունակ իրար վրա սուր էին ճոճում ու վահան վերցնում:
Ու հիմա՝ Ջրանցույցի կառուցման տարում, Հյուսիսի երկու երկրները միմյանց վրա միլիոնավոր նետեր էին արձակում ու միլիոնավոր վահաններ պարզում, որոնք առկայծում էին, ինչպես անհամար արևներ: Հեռավոր ափին մի օվկիանոս արցունք էր թափվել:
Տարեվերջին Ջրանցույցը կանգուն էր: Տաք Հարավում սպասող ժողովուրդը հարցնում էր.
– Ե՞րբ ենք ջուր ունենալու: Հյուսիսում պատերազմ է, մի՞թե պիտի ջրազուրկ մեռնենք, իսկ մեր բերքը չորանա:
Մի սուրհանդակ վազեվազ մոտեցավ.
– Սարսափելի պատերազմ է,- ասաց նա,- անասելի արյունահեղություն է: Ավելի քան հարյուր միլիոն մարդ է կոտորվել:
– Պատճառն ի՞նչ է:
– Էդ երկու երկրները համաձայնության չեն եկել:
– Մենակ էն ենք լսում, որ համաձայնության չեն գալիս:
Մարդիկ հավաքվել էին քարե Ջրանցույցի ամբողջ երկայնքով: Սուրհանդակները հետ քաշվեցին փակ ջրարգելակներից։ Դեղին դրոշակները ձեռքներին՝ գոչում էին.
– Սափորներ ու շշեր բերե՛ք, պատրաստե՛ք դաշտերն ու ակոսները, բացե՛ք լողավազանները, գնացե՛ք ջրամանների հետևից:
Հազարավոր մղոններ ձգվող Ջրանցույցը լցվում էր: Սուրհանդակները ոտաբոբիկ վազվզում էին ջրանցքների մեջ: Տասնյակ միլիոնավոր մարդ էր հավաքվել: Նրանք եկել էին կիզիչ ու շոգ գյուղերից։ Մարդիկ աչքները ջուր կտրած կանգնել էին բաց ջրարգելակների առջև՝ ձեռքներին թակույկներ, սկահակներ, կուժեր, որ պարզել էին դեպի գարգոլներով ջրհորդանները, որտեղ սոսկ քամին էր սուլում:
– Գալի՜ս է,- լուրը հազար մղոն հեռավորության վրա մարդուց մարդ փոխանցվեց: Հեռու-հեռվից շառաչյուն լսվեց։ Հեղուկը քարե ջրամբարի մեջ հոսում ու թափվում էր ցած: Սկզբում դանդաղ էր հոսում, հետո արագացավ, ապա կիզիչ արևի տակ առատորեն թափվեց Հարավի երկիր:
– Մոտ է: Շուտով կգա, լսե՛ք,- ձայնեց ժողովուրդը: Բաժակները վեր պարզեցին: Հեղուկը ջրարգելակներից դուրս թափվեց, լցվեց գարգոլների բերանները, այնուհետև հոսեց քարե լողավազանների, ջրամանների ու դաշտերի մեջ: Դաշտերը բերքառատ դարձան: Մարդիկ լողացան: Նրանց երգերի ձայնը դաշտից դաշտ, գյուղից գյուղ էր հասնում:
– Բայց, մայրի՛կ,- մի երեխա բարձրացրեց բաժակն ու շուռ տվեց: Հեղուկը դանդաղ ծորաց,- սա ջուր չէ:
– Սսկվի՛ր,- կարգադրեց մայրը:
– Կարմիր է ու թանձր,- ասաց երեխան:
– Ձենդ կտրի՛ր: Վերցրու օճառն ու լվացվիր,- ասաց նա,- հարցեր մի՛ տուր, վազիր դաշտ, բացիր ջրարգելակն ու բրինձը ցանիր:
Դաշտերից մեկում հայրն ու երկու որդիները, միմյանց դեմքերին նայելով, ծիծաղում էին:
– Եթե էսպես շարունակվի, անհոգ կապրենք: Սիլոսի պաշար, մաքուր մարմին, էլ ի՞նչ է պետք:
– Մի՛ անհանգստացիր,- խոսեցին երկու որդիները,- նախագահը Հյուսիս պատվիրակ է ուղարկել՝ վստահանալու, որ էդ երկու երկրները դեռ երկար համաձայնության չեն գա:
– Ով իմանա, միգուցե հիսունամյա պատերազմ լինի:
Նրանք երգում ու ծիծաղում էին:
Գիշերը բոլորը ուրախ քուն մտան՝ լսելով լի ու վարար Ջրանցույցի անուշ ձայնը, իսկ լուսադեմին հեղուկը գետի նման հոսում էր Հարավի երկիր:
Թարգմանությունը անգլերենից՝ Լիանա Հովհաննիսյանի