«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակներում այս անգամ հյուրընկալվել եմ Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղում: Կապույտ լույսով գյուղը, այսպես եմ բնորոշում Ռինդը, որը բարձրադիր լեռնային, մաքուր օդով մի չքնաղ բնակավայր է անչափ խաղաղ մթնոլորտով:
Երևանից Ռինդ հասնելու համար դիմում եմ ամենափորձված մեթոդին՝ հարցում եմ կատարում Ֆեյսբուքում. ցավոք, այսքան տարիների ընթացքում Հայաստանի տարբեր ծայրեր մեկնող տրասնպորտի երթուղիները ներկայացնող մեկ ընդհանրական, կենտրոնացված համակարգ չունենք: Ամեն ինչ մոտավոր է, ամեն ինչ՝ ծանոթով գլուխ բերելու: Ընկերներս, իհարկե, ինձ օգնում են, բայց, այ, թե ինչպես պետք է գլուխ հանեն այս հարցում արտասահմանցի տուրիստները, դժվարանում եմ գուշակել: Միջին հնարավորությունների տեր, սեփական միջոցներով ճամփորդող տուրիստի համար տրասնպորտային ընդհանուր համակարգի մասին ծանուցող բազմալեզու կայքի բացակայությունը լուրջ խնդիր է:
Ռինդի դպրոցն ինձ դիմավորում է գարնանային տրամադրությամբ ու աշխույժ երեխաներով: Աշակերտները չափազանց ակտիվ են, քննարկման ու բանավեճի պատրաստ, բազմաթիվ ճիշտ ու սխալ հարցեր ունեն, բայց ամենակարևորը՝ կաշտկանդված չեն: Ամալյան և Գագիկը ամենից ակտիվն են: Ամալյան նաև ասմունքի մրցույթի է մասնակցել, առանց ավելորդ պաթետիզմի ընթերցում է Հովհաննես Գրիգորյանի «Հայրերի հող» բանաստեղծությունը, ակնհայտ է, որ մի քանի րոպեների ընթացքում հասկացել է և՛ բանաստեղծին, և՛ նրա արտահայտած հայրենասիրության ուղերձները:
Ակտիվ, բանավեճային, հարցուպատասխանով հագեցած դասը թեպետ հուսադրող է, բայց պետք է նշեմ, որ ինչպես նախընթաց դպրոցներում, այստեղ ևս, ժամանակակից գրականության ներկայացմանը զուգահեռ, աշակերտները թեպետ նշում են, որ իրենք հավանեցին ժամանակակից հայ բանաստեղծների ստեղծագործությունները, այնուհանդերձ հակված են կարծելու, որ դասական պոեզիան ավելի լավն է: «Մեր «հին» բանաստեղծներն ավելի ուժեղ են, նրանց գրածն ավելի ոգեղեն է: Այսպես մենք էլ կարող ենք գրել»,- մոտավորապես նման գնահատականի են արժանանում ժամանակակից գրողները: Ցավոք, ժամանակակից արվեստի ընկալումը ոչ միայն հանրակրթական դպրոցների զգալի մասում է գտնվում զրոյական մակարդակի վրա, այլ նաև շատ ու շատ բուհական հաստատություններում: Ճիշտ է, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը մեկ քայլ է՝ մոտենալու խնդրին, բայց չափազանց հպանցիկ քայլ: Այս ասապարեզում երկարատև ու լուրջ կրթական ծրագրերի ներդրման անհրաժեշտություն կա, ինչպես նաև՝ ուսուցիչների վերապատրաստման: Շատ դեպքերում հաճախ հենց ուսուցիչների մոտ է ժամանակակից արվեստը խիստ հակազդեցություն առաջացնում, որովհետև, ըստ նրանց, ժամանակի փորձություն դեռ չի անցել. մեր կրթական հաստատություններում, ցավոք, արվեստի գնահատման միակ չափանիշը եղել և մնում է, այսպես ասած, ժամանակի վավերականության անցաթուղթը:
Դասընթացից հետո աշխուժ քննարկում ենք ծավալում երեխաների հետ, միայն Ամալյան է, որ շարունակում է հավատալ՝ իսկական գրականությունը հին ու նոր չի ճանաչում, իր իմացած հնարավոր բառերով փորձում է փաստել, իր ընկերներին համոզել, որ բոլոր գրողներն էլ կարող են սիրելի և ընթերցելի լինել, և որ ժամանակն առաջ է գնում, մենք էլ պարտավոր ենք առաջ նայել: Ամալյային թողնում ենք որպես մեր գրական «աղանդի» միակ ներկայացուցիչ այս գյուղում՝ հուսալով, որ նրա կամքն ու համարձակությունը կհերիքեն իր շուրջ համախոհների նոր շրջանակներ հավաքելու: 🙂
Դասաժամին ընթերցվել են ստեղծագործություններ՝Գարնանային գլխապտույտ, Հայաստան՝ սա իմ երկիրն է, Սիրային բանաստեղծություններ՝ գրված անպատեհ ժամանակներում բանաստեղծական շարքերից: