Ռոբերտ Եսայան | Եթե ես ունեմ մեկ ընթերցող

Ռոբերտ Եսայան

Եթե ես ունեմ մեկ ընթերցող

Եթե ես ունեմ մեկ ընթերցող,
Նշանակում է` ընթերցվո՜ւմ է տառը տիեզերական:
Եվ բառը արյան երակներով հասնում է
Դռներին ժամանակի:
Ճանաչումը
հագչում է սարկոֆագներում:
Եվ Զարդարանք – գրքեր են
փողոցները,
ուր ընդգծվում է շերտը Անտարբերության,
ուր սպասումն է անգամ սալահատակվել,
իսկ ճանապարհը սկիզբ է ու… հանգրվան:
Եվ Հասարակարգերի միջև ճոճվում են
կախաղանները
Զոհեր, զոհեր, զոհեր…
Եվ համադրության քաոսը սրում է
եզրը լռության,
որպես մատիտ,
և գրում բառեր, բառեր…
Ես Սրբում եմ ճակատագրի արցունքն աչքերից
հորիզոնի,
որ բացվի ծաղիկը հարահոս կյանքի…
Եվ պոեզիան աճելով լուսանցքներում երկրի,
բախում է դռները երկնային հույսի,
կապույտ երևէջներով իջնում է ճյուղերին
վայրկյանների, ծիծաղում բողբոջների միջից…
Եվ Գրչիս հայացքում
Անսահմանությունն ու հողն են համբուրվում…
Օ՜, հազարամյակների մեծ լռության կրողն է
Բառը… (Ես կաղապար չունեմ):
Լավ է պոեզիան զուրկ լինի անգամ գաղափարից,
քան… ազատությունից…

 

 

Իմ տողերն է ջնջում
երկիրն իր պտույտով

Ես գրում եմ իմ անունը հայացքում անցորդների
և ինքս ապրում… ժամանակից դուրս:
Իմ և բառի միջև աղոթում է լռությունը,
որպես խաչքար:
Եվ ամեն տողից
ցնցվում են հիմքերը տարածության:
Ոտնահետքս կայծակ է,
որից լուսավորվում է ճակատն իմ ճանապարհի:
Հողի երազն է բարձրանում աստիճաններով ոգու:
Ես տերն եմ հիշողության:
Ես աշխարհիս քայլն եմ…
Տարրալուծվում եմ տերևներում գգվանքների:
Ըմպում եմ քո հայացքից ավիշը տարածության:
Հոգիս լցվում է զնգոցով հույսի:
Ամենամեծ որոնողը – Սերն է:
Արևի շողը հացի փշրանքի պես
Հալվում է լեզվիս տակ և ներսուզվում
արմատներում հիշատակի:
Անհեթհեթության կետը…
ես չեմ:
Մտքերս անընդհատ դատարկվում են
և հասնում սահմանին Անսահմանի,
որից այն կողմ… իր բանաստեղծություններն է գրում
Անհայտի ոգին,
որից այս կողմ… իմ տողերն է ջնջում
Երկիրն իր պտույտով…

 

Հայտնության եզր

Ես ինձ տեսնում եմ
Ճանաչողության սահմանից այն կոմղ…
Որտեղ է եզրը ինքնահանդիպման:
Վարք -անդունդ -լույս:
Բռնում եմ ձեռքդ,
ինչպես ճյուղը ծաղկած-
դրանով իսկ կատարում եմ
մի ընդհանրացում:

Բախտի միջանցքը վարագուրված է
Ճակատագրի մտքերով կարմիր…
Երազանքի սահանքների միջով անցնող
մի նավակ է
իմ ստվերը,
որ կառչում է նշաններից անհայտության:
Հերկիր ցավը
տառապանքի լույսով միայն,-
քոնն է ժամը
և դարպասը ներգործության…

Վայրկյանների կատարներին
բոցավառվում է իմ համբույրը:
Մանուշակները դիպվածի
Օրորվում են սարսուռներիս ծովում:
Փողոցն` անդրադարձ
որի բառերը չի գտնելու երբեք
և ոչ մի պոետ,
քանզի երբ սերը կա`
զիգզագն է իշխում առեղծվածի
քանզի երբ համբուրում ես,
բառերը սպասում են
լռության
աստիճաններին…
ես ինձ տեսնում եմ
ճանաչողության սահմանից այն կողմ…

 

 

Եվ նոր գոյացող մի եզերք է հենվում
իմ ուսերին

Դիպվածը սուր է,
Որով գլխատվում է բանականության ծաղիկը:

Եվ համբույրները
բանալիներ են…

Հենարաններն են փլվում բառարմատների,
և նոր գոյացող մի եզերք է հենվում
իմ ուսերին…

Ճակատագրի մտքերը տրորում եմ ափիս մեջ
հասկի պես,
և լույսի հատիկները գլորվում են, որպես
ասուպներ…

 

Ես փնտրում եմ իմ դեմքը

Ես փնտրում եմ իմ երկինքը…
Մեր բարբառի ոգուց ճառագայթն է բխում,
որպես աղբյուր:
Առասպելապատ ճանապարհ է այս կյանքը:
Լեռան հայացքի ջերմությունն է փարվում
քարանձավի շնչին:
Ոչ մի շոյող ձեռք:
Տան շեմը շուրթ է`
կարոտ համբույրի:
Ճակատագրի մատնահետքը կլանում է իմ դեմքը`
Ճշմարտության վիհը…
Ես փնտրում եմ… իմ ձայնը:
Ծնչակոք հայացք են փակագծերը,
որոնք թե բացվեն ինչ-որ հնարքով,
Մեղքից կծորա գիշերը զղջման
և տողը, որպես մոմ պատարագի,
կվառվի ափում հաղորդակցության…
Ես փնտրում եմ իմ երկինքը…

 

Հանգրվանի հույս

Լռության ակունքները բներ են արցունքների:
Երազի քայլերով հաղթահարում եմ անապատները
անորոշության:
Համբուրում եմ տողերիս միջև բաբախող լռությունը,
և ծաղիկներ են բուսնում դաշտերում Անհայտի
Սանդուղք է
հիշողությունը,
որով բարձրանում է լույսը մանկության:
Կարոտի արգանդից կաթող արյունը
թռչուն է:
Տարածության նշանը`
լռության երիզ…
Ո՞վ է հերկում անհայտ ցավերը Դիպվածի:
Անհայտի ոտնահետքով
Լուսավորվում է ճակատն իմ ճանապարհի:
Ես հասցեն եմ բառի.
ինձ կորցրել է հրեշտակը
անապատներում լռության…
Ես դուրս եմ մնացել
(և անվերադարձ)
զգայարաններիս բիբլիական հունից:
Արևի շուրթից իմ անունն է կաթում
հիշողության տանիքների վրա…

 

Օրորոցային

Ամպի ծվենները հրեշտակի թևեր են,
որոնցից քաշքշող մանուկները
հիշողության արձագանքներն են:
Ճանապարհի օրհներգի զորությամբ
հյուսվում է իմ Աղոթքը:
Լռության շուրթին բացվում է խորհուրդը ծաղկի:
Շուրթերիդ գծերում թփրտում են
թևերը Քաոսի
Դու ինձ հասնելու
համար` պիտի շրջանցես
աշխարհը…
Խորհրդանիշ չէ
լույսը, այլ`
ճանապարհ սիրո:
Ներշնչանքների միջև օրորվում է փողոց-օրորոցս
կարոտից մինչև դատարկություն,
դատարկությունից մինչև կարոտ…

 

Աղավնի Սահակյանին`
մարտական ընկերուհուս

Հրեշտակի թևը սպեղանի էր…
Բառը, որպես խորհրդանիշ
ոգու, գրավում էր ամենակարևոր
դիրքը:
Եվ ցավը սլանում էր լույսի արագությամբ:
Եվ օրագրի էջ է ճանապարհի
եզրը, ուր գրում ես արյամբ հիշատակի:
Եվ ճանապարհորդում է լույս Աղոթքի:
Դու որոնում ես հայացքում բառերի
Անկշռելին:
Եվ խտացված ճիչ է Անհունը:
Որպես աղբյուր,
Բխում է հորովելը
Հետքերից հրասայլի:
Եվ լուսանկարները
հիշողության լուսանցքներ են,
ուր ծաղկում են
կակաչները տարածության…
Եվ հրեշտակի թևերի լույսն էր բացվում…

 

Ծնունդ

Հասարակարգերի միջև եռուն փողոց է
իմ կյանքը: Եվ տողերից իմ կաթկթող արյունը
վերականգնում է տեսողությունը բառի:
Թե խիղճը սփռոց է սեղանի համար
խրախճանքի,
տողերս հառնում են մարած մի աստղի
թավշյա հետքերում,
որպես քարե ճիչ:
Եվ ներշնչանքի խաչմերուկներում
վառվում է բառը,
որպես լապտեր:
Եվ հիշողության ծվենն է կառչում
արմատներից լռության:
Կամքը հոսում է
հրահալ մետաղի պես:
Լույսը հայացք չուներ:
Ինձնից դուրս և իմ մեջ
քայքայվում է կացութաձևը:
Եվ հիշողության գագաթները տանում են
Գիշերները իմ տվայտանքների…
Տեսիլքի թևերը բարձրացնում են
Ճյուղերը մտքերիս…
Ես իմ ծնունդի ականատեսն եմ…
Ապագայի շեմը…

 

 

Արթնանալ
առավոտի պես

Ցաք ու ցրիվ
տողերս
Ճանապարհներիս կմախքներն են
ճերմակ,
որոնց ճեղքերից ելնում են
մանուշակները…
Հողը
Շուրթերիս շարժումներում փնտրում է
բներ-
փետուրների ամառ,
ներշնչանքներիս թարթիչների վրա
բացվում է արշալույսը:
(Ես օրերի ճակատն համբուրելով,
հասա նեղ դռանը
հույսի…):
Զսպաշապիկ է իմ ժամանակը,
որից ազատվելու կա դեռ
մի հնար, այն է`
արթնանալ առավոտի պես
և գրել բանաստեղծություններ…
Ամռան տարածքն է սուզվում ձեռքերիս մեջ,
և կարոտներիս գգվանքներից
Ճերմակ-ճերմակ
աղավնիներ են ճախրում…

 

Անմահություն

Ես հագնում եմ,
կոշիկներս,
որպես հիշողության
ուղեկիցներ:
Ստվերիս սլաքը
ցույց է տալիս
ոգին ժամանակի:
Հետքերս
դիմավորում են
ինձ,
որպես սարկոֆագներ
հույսի:
Ես ապրում եմ
ինձնից դուրս,
որպես
անմահության եզրին բուսած…
մի պատարագ:

6.04.2015թ.

 

Հանգրվան

Երկնքի երազներից
մի ձեռք հյուսում է իմ դեմքը
և դնում ցողունի վրա
Ապագայի:
Դիմագծերիս
շառաչից
շյուղեր է կտցում
թռչունը
և հյուսում
բույնն Անսահմանի:

 

Երբ նայում եմ քեզ

Լեռան գագաթին ծլում է լույսը,
որպես Ավետիս:
Երբ նայում եմ քեզ
կամ շոյում եմ
վարսերդ,
հուշերիս քաղցը չի հագենում:
Ազատագրված բառի ոգին
դառնում է Անհայտության մաս:
Դեմքդ` ստորակետ,
Աստծո հղած տողերի միջև…
Ես համբուրում եմ ստորակետը քո շուրթերի…
Համբույրն աղբյուր է:
Անհայտության
մաս են քայլերդ:
Հայացքիդ ծաղկաթերթին գրում եմ մի տող…
Եվ լուսանում է բախտը
թևին հորիզոնի:

09.04.2015թ.

 

Իմ կամքը շարժում է բառերի
անդրժամանակյա կյանքը

Բանաստեղծությունից դուրս մնացած տողերը
թուխս են նստել բեկորին հույսի,
որից հոսում է հայացքը տիեզերքի…
Իմ կամքը շարժում է բառերի
անդրժամանակյա կյանքը:
Քարածխանում են իմ ապրումները
շերտ առ շերտ,
Ես դառնում եմ մեծությունը
դարաշրջանի,
և խղճի լապտերով լուսավորվում եմ
ընդերքը բառի
հորիզոնի աչքը…
Հուշը կայծաքար է…
Աստիճաններ են բառերը
ելարանը ոգու,
որով ելնում եմ
ես իմ քայլերի ջրվեժներն ի վեր
և հասնում
անէությանն իմ կենսագրության:
Աստիճաններ են բառերը…
Ես ելնում եմ վեր,
բայց ներքևում եմ դեռ`
անդրժամանակյա տարածքում հուշի…
Հույսը կայծքար է…
Իմ հոգին պոկում է հորիզոնի
բանտաճաղերը`
դարձնելով դրանք հիշողության
խթան:
Իմ հայացքների ջրվեժների վրա
բներ է հյուսում
ձեռքը Անհունի:
7.04.2015թ.

 

Թե ինչպես է բողբոջը պայթում
առեղծվածի ճյուղին

Ես գրում եմ փետուրի ձայնով:

Մեր շուրթերի միջև
շատրվանում է
համրությունը`
երազներով լի:

Ես գրում եմ քո համբույրի ձայնով…

Պարանոցիդ թփրտում է
աղոթքի մի պատառիկ:

Աչքերս,
որ դուրս ես նետել դու
տանդ կատվի հետ,
բողբոջել են դատարկ մայթերին:
Ես ըմպում եմ
ծնկներիդ սարսուռն`
իբրև լույս:
Տերևաթափը
սպիներն է փողոցների…
Ցավի կայծքարը…

Ես ծաղիկ առ ծաղիկ համբուրեցի
քո շնչառությունը –
ծիտը վեր թռավ
քո ոտնահետքից…

Քո անվան տառերը
կորցնում են
իրար…
Միացման կետերը
շուրթեր են,ս
որ համբուրվում են
իմ արյան հեռու
առավոտներով…

Լռությունը լիզում է
փաթիլն Անհունի…

Իմ և քո արագացող շնչառությունները
գգվող ձեռքերի պես
միանում են
և լսում,
թե ինչպես է բողբոջը պայթում
առեղծվածի ճյուղին:
6.04.2015թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *