Յակով Կրոտով Ռոզանովի դառը ծիծաղը

Ուշագրավ գրական միստիֆիկացիա։ «Դառն ծիծաղովս կծիծաղեմ» արտահայտությունը մտել է ռուսական մշակույթ։ Թեպետ ոչ այդքան լայնորեն, բայց այդուհանդերձ մտել է։ Համացանցում հանդիպում է ավելի քան 200 անգամ (2008 թվականի տվյալներով), ընդ որում՝ դրանց կեսը՝ նույն բառարանային հոդվածում, որտեղ այդ արտահայտությունը բերվում է որպես պարոնոմասիայի կամ աննոմինացիայի օրինակ։ Որպես հեղինակ սովորաբար նշվում է Գոգոլը։ Առավել «շնորհյալները» հավելում են, որ դա Գոգոլի գերեզմանաքարին գրված տողն է, և որ այն մեջբերում է Երեմիա մարգարեի գրքից (20։8)։

Երեմիա մարգարեի մոտ, սակայն, մի փոքր այլ կերպ է ասված՝ «Դառն խոսքովս կծիծաղեմ»։ Ընդ որում՝ միայն եկեղեցասլավոնական թարգմանությունում է այդպես, մինչդեռ արդի ռուսերեն թարգմանությունում բոլորովին այլ կերպ է. «Որովհետև հենց որ սկսում եմ խոսել՝ աղաղակում եմ բռնության մասին, գոռում եմ կործանման մասին, զի Տիրոջ խոսքը դարձել է ինձ համար նախատինք և ամենօրյա ծաղր»։

Գոգոլի շիրմաքարը մեջբերում է նախորդ թարգմանությունը. «Զի յորում դառն բանիվ իմում ծաղրեցայց, ուրացումն եւ աղքատութիւն առաջի բերից, քանզի եղեւ ինձ բան Տեառն ի նախատինք եւ ի ծաղր ամենայն աւուր» (արդի ռուսերենով ավելի լավ է, չէ՞)։ Դա դեռ ոչինչ․ եկեղեցասլավոնական ավելի հին թարգմանությունում (XV դար, Օստրոգյան Աստվածաշունչ) այս հատվածն առավել անհասկանալի է. «Իժե պրեժդե ուժե գլագոլյու վոզգլաշայուշչե բեզակոնիե ի պակոստի վոզգլաշայու ի բիստ մնե սլովո Գոսպոդնե վ պոնոշենիե ի վ պոսմեխ վես դեն»։ Ի դեպ, տասնհինգերորդ դարի թարգմանությունը ավելի ճշգրիտ է․ այնտեղ «դառն խոսք» չկա, ինչը և չպետք է լիներ։ Տասնութերորդ դարի թարգմանիչները սխալվել են «շատ բան իմանալուց»։ Նրանք արդեն բավականաչափ գիտեին եբրայերեն՝ թարգմանելիս համեմատելու համար (ընդհանուր առմամբ, Աստվածաշնչի թարգմանությունը ավանդաբար արվում էր հունարենից), բայց դեռ այնքան չէին տիրապետում եբրայերենին, որպեսզի չսխալվեին համեմատության ժամանակ։ Եբրայերեն midde ‘adabber ‘ez’aq («միդդե ադաբբեր էզաք»)՝ «որքան խոսում եմ` գոռում եմ», Սեպտուագինտայի թարգմանիչները (մ.թ.ա. 3-րդ դար) կարդացել են որպես MR DBR ‘etshaq («մր դբր էցհակ»)՝ «դառնության խոսքով ծիծաղում եմ»։

«Դառը խոսքը» «դառը ծիծաղի» վերածեց Ռոզանովը իր՝ Գոգոլի հարյուրամյակին նվիրված ակնարկում. ««Իմ դառն ծիծաղով կծիծաղեմ» — սա ոչ միայն նրա մոսկովյան շիրմաքարին գրված էպիտաֆիան է, այլև էպիգրաֆ նրա ողջ կենսագրության համար»։

Դառը ծիծաղելով՝ Ռոզանովը արտահայտությունը դրեց հրամայական եղանակի մեջ, բայց ժողովուրդը հրաժարվեց կատարել հրամանը։ Գոգոլը դառնորեն ծիծաղեց, Ռոզանովը՝ բավականին, մնացածը կարող են հանգիստ շունչ քաշել։

Կարելի է պատկերացնել, թե ինչպես են երկնքում ծիծաղում Երեմիան, Գոգոլը և Ռոզանովը այս պատմության վրա։ Իհարկե, դա արդեն այն դառը ծիծաղը չէ, որը առանձնահատուկ էր նրանց երեքին․ երկրի վրա դառն է, դրախտում՝ քաղցր։


Թարգմանությունը ռուսերենից՝ Մարտուն Հովհաննիսյանի

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *