Օլգա Գրյազնովան ծնվել է Բաքվում, ռուս-հրեական ընտանիքում ։ Նրա հայրը՝ Օլեգ Գրյազնովը, զբաղվում էր իրավաբանությամբ, իսկ մայրը՝ Յուլիա Վինիկովան, երաժշտագետ էր։ Ընտանիքը Հեսսեն է եկել 1996 թվականին՝ որպես այսպես կոչված «քվոտային փախստականներ» (Kontingentflüchtlinge): Գրյազնովան սկսել է գերմաներեն սովորել 11 տարեկանից։ Միջնակարգ կրթությունն ավարտել է Ֆրանկֆուրտում: Սովորել է Լայպցիգի Գերմանական գրականության ինստիտուտի «Գրական ստեղծարարություն» բաժնում՝ ստանալով բակալավրի աստիճանը: Հետագայում ուսումնառել է արտերկրի մի շարք համալսարաններում՝ Լեհաստան, Ռուսաստան (Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում), իսկ Բեռլինի Ազատ համալսարանում՝ պարարվեստի պատմություն: Գերմանիայի PEN կենտրոնի անդամ է:
Գրյազնովը տպագրվում է տարբեր ամսագրերում և անթոլոգիաներում։ Նրա առաջին՝ «Ռուսները, նրանք կեչի են սիրում» վեպը լույս է տեսել 2012 թվականին և ստացել բազմաթիվ արձագանքներ՝ ինչպես ոգևորիչ, այնպես էլ՝ քննադատական: Վեպը թարգմանվել է 13 լեզվով:
Ձեզ ենք ներկայացնում մի հատված «Ռուսները, նրանք կեչի են սիրում» վեպից՝ Գայանե Գինոյանի թարգմանությամբ:
Հատվածը նկարագրում է Բաքվի հայկական ջարդերը:
***
Գրքի թարգմանության առաջարկը ստացա հեղինակից 2012 թվականին, խոստացա կարդալ վեպը և պատասխանել նրան: Կարդացի ու քանի որ համաձայն չէի որոշ փաստերի հետ, այդ պատճառով չձեռնարկեցի այդ գործը: Ամեն տարի հունվարին և ոչ միայն, երբ խոսվում է Բաքվի ջարդերի մասին, ես մտածում եմ թարգմանել այս գործը, թե՝ ոչ: Վերջապես որոշեցի այս գլուխը թարգմանել, մտածելով, որ այն միակ, լավ կամ վատ վկայությունն է Բաքվի ջարդերի մասին գերմանալեզու գրականության մեջ, համենայն դեպս, որքան ես ես գիտեմ: Վեպում սա միակ հատվածն է նվիրված այդ դեպքերին:
Գայանե Գինոյան, թարգմանիչ
Ռուսները, նրանք կեչի են սիրում
Գլուխ վեցերորդ
Երկինքը մռայլ էր, կառամատույցում գնացքի էին սպասում աշխատանքի գնացողները, լրիվ իրար նման աշակերտները խմբերով գնացք էին բարձրանում ու իջնում գնացքից: Միջքաղաքային արագընթաց գնացքը կանգ էր առնում երկու րոպեն մեկ: Ես չէի կարողանում կենտրոնանալ: Բոլոր տղաները հագնված էին հիփ-հոփ ոճի նորաձևությամբ: Աղջիկները բջջային հեռախոսների էկրանները օգտագործում էին որպես հայելի ու փորձում էին ուղղել իրենց սանրվածքը: Գանգստա-պիր-խմբերը խոսում էին թուրքա-արաբական նախադասությունների կեղծ շարահյուսությամբ, դեռահասները հրաժեշտ էին տալիս իրենց դասընկերներին. «Դե առայժմ… bunun üzerine –ցտեսություն» բառերով: Դաշտեր, նորակառույցներ և կայարանների տնակներ էին հայտնվում անկանոն ընդմիջումներով, և նրանք հրաժեշտին իրար նետում էին. «Դե, լավ հաջող, ցը» բառերը: Տները և մարդիկ սկսեցին կիսաթխված բուխանկա հացերի տեսք ստանալ: Ես ուրախ էի, որ պատանեկությունս ավարտվել էր:
Պաշտոնապես մենք պատկանում էինք հրեա փախստականների կոնտինգենտին, որոնք պետք է ուժեղացներին հրեական համայնքները Գերմանիայում: Բայց մեր արտագաղթը ոչ թե հրեա լինելու, այլ Լեռնային Ղարաբաղի հետ էր կապված:
1988 թվականի սկզբին Հայաստանում սկսվեց մի արշավ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի խորհրդային հանրապետությանը: Այն տարիներին այդ երկրամասում ապրում էին ադրբեջանցիներ և հայեր: Երևանում տեղի էին ունենում զանգվածային ցույցեր, որ իրենց ձևով առաջինն էին Խորհրդային միությունում: 1988-ի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտարարեց իր դուրս գալը այն ժամանակ Ադրբեջանական խորհրդային հանրապետությունից: Տեղի ունեցան առաջին բախումները, առաջին ադրբեջանցիները ստիպված եղան փախչել: Իրավիճակը սրվեց: Բայց ոչ ոք չէր սպասում նրան, ինչ տեղի ունեցավ Սումգայիթում: Ամեն ինչ սկսվեց մի փոքր ցույցից. իբր թե Կապանից[1] փախստականներն էին պատճառը, որոնք հավաքվել էին քաղաքի կենտրոնում: Ոստիկանությունը միջոցներ չձեռնարկեց: Հաջորդ երկու օրերին մեծաթիվ հրոսակախմբերը ավերեցին քաղաքը և այն վերածեցին հայերի համար մահացու գոտու: Նրանք քարերով ջարդում էին պատուհանների ապակիները, վառում ավտոմեքենաներ և փնտրում էին հայերին: Ավերեցին և թալանեցին բնակարաններ, անարգեցին, խոշտանգեցին բնակիչներին, սպանեցին ու բռնաբարեցին: Բազմաթիվ մարդկանց այնպես էին կացնահարել, որ ավելի ուշ չկարողացան նրանց ինքնությունը հաստատել: Մարդասպանները հաճախ չէին կարողանում տարբերել ադրբեջանցիներին հայերից, հատուկ էթնիկական նշաններ չկային, և հայերի մեծ մասը հրաշալի ադրբեջաներեն էր խոսում: Ես մորս հետ կոնսերվատորիա էի գնում, երբ առաջին լուրերը Բաքու հասան: Մենք հացի հերթում էին կանգնած, մեր առջևում կանգնած մի կին ռուսերենով պատմեց մյուսներին, թե կանգնեցրել էին իր ընկերների մեքենան, իջեցրել նստածներին ու պահանջել, որ բոլորը ադրբեջաներեն կաղին՝ fundukh բառը արտասանեն:
-Ասա՛ fundukh,-բղավել էր նրանց վրա հարձակվողը,-եթե fundukh բառը կարողանաս արտասանել, ապա մուսուլման ես: Այդ դեպքում ամեն բան լավ է:
Մայրս բացատրեց ինձ, որ ադրբեջանցիներն ու հայերը այդ բառը տարբեր կերպ են արտասանում: Դա միակ բանն էր, որ ծնողներս կարող էին ինձ բացատրել: Մոտ երեսուն մարդ սպանվեց կոտորածի ժամանակ: Համարյա բոլոր 14000 հայ բնակիչները փախան Սումգայիթից:
Հաջորդ ամիսներին ու տարիներին էլ ավելի շատ բռնություններ, արտաքսումներ, բռնաբարություններ ու կոտորածներ տեղի ունեցան երկու կողմերում: Ազգային շարժումները ուժեղացան, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շարունակեց մնալ չպարզված: Ի վերջո Հայկական պառլամետը որոշեց. Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին: Երկու օր անց ադրբեջանցիները հայտարարեցին, դա իրենց երկիրն է: Հայերը հեռացան Ադրբեջանից և ադրբեջանցիները Հայաստանից, շատ քիչ դեպքեր եղան, երբ մարդիկ կամավոր արեցին դա: Մենք հավաքում էինք շորեր ու սննդամթերք փախստականների համար, նրանց թիվը գնալով մեծանում էր: Երբ առաջին անգամ իմ հասակակից մի տղայի տեսա, որը քաղաքամիջում հաց էր մուրում ու նրա ոտքերի փոխարեն երկու մնացորդ տեսա, հուզվեցի, հետո հասկացա, որ նրա հետ ոչ դժբախտ դեպք էր պատահել, ոչ էլ ի ծնե էր այդպիսին եղել: Իմ հորը որպես դիտորդ ուղարկեցին Լեռնային Ղարաբաղ, և մենք հաճախ օրերով չգիտեինք, թե նա դեռ ողջ էր:
Իշխանության և նավթի համար պայքարը վաղուց սկսվել էր: Բաքվում հիմնվեց Ազգային ճակատը: Նա գործարաններում և գրասենյակներում հավաքներ էր անցկացնում, զենք էր կուտակում, որոնք գնում էր ռուս զինվորներից: Բնականաբար ապօրինի: Մեկ կալաշնիկովը այն ժամանակ արժեր 100 դոլար, մեկ տանկը՝ 3000: Մեր հարևանուհին էլ դարձավ ոգևորված ազգայմանոլ: Մինչ նա մասնակցում էր հավաքներին, մայրս հետևում էր նրա որդուն՝ Ֆարիդին:
Ատելությունը անձնական չէր, այն կառուցվածքային էր: Մարդիկ այլևս չունեին դեմք, աչքեր, անուններ և մասնագիտություն, նրանք դարձան ադրբեջանցի, հայ, վրացի և ռուս, մարդիկ, որոնք իրար ճանաչում էին ողջ կյանքի ընթացքում, իրար մասին ամեն ինչ մոռացան: Միայն ենթադրյալ ազգությունը մնաց:
1990-ի հունվարի 13-ին Ազգային ճակատի համախոհները, փախստականները՝ բռնակցված տարածքներից և ենթադրյալ ԿԳԲ-լրտեսները վազում էին մի հայի բնակարանից մյուսը, նրանք համակարգված էին գործում, քանի որ ունեին հայերի հասցեների ցուցակները: Նրանց այդ այցելությունները նշանակում էին կողոպուտ, բռնաբարություն, անդամահատություն և սպանություն: Նրանք սպանում էին դանակներով ու ձողերով: Հազվադեպ չէին այն դեպքերը, երբ մարդիկ ցած էին ընկնում պատուհաններից: Ինձ չէր թույլատրվում ո՛չ բնակարանից դուրս գալ, ո՛չ էլ հարցեր տալ:
Իմ պապը, որ այն ժամանակ մեզ մոտ էր ապրում, թուխ աչքերով ու թուխ մազերով տղամարդ էր, ամուր արտահայտիչ այտորսկրերով: Նա տրամվայով համալսարան էր գնացել, որտեղ անօրգանական քիմիա էր դասավանդում, ու նրան հայի տեղ էին դրել ու ծեծել: Երեք օր անց նա մահացավ սրտի ինֆարկտից: Ես նրան գտա այն առավոտ իր սիրելի բազկաթոռին նստած: Իմ հայրը փակեց նրա սենյակի դուռը: Դա նրա հայրն էր:
Մայրս արցունքն աչքերին, զանգեց իր մորը: Նրանք որոշ ժամանակ վիճեցին, հետո մայրս լսափողը ցած դրեց ու ասաց, որ հագնվեմ: Հետո հավաքեց իմ պայուսակը ու ինձ հորս ձեռքը տվեց: Փողոցներում լուռ էր, որոշ շենքերի կողքին ջարդուխուրդ արած կահույք էր ընկած: Եվ ապակի: Հայրս քաշեց թևիցս, ասաց, որ շտապեմ: Տատս ապրում էր երեք փողոց այն կողմ: Երբ հասա նրա տուն, ավարտվեց իմ մանկությունը:
1991-ի հունվարի 15-ին ռուսական զորքերը հավաքվեցին Բաքվի շուրջը: Բնակչությունը անհանգիստ էր, փողոցների արգելափակոցներ ու բարիկադներ կառուցվեցին Բաքու մտնող փողոցների մուտքերին և ռուսական զորանոցների առաջ: Մի քանի օր անց ԿԳԲ-ի մի զորամաս պայթեցրեց ռադիոյի և հեռուստատեսության կայանները: Բոլոր ալիքներին սպիտակ խշշոց էր: Այլևս ոչ ոք հստակ բան չգիտեր, մենք պատրաստ էինք ամեն ինչ: Ես լսեցի, թե ինչպես էին առաջին տանկերը գլորվում փողոցներով: Մեր հարևանուհին կանգնեց ծնողներիս խոհանոցում և ճչաց.
-Բոլոր ռուսները մարդասպան են:
Հայրս հանգիստ ու զուսպ պատասխանեց.
-Խնդրում եմ, դուրս գնա իմ տնից:
Ռուսական սնայպերները կրակում էին անզեն մարդկանց վրա, տանկերը անցան բարիկադների, մարդկանց և մի շտապ օգնության մեքենայի վրայով: Այդ գիշեր հարյուրավոր մարդիկ մահացան: Մի տասնվեցամյա աղջկա վրա կրակել էին իր հյուրասենյակում, որովհետև նրա ստվերը երևացել էր պատուհանին: Աղջիկը արյունաքամ էր եղել հյուրասենյակի գորգին ընկած, որ Կովկասին բնորոշ գույներ ու զարդանախշեր ուներ:
Հաջորդ առավոտ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցեր արեցին նախագահի պալատի առաջ: Հունվարի 23-ին սգո օր հայտարարվեց զոհված նահատակների համար, և իմ ծնողները փորձեցին հենց այդ օրը պապիս թաղել: Նրա դիակը արդեն օրեր շարունակ նեխում էր մեր բնակարանում: Որոշումը սխալ էր, իմ ծնողների մեքենան կանգնեցրին ճանապարհին, նրանց փորձեցին մեքենայից դուրս քաշել, մեղադրեցին, որ ռուս լրտեսներ ու մարդասպաններ են: Ատելությունը այժմ ռուսների դեմ էր ուղղվել: Իմ ծնողներին մի ընկերուհի էր ուղեկցում, որ առանց առոգանության ադրբեջաներեն էր խոսում և Ազգային ճակատի անդամ էր: Այս ընկերուհին փրկեց իմ ծնողներին այն օրը:
Սգո հետագա քառասուն օրերին համընդհանուր գործադուլ սկսվեց: Անկախության հայտարությունը եղավ հոկտեմբերին: Ինքնության ու դասակարգման գործիքներ ստեղծվեցին, նոր դրոշ պարզեցին՝ կապույտ, կարմիր և կանաչ սպիտակ կիսալուսնով ու սպիտակ ութանկյուն աստղով: Կապույտը խորհրդանշում էր երկինքը, կարմիրը՝ ազատությունը և արյունը, որ թափվել էր նրա համար, կանաչը՝ հողի պտղաբերությունը, մենք դա սովորեցինք դպրոցում: Ես միայն դեկտեմբերին դպրոց գնացի: Դասասենյակներում նստում էինք բաճկոններով, գրում ձեռնոցներով, քանի որ պատուհանի ապակիները ջարդված էին: Մի չհայտարարված ելքի արգելք էր մշուշի նման իջել Բաքվի վրա, ինչը մինչև մեր արտագաղթը այլևս չցրվեց:
Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր: Մեր հարևանուհին ամեն օր աղերսում էր Աստծուն.
-Թույլ մի տուր որդիս գնա:
Դա չօգնեց, Ֆարիդը իր տասնութ տարին լրանալուց երկու օր անց զորակոչվեց: Մայրս նրան տվեց հորս տաք բաճկոնը: Ֆարիդը չվերադարձավ, և նրա մայրը դադարեց աղոթել:
Փախստականները՝ Լեռնային Ղարաբաղից ապրում էին զբոսայգիներում, ծածկոցներով փաթաթված, մի քանիսի մարմինները խեղված էին: Շատերը գրավեցին հայերի բնակարանները, ծայրահեղ դեպքերում՝ բռնությամբ: Մեկ միլիոն ադրբեջանցի էր փախել Լեռնային Ղարաբաղից: Ադրբեջանախոս դասարանները լցվեցին Ղարաբաղից եկած նոր աշակերտներով, ռուսախոս դասարանները գնալով դատարկվում էին: Այդ ընթացքւոմ ես խաղում էի իմ տիկնիկներով ու վարժվում էի մոռանալուն:
Դրան հաջորդած տարիներին գազ չկար, էլեկտրական հոսանք, ջուր հազվադեպ էր լինում, ամենաշատը օրական մեկ ժամ: Հիվանդանոցային ցանկացած այց գին ուներ, փողը չէին կարողանում բավական արագ տպել, և օրենքներն այլևս չէին գործում: Համակարգը փլուզվեց: Մարդիկ, որոնց գործերը դեռ վերջերս լավ էին, այժմ շտապ-շտապ գնում էին փողոցներով կծկված ու անհույս դեմքերով, շատերը մուրում էին: Մեր դռան զանգը տվեց մի լավ հագնված կին, նրա զույգ երեխաները մահանում էին, և երբ մորիցս փող վերցրեց, նրա ձեռքերը դողում էին: Մտավորականությունը և մաֆիան արտագաղթեց, համարյա մարդ չմնաց Բաքվում, ո՛չ բժիշկ, ո՛չ պրոֆեսոր, ո՛չ ինժեներ, ո՛չ հայ, ո՛չ վրացի, ո՛չ հրեա, ո՛չ ռուս, ո՛չ թաթար: Մնացին միայն գերեզմաններ, որոնց խնամելու համար արտասահմանից գումարներ էին ուղարկում:
Մենք չէինք կարող մնալ Ադրբեջանում:
Հայրս հրաժարվում էր Իսրայել մեկնել: Մայրս ամեն առավոտ խոսում էր Ռուսաստանում տիրող հակահրեականության մասին, բայց նույնիսկ մտքում չէր կարողանում հորս պատկերացնել հրեական պետությունում: Նաև գրավված տարածքներ, բանակ և հրեական պետություն բառերը չէին համապատասխանում մեր ապագայի ուտոպիային:
1990-ին իմ մորաքույրը արտագաղթեց Իսրայել: Ծնողներս չգնացին նրա հետ: Երկուսն էլ լավ աշխատանք ունեին և որոշեցին սպասել: Սկզբում դեռ հույս ունեին ԱՄՆ կամ Կանադա մեկնելու թույլտվություն ստանալ, բայց այդ երկրների սահմանները առաջինը փակվեցին: Դեռ հնարավոր էր մեկնել Գերմանիա և Իսրայել, բայց միայն որպես հրեա, ինչի համար սինագոգների ցուցակները լցվում էին անուններով, ինչպես Գերմանիայի և Իսրայելի դեսպանությունների մուտքի նշումները: Ընդ որում կաշառվում էին այն նույն մարդիկ, որոնք հրեա բառը ջնջել էին անձնագրերից ու ծննդյան վկայականներից, քանի որ միայն մաքուր փաստաթղթերով էր հնարավոր եղել պաշտոնի հասնել:
Այդ ընթացքում բռնկվեց Պարսից ծոցի երկրորդ պատերազմը, Իրաքը հրթիռակոծեց Իսրայելի Սկադ բալիստիկ հրթիռները, մայրս հուսահատ նստում էր պատուհանի առաջ, հեռախոսափողը ձեռքին: Չնայած դա անիմաստ էր, քանի որ արտերկիր հեռախոսազրույցները պետք է շաբաթներ առաջ պատվիրվեին:
Իմ բարեկամները իրենց առաջին ձմեռը Իսրայելում անցկացրին պաշտպանական բունկերներում հակագազային դիմակներով: Մայրս մտադրվեց ոչ մի դեպքում չգնալ նրանց հետևից: Գերմանիա գնալու միտքը սկզբում ծնողներիս նույնպես անհեթեթ էր թվում: Դեռ 1994-ին մայրս ասում էր, թե երբեք ոտք չի գցի այդ երկիր, այնտեղ մոխիրը դեռ տաք էր: Տատիկս վերապրողներից մեկն էր: Ինը ամիս անց ծնողներս մուտքի անցագրի դիմում տվեցին Գերմանիայի դեսպանությունում: 1995-ին մեր դիմումը բավարարվեց, և մենք սկսեցինք վաճառել մեր իրերը. սկզբում էլեկտրական սարքավորումները և խոհանոցային սարքերը, հետո կահույքը: Մայրս երկար ժամանակ չէր կարողանում վճռել, թե ում թողներ իր դաշնամուրը: Ամեն վաճառք տոնում էինք ճաշով, նորից հնարավոր էր սննդամթերք ձեռք բերել, եթե նույնիսկ չափից դուրս բարձր գներով: Միայն գրքերը ոչ ոք չցանկացավ վերցնել: Երկու հազար կտոր գրականությունը մեծ աղբակույտ դարձավ: 1996-ին մենք Գերմանիայում էինք: 1997-ին ես առաջին անգամ մտածեցի ինքնասպանության մասին:
Ֆրիդբերգը վերջին կանգառն էր, ես իջա: Եղանակը վատ էր, տները ցածր էին ու լուռ: Կայարանի շենքից մեզի գարշահոտ էր գալիս, և մի տասներկուամյա տղա իմ ետևից բղավեց՝ բոզ: Երբ շրջվեցի նրա կողմը, բարձր ծիծաղեց ու թուրքերենով ինչ-որ բան ասաց իր ընկերներին, որոնք տապակած վերմիշել էին կուլ տալիս, որ վերցրել էին չինական արագ սննդի կետից: Ամբողջ խումբը սկսեց քրքջալ, և ես բարձրաձայն ցանկացա, որ ուտելիքը նրանց կոկորդում մնա:
Զանգը երեք անգամ զիլ հնչեց, մինչև հայրս դուռը բացեց: Նրա բերանի անկյունները անակնկալի եկած հավաքվեցին իրար վրա ու անմիջապես նորից սովորական լիակատար վհատ արտահայտությունը ընդունեցին: Հայրս մի մարդ էր, որ հասկացել էր, որ երբեք լավ չի լինի: Ես թույլ տվեցի, որ նրա շուրթերը դիպչեն իմ աջ այտին, և զգույշ թփթփացրի նրա մեջքին: Մայրս տանը չէր, և հայրս հարցրեց, թե հաց կերել եմ: Առանց իմ պատասխանին սպասելու նա բարձրացավ վերև իր ննջասենյակ, իր համակարգչի ու իր ռուսական ֆիլմերի մոտ: Ես սառնարանից հանեցի մայրիկի առանց լակտոզի յոգուրտներից մեկը, նստեցի հեռուստացույցի առաջ, որը չմիացրեցի:
Մուգ շագանակագույն կաշվե բազմոցին կրեմագույն ծածկոց էր: Հեռակառավարման վահանակը թափանցիկ ֆոլյեով էր փաթաթված: Պատի պահարանին ռուսերեն Ֆոյխթվանգերի լիակատար ժողովածուի կողքին լավ օրերի նկարներ էին շրջանակների մեջ՝ մայրս ու ես ծովափին ավազե ամրոցի մոտ, տատս ու պապս իրենց հարսանիքին, հայրս երիտասարդ տարիքում, լուսանկարված Յուրի Գագարինի անվան վարժանքների կենտրոնի դարպասի առաջ: Բոլոր ռուսները ցանկանում էին տիեզերագնաց դառնալ, բայց հայրս իսկապես տիեզերագնաց էր: Ամեն դեպքում մեկը, ում երբեք չթույլատրվեց տիեզերք թռչել: Հայրս Յուրի Գագարինի նման կուսակցության անդամ էր, ավարտել էր օդաչուների դպրոցը գերազանցությամբ ու ինչպես Գագարինը սովորել էր Մոսկվայի ռազմա-օդային ուժերի ինժեներական ռազմական ակադեմիան, բայց դրանից հետո ավարտվեց Գագարինի այդ ողջ պատմությունը: Ոչ ոք չգիտեր, թե ինչու: Հայրս վերադարձավ Բաքու, և ոչ ոք նրան չմեղադրեց այդ պարտության համար, ոչ ոք նրա վերադարձը որպես ձախողում չգնահատեց: Նա պաշտոն ստացավ նախարարությունում և դարձավ հարգված ու բազմազբաղ տղամարդ: Կարծում եմ, դա և Խորհրդային միության փլուզումը նրա կյանքի ամենամեծ անակնկալներն էին:
Երբեմն, երբ նա աշխատանքից տուն էր գալիս, ինձ իր հետ տանիք էր տանում: Այնտեղ նա աստղադիտակ էր կառուցել և ինձ բացատրում էր առանձին աստղային պատկերները, շշնջում նրանց անուները, ասես միայն մենք երկուսով գիտեինք այդ անունները ու ասես դա գաղտնիք էր մեր միջև: Ես զգում էի նրա տաք շունչը, որից նշի բույր էր գալիս, իսկ երբ հայրս նախապես խմած էր լինում, ինձ տանում էր քնելու, հագցնում գիշերանոցը ու համբուրում, այդ ժամանակ նրա չածիլված մորուքը քերծում էր իմ այտը, ու նա շոյում էր մազերս: Հետո ձեռքը նույնքան քնքշորեն դնում էր ջեռուցման մարտկոցին ինչպես դրանից առաջ իմ գլխին ու դուրս գալիս սենյակից: Գերմանիայում լինելը հորս համար օգուտ չունեցավ: Իր հասարակական Սիբիրում նա հագնում էր ջոգինգի տաբատ ու փափուկ շապիկներ, որոնք անգլերենով wife beater էին ասում, ինչն իրականում նրա հետ կապ չուներ: Հայրս միանգամից ամեն ինչ թողեց: Նա ընկերություն չէր անում մարդկանց հետ, համարյա տնից դուրս չէր գալիս, միայն երբեմն, որ բենզինի լցակայանում բենզինի գները համեմատեր:
Մայրս առաջինը խոհանոց մտավ: Հայրս ցած իջավ, նստեց սեղանի մոտ ու սկսեց սիգարետ լցնել: Մայրս թափով բացեց սառնարանի դուռը: Ես պետք է կիտրոն ճզմեի ու սոխ կտրատեի: Ծանր երկաթե թավայում նա զեյթունի ձեթ տաքացրեց ու որոնեց հազրեվարդը: Հայրս անհամբեր սպասեց մինչև ձուկը պատվեց ոսկեշագանակագույն կեղևով, և բացեց գինին: Ճաշելիս մայրս երբեմն-երբեմն պատմում էր իր դաշնամուրի աշակերտների մասին: Հայրս ու ես փոխնիփոխ հարցեր էինք տալիս, երբ լռությունը անտանելի էր դառնում: Աղանդերն ուտելիս հայրս թվարկում էր բոլոր ծանոթներին, իսկ մայրս ամեն անգամ ուղղում էր նրան: Մորս աչքերը այնքան մեծ ու վտանգավոր էին ինչպես ավտոմեքենայի լուսարձակները:
Ես ցանկանում էի հաջորդ առավոտ մեկնել, բայց մայրս արդեն հալեցրել էր գառան միսը ընթրիքի համար: Չհամարձակվեցի գնալ: Երկրորդ երեկոն մելամաղձոտ էր, ծնողներս նստած էին բազմոցին ու հիշում էին փայլփլոցները Բաքվի ծովածոցում ծովի մակերեսին, էքսկուրսիաների շոգենավերը և Ռոստրոպովիչի հյուրախաղերը: Դրանք միայն գեղեցիկ հիշողություններ էին, որ նրանք պատմում էին: Նրանք դիտավորյալ մոռանում էին կաշառակերությունը, Ազգային ճակատը և կիլոմետրերով հերթերը՝ սննդամթերքի դատարկ խանութների ու արևմտյան երկրների դեսպանատների առաջ: Չնայած հերթերի մասին հիշողությունները մորս ուրախացնում էին ճիշտ նույնչափ, որչափ ապաստանի դիմողների կացարանը կամ շպրոտները: Այն ժամանակ մեր սննդի մեծ մասը հենց այդ շպրոտն ու խավիարն էին, որ ապօրինի որսում ու մշակում էին: Իհարկե ո՛չ հաց, ո՛չ էլ ուրիշ բան կար ուտելու, բացի շպրոտներից: Շպրոտը քաղցրահամ ջրերի ձուկ էր և տեսքից նման էր պստիկ տառեխի: Ես մորս հետ ժամերով հերթ էի կանգնում, որ դրանք գնեինք: Մոմի լույսի տակ, քանի որ էլեկտրական հոսանք հազվադեպ էր լինում ու մոմերն էլ իրականում սուղ էին, մայրս իր դաշնակահարի մատներով մաքրում էր այդ ձկների փորոտիքը:
Երբ երկու օր անց Ֆրանկֆուրտ վերադարձա, նրանք իմ պայուսակը խոթեցին երեք շիշ անապակ գինի: Մայրս այդ գինին երբեք չէր խմում, բայց պատվիրում էր սինագոգում, ռաբբիի ու Աստծո բարեհաճությունը շահելու համար, իսկ հետո էլ իր ծանոթների մոտ կրկնակի քանակով վրացական գինի էր պատվիրում: Սինագոգի անապակ գինու և համայնքի միջոցով վրացական գինու առք ու վաճառքի միջև շուկայական կապը զարմանալի էր:
[1] Թարգմանելիս ինձ համար հայտնություն էր Կապանից փախստականների մասին նշումը: Ես այն տարիներին ուսանող էի և ուշի ուշով հետևում էի մամուլին, հավաքում էի Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող բոլոր իրադարձությունների մասին հոդվածները/հետագայում իմ հավաքածուն ծառայեց մեր հարևանին որպես թութունը փաթաթելու թուղթ/, և երբեք նման դեպքի մասին չէի կարդացել կամ լսել: Բնօրինակում Կապան բառը սխալ էր գրված, երկար փնտրտուքներից հետո պարզեցի, որ խոսքը Կապան քաղաքի մասին է, և զարմանքով համացանցում գտա Թ.Հակոբյանի հոդվածն այդ մասին:
Թարգմանությունը գերմաներենից՝ Գայանե Գինոյանի