Ռուզան Ազիզյան | Ստվերները

Կոշիկները հանեց, մերկ ոտքերով կանգնեց դռան դիմաց փռված գորգիկին եւ կոշիկների տակ կպած ցեխը թափ տվեց այգի։ Ոտքերը, ճիշտ է, սառում էին, բայց տանել չէր կարողանում ցեխոտ կոշիկներով տուն մտնելը։
Հյուրասենյակի լույսը վառ թողեց։ Միշտ վառում էր, հենց որ տուն էր մտնում ու վառած էր թողնում մինչեւ պառկելը։ Անգամ, երբ ինքն ուրիշ սենյակում էր։ Այդպես ավելի հեշտ էր տեղաշարժվել տանը, որտեղ ստվերները մարդկանիցից շատ են։
Գնաց խոհանոց, թեյ միացրեց։ Հյուրասենյակ բերեց երեք կտոր թխվածք։ Նոյեմբերից, երբ օրերը սկսում էին ցրտել, միշտ պառկելուց առաջ թեյ էր խմում։ Այդպես ավելի հեշտ էր դիմանալ ցրտին, երբ մենակ ես, ու տաքանալ անկողնում, որտեղ պառկելուց հետո դեռ երկար շարունակում ես դողացնել՝ ցրտից ու հիշողություններից։
Խմորեղենի մեջ ընկույզն ու դարչինը հաճելի համամասնությամբ խառնված էին իրար, իսկ վրայից հոսում էր մեղրը։ Դարչինը ամենահամեղ բանն էր, որ մարդկությունն օգտագործում էր սննդի մեջ։ Այդպես էր կարծում։ Դարչինով խմորեղենը, դարչինով թեյը անգերազանցելի համ ունեն։ Դարչինով ու մեխակով թեյը մանկության ամենատաք ու ամենաբուրավետ հիշողությունն էր։
Դանդաղ, վայելելով խմեց թեյը, հերթով կերավ թխվածքի բոլոր երեք կտորները։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Լուսամուտից այն կողմ արդեն լրիվ մութ էր, չնայած դեռ իննը չկար։ Նոյեմբերին երեկոները սկսվում են ժամը վեցից։ Նոյեմբերն իր ամենաչսիրած ամիսն էր եղել միշտ։ Գիտեր, որ հետո ձմեռ է գալու։ Ու ամիսներ շարունակ ստիպված է լինելու քայլել ցեխոտ փողոցներով, իսկ տուն մտնելուց առաջ կոտրած դանակի շեղբով քերել կոշկատակի ցեխը ու թափ տալ այգի։
Նոյեմբերի ծառերն էլ չէր սիրում։ Ոչ տերեւ էր մնացած լինում վրաները, ոչ էլ ձյունն էր հասցրած լինում ծածկել դրանք։ Ծառերը նման էին լինում չորցուկ ճյուղերը երկինք ուղղած ձեռքերի։ Երբեմն այդ ճյուղերը երկնքի աչքը խրված ճանկեր էին թվում։ Երբեմն՝ երկնքից օգնություն աղերսող ձեռքեր։ Երբեմն թվում էր, թե ծովում խեղդվողի հուսահատ ձեռք է դուրս ցցվել արմատներից։ Իր տրամադրությունից կախված տպավորությունը միշտ տարբեր էր, բայց գրեթե միշտ՝ հուսահատեցնող։
Փողոցի կողմից ոտնաձայներ ու խուլ խոսակցություն էր լսվում։ Այս եղանակին ու ժամին դրսում սովորաբար շատ մարդ չի լինում։
Մոտեցավ պատուհանին․ չնայած սենյակում լույսը վառ էր, իսկ փողոցում՝ մութ, երկու ծխախոտի կայծ նշմարեց հարեւան տան պատի տակ։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Այդ տանն ինչքան էր ժամանակին հետեւել պատուհանից։ Այնտեղ ապրում էր տղան, ում կարող էր նայել օրեր շարունակ։ Երբ է գնում դասի, երբ է վերադառնում, երբ է դուրս գալիս ընկերների հետ, երբ է գնում պարապմունքի, երբ է ջուր բերում, երբ է բարձրանում ծառը՝ թութ թափ տալու։
Բայց նա վաղուց արդեն այդ տանը չէր ապրում։ Տանն ապրում էին նրա կինն ու երեխան։ Որն իր երեխան չէր։ Իր երեխան չէր, ցավոք։
Ծխախոտի կայծերը շարունակում էին կանգնած մնալ պատի տակ։ Բոցավառվել ու հանգել, հետո նորից բոցավառվել ու նորից անհետանալ խավարում։
Փորձում էր հիշողությունների հետեւից գնալ, պեղել հանել հետաքրքիր մանրամասներ անցյալից՝ տղայի մազերի գույնը, ծիծաղի հնչողությունը՝ ընկերական հավաքներում, բայց քչփչոցներն ու խուլ աղմուկն անընդհատ վերադարձնում էին իրականություն։ Ի՞նչ էին անում տղամարդիկ գիշերվա կեսին այն տան մոտ, որտեղ միայնակ կին ու երեխա են ապրում։ Չնայած իր ինչ գործն է, գրողը տանի, ինչ ուզում են՝ անեն։
Գնաց խոհանոց, մի բաժակ էլ թեյ լցրեց։ Երեկոն սովորականից սառն էր, ու մարմինը ոչ մի կերպ չէր տաքանում։ Մանկապարտեզում, որտեղ աշխատում է, մի երեխա կա, որին հատկապես չի կարողանում տանել։ Երկար թարթիչներով ու գրեթե անգույն աչքերով մի տղա, որի քիթը միշտ թաց է, ու որին ոչնչով հնարավոր չէ հետաքրքրել։ Երբ ուրիշ երեխաներ կռվում են իրար հետ, խաղալիք են խլում միմյանցից կամ հետաքրքրությամբ լսում են իր պատմած հեքիաթը, սա նստում է անկյունում ու այնտեղից, անգույն աչքերը իր դեմքին հառած, նայում է, նայում է, նայում է, ասես փորձում է հոգին քամել, դուրս քաշել աչքերից։
Հետաքրքիր է՝ իսկ ինչպիսի՞ն կլինեին իր երեխաները, եթե երեխաներ ունենար։ Երբեք չի իմանա, որովհետեւ շատ ուշ է արդեն։ Նա, ում հետեւում էր պատուհանից, վերցրեց ու ամուսնացավ ուրիշի հետ։ Հետո թողեց ու գնաց Աստված գիտե՝ ուր։
Բայց ափսոսելու բան չկա։ Մանկապարտեզի երեխաներն իրեն լիուլի բավական են մի քանի կյանքի համար։ Սեփականների չափ գժվացնում են, տանջում, հոգնեցնում, խմում բոլոր կենսական ուժերը։ Էնպես որ՝ ավելին պետք չէ։ Գոնե տանը անցկացրած մի քանի ժամը թող հանգստանա նրանց ուշադրություն պահանջող ներկայությունից։
Ձայները պատուհանի տակ լռեցին։ Հավանաբար հեռացան, ովքեր էլ որ լինեին։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Հանվեց ու անկողին մտավ։ Անկողինը սառն էր, ինչպես սովորաբար լինում են միայնակ անկողինները։ Եթե հայրն ու մայրը դեռ ողջ լինեին, հոկտեմբերի սկզբից արդեն դրած կլինեին վառարանը։ Վառարանի մեջ կճրճտար փայտը, ու ինքը կնստեր վառարանի կողքին փռված գորգին ու, թթի չիր ուտելով, գիրք կկարդար։ Բայց հայրն ու մայրը վաղուց չկային, ու վառարան էլ վաղուց չեն դնում։ Ջեռուցման համակարգ է եղածը, որը կմիացնի ավելի ուշ, միեւնույն է՝ հիմա առավոտյան տանից դուրս է գալիս, վերադառնում է գրեթե մթով ու մի քանի ժամից մտնում է անկողին։ Հատկապես որ ջեռուցման համակարգը երբեք չի կարող տաքացնել տունը վառարանում վառվող փայտի պես։ Ո՞նց տաքացնես տունը, որի տերերը մեռել են վաղուց։ Ինքը եւս։ Կարծում է՝ ինքը եւս։
Սուր ճիչը կտրեց օդը ու փակ պատուհանի միջով խրվեց ականջը, ինչպես սուր դանակն է խրվում կարագի մեջ։ Կամ նոր մորթած գոլ մսի մեջ։ Իրեն միշտ թվացել է, որ նոր մորթած միսը գոլ է լինում։ Իսկ հետո պարզվեց, որ այն տաք է։ Մի անգամ տեսավ, թե պապն ինչպես դանակով կտրեց սեւ աքաղաղի վիզը։ Դանակից ու վերքից անմիջապես սկսեց գոլորշի բարձրանալ։ «Հավի հոգին է վերքից թռչում Աստծո մոտ,- ասաց պապը,- որ Աստծո աչքը մեզ վրա տաք պահի»։
Այդ օրվանից այլեւս հավի միս չկերավ։
Ճիչը կրկնվեց։ Բարձրացավ անկողնուց ու հայացքը գցեց պատուհանին։ Երկինքը մուգ մոխրագույն էր ու խորը։ Ու այդ մուգ մոխրագույն խորության մեջ ջարդված ապակու կտորների պես աստղեր կային ցրված։ «Հավանաբար վաղը պարզ օր է լինելու»,- մտածեց։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Քունը չէր տանում։ Ոչ մի կերպ չէր տանում։
Փողոցով անցնող մեքենաների լույսերը հեռվից դանդաղ մոտենում էին տանը, ողողում պատուհանը դեղնակաթնագույն մշուշով, ու սահելով հեռանում, հալվում էին ինչ-որ տեղ հեռվում։ Երբ փոքր էր, ուզում էր հավատալ, որ այդ լույսերը ազդանշաններ են, որ այլմոլորակային թռչող սարքերից են հասնում իրեն։ Ու մի օր ինքը դրանց հետ կսահի, կանհետանա պատուհանների ճեղքերի միջով, լույսն իրեն կբարձրացնի, կթռցնի, կտանի տների վրայով, ու ոչ ոք այլեւս չի գտնի իրեն։ Բոլորը կտխրեն, կփնտրեն, միմյանց կհարցնեն, թե ինչ եղավ, զանզան ենթադրություններ կհորինեն, կցավակցեն ծնողներին ու ի վերջո կմոռանան։ Իսկ ինքն արդեն հեռու կլինի։
Ինչպես հիմա դիմացի տան տղան է հեռու։
Տնից երեխայի բարձր լացի ձայնը շարունակում էր հասնել ականջին։ Մտածեց, որ գուցե մայրն է պատժում դասերը լավ չսովորելու համար։ Գլուխն ավելի խորը խրեց բարձի տակ, որ ձայնը չխանգարի, բայց միեւնույն է շարունակում էր լսել ձայնը, որ գնալով ավելի ու ավելի աղիողորմ էր դառնում։
Դիմացի տանը լույս էր վառվում։ Ինքը պարզ տեսնում էր, որ պատուհանի դիմացով արագ արագ ստվերներ են շարժվում՝ առաջ- հետ, վերեւ-ներքեւ, առաջ-հետ, վերեւ-ներքեւ։ Մտածեց, որ բոլոր տներն էլ ունեն իրենց ստվերները եւ տներ չկան, որ ստվերներ չունենան։ Ուրախ ստվերներ, կամ դժգոհ ստվերներ, միայնակ ստվերներ կամ տխուր ու հեռացող ստվերներ, արագաշարժ ու դանդալոշ ստվերներ, երջանկացնող ու տանջող ստվերներ։
Փորձեց քնել, բայց թեյն այս երեկո այդպես էլ չկարողացավ իրեն տաքացնել, ու քունը ոչ մի կերպ չէր համաձայնում գալ։ Ինչ-որ տարիքից հետո սկսեց նկատել, որ ոտքերն ու ձեռքերը անընդհատ սառում են, ու մինչեւ դրանք չեն տաքանում, հատկապես ոտքերը, քունը մոտ չի գալիս։ Այսօր ոտքերը չէին տաքանում, իսկ դիմացի տանը շարունակվում էր անսովոր ակտիվությունը։ Լացին ու ճչոցին հաջորդեցին խուլ հոգոցներ, տնքոցներ, տղամարդու ինչ-որ ձայն, բղավոց, խելագար հռհռոց։
Փորձում էր տարբերակել բառերը, բայց դրանք մի տեսակ խառն էին ու բառեր չէին դառնում, ինչպես փոքր տարիքում իր տպած խառնիճաղանջ տառերը բառեր չէին դառնում։ Երբեմն մայրը իրեն հետը տանում էր աշխատավայր։ Ու երբ գրամեքենայի մոտ ոչ ոք չէր լինում, ինքն էր նստում, խնդրում էր, որ թուղթ դնեն մեջը եւ սկսում էր խառնիխուռն թխթխկացնել գրամեքենայի ստեղներին։ Այդպես անկանոն թրխկացնելով էջը լցնում էր տառերով։ Տառերի մի մասը մուգ էին տպվում, մյուները խամրած՝ կախված ուժգնությունից, որով հարվածում էր ստեղներին։ Մեկ-մեկ էջի վրա հարվածից փոքրիկ անցքեր էին գոյանում, ու այդ անցքերը հատկապես շատ էր սիրում։ Մոտեցնում էր աչքին, ու այդ փոքրիկ անցքի միջից նայում էր աշխատասենյակին։ Մարդիկ էին գնում-գալիս սենյակում, սեղաններ ու աթոռներ ու վաղուց խմված ու չլվացված սուրճի բաժակներ էին տեղավորվում այդ փոքրիկ անցքի մեջ։ Ինչքան անցքերը էջին շատ էին լինում, այնքան «գրածը» սիրուն էր թվում աչքին։ Հետո հանում էր թուղթը, տանում էր մորն ու խնդրում էր կարդալ։ Մայրը ծիծաղում էր, ու սկսում էր ինչ-որ անկապ հնչյունակույտեր արտաբերել, բայց պատահում էր նաեւ, որ դրանց մեջ իրական բառեր էին հանդիպում՝ մեխ, կավ, եղել, ցան․․․
Հետո, որ մեծ էր արդեն, մի տեղ կարդաց կամ լսեց, որ եթե մի որեւէ հիպոթետիկ կապիկի, որն անմահ է, նստեցնես հիպոթետիկ գրամեքենայի առաջ, որի ոչ ներկն է վերջանում, ոչ թուղթը ու տաս անսահմանափակ անվերջ ժամանակ, ապա այդ կապիկը, հնարավոր է, ի վերջո տպի ասենք Շեքպիրի «Համլետը»։ Իսկ գուցե՝ ավելի հանճարեղ մի գործ։ «Ինչ լավ է, որ անմահ կապիկներ չկան», – մտածեց, ու ժպտաց ինքն իր մտքի վրա։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Դիմացի տան լույսը շարունակում էր վառվել, ու խլրտոցը ներսում չէր դադարում։ Մտքով անցավ, որ ծխախոտով տղամարդիկ տուն են մտել եւ ուզում են թալանել, գուցե նույնիսկ ծեծում են կնոջը։ Մտածեց, որ պետք է ոստիկանություն զանգել։ Հետո հիշեց, թե ինչ էր զգում, երբ դիմացի տան տղան արեւոտ մի օր իրենց տուն մտավ շեկլիկ ու վառվռուն աչքերով մի աղջնակի հետ ու ասաց, որ իրենք ամուսնանալու են։ Աղջնակը ուրախ ժպտում էր, դեմքը արեւից վարդագունել էր, վերեւի շրթունքի աջ անկյունում քրտինքի փոքրիկ կաթիլ էր փայլում։ Տղան ասաց, որ կուզի, որ իրենք ընկերուհիներ դառնան, չէ՞ որ ինքը նրա «քույրն» է, ում հետ միասին են մեծացել, իսկ աղջնակը՝ սիրած աղջիկը, առանց որի կյանք չունի։ Հիշեց, թե այդ խոսքերից ինքը ոնց սեղմվեց, ճմրթվեց, փոքրացավ, փոքրացավ, ուզեց մի ճեղք գտնել հատակին ու սահել, անհետանալ էդ ճեղքում, ու մնալ այնտեղ հազար տարի, բայց ճողք չգտավ ու էդպես փոքր, խղճուկ կանգնել ու հիմարի նման ժպտում էր։
Ձայները գնալով անտանելի էին դառնում։ Դրանք արդեն ոչ թե մարդու լաց, այլ վայրի կենդանու արտաբերած հնչյուններ էին հիշեցնում։ Բարձր գոռոց էր լսվում, հետո լռում էր, հետո գոռում էին նորից։ Գուցե իրոք պետք էր զանգել ոստիկանություն, եւ եթե հեռախոսը մոտիկ լիներ, ինքը հաստատ կզանգեր։ Բայց հեռախոսը ցավոք դրել էր պատուհանագոգին՝ լիցքավորման, իսկ անկողնուց մերկ դուրս գալն ու պատուհանի մոտ հասնելը անտանելի խիզախում էր թվում ցուրտ տանը։ Առանց այն էլ՝ տուն մտնելուց առաջ այսօր սովորականից երկար էր կանգնել գորգիկին․ մի աներես տերեւ էր խրվել կոշկատակի երկու ակոսների արանքը ու ոչ մի կերպ դուրս չէր գալիս։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Հետո ձայները հանկարծակի լռեցին։ Ոտքերն էլ ի վերջո սկսում էին տաքանալ, այնպես որ ավելի խորը մտավ վերմակի տակ ու քնեց։
Ամբողջ գիշեր երազին սեւ հավը գալիս էր, թռկոտում էր շուրջը, ուզում էր կտցահարել ոտքերը, հետո հետ էր թռչում ու մոտենում էր արդեն առանց գլխի, ու հիմա էլ առանց գլխի էր թռչկոտում իր շուրջը։ Ինքը կանգնել էր բակի մեջտեղում, երկու սեւ հյուսիկ արած մազերով ու, գլուխը հետ գցած, փորձում էր ծիծաղել, բայց զգում էր, որ ինչքան էլ փորձում է գեղեցիկ երեւալ, բերանը բացելուց անշնորհք ծամածռվում է, կմախքի տեսք է ստանում, իսկ կոկորդից ծիծաղ դուրս չի գալիս, միայն սվվոցներ, տնքոցներ։
Կողքին, դանակը ձեռքին, կանգնել էր դիմացի տան տղան, որին միշտ հետեւում էր պատուհանից։ Ինքը մտածում էր՝ ինչո՞ւ է նա դեռ փոքր, չէ՞ որ արդեն այդքան տարի է անցել, ու տղան պիտի որ մեծացած լիներ վաղուց։ Հետո զգում էր, որ ինքն էլ դեռ փոքր է, չնայած մանկական դեմքին կնճիռներ կան, որոնք ավելի սարսափելի են դառնում, երբ գուխը հետ է գցում ու փորձում է ծիծաղել։
Հետո հավն էլի էր գալիս, սկզբում գլխով, հետո՝ առանց գլխի, ու շուրջ բոլորը հավի պարանոցից բարձրացած գոլորշուց խեղդող գարշահոտություն էր տարածվել։
«Հոգին է, հոգին է, հոգիիի՜ն»,- ինչ-որ տեղից իրեն էր հասնում պապի շշնոջը։ Ինքը հայացքով փնտրում էր պապին, բայց պապը չկար, միայն սեւ հավն էր այս ու այն կողմ ցատկոտում՝ վզի վերքից արյուն ցայտելով աջուձախ։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Առավոտյան արթնացավ սարսափելի գլխացավով։ Արագ հագնվեց ու հասավ մանկապարտեզ։ Սենյակի մուտքի մոտ անգույն աչքերով տղան կանգնել ու լուռ նայում էր իր աչքերի մեջ։ Ոչինչ չէր ասում, միայն լուռ նայում էր։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Երեկոյան իմացավ, որ գիշերը դիմացի տանը սպանություն է կատարվել։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է տեղի ունեցել, բայց կնոջն ու դստերը սպանված են գտել։ Մի պահ մտքով անցավ, որ ուրեմն դիմացի տան տղան շուտով կգա, որ նրանց թաղի ու այդ մտքից այտերը տաքացան, մի տեսակ կենարար գոլություն հոսեց ողջ մարմնով։
Այդ երեկո չորս կտոր դարչինով խմորեղեն կերավ ու երեք բաժակ թեյ խմեց, որովհետեւ չէր տաքանում։ Ոսկեգույն մեղրը ծորացել ու կատարյալ գնդիկներ էր ձեւավորել ափսեի հատակին։ Այդ գնդիկներում արտացոլվում էր բյուրեղապակյա ջահը, ու դրանք փայլփլում էին, ինչպես շեկլիկ աղջկա շրթունքի աջ անկյունում գոյացած քրտնակաթիլն էր փայլում ամառային այն շոգ օրը։
Մատը քսեց մեղրին ու տարավ բերանը։ Քաղցրություն չզգաց, բայց մի տեսակ հաճելի տաքություն տարածվեց մարմնով մեկ, այս երեկոյի ընթացքում արդեն երկրորդ անգամ։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Պառկելուց հետո էլի երկար ժամանակ չէր կարողանում քնել։
Մտածում էր՝ տեսնես ի՞նչ է զգում թափանցիկ աչքերով տղան, երբ նայում է իր դեմքին։
Հետո մտածում էր՝ ինչո՞ւ այդպես ստացվեց իր կյանքը։
Հետո մտածում էր՝ ինչո՞ւ այդպես էլ չընկերացավ տղայի կնոջ հետ։ Իրենց հարաբերությունները, բազում փորձերից ու ջանքերից հետո, այդպես էլ հասարակ «բարեւ-ցտեսություն»-ից այն կողմը չանցան։ Միայն մի անգամ, ընդհանուր հարեւանի տանը սուրճ խմելիս, կինն առաջարկեց իր բաժակը նայել, բայց ինքն ասաց, որ նման բաների չի հավատում։
Հետո մտածեց՝ իսկ ինչի՞ է ինքը հավատում։ «Երեւի միայն թռչող ափսեներին,- մտքում ասաց ինքն իրեն,- ու մոլորակներին, որտեղ մեզանից ավելի երջանիկ մարդիկ են ապրում»։
Հետո մտածեց, տեսնես ինչո՞ւ ոչ մի թռչող ափսե այդպես էլ այդ կողմերը չհասավ ու իրեն չտարավ հեռու։
Հետո մտածեց, որ եթե հեռախոսը նոր լիներ, ոչ թե՝ հազար տարվա, եւ ինքն ամեն գիշեր ստիպված չլիներ այն դնել լիցքավորման, այլ դներ մահճակալի կողքի սեղանիկին, ինքը․․․ գուցե կվերցներ ու կզանգեր ոստիկանություն․․․ ու գուցե ինչ-որ մեկին հաջողվեր փրկել․․․․ ու գուցե ինքը հիմա դարձած լիներ օրվա հերոսը․․․ ու գուցե վաղն իրեն ցույց տային հեռուստացույցով․․․ ու գուցե դիմացի տան տղան գար ու շնորհակալություն հայտներ իրեն, անձամբ իրեն․․․ ու գուցե անգամ գրկեր․․․
Հետո մտածեց՝ բայց կզանգե՞ր արդյոք․․․
Ու հարցի պատասխանն այդպես էլ չգտնելով, քնեց։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Առավոտյան թեյը խմեց առանց խմորեղենի, քանի որ առավոտվա բաժինը երեկ երեկոյան էր կերել՝ քնելուց առաջ։
Հագնվեց, տնից դուրս եկավ, բայց հետո փոշմանեց, նորից բացեց դուռը, հենց կոշիկներով մտավ սենյակ ու վզին գցեց իր ամենասիրած վզնոցը՝ դեղին, խոշոր, անմշակ սաթով։
Կոշիկներից սենյակի հատակին ցեխոտ ոտնահետքեր մնացին։
Մի քանի օրվա մառախուղից ու ցրտերից հետո տարօրինակ տաք առավոտ էր բացվել։ Ծառերը ճյուղերը պարզել էին երկինք ու օգնություն էին աղերսում ասես՝ ինչպես ջրից անհույս դուրս ցցված խեղդվողի ձեռքը, որը գիտի, որ միեւնույն է՝ որեւէ մեկն իրեն չի տեսնելու, չի լսելու ու օգնության չի հասնելու, բայց թափահարում է ձեռքն այնքան, մինչեւ լրիվ չսուզվի։
․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Երբ արագ, քանի որ ուշանում էր, անցնում էր դեղին ժապավենով երիզված տան կողքով, նկատեց, որ ոստիկանական ժապավենն ու վզնոցի քարերը գրեթե նույն գույնն ունեն։
Իջեցրեց հայացքն ու նայեց վզնոցին։
Արեւը փայլփլում էր վզնոցի դեղին քարերի մեջ, ինչպես շեկլիկ աղջկա վերին շրթունքի աջ անկյունում գոյացած քրտինքի կաթլում՝ հեռավոր այն օրը։ Կամ ինչպես երեկ երեկոյան փախլավայից ծորացած մեղրի կաթիլների մեջ ջահի լույսն էր փայլփլում։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *