Լուսինե Խառատյան |Սարի հակառակ կողմը

Լուսինե ԽառատյանԳյուղեր, գյուղաքաղաքներ, բենզալցակայաններ, էշեր, սայլեր, տրակտորներ, ջիպեր, միհարկանի կավածեփ տներ՝ խոտաճ տանիքներով ու արբանյակային ալեհավաքներով, դրոշ, մշակված դաշտեր, անմշակ դաշտեր, կոկա-կոլա, բլրակներ, սարեր, փոշի, խոտ, խոտհարք, բեռնատար, Սարի հակառակ կողմը, չադրայավոր կանայք, անչադրա կանայք, ռազմաբազաների փշալարեր, մինարեթներ, երկհարկանի տներ՝ բաց բալկոններով, բարդիներ, շոգից ցամաքող կիսախեղդ գետ, դրոշ, փողոցների երկայնքով ձգվող փոշոտ տոնավաճառներ, էշի պես բարձված մոտոներ, չստերով քստքստացնող տղամարդիկ, դրոշ, կանգառներ, շենքեր:

– Այ մարդ, սրանց ճամփեքը շատ լավն են ախր: Լրիվ ստրատեգիական՝ վրով տանկ-մանկ, ամեն ինչ կանցնի, ինքն էլ հենց քթներիս տակ: Հետամնաց պետությունը սե՞նց կլնի,- հայացքը մեքենայի պատուհանից դուրս խոսում էր Անահիտը:
Արթուրը վարում էր մեքենան ու հետևում Ջի-Փի-Էս-ի հրահանգներին:
– Սաղ հեչ, – ասաց նա,- էն ասեք, որպես ի՞նչ ենք ներկայանում: Եթե էս աղջկան հավատանք,- գլխով ցույց է տալիս Ջի-Փի-Էս-ի կողմը,- կես ժամից արդեն Իգդիրում ենք:

– Հա՞որ: Բա հեռախոսս ասում ա, թե Արարատի մարզում ենք,- վարորդի հետևում նստած՝ Անահիտըժպտում էու բջջայինով ինչ-որ համար հավաքում:
Մեքենայում չորսով էին: Արթուրիկողքի քնածը Քրիսն էր, գերմանացի ընկեր-բարեկամ, իսկ հետևում բջջայիններով խոսում էին Անահիտն ու Անին: Անահիտն ամենատարիքովն էր: Նա նաև մեջների թուրքագետն ու թուրքերենագետն էր:Անին հիպիոտ երիտասարդ աղջիկ էր և ինչ Արարատի մարզ էին մտել հեռախոսը ձեռքից վայր չէր դրել՝ ալամ-աշխարհին տեղեկացրել էր, որ տեսեք-տեսեք ինքն Իգդիրում ա, իսկ հեռախոսն ասում ա՝ Marz Ararat:Վերջապես Անին անջատեց հեռախոսն ու սկսեց արթնացնել Քրիսին: Հայտնեց, որ շուտով Իգդիր են հասնում ու պետք ա լեգենդ հորինեն:
– Ի՞նչ հորինենք,- հարցրեց Արթուրը:
– Էկեք ասենք, որ գերմանացի տուրիստ ենք, էս կողմերով անցնում էինք, հուշարձանը տեսանք, ասինք՝ մտնենք,- առաջարկեց Քրիսը:
– Չէ հա, սրանց ամեն երկրորդը Գերմանիա գաստերբայտեր [1] ա էղել կամ ուզում ա լինի, բա որ հետներս գերմաներեն խոսան՝ ո՞նց ենք տակից դուրս գալու: Ասենք դու ու Արթը խոսացիք, բա մենք հո խուլ ու համր չե՞նք ձևանա,- առարկեց Անին
– Դե ուրեմն ասենք մենք Գերմանիայից ենք, դուք՝ Հոլանդիայից,- հորանջեց Քրիսը:
– Հա, բա ոնց,- հակաճառեց Անին,- տիկին Անահիտը ոչինչ,հոլանդացու տեղ կանցնի (ցույց տալով Անահիտի կապույտ աչքերն ու խարտյաշ մազերը), իսկ ես իմ սև աչք-ունքով ու հայկական քթով հաստատ չեմ ձգի:
– Դե լավ, ուրեմն կասենք, որ ես Թիֆլիսում աշխատող գերմանացի եմ, իսկ դուք երեքդ էլ իմ վրացի աշխատակիցներն եք, էկել ենք Թուրքիա գործով, հետն էլ ման ենք գալիս:
Քրիսի վերջին առաջարկի շուրջ համաձայնության եկան, ու Արթուրը բարձրացրեց երաժտության ձայնը:

Wake up, put a little make-up…
Father, father, father, father
Father, into your hands I commend my spirit
Father, into your hands
Why have you forsaken me?
In your eyes forsaken me
In your thoughts forsaken me
In your heart forsaken me, oh [2]

– I cry when angels deserve to die [3], – Սիսթեմի հետգոռում էր Անին, երբ Արթուրը կրկին իջեցրեց երաժշտության ձայնն ու ասաց, որ պետք է իրենց համար համապատասխան վրացական անուններ էլ հորինեն:
– Ես կլինեմ քալբաթոնո Քեթին, Անին՝ Նինոն, դե Արթուր ջան արի դու էլ ընտրի՝ Իրակլի կամ Գեորգի,- առաջարկեց տիկին Անահիտը:
Իրակլին Արթուրին դուր եկավ, ու վերջին 10-15 րոպեն քշեցին առանց երաժշտության՝ իրար հետ զրուցելով ու իրար նոր անուններով դիմելով, որ հանկարծ չշփոթվեն:
– Հուշարձանն արդեն երևում ա,- ձեռքով դեպի հեռուն ցույց տվեց Անին:
– Հա, երևի ավտոն ստեղ կանգնացնենք, ոտքով գնանք, որ չտեսնեն մեր հայկական համարանիշները,- ասաց Արթուրը, ապա դիմեց Անահիտին,- դե քալբաթոնո Քեթին էլ մեզ մի քիչ Իգդիրի մասին կպատմի մինչև տեղ հասնենք:
Մեքենան կանգնեցրին ու իջան: Մինչև ոտքով կքայլեին դեպի առջևում երևացող բլուրը, տիկին Անահիտըպատմում էր Իգդիրի մասին: Անին երեք բան հատկապես մտապահեց՝ որ Իգդիրի ներկայիս բնակչության կազմում ադրբեջանցիները շատ են ու շատանում են, որ վերջին ընտրություններին ստեղ ամենաազգայնականներն են հաղթել ու որ հուշահամալիր-թանգարանը ստեղծվել է Ալիևների ընտանիքի ֆինանսական աջակցությամբ: Որքան մոտենում էին բլրին, այնքան Անիի սիրտն ավելի արագ էր խփում: Why have you forsaken me՝ երգում եր գլխում ու փորձում հետ չմնալ մեծ-մեծ քայլերով դեպի հուշարձան բարձրացող Արթուրից ու Քրիսից:
– Just another dick [4], – հուշարձանի ֆոտոներն անելով` ասում էր Քրիսը:
Բլրի գլխին ցցված էր մի հերթական ֆալոս-հուշարձան, որի մասին ինտերնետով իրենց գտած տեղկությունը հետևյալն էր.

Հուշարձանի դիզայնը պարունակում է թուրքական ինքնությանը, պատմությանն ու առասպելներին առնչվող տարրեր: Վերևի կառույցը բաղկացած է հինգ ուղղաձիգ թրերից, որոնց ծայրերն իրար կպած են՝ խորհրդանշելով Արարատ լեռը: Թրերի կոթերին մի շարք քանդակներ կան: Հուշարձանի թրերի գրանիտը բերվել է Չինաստանից, իսկ այլ նյութերը, ինչպես, օրինակ, մարմարը, գրանիտն ու կերամիկան, բերվել են Թուրքիայի այլ շրջաններից: Հուշարձանը կանգնեցվել է հայերի կողմից Արևելյան Անատոլիայում գազանաբար սպանված ավելի քան մեկ միլիոն թուրք նահատակների հիշատակը հավերժացնելու համար և ի պատասխան նրանց, ովքեր ապրիլի 24-ը հայտարարում են ցեղասպանության օր, ինչպես նաև ի պատասխան աշխարհի տարբեր վայրերում հայերի դեմ իրականցված ենթադրյալ ցեղասպանության հիշատակին կանգեցված հուշարձանների:

Հուշարձանի տակ մի քանի սենյակ հատկացված էր թանգարանին: Հուշարձանը մի բոլ նկարելուց հետո իջան ներքև՝ թանգարանը նայելու: In your thoughts forsaken me՝ պտտվում էր Անիի գլխում, սիրտն էլ արագ խփում էր, ու հիմա վառ պատկերացնում էր, թե ինչպես կմտնեն թանգարան, ինչպես տեղացի ազգայնական գորշ գայլը կմոտենա ու կսկսի հարց ու փորձ անել՝ ով են, ինչացու են, ինչպես կպահանաջի անձնագրերը… In your heart forsaken me… Երբ թանգարան էին մտնում, հատուկ բարձր ձայնով դիմեց Արթուրին՝ թե բա Իրակլի, մի րոպե սպասի, ու հետո էլ ավելի աղմկոտ՝ քալբաթոնո Քեթի, մի հատ ֆոտոապարատդ կտաս, որ հանկարծ մտքների ծերով անգամ չանցնի իր հայ լինելը: I cry when angels deserve to die… Մուտքի մոտ մեծ-մեծ տառերով անգլերեն ու թուրքերեն լեզուներով գրված էր նույնը, ինչ գտել էին ինտերնետում: Ներս մտան: Ներսում մութ էր ու մարդ չկար, ոչ էլ տոմսարկղ կար: Քրիսն առաջ գնաց ու կանչեց.
– Ներեցեք, այստեղ կա՞ որևէ մեկը:
Ներսից ոտնաձայներ լսվեցին և մթության միջից հայտնվեց միջին տարիքի մի նիհար տղամարդ: Ժպտաց, ասաց՝ հոշգալդինիս [5], վառեց լույսերն ու առաջնորդեց ներս: Ներսում խավար էր ու ցուրտ՝ ինչպես դամբարանում: Թանգարանի աշխատակիցը հերթով վառեց բոլոր սենյակների լույսերը: Թողնելով, որկենդանի մարդու շնչով ակնհայտորեն չտաքացող այդ տիրույթում հյուրերն առանց վկաների առերեսվեն պատմությանը, աշխատակիցն անցավ մուտքի դռան աջ կողմի սենյակը, որտեղ հեռուստացույցը բարձրաձայն ինչ-որ ճառ էր ասում:
Թանգարանի կենտրոնական ցուցանմուշը հայերի կողմից՝ թուրքերին սպանելու համար օգտագործած ռուսական սվինն էր ու սպանվածների մի մեծ գանգակույտ: Բոլոր չորս լուսանկարչական ապարատներն ագահորեն ուղղվեցին ցուցադրությանն՝ ասես մրցելով, թե ով ավելիարագ, ավելի շատ ու մանրամասն կխժռի իրենց հրամցվող պատմությունը:
Աստիճաններ, ասֆալտ, հող, քար, խոտ, փակ սպորտային կոշիկներով ոտքեր, բաց ամառային սանդալներով ոտքեր, ասֆալտ, մայթ, ասֆալտի վրայի գիծ, բորդյուր, ասֆալտի վրա աճած խոտ, չորացած ջրափոս, ցեխ, կավահող, ասֆալտ, մեքենայի անիվ, ծառ, ճյուղ տերև, քամի, երկինք: Հասան իրենց մեքենային: Երբ մեքենան կայանել էին, այն մեն-մենակ էր, իսկ հիմա հետևում ևս մի «նիսան» էր կանգնած՝ 16 AM 171:

***
Տեսարան 1

Մթություն: Մթությունը ճեղքում է սեղանին դրված աղմկոտ զարթուցիչը փնտրող ձեռքը, որն այնուհետև վառում է սենյակի լույսը: Մուգ կանաչ ներկված անհարթ պատերով սենյակ, առաստաղից կախված լամպ, երկաթե ճաղերով մահճակալ: Մահճակալի աջ կողմում սենյակի միակ աթոռն է, ձախում՝ սեղան: Մահճակալին պառկած սպիտակ փոխան-շապիկով նիհար տղամարդը դժկամորեն վեր է կենում, ոտքերով մահաճակալի տակից հանում հողաթափերը, հագնում ու անհետանում դիմացի պատի ներկը թափած դռան ետևում: Կադրում դատարկ սենյակն է, լսվում է քաշվող զուգարանի ջրի ձայնը: Տղամարդը շվշվացնելով դուրս է գալիս լոգարանից, հագնում աթոռին խնամքով դրված շալվարը ու նորից գնում լոգարան: Տեսախցիկը հետևում է տղամարդուն: Տեսախցիկը մանրամսն ցույց է տալիս արևելյան զուգարանակոնքը: Ջուրը հոսում է ու հոսում՝ իր իսկ բացած ժանգագույն արահետով: Այնուհետև տեսախցիկն անցնում է լվացարանին, որը նույնպես ջրի բացած ճանապարհի հետքերն ունի իր վրա: Կադրում հոսող ջրի ձայնն ու տղամարդու շվշվոցն է: Տեսախցիկն անցնում է լվացարանի վերևում կախված հայելուն: Հայելու մեջ տղամարդու դեմքն է: Հայելու մեծ ճաքը դեմքը կիսել է. վերևում աչքերն էն՝լայն, սև, հաստ հոնքերով, իսկ ներքևում դեմքին քսված օճառափրփուրն ու ածելիով աշխատող ձեռքը:

Տեսարան 2

Հագնված, սափրված տղամարդը միհարկանի կավածեփ տան բակում է: Նստում է բակում կանգնած հին մեքենան: Միացնում է մեքենայի շարժիչը: Մեքենան չի միանում: Նորից է միացնում: Երեք-չորս փորձից հետո շարժիչը վերջապես աշխատում է, ու մեքենան տեղից շարժվում է: Տեսախցիկը ցույց է տալիս մեքենայի հայելու մեջ երևացող տղամարդու աչքերը: Մեքենան կանգնում է բլրի դիմաց դատարկ ավտոկայանատեղում: Տղամարդն իջնում է մեքենայից, փակում դուռը: Աստիճաններով բարձրանում է բլուրը: Տեսախցիկը ցույց է տալիս բլրի վրա վեր խոյացող ֆալոսատիպ հուշարձանը, այնուհետև տղամարդուն, որը բացում է բլրի մեջ կառուցված թանգարանի դուռը: Մտնում է ներս, վառում լույսը, բացում մուտքի դռան աջ կողմի սենյակի դուռը, ներս անցնում, վառում այդ սենյակի լույսը, ապա անջատում միջանցքինը: Միացնում է պատից կախված հեռուստացույցը, հերթով փոխում ալիքները, մինչև գտնում է իր ուզածը: Կադրում հեռուստացույցի էկրանն է: Ալիքը վատ է բռնում, բայց սև կոստյումավոր ինչ-որ մեկը սրտառուչ բացօթյա ճառ է ասում: Ճառադադարի ժամանակ ամբոխը ծափահարում է: Տեսախցիկը հեռուստացույցից անցնում է սենյակ: Սենյակում մի գրասեղան կա, մի աթոռ: Գրասեղանի դիմաց՝ ևս երեք աթոռ: Գրասեղանի վրա ոչինչ չկա, բացի մեծ, հին հեռախոսից: Տեսախցիկը մոտիկից ցույց է տալիս հեռախոսը: Գրասեղանի կողքին՝ պարույրներով ջեռուցիչ, որի վրա եռում է մեծ, կապույտ թեյնիկը: Տղամարդը սեղանին դնում է արմուդը [6], ապա մուգ թեյ լցնում: Նստելով գրասեղանի մոտ՝ թեյը խմելով հեռուստացույց է նայում: Տեսախցիկը դուրս է գալիս աշխատասենյակից, անցնում թանգարանի մյուս՝ մութ ու ցուրտ սենյակներով, վերադառնում աշխատասենյակ, երկար մնում թեյի բաժակի վրա:

Տեսարան 3, 4, 5, 6 և 7-ը կրկնում են առաջին երկու տեսարանները:

Տեսարան 8

Աշխատասենյակի սեղանի հեռախոսը զանգում է: Աթոռին նստած տղամարդը վեր է թռչում ու վերցնում խոսափողը: Գծի մյուս կողմից տղամարդու ձայնը հայտնում է, որ Մեհրիբան Ալիևան պատրաստվում է այցելել իր օժանդակությամբ կառուցված հուշահամալիր: Հայտնում է նաև օրը, ժամը:

Տեսարան 9

Թանգարանի բոլոր սենյակների լույսերը վառ են: Ամենուրեք մարդիկ են՝ փոշին են վերցնում, ավլում, մաքրում: Կենտրոնական սենյակում մարդկային գանգերի կույտ է: Տղամարդը հատ-հատ, զգուշությամբ վերցնում է գանգերը, մաքրում փոշին ու նորից տեղը դնում: Աշխատասենյակի ջեռուցիչի վրա անպատասխան եռում է թեյը: Տեսախցիկն անցնում է հեռուստացույցին: Այն անջատված է:

Տեսարան 10

Տղամարդը ինչ-որ երգ սուլելով ներկում է իր աշխատասենյակի պատերը, կատարում կահույքի տեղափոխություններ:

Տեսարան 11

Հուշարձանի բակն ավլում են: Փոշու ամպ է կանգնած: Ավտոկայանտեղիում նույն միայնակ մեքենան է:

Տեսարան 12

Տեսախցիկը տղամարդու լոգարանում է: Տղամարդը լվացվում է, սափրվում: Լոգարանի հայելին փոխված է: Դեմքն ամբողջությամբ է երևում: Տղամարդը մանրամասն ուսումնասիրում է դեմքը, ստուգում՝ արդյո՞ք լավ է սափրվել:Սանրվում է, կրկին լվացվում, ապա անցնում ննջասենյակ, մանրամասն հագնվում, սուլելով դուրս գալիս, նստում մեքենան, կրկին դժվարությամբաշխատեցնում շարժիչն ու սուլելով անցնում ամենօրյա ճանապարհը: Բացում է թանգարանի դուռը, մտնում ներս, վառում բոլոր լույսերը, անցնում սենյակներով, ստուգում անկյունները, ձեռքով ստուգում փոշու առկայությունը: Տեսախցիկն անցնում է թանգարանի բոլոր անկյուններով, մի քանի վայրկյան կանգնում գանգերի վրա, ապա անցնում պատից կախված ժամացույցին: Ժամացույցը ցույց է տալիս առավոտյան ինը:Մթնանցում: Տեսախցիկը կրկին ժամացույցի վրա է: Ժամը 11-ն է: Տղամարդը նստած է գրասեղանի մոտ: Անհամբեր կտկտացնում է մատներով և թեյ խմում: Տեսախցիկը մատների ու թեյի բաժակի վրա է: Մթնանցում: Կրկին ժամացույցը: Ժամը 3-ն է: Տղամարդը նստած քնել է: Տեսախցիկը մի քանի վայրկյան կանգնում է դատարկ թեյի բաժակի վրա: Լսվում է հեռուստացույցից ճառողի ձայնը: Մթնանցում: Մթության մեջ լսվում է ժամացույցի աշխատանքը: Տեսախցիկը կրկին ժամացույցի վրա է: Ժամը 6-ն է: Լսվում է հեռախոսի բարձր զանգ: Տղամարդը վեր է թռչում, վերցնում խոսափողը: Խոսափողի ձայնը հայտնում է, որ Մեհրիբան Ալիևեան, ցավոք, չի կարող այցելել: Մթնանցում:
Տեսարան 13
Առաջին տեսարանի կրկնությունը:

***
Շենքեր, փողոցներ, բենզալցակայան, ճանապարհ:
– Փաստորեն մեզ սկի շան տեղ չդրեցին,- լռությունը խախտեց Անին:
– Հա, իսկ մենք երկար-բարակ պատրաստվում էինք, թե ինչ ենք պատասխանելու հարցերին,- ծիծաղելով ասաց Արթուրը:
– Բայց աչքիս էդ թանգարան հայերից բացի ոչ մեկ չի էլ մտնում,- ասաց տիկին Անահիտը:
– Բա նիսանի վարորդի պատմությունը,- խոսեց Քրիսը,- որ ինքը վեճի ա բռնվել գանգերի շուրջ՝ փաստարկելով, թե գանգերի մարդաբանական տիպը հայկական է և իր գլուխը պահել է գանգերի մոտ՝ դա ապացուցելու համար…

[1] Հրավիրյալ աշխատուժ

[2] Հատված Սիսթեմ օֆ ա Դաուն խմբի հայտնի երգից

Արթնացիր, փոքր-ինչ շպարվիր…

Հայր, հայր, հայր, հայր

Հայր, քո ձեռքն եմ ավանդում հոգիս

Հայր, քո ձեռքն եմ հանձնում

Ինչու՞ լքեցիր ինձ

Աչքերումդ լքեցիր ինձ

Մտքերումդ լքեցիր ինձ

Սրտումդ լքեցիր ինձ, ախ

[3] Լացում եմ, երբ հրեշտակները մահվան են արժանանում

[4] Եվս մի անդամ:

[5] Բարի գալուստ

[6] Թուրքական տանձաձև թեյի բաժակ

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *