Վահրամ Դանիելյան | Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց» վեպը

Ժան-Պոլ Սարտրի

Ժան-Պոլ Սարտր Սրտխառնոց

ԺԱՆ-ՊՈԼ ՍԱՐՏՐ «ՍՐՏԽԱՌՆՈՑ» (վեպ): Ֆրանսերենից թարգմանեց ՀԱՅԿ ՖԵԼԵՔՅԱՆԸ: Առաջաբանը՝ Վահրամ Դանիելյանի: Երևան,«Անտարես», 2016, 264 էջ («Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշար):

Շվեդական ակադեմիան 1964-ին գրականության բնագավառի իր Նոբելյան մրցանակը շնորհում է Ժան-Պոլ Սարտրին, սակայն վերջինս հրաժարվում է մրցանակից` չցանկանալով պարտական լինել որևէ սոցիալական ինստիտուտի և դրանով վտանգել իր անկախությունը: Այդուհանդերձ, սա այն դեպքն է, երբ հրաժարվելը չարժանանալ չի նշանակում. այսօր անհնար է գտնել Սարտրի որևէ կենսագրություն, ուր նա որպես Նոբելյան մրցանակակիր չներկայացվի, և Նոբելյան մատենաշարով սույն հրատարակությունն էլ հենց ինստիտուտի պիտակի անջնջելիության փաստումն է: Մյուս կողմից՝ Սարտրն այնքան կարևոր անուն է աշխարհի գրականության պատմության համար, որ դեռ հարց է, թե ով է ում ավելի նշանավորում. Նոբելյան պարգևը Սարտրին, թե՞ Սարտրը` Նոբելյան պարգևը:
«Սրտխառնոց»-ը (1938) անկասկած Սարտրի ամենահայտնի վիպական ստեղծագործությունն է: Այս վեպը աշխարհի կարևոր վեպերի զանազան ցանկերից էլ գրեթե երբեք դուրս չի մնում: Սրանով հանդերձ՝ վեպը մեկ այլ հետաքրքիր ֆենոմեն էլ ունի, օրինակ` Ալեն Ռոբ-Գրիեն Ամերիկայի համալսարաններում իր դասավանդման փորձառությունների մասին մի առիթով պատմում է. «… ամերիկացի ուսանողները շատ լավ էին հանդուրժում «Օտար»-ը, որը կարծես հեշտությամբ ու հաճույքով էին կարդում, սակայն ոչ «Սրտխառնոց»-ը: Երբեք որևէ ուսանողի չեմ հանդիպել, որ այդ գիրքը գոնե որոշ հաճույքով կարդար: Իրականում «Սրտխառնոց»-ը յուրօրինակ հարգանքի տուրք է գրականությանը, հաշվետվության պես մի բան, այնինչ «Օտար»-ը ինքնին գրականություն է արդեն»: Կամյուն («Օտար»-ի հեղինակը) ու Սարտրը, որ սերնդակիցներ էին, փիլիսոփայական նույն շարժման` էքզիստենցիալիզմի ներկայացացուցիչներ են: Նրանց գեղարվեստական ստեղծագործություններն էլ հաճախ գերահագեցած են էքզիստենցիալիզմի դրույթներով, ինչը գրական ընթերցանության տրամադրված ընթերցողին կարող է և ձանձրացնել: Եթե նայեք Սարտրի վեպի զանազան վերլուծությունները, ապա կնկատեք, որ դրանցում հաճախ ավելի շատ տեղ է հատկացվում Հուսերլի ֆենոմենոլոգիայի դրսևորումներին, քան վիպական հնարքներին: Սա անշուշտ ոչ թե վերլուծողների սուբյեկտիվության արդյունքն է, այլ Սարտրի տեքստի օբյեկտիվ շաղախը: Բայց ես փորձելու եմ հասկանալ «Սրտխառնոց»-ի գրական արժեքը և նրա դերը վեպի զարգացման պատմության մեջ: Այս հարցում էլ օգնության ձեռք մեկնողը հենց նույն Սարտրն է կամ, ավելի ճիշտ, Սարտրի վեպի գլխավոր կերպարը` Անտուան Ռոկոնտենը:
Ուրեմն, Ռոկոնտենը պատմաբան է, ով աշխատում է պատմագիտական մի ուսումնասիրության վրա: Ուսումնասիրությունը դե Ռոլբոն անունով մի մարկիզի մասին է, որ ֆրանսիական լրտես է եղել: Ռոկոնտենը զանազան փաստեր է հավաքել նրա գործունեության մասին ու փորձում է դրանք համադրելով վերստեղծել մարկիզի կյանքը, սակայն ինչ-որ պահի հասկանում է, որ փաստերն անհամատեղելի են: Պատմաբանը չի կարողանում վերականգնել անցյալի բեկորների տրամաբանական շղթան: Այս ընթացքը ուղղորդվում է նաև Ռոկոնտենի կյանքի բարդացումներով: Վեպը սկսվում է Ռոկոնտենի ֆիզիկական վիճակի տարօրինակ փոփոխությամբ, և առաջացած սրտխառնոցի զգացողությունը, որ իրականության և այդ իրականության մեջ սեփական գոյության աբսուրդի գիտակցումն է, ամբողջ ընթացքում տարբեր ուժգնացումներով ուղեկցում է հերոսին:
Ի՞նչ պիտի անի գիտնականը նման իրավիճակում: Երևի պետք է գնա բժշկի կամ դեղատուն` համապատասխան բուժում ստանալու կամ հաբ գնելու: Բայց ի՞նչ է անում պատմաբան Ռոկոնտենը. դեղատան փոխարեն շտապում է գրադարան, վերցնում Բալզակի վեպերից մեկը`«Էժենի Գրանդե»-ն, ու սկսում կարդալ: Հայտնի է, որ Սարտրի վերաբերմունքը բալզակյան գրականության նկատմամբ միանշանակ չի եղել, այսինքն` Սարտրը Բալզակի՝ ճշգրտության ձգտող արձակի երկրպագուն չէր: Բայց գիրքը ձեռքն առնողը ոչ թե Սարտրն է, այլ պատմաբան Ռոկոնտենը, ով փորձում է ճշգրտումներով վերականգնել ու շարադրել 18-րդ դարի մի մարկիզի կյանքի պատմությունը: Այս խնդիրը պարզելու համար պետք է մի քիչ հետ գնալ:
Այսպես, վեպը բացվում է հրատարակչի կողմից մի փոքրիկ առաջաբանով, ուր ասվում է, որ ինքը Անտուան Ռոկոնտենի օրագիրն է հայտնաբերել նրա թղթերի մեջ, օրագիրն ընդգրկում է Ռոկոնտենի կյանքի տարիները Բուվիլ անունով մի քաղաքում, ուր վերջինս աշխատում էր իր պատմագիտական ուսումնասիրության վրա: Բուն վեպը, ըստ հրատարակչի, հենց Ռոկոնտենի բուվիլյան օրագիրն է լինելու: Այս փոքրիկ հատվածում մի շատ հետաքրքիր տեղեկություն էլ կա: Պարզվում է՝ Ռոկոնտենը մինչ Բուվիլում հաստատվելը երկար տարիներ ճանապարհորդել է Կենտրոնական Եվրոպայում, Հարավային Աֆրիկայում և Հեռավոր Արևելքում: Իրականում վեպի ժամանակը և նյութի ընտրությունը ժանրի զարգացման պատմության շատ հետաքրքիր հանգրվանի մասին են վկայում: Եթե «Սրտխառնոց»-ը լիներ, ասենք, 17-18-րդ դարերի վիպական մեյնսթրիմում, ապա որպես վիպանյութ, անշուշտ, շատ ավելի պահանջված պիտի լիներ Ռոկոնտենի ճամփորդությունների օրագիրը (այդ ժամանակների վեպերը հիմնականում աշխարհեաշխարհ ճամփորդությունների պատումներ էին), սակայն հրատարակիչը ընտրում է ոչ թե ճամփորդության, այլ քաղաքի պատումը` որպես սյուժեաստեղծ միջավայր: Սա անշուշտ 19-րդ դարի վեպի գլխավոր մոտիվն է, որի թերևս ամենատիպիկ ներկայացուցիչը հենց Բալզակն էր:
Այսպիսով, ի՞նչ ունենք: Քաղաքային պատում, որի գլխավոր կերպարը պատմաբան է, ով գիտական ուսումնասիրություն է գրում դե Ռոլբոն անունով մեկի մասին, գիտական շարադրանքը չի ամբողջանում, որովհետև փաստերը դրվագային են և չեն մեկտեղվում: Պատմաբանը նաև ֆիզիկական թուլություն է ձեռք բերում այս ընթացքում, որը հաղթահարելու համար ձեռքն է առնում Բալզակի վեպը, ում վեպերի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանք շարադրված են ամենագետ պատմողի անունից, ով ամեն ինչ գիտի իր կերպարի ու այդ կերպարի ապրած միջավայրի մասին և առաջիկա 300-400 էջերում ընթերցողին ամեն ինչ կպատմի, բոլոր խնդիրները կհարթի, և անհասկանալի ու դրվագային ոչինչ չի մնա: Բայց Ռոկոնտենի ու Բալզակի դիրքավորումները տարբեր են: Բալզակը գրող է, նա հնարում է իր կերպարներին, սակայն հնարում է այնպիսի ճշգրտությամբ, որ ընթերցանության ընթացքում թե՛ հնարողը և թե՛ ընթերցողը սկսում են մոռանալ, որ այդ կերպարները հնարված են, որովհետև ընթերցանության վերջում հանկարծ հասկանում ես, որ հայր գորիոների ու ռաստինյակների մասին գուցե ավելի շատ մանրամասներ գիտես, քան` ինքդ քո: Ռոկոնտենը գրող չէ, պատմաբան է, նա պարտավոր է նույնքան հավաստի ու փաստարկված շարադրել իր նյութը, որքան Բալզակը, սակայն ոչ թե մանրամասները հնարելով, այլ դրանց տիրապետելով: Ռոկոնտենի դրության զավեշտն այն է, որ հրատարակիչը նրան պատմաբան է դարձրել, սակայն որպես պատմաբան վերջինս ստիպված է ուսումնասիրել ու շարադրել մեկի պատմական կենսագրությունը, ով իրականում պատմության մեջ գոյություն չի ունեցել. մարկիզ դե Ռոլբոնը պատմական անձ չէ, նա ամբողջությամբ հրատարակչի երևակայության արդյունքն է, որից տեղյակ չէ հրատարակչի գլխավոր կերպարը` պատմաբան Անտուան Ռոկոնտենը:
Ի՞նչ է ստացվում: Հնարված կերպարը պետք է պատմաբանի դիրքից գիտական ուսումնասիրություն գրի մեկի մասին, ով իր հերթին ևս հնարված է: Այս իրավիճակի անունը կարելի է դնել «բալզակյան թակարդ», երբ հորինվածքը մարմնավորվում է պատմական ճշգրտությամբ` դրանով իսկ կասկածի տակ դնելով բուն պատմական ճշգրտությունն ընդհանրապես…
Ռոկոնտենին հրատարակիչը ևս մի խաբկանքի մեջ է դրել. նա աշխատում է իր գիտական ստեղծագործության վրա մի քաղաքում (Բուվիլում), որը ևս հնարված տարածություն է (նման քաղաք իրականում գոյություն չունի):
Վեպը ավարտվում է Ռոկոնտենի արթնացումով. նա որոշում է տեղափոխվել հնարված Բուվիլից դեպի իրական Փարիզ` հրաժարվելով նաև պատմաբանի դիրքերից իր խնդիրը լուծելու պատրանքից. «…բայց մի՞թե չեմ կարող մի ուրիշ ոլորտում… Պիտի գիրք լինի. ուրիշ ոչ մի բան անել չգիտեմ: Բայց պատմական գիրք չէ. պատմությունը խոսում է գոյություն ունեցածների մասին, իսկ գոյություն ունեցողը երբեք չի կարող արդարացնել մեկ ուրիշ գոյություն ունեցողի գոյությունը: Իմ սխալը հենց այն էր, որ ուզում էի մարկիզ դը Ռոլբոնին վերակենդանացնել: Չէ, ուրիշ տեսակի գիրք պիտի լինի: Հաստատ չգիտեմ ինչ տեսակի, բայց այդ գրքի տպագիր բառերի ու էջերի հետևում պիտի ինչ-որ բան նշմարվի, որը գոյություն չի ունենա, որը վեր կլինի գոյությունից: Ասենք՝ ինչ-որ մի պատմություն, որ չի կարող պատահել, մի որևէ արկած: Պիտի գեղեցիկ ու ամուր լինի, ինչպես պողպատը, ու մարդկանց ստիպի ամաչել իրենց սեփական գոյությունից:»
Ռոկոնտենի գտած ճանապարհը վեպ գրելն է, բայց ոչ թե Բալզակի նման, ում ստեղծագործության տպագիր բառերի ու էջերի հետևում նշմարվի այն, ինչը գոյության հավաստիությունն է ամրագրում, այլ ուղիղ հակառակը, որը գոյություն չի ունենա, որը վեր կլինի գոյությունից: Հենց սա է ռոբ-գրիեական ձևակերպմամբ՝ գրականության հաշվետվությունը կյանքին, յուրօրինակ հարգանքի տուրքը առ գրականություն, որը որպես գեղարվեստական տեքստ գուցե կատարյալ չէ, բայց անփոխարինելի օղակ է 19-րդ դարի բալզակյան վեպից դեպի 20-րդ դարի նոր վեպ տանող ճանապարհին:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *