Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե առաջին անգամ երբ սկսեցի կասկածել, որ բավականին տարբերվում եմ մյուս մարդկանցից: Ոչ, որևէ բնածին հիվանդություն կամ վնասվածք ոչինչ չէր խլել արտաքինիս՝ մարդկային աչքին հաճո ամբողջական համաչափությունից: Չէի տարբերվում նույնիսկ մաշկի, մազերի կամ աչքերի գույնով: Անգամ դպրոցում կամ բանակում՝ ցանկացած ֆիզիկական կամ բարոյական շեղում անհապաղ աչքը խոթող այդ բանտանման հաստատություններում ինձ որևէ մականուն չէր կպել:
Պատմությունս պետք է սկսեմ թերևս մի ձմեռային ցրտաշունչ օրվանից, երբ երկնքից առատորեն թափվող ձյունը կարծես ցանկանում էր ապացուցել, որ մի ձյունառատ օրը լիովին բավական է անվերջության դիմագծերը նշմարելու համար, իսկ ցուրտը մեր վարձած տան հսկայական պատուհաններն ու դիմացի ծառերը պատել էր սառցի՝ պոլիեթիլենի չափ բարակ թաղանթով: Չվերջացող ձյան այդ օրը պետք է որ կիրակի լիներ, որովհետև շոգեքարշի պես առատորեն գոլորշի արտաշնչող հայրս, վերարկուին նստած ձյունն աղմուկով թափ տալով, տուն էր մտել կեսօրից փոքր-ինչ հետո՝ աշխատանքային ժամի:
Նրա բերած նվերներից ամենից շքեղը՝ ամբողջովին մետաղական, ինքնագնաց տանկը քրոջս տալու որոշումը մինչ օրս չեմ կարողանում հասկանալ ու ներել: Աղջիկներին զենք, անգամ խաղալիք զենք կարելի է նվիրել միայն այն դեպքում, երբ տղաներ չկան: Երբ տղաներ չկան, աղջիկները կարողանում են նախանձելի հմտությամբ կիրառել զենքը, սակայն հայրս ուներ երեք որդի, ովքեր փաթեթից հանված ու փոքրիկ աղջկան հանձնված մետաղական հրաշքին նայում էին սովալլուկ գայլաձագերի ագահ աչքերով:
Միգուցե այդ տարօրինակ նվիրատվության մեղավորը բնավ էլ հայրս չէր: Միգուցե մեղքը պետք էր որոնել խաղալիքների խանութի հաստափոր տնօրենի հաշվապահական փաստաթղթերում, որտեղ «մետաղական տանկ» ապրանքատեսակի դիմաց այնպիսի բարձր գին էր նշված, որը հորս՝ աշխատավարձով ապրող համեստ ինժեների աչքին աֆրիկյան ոչ մեծ պետության ռազմական բյուջե էր թվացել:
Միակ տանկը նվիրելով իր միակ աղջկան՝ հայրս ցանկացել էր նաև կանխել եղբայրասպան պատերազմը, որն անխուսափելի կլիներ, եթե տանկը հայտնվեր տղաներից մեկի ձեռքերում: Միակ տանկը նվիրելով իր միակ աղջկան՝ հայրս նաև խնայել էր իր երեք որդիների տղամարդկային ինքնասիրությունը, որովհետև նրանց՝ իրար հետ մշտապես մրցակցող գայլաձագերի աշխարհում աղջնակն ախոյան համարվել չէր կարող:
Մեզ տրված խաղալիք ինքնաձիգները խղճուկ, անվայել, ստորացուցիչ նվեր էինք համարել: Լուռ նայել էինք իրար դեմքի ու միահամուռ, ասես հրամանով, ջարդել դրանք՝ չունենալով մեր բողոքն արտահայտելու ավելի քաղաքակիրթ հնարավորություն:
Առայսօր կարծում եմ, որ խղճի խայթի տեսակներից մեկն ունի այդ ձյունառատ օրը հորս դեմքին սառած ժպիտի տեսքը, իսկ մյուսները ապրում են սուպերմարկետի մոտ դողացող ձեռքերով մուրացող ծերուկից խնայված մետաղադրամի ու տարիներ առաջ մայրիկին ասված կոպիտ խոսքի հնչյունների մեջ:
Հորս դեմքին նայելիս երեքս էլ մեզ անասելիորեն մեղավոր էինք զգացել ու դուրս վազել սենյակից՝ փախչելով արտասվելու անվայել, բայց անզուսպ ցանկությունից: Շատ տարիներ առաջ, ձյունառատ այդ օրը երեքիս հոգին էլ փափուկ էր եղել, բարակ ու ճերմակ մեր բակի թափթփվածությունը քողարկած ձյան շղարշի պես, ու մեր մանկական դաժանությունը մեկեն խեղճացած հայրիկի հանդեպ այդ ճերմակության վրա սև, լայնակի, խոր ակոսներ էր թողել:
Այդ օրը քնելու էինք գնացել սովորականից շուտ: Մեր ննջասենյակն այդ օրը լի էր եղել մթությամբ ու հեղձուկով՝ ասես մի հին, մոռացված, փոշոտ պահարան: Մեր ննջասենյակն այդ օրը լի էր եղել պատուհանի տակ անհանգիստ վազվզող բակապահ շան շղթայի ծանր զնգոցով: Մեր ննջասենյակն այդ օրը լի էր եղել ձյան փաթիլների պես դանդաղ, անշշուկ իջնող ու մեր այտերի վրա արցունք առ արցունք հալվող տխրությամբ:
Քնելուց առաջ պատկերացրել էի չարաբաստիկ տանկը: Այտերիս վրա արցունք առ արցունք հալվող տխրության միջից՝ թվացել էր, թե նա սուրում է՝ ճեղքելով հորդառատ անձրևի սառը շիթերը: Պարզորոշ տեսել էի նրա էլիպսաձև աշտարակն ու թնդանոթի փողի հատակին թաքնված մահաբեր մթությունը: Լսել էի ութ գալվանական մարտկոցով աշխատող շարժիչի թույլ, էլեկտրական բզզոցը: Տեսել թրթուրների կատաղորեն պտտվելն ու նրանց վրայից թռչող ցեխի ցայտերը: Հետո թրթուրների ձայնը դարձել էր բակապահ շան շղթայի զնգոց, հետո այդ շղթան դարձել էր աստղերից կախված Հարդագողի ճանապարհ՝ օրորուն, փայլուն ու հեքիաթային: Շղթան մեղմորեն օրորվել էր ու նրա ամեն շարժման հետ ես ավելի ու ավելի խոր էի ընկղմվել քնի մեջ:
Առավոտյան պարզվել էր, որ հորս սխալն ուղղել է փոքր քեռիս: Հյուրասենյակում մեզ սպասելիս էր եղել «Մարշալ Բաղրամյան» տանկային շարասյունը: Երեք տանկ՝ երեք եղբոր համար ու նրանցից մի փոքր հետ՝ չորրորդը: Յուրաքանչյուրս վազել էր իր տանկի մոտ: Հիացմունքից գոռգոռացել էինք: Պատերազմ ու մրից սևացած դեմքեր պատկերացրել: Տանկի աշտարակում բնակվող գերմանական հովվաշուն: Կատաղի ճակատամարտեր: Կտրատված թրթուրներ ու ծխացող երկաթ: Գնդակահարվելիս հնչած հպարտ, արհամարհանքով լի բառեր:
Այդ օրը չէի մտածել, որ նախորդ գիշերվա իմ պատկերացումը հիմա մետաղի բաղձալի ձերի մեջ պարփակված իրականություն է դարձել: Մանուկներն ըստ էության իմաստուն են մեծերից, սակայն կենասափորձի՝ գիտակցված հիշողության բացակայությունը նրանց հնարավորություն չի տալիս կատարել տեսական ընդհանրացումներ, ու այդ հեռավոր օրը իմ ու եղբայրներիս ուրախությունը մտքից ազատ լինելու առումով իր անաղարտությամբ կարող էր հարուցել հին աշխարհի օրփեոսյան գաղտնածիսությունների ցանկացած մասնակցի նախանձը:
Պատանեկությունը երիտասարդությունից բաժանող մի քանի սրընթաց տարիների ընթացքում հասցրեցի մի արյունալի պատերազմ տեսնել: Այն ինձնից խլեց բազմաթիվ բարեկամների ու ընկերների՝ իմ հուշերում նրանց թողնելով մշտապես երիտասարդ ու ժպտադեմ: Պատերազմը խլեց սովորաբար պատանեկությունը երիտասարդությունից բաժանող տարիներին բաժին ընկնող առաջին սերը՝ լուսավոր ու թափանցիկ արևի շողերի պես, որոնցով ողղված էր նա, երբ առաջին անգամ հանդիպեցի իրենց բակում ու, ի մի բերելով ամբողջ խիզախությունս, արևի լույսից կայծկլտացող մի օդային համբույր ուղարկեցի նրան:
Պատերազմի տարիներին պատկերացրեցի կյանքն առանց ռումբերի որոտի, առանց սրաթև ինքնաթիռների կողմից պատռվող երկնքի շառաչի ու առանց ավերակների վրա նստող վառոդաբույր փոշու: Իրականություն դարձած խաղաղությունը ևս առիթ չդարձավ օրինաչափություն որոնելու, չնայած Նիցշեն, Շոպենհաուերը, Կամյուն ու Պլուտարքոսն արդեն ծանոթ ու սիրելի էին ինձ: Պատերազմի ժամանակ յուրաքանչյուր մարդ խաղաղություն է ցանկանում: Ում հաջողվում է ողջ մնալ, ի վերջո, տեսնում է խաղաղությունը: Իսկ քանի որ անգամ հարյուրամյա պատերազմը մի օր ավարտվել է, խաղաղությունն անխուսափելի էր, այնպես որ հետագայում ինձ սարսափեցրած բացահայտման մոտով անցնելն իրավունք ունի հավակնել հասկացվելու և ներողամտության:
Խաղաղության առաջին տարիները հարուստ ազգականների ու դասընկերների շրջապատում աղքատ լինելու տարիներ էին: Ժամանակ, երբ ճիշտ էր, սովից ոլորվող ստամոքսի ջղակծկումները զսպելով, օտարի առաջարկած հացից հրաժարվելը: Երբ համալսարանից Զեյթուն, որտեղ բնակվում էի, պետք էր գնալ ոտքով, որովհետև երթուղային մեջ անպատճառ ծանոթ աղջիկներ էին լինելու, իսկ առանց նրանց համար վճարելու իջնելը հավասարազոր էր պատիվը կորցնելուն:
Ոտքով երկար քայլել վիճակված էր նաև ուսումնառությունից հետո, երբ ուսուցչություն էի անում մի հեռավոր ու պատերազմի հարվածներից հավիտենաբար դժբախտ դարձած գյուղում: Իմ դժբախտ գյուղն ու մոտակա ագարակը միացնող խճուղով քայլելիս արևն անընդհատ չար կատակներ էր անում. դասարանի պատուհասի՝ թոկից փախած երկտարեցու պես դաժան ժպտալով ճիշտ հաշվարկված ուժով հարվածում վզիս: Քրտինքի կաթիլները, հոսելով ցած, լցվում էին աչքերիս մեջ ու ստիպում անընդհատ կկոցել: Արևը ճառագայթների հարյուրավոր մանրիկ ասեղներ էր խրում բիբերիս մեջ ու ստիպում անընդհատ կկոցել: Ամուր կկոցած կոպերի արանքի նեղ ճեղքից, իմ մանկության տանկի հրակնատների չափ նեղ ճեղքից աշխարհին նայելիս խճուղով սուրացող խորհրդային արտադրության հին մեքենաներն արծաթափայլ աստղեր էին թվում՝ հզոր շարժիչներով, արագընթաց ու սլացիկ: Նրանց վարորդները՝ խոժոռ աչքերով տղամարդիկ կաշվե սաղավարտներ ու օդաչուական ակնոցների պիտի լինեին կրելիս, իսկ նրանց մոտ նստած կանայք անպայման գեղեցիկ ու փոքր-ինչ թախծոտ պիտի լինեին:
Քայլելիս՝ պատկերացնում էի իմ մեքենան՝ արծաթափայլ ու արագընթաց: Ասֆալտին մեկնված ու հորիզոնի հետևում թաքնվող արևի տաքությունն ամբարող օձը թվում էր հանկարծակի արգելակած մեքենայիս անվադողի հետքը: Ասֆալտի վրա մգացող ստվերաբիծը՝ հզոր շարժիչից կաթկթած յուղի հետք:
Երեք տարի հետո, երբ իմ արծաթափայլ «Յագուարի» ղեկին նույն խճուղով գնում էի այդ դժբախտ գյուղի դժբախտ ընկերներիս այցելելու, մտածեցի տարօրինակ օրինաչափությունների և զուգադիպությունների մասին: Հիշում էի, որ երեք տարի առաջ այդ խճուղով քայլելիս իմ պատկերացրած արծաթափայլ մեքենան նույնքան անիրական էր, որքան մեր պատկերացրած զուգահեռ տիեզերքներն ու մեր պատկերացրած ապագան: Սակայն ռունգերս զգում էին միանգամայն իրական «Յագուարի» կաշվե սրահի գրեթե անորսալի հոտը, իսկ ոտքս ավելի ու ավելի ուժեղ էր սեղմում գազի ալյումինե ոտնակը: Այդ պահին զգացի հայտանգործություն կատարած բոլոր մարդկանց ծանոթ հուզմունքն ու թեթևակի դողը: Որոշեցի հիշել ամենը, ինչ երբևէ պատկերացրել ու պատկերացնում եմ:
Եթե բոլոր մարդիկ՝ մինչ ինձ ծնվածները, հիմա ապրող վեց թե յոթ միլիարդն ու նրանց անհամար ապագա սերունդները նման լինեին ինձ՝ «երազանք» բառն ու Աշոտ Սուքիասյանի հանրահայտ բառարանում նշված նրա բոլոր հոմանիշները թերևս գոյություն չէին ունենա: Հնարավոր տարակարծությունները կանխելով՝ ճշտեմ, որ խոսքը վերաբերվում է ոչ թե կիրառվելուն, այլ հենց գոյություն ունենալուն: Հազվադեպ կիրառվող բառը նման է պատյանում պահվող հնամյա դաշույնի, որը կարելի է հանել պատյանից ու հարկն եղած դեպքում անվրեպ և սուր հարվածել: Բառը ինչ-որ բան՝ առարկա, երևույթ անվանելու անհրաժեշտության հետևանքն է: Եթե բոլոր մարդիկ նման լինելին ինձ՝ «երազանք» բառի հինգ բաղաձայնի ու երեք ձայնավորի օգնությամբ անվանվող հասկացությունը պարզապես գոյություն չէր ունենա՝ գոյության իրավունքից զրկելով նաև իրեն անվանող բառը:
Հիսունամյակիս նախաշեմին հասկացա, որ իմ պատկերացրածը հետաձգված իրականությունն է: Երբ պատկերացման ու դրա իրականացման միջև ընկած ժամանակը սկսեց անշեղորեն կրճատվել՝ ասես կյանքից անշեղորեն կրճատվող տարիները փոխհատուցելով, սկսեցի վախենալ դժբախտություն ու մահ պատկերացնելուց:
Հիմա երբեմն անմահություն եմ պատկերացնում: Եթե կարողանամ իմ մանկության մետաղական ինքնագնաց տանկի չափ լիակատար պատկերացնել այն, վստահ եմ, որ մի զուգահեռ տիեզերում, իմ պես մեկի պատկերացրած ապագայի կամ անցյալի մեջ լինելու եմ անմահ: Բայց համոզված չեմ, որ այդ ապագայի կամ անցյալի որևէ բառարանում անմահությունն ու երջանկությունը հոմանիշներ են: