* * *
Ըմբռնել ժամանակի հոսքը.
սեր ու ողբերգություն, ծաղիկ ու երկաթ,
մահվան մասին մտածված խոսքը,
որ տեւում է ավելի երկար,
քան կյանքն ինքը, քան Բոսխը
եւ իր դժոխքը – յուղաներկած։
Ապրել տարածությունը լիով հերկած
ու սպառվող, ու սպառել ունեցածդ՝
ինքդ՝ քեզ, որ այնու շշնջում է – վեր կաց
եւ գնա այստեղերից, ուր հորդած լացդ
համարեցին երազողի արկած,
ասենք, ինչպես՝ գինին, ինչպես՝ հացը։
Առաջվա նման – երկինքը բաց է,
թե ամպամած է՝ անկիրք էմալ –
վայրկյանի բոցը հավերժի այց է,
նույնն են բառերը, նույնն է թեման։
Մարդիկ, մարդիկ են մնացածը.
մնացածի վրա ահով գրված է մահ։
* * *
Հայտնվում է Առաքյալը՝ բերնով
փրփրակալած ու դեմքով ջղաձիգ,
եւ ասում. «Ամեն ինչ այս մեռնող
ներքեւում նման է վերեւում եղածին»…
Իր կանգնած տեղից – գետեզրի մի քար
խոսքն աղավաղված է հասնում ամբոխին,
քամին չէր խանգարում, քանի Նա կար,
հիմա բառերն հատ-հատ թեկուզ աչքը կոխիր
հանդիպածդ մարդու. հոգսերը՝ շատ,
իսկ հրաշքները հաշված են. թափես՝
ապրելու տեղ չի մնա նախօրոք նշած
տարածքում – ներքեւում հատկապես:
Ուր, հիշում եք, ամեն ինչ նման է վերը եղածին,
բայց ինչո՞ւ է քամին ավելի ազատ, եւ ալիքները
ինչո՞ւ են առավել փրփրակալած ու ջղաձիգ.
եւ ահա ոչ միայն չի խոսում, այլ ինքն էլ է
նկատում, Առաքյալը, որ տակավին
այս մեռնող ներքեւում է, մեռածների առջեւ…
եւ կծկվում է միայն իրեն հայտնի ցավից.
գուցե մի քանի բան… հարկ է ջնջե՞լ…
Մոռանում է դառնացած Առաքյալը, ցավալի
այդ պահին, որ գրածը՝ գրած, իսկ ներքեւում
եղածը եղած է, ինչպես քար կամ ինչպես ալիք,
որ քարի կողերն է քերում:
* * *
Սկզբում հմայքն էր: Հետո՝ միտքը
փառաբանության: Անբառ շիթքը
սիրո, կալնելով վեց ելքերը
բանականության – արտագաղթի՝
առ Ոչինչ եւ առ երկունք-ախտի
անդուլ փախստական՝ մեծ եռքերը,
հանգան: Գեթ մի պահ թույլ ցնցվեցին
երկնային գահին գոհ բազմածի
կշեռքը պահող թեւ-ձեռքերը:
* * *
Հոգին իսկապես թռչուն է,
թռչում-անդադար թռչում է,
եւ նա է, հենց նրա չուն է
արշավում քաղաքից-քաղաք՝
հասնելով Աշխարհը Բաղաց՝
իր վերջին հարվածը պահած՝
վրա է տալիս – իսկ կտցին
խռովքն է այս կյանքի – ցանցիր
աստղերը երկնի … ու ձանձիր…
* * *
Լեռը՝ հսկա վայրկյան, ասելու բան չունի.
Ժամանակն անցնում է. ահա եւ թռչունի
ճախրող լռությունը՝ սրտակոտոր։
Ժամանակն անցնում է. ոչ դադրանքի ճիչը,
ոչ ճախրանքի ոգի լիր լռության խիճը
չեն կարճելու կյանքի ճանապարհը խոտոր։
Ժամանակն անցնում է։ Հանգ առ հանգ առ տող…
* * *
Տեսնելու տեսիլներ չկան։
Տեսիլներն այլեւս անտես են։
Երեւացողն անպայման
վարում է երեւում.
նույնիսկ տանիքները։
Վարում երեւացող տանիքների
անզարմանալի մի հանդես է
(օ, այդ Հանդեսը՝
անդենական Ստիքսը մտքում պահած),
իսկ տանիքների տակին
կյանքերն են երերում,
Տանիքների իշխանության ներքո
բացվում է երախն հիշողության
եւ հորանջում է երախը։
Հորանջում է, ինչպես Երասխը.
ջրեր ու ջրեր։
Կամ՝ ինչպես Երազը – վարում։
Տեսիլներ չկան։ Կան գրեր։
* * *
Կյանքը պտտվում է քաղաքի շուրջն,
ինչպես օտար լեզուն՝ առարկայի։
Չի կարող անվանել,
դոնդողի նման կդողդողա սառը
մակերեսին, սայթաքուն։
Այդպես կուտակվում է
երկրի անկյուններում
«քաղաք ու կյանք» կիրը։
Ճեփ-ճերմակ այդ ողոքը…
առ ստեղծողը լեզուների։
* * *
Ձմեռը մտնում է քաղաք
մարդկային սրտերի միջով,
մարդկային սրտերի միջից
ձմեռը մտնում է քաղաք,
եւ որքան սրտերը՝ արջնած,
այնքան ցրտերը՝ դաժան,
այնքան բառերն՝ անպարզ,
այնքան արեգակը՝ թեք,
եւ հոգիները՝ միայնակ,
ու առավել քան իրական,
եւ ավագ հանգրվանն՝ հեռու,
եւ մեղքը՝ հսկա լեռնապար,
եւ վշտի դաշտերը՝ բերրի,
եւ կրքի վաշտերն՝ անհագուրդ,
եւ ամեն անակնկալ վարդ –
ասես գերեզմանոցում աճի…
եւ երգի ձայներ չկան,
բայց ինչ-որ շշուկներ են սվսվում՝
հատելով դատարկ փողոցները,
մարդկային սրտերը, գործերը,
քաղաքը – ինչպես քամին,
որից, այդ քամուց, սարսռում են
բառերը, մեղքերը, վարդերը՝
հար անակնկալ հայտնված…
մարգարե-գուշակի նման՝
ակնկալելի հայտնությամբ
կամ որպես հերթական նշան,
ձմեռը մտնում է քաղաք։
* * *
Միայն այստեղ՝ իմ Երկրում է,
ուր կյանք են ասում
հույսին ու հուսահատությանը,
նրանց միջեւ փռված է սպիտակ թուղթը՝
հավերժական կամուրջ։
Միայն այստեղ է, ուր ես հույս ունեմ,
թե մարդու որդիներին
երբեւէ կհասնի խոսողի խոսքը,
առավել՝ լռությունը խոսողի։
Միայն այստեղ է, որ ես ունեմ հուսահատություն.
դա մարդու հուսահատություն է՝ դրվագված
անցյալի ու ապագայի դեմքերով
այլասեր, ծամածուռ – հաշմ։
Անցնելիք ճանապարհս
մի կամուրջ ընդամենը,
Անցնեմ,
որ չփլվեն ձեր սարքած տները։
* * *
Բառը թաքցնում է
բանաստեղծությունն
օտար աչքերից։
Օտար աչքերը
հարազատ սիրտը
դարձնում են ամայք։
Քավդեաները
մար դեգերում են
հսկա ամայքում։
Աստղերը շրջվել,
նայում են դեպի հակառակ կողմը.
թիկունքներն՝ աղոտ,
որպես օտարից
բանաստեղծություն
թաքցնող բառեր։
* * *
Առավել է,
մարդն առավել է,
քան մարդը,
սերն՝ առավել,
քան սերը,
կյանքը՝ քան կյանքը։
Եւ միայն աստղերն են
հեռավո՜ր,
անհասնելի՛ –
որ հավասար են իրենք իրենց։
Մի հեռավոր աստղ է
Հայաստանը…
նա ինքն է իր չափը,
«որով չափվելու է»։
Kcankanaji unenal dzer girka
Գիրքը վաճառվում է գրախանութներում, ընդ որում` շատ էժան, ընդամենը` 400 դրամ: Գնի’ր:
Իսկ Ավագ Եփրեմյանի այս գրքի մասին իմ գրախոսությունը մի քանի օրից կարդացե’ք ԳՐԱՆԻՇՈՒՄ:
Ավագ ջան, եղբայրս, հենց կարոտում եմ մեր կատարյալ հայերենը, մեկը դու ես էն հատուկենտերից, ում կարդում եմ, որ կարոտս առնեմ:
Hzor e, inchpes misht!!!