Սեդա Հարությունյան | Կախիչներ

Սեդա Հարությունյան

ամբոխի միջից մի հոգի
աղմուկի միջից մի ձայն
մնացածը թող գնան գործի
մնացածը իմը չեն
չեմ փորձի:

 

քեզ

ես
մեծ ծրարով ուղարկում եմ
լուսնիս կիսատ լույսը,
խեղճ, ճզմված հույսս,
տեղ չհասած հույզս:
մտքեր, խոսքեր մրոտած,
լիքը թղթեր գրոտած,
սուրճս՝ դառը ու սառած,
մի կում վրից ֆռթցրած:
նախաճաշս`
գրեյֆրութ – աղ,
կուզես՝ կուտես առանց աղ:
վերջին գիրքս կարդացած`
լավ տողերը խզբզած:
պատիցս՝ ծուռ մեխած նկար,
որտեղ ասում են՝ սեր կար:
ձկանս` Նեմո անունով
ուղարկում եմ բանկայով:
ժակետս
տաք ու փափուկ,
հագի, եթե անի բուք:
խելքս քիչ ա,
ի՞նչ արած,
ուղարկում եմ սենց հարած:
վերքս
տաք ա, զգույշ կլնես,
հեռվից կամաց կփչես:
երգս,
որ չունի նոտա,
բայց քեզ գիտեմ՝ դուր կգա:
խիղճս՝
ինձնից նեղացած,
մի անկյունում կուչ եկած:
ծովս՝
կարոտիս նման,
որ մաքուր ա ու անսահման..
տողս
վերջին
չի գրվում..
խմած
գլխիս
չի մերվում..

 

***
ես ու դու
էլ  չհանդիպենք, սիրելի՛ս,
նույն ճամփին չթողնենք մեր հետքերը:
ես ու դու
չծխենք ծխախոտ,
չխմենք,
չջարդենք բաժակը նույն:
ես ու դու
չհարցնենք, որ չիմանանք՝
ինչի
ճաք տված մտքերը
էլ չեն կպնում իրար:
ես ու դու
չչոքենք,
չաղաչենք իրար,
չաղանք,
չմանրացնենք զգացմունքները:
ես ու դու
չդառնանք մեղավոր,
չգժվենք,
չբուժեն իզուր տեղը:
ես ու դու
չկիսենք մի վերմակ երկուսիս,
չտաքանանք,
չիմանանք՝ ինչ է սերը:

 

***
տեսնում ես՝
դրսում ճմռթված գարուն է,
ու ամպերը լացում են թաքուն.
նրանք էլ սպասում են,
նրանք էլ հոգնել են ,
նրանց աչքերին էլ գալիս է քուն:
տեսնում ես՝
դրսում ժամկետն անց գարուն է,
արևն էլ հանկարծ ուզեց վերարկու,
երևի մրսում է ,
ախր, միշտ դրսում է
երևի ինքն էլ սպասում է անքուն:
տեսնում ես՝
դրսում գիժ կպած գարուն է,
ու կատուները ոռնում են արթուն,
ուզում են՝ սիրում են,
չեն ուզում՝ սիրում են.
իրենք սիրում են սիրել չթաքուն:
տեսնում ես՝
դրսում անհոտ գարուն է,
օդում կախվել է գարշելի անդորր,
կակաչը կախել է կարմիր գլուխը
ու քթի տակ հանգիստ երգում է օրոր:
տեսնում ես ՝
դրսում այլանդակ գարուն է,
մայթերը, մարդիկ՝ ցեխոտ դեմքերով,
տանտիրուհին, ավաղ, չչորացրեց լվացքը,
տղան էլ նորից բաց թողեց գնացքը:
տեսնում ես՝
դրսում միայնակ գարուն եմ՝
ճղված մտքերով ու ջինսով կանգնած.
ես քեզ սպասելու եմ,
երկար սպասելու եմ,
եթե, նույնիսկ կապտեմ կանգնած…

 

***
գարնան հոտով արև է,
թափվում է անձրևի պես,
մի անցորդ
հայացքով համբուրում է ինձ,
ստացվում է համարյա թե քեզ պես:
թերթի կրպակում մի պապիկ
թերթում է աշխարն ու լուրերը,
սև մեծ տառերով կարդում է՝
ՍԵՐ ՏԵՍՆՈւՄ ԵՆ ՆՈւՅՆԻՍԿ ԿՈւՅՐԵՐԸ:
ավտոբուսի միջից մի աղջիկ
հանել է գլուխը, քամուն է տալիս,
քամին մազերի հետ խաղում է,
երեսին թեթև դաղում է:
Էտված ծառերի շարքով
անցնում են մարդիկ կարգով,
ամեն մեկի մեջ կա հոգի,
բայց շատերը դրել են կողքի:
լուսակիրը փոխում է լույսը,
ցույց է տալիս վառ կարմիր,
ես կիսում եմ վազ տվող շոշը.
նեռվ չունեմ սպասեմ կանաչի:

 

 

***

իմ չլվացած պատուհանից իմ կողմ
մեկ ժամը վաղուց վաթսուն րոպե չէ,
ու խլացել են ձայները բոլոր,
կուլ են գնացել նեղ պատերի մեջ:
ծաղկամանի մեջ սև հողից բացի
ոչ մի ծիլ վաղուց չի բարևել ինձ,
ծորակից թափվող ժանգահամ ջուրը
չի օգնում մաքրել մեջս նստած մուրը:
պահարանիս մեջ յոթ ջարդված կախիչ,
յոթից և ոչ մեկ չի պատկանում ինձ,
հատակին պառկել է հեռախոսս,
չի հասցնում էն միակին խոսքս:
առաստաղից կախ ընկած մի լամպ,
մեջը՝ գզգզված սև ու սպիտակ ամպ,
քշել են մի կողմ զըռ դեղին լույսս՝
իմ ունեցած միակ դեղն ու հույսս:
միայն երկու բարձ՝ երկու քառակուսի,
էս խոնավ տան մեջ պառկել են ուս ուսի,
արդեն իրենք էլ կորցրել են հույսը՝
լինելու երկուսի ծերության ուսը:

 

 

***
այնքան եմ ուզում քսվել հայացքիդ,
մի վերջին անգամ խառնվել դրան,
բռնել ձեռքդ, սեղմել այն ուժգին
ու ջերմությունդ քամել մինչև վերջ:
ուզում եմ լինել արցունքդ վերջին,
որ դիմագծերդ հիշեմ հատ առ հատ,
գլորվեմ դանդաղ, կանգնեմ շուրթերիդ
ու հալվեմ ինչպես ձյունն արևի տակ:
ուզում եմ լինել շունչդ առաջին,
առանց որի չկա առավոտ,
լինեմ ուղեկիցդ` ստվերը ստվերիդ,
բայց չխանգարեմ, որ քայլես մենակ:
հայտնվեմ մտքերիդ հորձանուտում,
շրջվեմ տեսնեմ` ետ ճամփա չկա,
նստեմ այնտեղ՝ խաչմերուկում ,
ու սպասեմ այնքան, որքան պետք կգա:
լսի՛ր, հենց հոգնես մենակ քայլելուց
ու քամիներից բոլոր միջանցիկ,
խնդրում եմ, ինձ ձա՛յն տուր
ու գրկի՛ր ամուր
ու գրկիր ամուր, բայց մի շղթայիր:

 

***
քո բաճկոնի աջ գրպանի
ձախ անկյունում
մնացել է երկու գրամ համբերություն,
որովհետև
դրա դիմաց՝
մի քիչ շեղված
մի քիչ նեխած անկեղծություն,
դրա դիմաց՝
վաղուց արդեն չօգտագործված,
ժամկետն ացած ճշմարտություն
ու պատմության գիրկն անցած
մարդկանց հանդեպ վստահություն,
դրա դիմաց՝
դեռ վերջնական տեսքի չեկած
խելքի, մտքի հասունություն
ու կատարածդ քայլերի
անգիտակից զգացողություն,
ատելության դիմաց տված
սիրո փոքրիկ մի պատմություն,
այդքան ցրած ու հետ չեկած
կիրք, տաքություն ու ցանկություն,
մենակության վախի դիմաց՝
կիսախարխուլ մտերմություն,
որը բերեց դեմդ դրեց
կիսակառույց ընկերություն.
սրանց դիմաց մնացել է
երկու գրամ համբերություն,
որ թարսի պես
չի լինի
այսքանի դեմ փրկություն,
ու դու անճար,
որ չունես ճար
առանց պատճառ
դարձար հանճար
ու մտքումդ կիսահավատ
աստծուց խնդրեցիր հավատ՝
չնայած քո ողջ կյանքում
եղել ես միշտ անհավատ:

 

 

***
ու ոնց որ միշտ
ու ոնց որ ճիշտ
ոնց որ ընդմիշտ
մի փոքր վիշտ
եկավ կանգնեց
հենց կոկորդիս
կուլ չի գնում
հարկավոր է
գինու մի շիշ
գուցե երկու
դեռ չգիտեմ
թե որն է ճիշտ
ամեն դեպքում
պետք չէ թողնել
որ այն այնտեղ
մնա ընդմիշտ.
այդ թաց խոնավ
ճնշող վախից
ջուր է կաթում
իմ մազերից
որովհետև
դրսում նորից
աշուն կախվեց
սև ամպերց
ու հիշեցրեց
որ ես ոչ միշտ
պարտադիր է
որ լինեմ ճիշտ
այնպես որ վիշտ
գնա ընդմիշտ
որ կուլ չտամ
քեզ ոնց որ միշտ:

 

***
էլ տեղ չկա,
նստել եմ անկյունում,
մտքիս դու ես,
խմում եմ քեզ
կում – կում,
գլխիս պատի վրա
թանաքված համար ա,
քո վերջին զանգի
հեռախոսի համարն ա,
սկավառակը ծամում ա
հիշողությանս երգը,
երանի կորես՝
չգտնեմ քո հետքը:

 

***
ձայնդ լսում եմ
ճմռթվում եմ
ոնց որ լիմոն ուտելուց հետո
մի քիչ
հուզվում եմ
մազերս խուզում եմ
ուզում եմ քեզ հետ
ուզում եմ քեզ մոտ:

 

 

***
արթնացրու,
շուռ տուր ինձ գլխիվայր,
արևի պես սիրուն
թող մտնեմ մայր:
մերկացրու աչքերս,
համբուրիր դրանք,
ճակատիս գրիր՝
ես ու դու դեռ կանք:

 

***
արի հետս՝
հեռանանք, վերանանք,
մի ցուրտ տեղ գտնենք
ու մի լավ ջերմանանք,
ես քեզ տամ սերս կես-կես,
դու՝ միանգամից,
օգնիր ինձ դուրս պրծնել
էս կարոտի ծոցից:

 

***
ինչ-որ մեկը վերցրեց ասեղը,
թելեց քեզ
ու անցկացրեց իմ գլխի միջով.
հիմա մտածում եմ՝ ինչով
կարելի ա կտրել էդ թելը,
որ չվնասեմ ո՛չ քեզ,
ո՛չ էլ գլխիս լարերը:

 

 

***
կիրակի
կեսօրին
կգրկես
կես-կիսատ
կսիրես
կթողնես.
կեսգիշեր
կգա
կգրկեմ
կես-կիսատ
կսիրեմ
կթողնեմ:

 

***
է՜յ,
լսու՞մ ես,
լսու՞մ ես
թե չէ.
գրողը տանի,
մենակ չասես
չէ .
հե՜յ ,
չե՞ս լսում,
լսու՞մ ես
թե չէ,
եթե չես լսում,
ասա գոնե
չէ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *