Դմիտրի Բիկով | Սենտիմենտալ ռոմանս

Երբ թողնեմ վերջապես երազել լավից էլ լավը՝
ես կտեսնեմ, որ դու ապրել ես հարևան տանը,
իսկ ես մաշվել եմ գուշակելով քեզ-
քեզ ուրիշներում.
հա, ակնհայտ էր, որ նրանք Դու չես,
բայց ինձ թվում էր` Դու ես երևում:

Իսկ նույն լապտերն էր լուսավորում մեզ
ու պատշգամբից մեզ բացվող պատին
արտապատկերում՝ մերթ ճյուղի ստվեր,
մերթ՝ ուրվանկար տերևներ ծուռտիկ:
Իսկ մենք կանգնել ենք միևնույն հերթում ՝
հանուն մի պատառ խաշած երշիկի,
և դիպվածորեն՝ ճիշտ նույն խանութում,
բայց արի ու տես – տարբեր ժամերի:

Ախ, թե ոնց եմ արդ ծերությունից սոսկում-
տափակ, փուչ, ամուլ,
երբ որ կարթնանամ մենակ պարապում-
տաղտկալի ու խուլ:
Մենակ՝ սեպտեմբերի առաջ, ժամը չորսին մոտ,
երբ լուսադեմը ցինկով է բուրում,
ու քիթդ մտնում նաշադիրահոտ:

Եւ ի՞նչ կհիշվի ինձ սեպտեմբերի
պաղ շամանդաղում.
մի ոտքով ստույգ տեղում նույն ոտքիս –
մեկով՝ դագաղում:
Հա, ես լծորդն էի ճակատագրիս,
ինչ ցուցում էլ տար,
ես սպասում էի կյանքի մեկնարկին,
բայց կյանքը հո կա՜ր:

Ինչ բան էր, Տեր իմ,
օ՜ թանձր խաշիլ,
օ ՜ ժանտահոտ թուրմ,
օ՜ ցնորք պատիր:
Չէ, արդարացում չեն փնտրում բնավ,
օրերը իմ հում,
բայց թե կար այնտեղ մի գաղտնի իմաստ –
Եղի՛ր այդ տեղում:

Ինչ պարզ եմ հիշում պահն այն վաղանցուկ,
երբ սրտիս տիրեց վախը մահահոտ,
երբ անփառունակ մի լղար բիձուկ
իր պառավին էր կճմթում պագշոտ:
Ու ես ասացի, ահավասիկ մենք –
ապագաներում ցուրտ Մոսկվայի.
նման բաներ էր քաղաքն ինձ գուժում՝
բացվելով իմ դեմ իբրև կեռ հայելի :

Ինձ տուն կբերի հայացքդ մեկեն.
ուր նավթավառն է, սեղանը խախուտ
ու ընտիր գրքեր:
Կվառվի մոմը՝ ճիշտ հինգ րոպում,
հետո կմխա
ու կթվա ինձ, ամենն իր տեղում,
ու կյանքն՝ անսխալ:

Դմ. Բիկով, 1991
Թարգմանությունը ռուսերենից՝ Գագիկ Թումանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *