Սերգեյ Պագին | Սկիզբ

Ծնվել է 1969 թվականին մոլդովական Եդինցի քաղաքում։ Ավարտել է Բելսկու մանկավարժական իստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ «Նորդ-ինֆո» պարբերականի գլխվոր խմբագիրն է։ Երեք ժողովածուների հեղինակ է. «Ձեռքբերումներ» (2002 թ.), «Զբոսանք նոյեմբերին» (2005 թ.), «Ծղրիդը ռադիոյի մեջ» (2008 թ.)։ Ապրում է ծննդավայրում։

 

Սեղանիս իրերը
պատմում են իմ գոյության մասին։

Ծաղկամանը,
լուցկու տուփը,
Մանդելշտամի պոեզիայի հատորյակը,
ծովային խեցին
պատմում են ինձ լինելությանս մասին
առանց հիշողության,
լռելյայն…

 

***
Գիշերներն աղմկում են
անիրական գնացքները…

Սուր զգացողություն է
բաժանման…

 

***
Սկիզբ

Ջուր բեր։
Խնամիր լուսամուտի կոճղեզը։
Վառարանին փայտ ավելացրու։

Ամեն ինչ սկսիր նորից։

 

***
Գրել դաշտերի մասին
ձյունասավան և լայնատարած…

Միայն թե ինչպես
վերապատմել լռությունը
բառերով։

 

***
Գաղտնիքն աշխարհի ոչ մի տեղ չի անհետացել։

Նստել և չեմ կարողանում աչք փախցնել
փայլուն և շաղոտ
խատուտիկի գնդիկից։

 

***
Գիշերն ահազդու քամի էր,
ճանապարհի դեղնած խոտերին
ընկույզներ էին թափված.

Տոն ագռավների և անցորդների համար։

 

***
Երեկ գնացել էինք սնկի։

Տղաս խոտերում
երաշտահավի փոքրիկ բույն գտավ,
աղջիկս՝ անտառային ընկույզ։

Միայն ինձ համար նվերներ չուներ
սեպտեմբերյան անտառը։

 

Պառավը

Նրա դեմքի կնճիռները
նման են ծառի ճյուղերի։
Եվ նրանց արանքում արցունքը
լուսավոր,
միայնակ
թռչուն է։

 

***
Տնկում եմ ջահել խնձորենիներ։
Միայն թե ոչ խորը.
վախենում եմ դիպչել երկնքին։

 

***
Կարծես դեռ երեկ լիներ.
ես խաղող էի հավաքում.
ահա անում եմ նույն բանը։

Պատկերացնու՞մ ես՝
անցավ մի ամբողջ տարի։

 

***
Տխրության որքան բաղադրատոմսեր կան
խոհարարական գրքում
աշնան։

 

***
Տարիների հետ կսկիծը խորանում է։

Այսօր ես ինձ հարցրի.
իսկ ծերանու՞մ են թռչունները։

 

***
Սկիզբ
հպման։

Սկիզբ մերձեցման
և սկիզբ անձրևի։

 

***
Ինչ տարօրինակ և նորելուկ են
առաջին ձյան վրա
մեկամյա աղջնակի ոտնահետքերը։

 

***
Ապրիր քո տանը,
քո հողում։

Ու չի դառնա քո տունը
լեգենդ։

 

***
Բաց դաս եմ սերտում
օրից,
լուսամուտից,
ծառից։

Թարգմանությունը ռուսերենից՝ Արմեն Սարգսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *