Անհապաղ մի սիրտ,
նինջում՝ անունս-
պարտվածի մասին
է պատմությունը:
Նա ելավ Լեռից,
նա՝ վերջին հայացք,
նա՝ անհապաղ դից,
անձնապես մեռած:
Նա, այսինքն, ես,
այսինքն, այր մի,
խառն օրերից ներս
կորզել էր մարմին:
Դուրսը խաղում էր
մի փորձված աղոթք,
բառեր՝ ծախու, մերձ
եւ ստույգ աղոտ:
Ես քայլ արեցի
իմ մարմընից զատ,
շնչով երգեցիկ
եւ հեւքով կիսատ,
ես քայլ արեցի
իմ դրսից մի ներս,
հարության պես ձիգ
թողի Լեռն իմ ես:
Ես ելա Լեռից,-
ցորնահամբույր դարձ-
շուրջս մարդեր-դից՝
մարդադիվոտած,
ես քայլ արեցի
անզիջում տեղում,
որպես ընկեցիկ
լուսնահար մեղու:
Քայլն անձավում է՝
գաղութացված ես,-
փառքը ձախում է,
աջում՝ ծախու ծես:
Ես փողոց ելա
վերակարծ ինձնով,
անձավալեռան
որպես Հայր, ծնող,
որպես մարդասաց
տեսա ինքս ինձ՝
մեկ դերով պակաս
ստույգ մեռյալից:
Իմ կարկամ արյան
փառաբանը՝ վերք,
օծում է մարդա-
անապատ ու դեր:
Իմ քայլն հեռու է
ինձանից-դրսում
իբրեւ հաջորդ սեր
պահանջում ես սուգ:
Ես արդեն ինքս եմ
բեմականացված,
իբրեւ հաջորդ սեր
ու նախկին Աստված:
Եվ մահվան մասին
ոչնչի պես նոր,
անհապաղ մի սիրտ
խոսք է լռում խորթ:
Մարդեր են ինձնով
իրենց գինն առած,
տեսիլքից ցնորք
ընդ սիրահայաց:
Ես նրանց մեջ եմ,
քայլ առ քայլ չկամ,-
ու՞մ են ճանաչել
նրանք այս անգամ:
Այս է մարմինն իմ
այս երազի մեջ,
ուր Ելքի գինը
Շուկա տանող էջք,
ուր մթնով դեպի
ինձ եկան մարդեր,
ինձանով դպիր
եւ ինձանով՝ դեր:
Մեծ ամայքի մեջ
Լեռն արդեն չկա,
մենք ենք՝ սնամեջ
եւ հավատաչյա:
Ինքնուրաց հեռվում
մի Աստծո սղաճ,
կրկին իր դերում ՛
Մահն է՝ կյանքից կարճ:
Եվ ոչ մի սխրանք,
հույժ հեւք ինձանով,
կյանքն ավելի կյանք,
ավելի ծանոթ:
Բավ չէ մարդն իրեն,
նա ուզում է ծիր՝
հրաշաիրան
եւ վայ թե անծին:
Անցրե գուռն այս խիթ,
լինելու չէ վաշխ,
գնալու պես խիտ
գալու է մի վախճ:
Վաղը եւ վաղը
եւ վաղը գողտրիկ
ես արյուն չեղա
ես չեղա մոտիկ,
ես Կրտսեր դառա
ու մնացի խեղճ
սեր տեսած Գառան
մոխրոտ աչքի մեջ:
Հողմի պես կավատ
դիմացս խաչ եւ
բառատեղ քավախտ,
քարացած աչքեր,
փակ ազատ խցում
ասես հեռակա,
ասես սրտում ձյուն
կուտակվում է քար:
Չի լինելու Նե,
լինելու է կյանք,
հմայություններ,
այլեւս սխրանք:
Բառը սահման չէ
ամենայն մարմնի.
քարացած, անջիղ
ես մեռնում եմ-գիր:
Ես բեմաարանք
արդեն ինձ ընտել,
փափկասուն արանք
այս կողմերում տեր:
Հույժ փակուղի է
բացվում իմ վրա-
ես ձերն եմ, դիեր,
ձեր մեռնող վկան:
Ես մարդ եմ. ասվեց
անդունդն առաջին,
ինձ խցկում է վերջ
մի ձեռք զուրկ Աջից:
Այս է փառասիք
համրի մայունը…
Հապաղած մի սիրտ,
նինջում՝ անունս: