մտնում ես այլ մարդու ներաշխարհ, թաթախվում իր ստամոքսահյութի մեջ, համարձակվում կյանքդ կառուցել տրամադրությունների ու մարսողության արանքում, քայլում ես իր երակների վրայով ու լող տալիս արյան մեջ
սիրո մեջ հիգիենիկ լինել չես կարող. պիտի կարողանաս ուտել իր ամանից, լպստել իր գդալը, փորձել սուրճը, որ հասկանաս՝ ինչն ես սխալ սարքել։ մի օր գուցե խառնես ատամի խոզանակները, հագնես իր գուլպաները, շնչես իր կեղտոտ շորերը՝ լվանալուց առաջ, քնած ժամանակ հոտոտես թևատակերը, վիզը, մի քանի օր չլվացած մազերը
որովհետև սերը փնթի բան ա.
դու քայլում ես ուրիշի ուղեղի միջով, բացում դարակները, տեսնում իրավիճակներ, որոնք ինքը կուզեր մոռանալ։ քայլում ես, ընկնում ուղեղի ծալքերի մեջ, պառկում ու ծածկվում իր վատ մտքերով։ սերը չի կարող հիգիենիկ լինել, որովհետև ինքը համով ու ջրալի ա, ծորում ա բերանիդ կողքերով ու սիրուց հետո միշտ ունես լվացվելու կարիք, բայց փորձում ես երկարաձգել էդ պահը։
սերը փնթի բան ա
ուզում ես քայլել իր մեջքի վրայով, շոկոլադը դնել փորի վրա ու ուտել, որ իր համը գա,
ուզում ես լողացնել իրեն, լվանալ ամեն սանտիմետրը ու գրկել թաց-թաց, ուզում ես սրբել քրտինքը, բռնել ձեռքը ու մտցնել ցեխի մեջ, հենց էնպես, հավեսի համար․․․ ուզում ես պաղպաղակը քսել դեմքին ու լպստել դեմքի վրայից։
սերը հիգիենիկ չի, որովհետև մարդը կեղտոտ արարած ա, իսկ սիրելիիդ ընդունում ես բոլոր մեղքերով, կեղտերով ու ձևերով։ որովհետև անգամ բզկտված ու վերքոտված, հազար անգամ ընկած ու ջարդված, մաքառումների միջով անցած ու արնաշաղաղ՝ ինքը սիրելի ա։
———————
քո ծիծաղն եմ լսում
էդ ժպիտով ինչ էլ ասես, էդ ծիծաղից հետո ինչ էլ լսեմ՝ ներելի ա։
ես քեզ ամեն ինչ ներում եմ ու ամեն դեպքում ես քեզ հասկանում եմ, որովհետև էդ քո՛ ծիծաղն ա, քո ժպիտը ու ջերմ աչքերդ։
դու էս չես հասկանա ու գուցե երբեք չկարդաս, կամ ես քեզ երբեք չասեմ բառերը էս, որոնք հնչում են քո համար անծանոթ զգացմունքայնությամբ, որոնք դառնում են ոչ մի բան, երբ արտաբերում եմ։
հերիք ա լուռ ու մունջ խաղանք, հերիք ա փոքր ձևանանք, բայց հաստատ իմանանք՝ պետք ենք իրար։
ես բաց թողնելու խաղը լավ գիտեմ․ կարող եմ էսօր ասել, որ շատ պետք ես ինձ, իսկ հետո գոյությունդ չնկատել, որովհետև դու չխոսեցիր հետս էն տոնայնությամբ, որով ես ուզում էի
չէ՞ որ մարդուն պետք ա սիրել իր սիրո լեզվով
եթե շունչդ կտրվում ա, բաց արա պատուհանը ու եթե քաոսը ավարտել չես կարող, կառավարի իրեն։ դարձիր քաոս ստեղծողը ու քաոսի առաջնորդը, ի՞նչն ա խանգարում քեզ
քո ծիծաղն եմ լսում
էդ ծիծաղից հետո ինձ էլ ոչ մի բան պետք չի, բայց ես չեմ պատրաստվում ինձ կորցնել քո մեջ, որովհետև
էդ դու պիտի կորես իմ մեջ
ու չգտնես դուրս գալու ճանապարհը
որովհետև մարդուն պետք ա սիրել իր սիրո լեզվով
և ընդհանրապես պետք ա համարձակվել սիրել
միայն համարձակներն են սիրում
միայն համարձակներն են պատրաստ ամեն օր ներել
միայն համարձակներն են պատրաստ ամեն օր արթնանալ ու երջանկանալ մեկ ուրիշով
անիմաստ ա
կյանքը քեզ հրում-հրմշտում ա, կայծակահարում ա, բրդում գցում ա ցեխերի մեջ, հարվածում ոտքերով, բռնաբարում ու մազերիցդ հավաքելով գլուխդ խփում մոտակա քարին, դու տեսնում ես սեփական գլխիցդ եկող արյունը ու մտածում՝ ինչի՞ չեմ մեռնում, ինչի՞ս ա պետք սենց ապրելը․․ իսկ հաջորդ օրը կյանքը քեզ համար նախաճաշ ա սարքում, լողացնում քեզ, փոխում անկողինդ ու քեզ տաքուկ գրկելով թավալ գալիս հետդ
կյանքի հետ դիալոգներում քեզ մոտ միշտ մի նախադասություն պակաս է։ դու լռում ես ու նայում, իմանալով, որ քեզնից բառ են սպասում։ դու որոշում ես լռել, որովհետև մի քիչ ատում ես ամեն ինչ ու, որովհետև, վաղուց չես գրկել մեկին, ով գիտի քեզ գրկելու ճիշտ ձևը։
քեզ մոտ եղանակը միշտ մի աստիճան տաք է ու թեյը չի վառում վերևի շրթունքը, ոչ էլ միամիտ կծոտում ես այտի ներսի հատվածը։ քեզ մոտ բարձը միշտ հարմար է, շնչառությունը հանգիստ։ քեզ միշտ մի բառ քիչ են ասում, չեն ծածկում հաստ վերմակով ու գնում են առանց սեղանին ջուր թողնելու։
անտանելի ես
արդեն փակի պատուհանը, եթե մրսում ես, բայց օդանցքը բաց թող, որ գլուխդ չցավի նույն օդը շնչելուց
մեկ մեկ ավելի բարձր ծիծաղի, որ քեզ ավելի շատ ներեմ
աչքերի փայլը, համենայն դեպս, միշտ հետ է գալիս։ սկսում ես վերագտնել բոլոր սիրելի զբաղմունքներդ, սիրելի փողոցներդ, նոր քաղաքներ ու ճանապարհներ ես գտնում քեզ համար։ համենայն դեպս մեկ օր ավել ապրելը քեզ ստիպում է մտածել հետագայի մասին ու որոշել անելիքդ, մի փոքր ավելի քիչ խորանալ ու չգժվել տարբեր տեսակ անցումներից ու փուլերից։ մեկ օր ավել ապրելը քեզ սովորեցնում է պոկ գալ քեզնից ու հասկանալ քեզ, ընդունել ու չփորձել փոխել, որովհետև, համենայն դեպս՝ մենք միշտ վերադառնում ենք ինքներս մեզ — լինենք լավը, թե վատը։ պոկվիր ինքդ քեզնից, բայց մի հեռացիր սեփական եսից, մնա հետը, բռնիր ձեռքը ու վազիր դաշտերի միջով, ոտաբոբիկացիր ու անձրևաջրերի մեջ պարիր առանց վաղվա հիվանդանալու մասին մտածելու։
միայն համարձակներն են սիրում


Էստեղ գրականություն չկա, իմիտացիա է …
Սարքած, սուտի բան ա; Չհավատացի;