***
Սերը
Ճանապարհ է
Չհասնումի,
Գտնումի
Եվ ապրումի։
Սերը
Վերադարձ է
Կորուստների,
Մոռացումների…
Մանկության։
Սերը
Կանգառ է`
Կյանքն ափի մեջ զգալու
Ճանապարհին։
Սերը
Ճանապարհ է`
Աստղերը մոտիկից դիտելու։
***
Մաքրագրելու ժամանակ չկա.
Ամեն ինչ հանպատրաստից է.
Աստիճանները վերև են տանում.
Բարձունքներն
Արդեն
Գլխապտույտներ չեն առաջացնում,
Անկումները սովորեցնում են։
Օրերն
Իրար հետևից
Ցած են գլորվում։
Եվ ո՞ւր է ապրելու
Ժամանակը։
***
Նիրվանայի մեջ հայտնված
Երևակայությունս
Հանդիպում է քեզ
Եվ ամենահամարձակ
Կտավն է նկարում։
***
Անցյալը,
պատռոտված լաթի պես,
Դարձրել ենք ներկայի զգեստ,
և անտարբերությամբ
առաջ ենք գնում.
Քայլերն անհետք են,
Շարժը՝ անաղմուկ.
Անհանգիստ է օդը:
Քեզնից հեռու՝
Սպասելիքները վնգստոցներ են:
***
Լռությունից ծնված
Աղմուկի մեջ
Քո շշուկները գրկած
Ամեն օր սպասում եմ քեզ.
Կգա՞ս։
Միտքս շարունակ
Կատարելագործում է
Քեզնով պարուրված հուշերս:
Սպասե՞մ։
Լույսի ծլնգոցներից
Խեղդվում է տարածությունը:
***
Սիրավեպերը
Թերթվում են անհերթ…
Իսկ ես լուռ եմ,
Դու լուռ ես։
Բառերը տխուր են
Առանց մեզ։
***
Կանացիությունը
ծորում է
Իմ` քեզ տեսնելու
ցանկությունից.
կին-տղամարդ հարաբերությունից
ծնված
նվիրումը
լողում է
ժամանակի ծովում:
***
Ափամերձ տարածքներում
Առավել շատ է զգացվում
ջրի շնչառությունը.
Աշխարհի բոլոր ծովերի ջրերն
իրենց ափերին
զգում են
Մեր ներկայությունը:
***
Երբ ունենք
մեր բռնելիք ձեռքը,
Ուրիշ ձեռքեր պետք
չեն լինում,
մաշկը,
ձևի հետ փաթաթված,
գուրգուրում է
զգացողությունդ,
և երկնքում
սավառնում են
սպիտակ աղավնիները:
***
Հենակներով քայլող զինվորը
Պայուսակներն
Արմունկներին ամրացրած է
տանում,
Տեսողությունից զրկված
Երիտասարդը
Ուրիշների աչքերով է նայում
Զուգընկերուհուն։
Ծնունդները
Նշվում են հիշողության
արցունքներով։
Հայրենասիրությունը
Պաստառվել է
Հայրենիքիս փողոցներում:
***
Ժամանակն
Անձրևի նման մաքրում է
Հետքերը.
Ձայնը,
Շնչառությունը,
Ժպիտը,
Դիմագծերը գոլորշիանում են
Եվ բարձրանում երկինք.
Այնտեղ են նվիրական երազանքները։
***
Ամեն օր
Նա իր սերը նկարում է լուսամուտին
Եվ անձրևը`
Մերկ աչքերի, մաքրում է սրտիկները.
Արդեն բոլոր եղանակներն էլ անձրևոտ են։
Նա ամենուր նկարում է ձեռքեր,
Բայց ձեռքերը գիրկ չեն դառնում,
Եվ ճչում է սերը։
Ամեն բառում կարոտն է խնկարկվում.
Լուսամուտները արցունքոտվում են,
Սերը ճերմակ աղավնի է.
Ճախրում է երկնքում։
***
Պատերազմից առաջ
Սերը
Բացիկների մեջ
գունազարդ ծաղկեփունջ էր։
Պատերազմում
Կարմրեցին
Ջահելների ծոցագրպանները:
Պատերազմից հետո
Կարմիր չեն հագնում աղջիկները։