Արմենուհի Սիսյան | Սև սուրճ

Դեռ երկու ժամ ունեի: Տուն չէի գնա, որովհետև մինչև տեղ հասնեի, հետո նույնքան ժամանակամիջոցում վերադառնայի, արանքում շատ քիչ ժամանակ էի շահելու, մնալու էր ավելորդ չարչարանքս: Որոշեցի մտնել մոտակա սրճարան: Այնքան էլ չեմ սիրում մենակ սրճարան գնալ, բայց այդ պահին դա լավագույն տարբերակն էր:
Այստեղ առաջին անգամ էի լինում: Սեղանները իրար շատ մոտ էին դրված, բոլորովին սրտովս չէր, բայց դուրս չեկա: Նախ, որովհետև ուրիշ մոտակա սրճարան չկար, երկրորդ` ամաչեցի հետ դառնալ. մատուցողը ուղիղ քթիս տակ լայնաժպիտ բարևեց ու ձեռքով մատնացույց արեց դեպի ներս`համեցե՛ք: Ատամների գույնն էլ հստակ տեսա`սպիտակ էր, ավելի ճիշտ` սպիտակեցրած: Է՛հ, ուրեմն`առա՛ջ: Մատուցողին կամ ավելի ճիշտ` նրա ժպիտին հլու-հնազանդ` նստեցի նրա ցույց տված տեղում ու նույնպիսի երջանիկ ժպիտով հանեցի հեռախոսս պայուսակիցս` կարդալու երեկվանից դեռ չբացած նամակներս, ինչպես նաև երկրիս ու աշխարհի լուրերը: Հազիվ էլ հերիքեր այդ ամենի համար նախատեսած ժամանակս:
– Սուրճ,- կանխեցի մատուցողի քաղցրածոր ժպիտը:
-Դա՞ռը, թե՞ քաղցր:
«Ոչ այնքան քաղցր, ինչպես ժպիտդ, ոչ էլ այնքան դառը, ինչպես կյանքը»,- կուզեի ասել, բայց ընդունված հասկանալի ձևով հնչեցրեցի.
-Նորմալ:
Մատուցողս իր ժպիտն առավ ու գնաց: Բայց վերադառնալու էր, անկասկած:
Չէ, լավ բան է սրճարանում մենակ գտնվելը, ինչպե՞ս էի մինչև հիմա հակառակ կարծիքի. միայն ինքդ`քո մտքերով, քո նամակներով ու աշխարհի նորություններով: Դա արդեն չափազանց շատ է, ուր մնաց այդ ամենին գումարվեր նաև մեկ ուրիշը: Այդ մեկ ուրիշը միանգամայն ավելորդ կլիներ հիմա: Ես կասեի` սա վայելք է: Արժի հաճախակի կրկնել: Ահա եկավ սուրճս: Ճիշտ իմ ուզածը. ոչ թե սև է, այլ բաց սրճագույն: Դեռ նոր էի շրթունքներս քնքշորեն հպել իմ ուզած բաց սրճագույնին, կողքիս սեղանին մոտեցան երկու տղամարդ: Քիչ է ասել`մոտեցան: Սեղանն այնքան մոտ էր իմին, որ կարելի է ասել`նստեցին կողքիս, ուղղակի` մեջքով և կողքանց: Է՛հ, ինչ արած, սրճարանը բոլորինն է: Երբ ինչ-որ բան այնքան էլ սրտովս չի լինում, մտածում եմ`կարող էր ավելի վատ լինել և եղածը սկսում է ինձ բավարար թվալ: Այս դեպքում ուղղակի պետք էր մտածել, թե այդ ինչը կարող էր ավելի վատ լինել և գտա. կարող էին ուզել ինձ հետ նույն աթոռին նստել կամ նույն բաժակից սուրճ խմել: Բայց այդ ամենը դատարկ բաներ էին այն ամենի համեմատ, ինչը հակառակ իմ կամքի լսեցի.
– Հը, ո՞նց ես:
– Երեկ ավելի լավ էի:
– Ինչո՞ւ:
– Երեկ 2 կույրաղիք ունեի, այսօր`1-ը:
– Ե՞ս ինչ ասեմ. 1 արգանդ ունեմ:
Խորը լռություն: Սուրճ են խմում: Ես շունչս համարյա պահել եմ: Գլուխս զգույշ շրջում եմ դեպի մերձավոր սեղանակիցս` համոզվելու, որ տղամարդ է նա` այն 1 արգանդավորը: Ինքն էր, դեռ մորուքն էլ`վրադիր: Այն մի քանի կույրաղիք ունեցողը աչքիս չէր էլ գալիս: Անգամ չնայեցի վրան: Ոչ կարողանում եմ նամակ կարդալ, ոչ էլ` լուր: Ի՞նչ են աշխարհի լուրերը լսածիս համեմատ: Գլուխս ավելի հակվում է դեպի սուրճիս բաժակը ու համարյա անթարթ նայում եմ բաժակի հեղուկին: Այն բացահայտ սև է հիմա: Ծխի հոտ եմ առնում: Ինձ թվում է` ծուխն ինձնից է դուրս գալիս:
_Լսի, բայց դու պիտի որ մի կուրծք ունենայիր:
_ Հեռացրել եմ: Երեկ:
Օ՜, Աստվածներ, իմ ողջ հանդուրժողականությամբ հանդերձ սեռական փոքրամասնության հանդեպ, ես ցնցված եմ: Ասես առաջին անգամ եմ լսում, որ նրանք առհասարակ գոյություն ունեն երկրագնդի վրա: Գլուխս ավելի է իջնում դեպի սուրճիս բաժակը, ու ես արդեն սևին տվող հեղուկի մեկ տեսնում եմ հեռացված մեկ կուրծք, արգանդ, անորոշ ձևի պատկերներ, որոնք լողում են սև հեղուկի մեջ: Ես ի վիճակի չեմ խմել այդ դառնությունը ու սրտխառնուք եմ զգում: Կուզեի, որ այն սպիտակ ատամնավորը էլի մոտենար ինձ իր քաղցր ժպիտով հանդերձ և մնա՜ր ու մնար կողքիս կամ այս փոքրիկ սրահ մտնեին ուրիշ մարդիկ, որոնք կունենային շատ սովորական մեկ առնանդամ ու մեկ կույրաղիք կամ կանայք` առանց մորուքի, թեկուզ հեռացված կրծքերով…
Հնչեց հեռախոսի զանգ:
-Հա՛, գալիս եմ: 10-15 րոպեից այդտեղ կլինեմ:
Ցած դրեց հեռախոսը:
-Լեղապարկ են բերել: Իմն է: Գնում եմ:
-Սպասի՛ր, վճարեմ, միասին դուրս գանք:
Վեր կենալիս աթոռը թեթևակի կպավ իմ աթոռին. սարսռացի:
-Ներեցեք,- ասաց նրանցից մեկը, իսկ ես գլուխս անգամ չշարժեցի: Դեռ նույն դիրքով եմ ու ահավոր զզվանք եմ զգում սուրճից ու չգիտեմ` էլ ինչից:
Մատուցողը անմիջապես հայտնվեց` նրանց բաժակներն ու մոխրամանը հավաքելու:
-Ինչ-որ բան կուզեի՞ք:
-Մի քիչ ջուր խնդրում եմ, ոնց որ լավ չեմ զգում:
-Հենց հիմա: Գիտեք, երևի ծխից վատ զգացիք, ուղիղ Ձեր վրա էր ծուխը գալիս: Այդ բժիշկները միշտ գալիս են այստեղ սուրճ խմելու, որպեսզի հանգիստ ծխեն: Իրենց մոտ չեն կարող, ասում են: Հիվանդանոցը կողքն է:
Գլուխս ինքնաբերաբար բարձրացավ, մեջքս ուղղվեց: Մինչ մատուցողը շատ արագ վերադարձավ` ջրով լի բաժակը ձեռքին, ես նրանից առավել լայնաժպիտ էի և ուրախ: Ինչքան քիչ բան է պետք մարդուն ուրախանալու համար, օրինակ` սրճարանին մոտ գտնվող հիվանդանոց և այնտեղ աշխատող վիրաբույժներ:

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *