-Ամուսնանալու մեջ մի լավ բան կա․ միշտ կարող ես ամուսնալուծվել,- ասաց Ջոն Նորարարյանը, ծալեց «Ֆայնանշըլ թայմս»-ն ու մտավ զուգարան։
Ես աշխատում էի նրա երևանյան գրասենյակում՝ Ռայկոմի «Երազ» բիզնես կենտրոնում։ Ինքն էր ասում՝ երևանյան, իբր այլ տեղերում էլ գրասենյակներ ուներ։ Երևի ուներ՝ Բոստոնում կամ Նյու-Յորքում։ Ինքը Բոստոնի կամ Բրուքլինի հայ էր։ Մի օր հարբած, ծխամորճը ձեռքին, քարտեզի վրա ցույց էր տալիս իր նախնիների տեղաշարժերը։ Ծուխն էլ օդի մեջ կրկնում էր նրա ապուպապերի ուղին։ Նորարարյանը դեգերեց նահանգից նահանգ, մոլորվեց, խճճվեց, քուլա-քուլա հեռացավ, ու էդպես էլ չիմացա՝ բոստոնցի՞ է, բրուքլինցի՞, թե՞ գլենդելցի։ Երբ Երևանից գնում էինք Չարչար գյուղ, մեքենայի պատուհանից հայոց դաշտերը կում-կում խմելիս, նա Բրուքլին-Բոստոն ճանապարհն էր հիշում, ու կախ ընկած բեղերը հուզմունքից շարժվում էին։
Նորարարյանը բրենդինգի մասնագետ էր։ Ասում էր՝ ցանկացած բան կարող ես բրենդավորել․ լինի քթիդ կանգնած ճանճ, թե սեփական կին։ Ի դեպ, ասում էր, կնոջը պիտի հարգես, թե չէ կմնաս անկին, իսկ անկին տղամարդուց ձանձրալի՝ մեկ էլ Չարչարի գյուղապետ Երջանկյանն է, ու հո-հո-հո ծիծաղում էր։ Սանտակլաուսական բան էր հայտնվում մեջը բարիանալու նոպաներին։ Դժվար է ասել՝ կոնկրետ ինչն էր բրենդավորում։ Մասնագիտությամբ ճարտարապետ էր։ Հայաստանում նրա մասին ասում էին՝ վախտին ամերիկաներում շենքեր էր կառուցում։ «Ի՜նչ գործերի մեջ են մեր հայերը ամերիկաներում, բա՜։ Ուր գնում՝ մի բան կառուցում են։ Է՛հ, էռնակ հնարավոր լիներ մի օր էդ կառուցածը քշել-բերել Հայաստան»։ Նորարարյանի կառուցած շենքերը ոմանց երևակայության մեջ աճում, երկնաքերեր էին դառնում։ Մի օր էլ, երկնաքերի կտուրին կանգնած, Նյու-Յորքն ափի մեջ, գցեց-բռնեց, որ բրենդավորման դար է, ու ինքը՝ որպես իսկական գործարարի հոտառություն, լսողություն ու մարսողություն ունեցող ամերիկահայ, ցած նետվեց կտուրից ու ընկավ բրենդինգի չնաշխարհիկ գիրկը։
Ա՛յ նրա կինն իրոք բրենդ էր։ Մայամցի Ջուդին՝ արևի ու ծովի կտորը։ Չգիտեմ՝ Նորարարյանն էր բրենդավորե՞լ, թե՞ խեցու փոխարեն պատահաբար նրան էր գտել Մայամիի ծովափին՝ որպես բնածին բրենդ։ Ի՞նչ գործ ուներ էս․․․ էս բլոնդի միլֆը էդ․․․ էդ․․․ դառը բիձու հետ։ Երևի Նորարարյանը խոստացել էր սրան, թե մի օր գրավելու է Հայաստանը, որը, ճիշտ է, հեռվից պստիկ-մստիկ երկիր է թվում, Ջուդի, բայց մինչև քո ոտքով չմտնես, չես հասկանա նրա մեծությունը։ Ամերիկային ծալած ունի, Ջուդի, սվիթհարթ, խոստանում եմ՝ էնտեղ ես թագավոր կդառնամ, դու՝ առաջին լեյդի, ամեն օր կարթնանաս Արարատի հայացքի ու իմ քթի ներքո։ Ջուդին գայթակղվեց Արարատով կամ Նորարարյանի բրենդավորման համառ տաղանդով ու դարձավ միսիս Ջուդի Նորարարյան։ Ջուդին ծնվել էր հեռավոր Քենթաքիում, մեծացել Մայամիում, առաջին անգամ ամուսնացել տեխասցի քյառթ Մայքլի, երկրորդ անգամ՝ անգլիացի ազնվազարմ Թոմասի, երրորդ անգամ էլ՝ հայ բրենդչի Ջոնի հետ։
Նորարարյանը հաճախ էր գործնական հանդիպումներ նշանակում իր տանը՝ Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի վերևի հարկում։ Ալարում էր ամեն օր քարշ գալ «Երազ»։ Ասում էր՝ լանչից հետո արի։ Ինքն իր լանչն անում էր Աբովյանի վրա։ Դիտմամբ ժամանակից շուտ էի գնում, որ Ջուդիի հետ մի քիչ մենակ մնայի։ Ջուդիի լանչը սպիտակ գինին էր։ Իմ լանչը՝ Ջուդին։ Հիմնականում լուռ։ Բազմոցի վրա հետ ընկած, դանդաղ քորում էր քունքի մազարմատները։ Իսկ տան մի անկյունից միշտ քանթրի երաժշտություն էր տզզում ամառային ծույլ բզեզի պես։ Երբեմն վերադառնում էր արևախանձ հեռուներից ու հարցնում․
-Քանի՞ տարեկան ես, Հենրի։
-Քսանվեց։
-Օ՜հ, քսանվե՜ց,- Ջուդին կուլ էր տալիս գինին, ես՝ թուքս,- իսկ ի՞նչ գործ ունես ամուսնուս հետ, dear, he is an asshole!
Հաստիքի հայտարարությունը Լինքդինում գտա։ Հազար ու մի լղոզած բան էր պարտականությունների տակ սղացրած․ Արմինիան քըմյունիթի բիլդինգ, դիվելըփ Արմինիա պրոջեքթ, ռիքրիեյթ յօռ քանթրի, չեյնջ յօռ մայնդսեթ, իսկ վերջում՝ կրեատիվի գագաթնակետային արտաժայթքում՝ բի սթրոնգ, բի բրեյվ, բի քրիեյթիվ։ Հայաստանը զարգացնելու գաղափարը հաճելիորեն խտղտացրեց նեշընըլ այդենթիթիս։
-Երեք րոպե ուշացար,- Նորարարյանի աչքերը՝ մի զույգ ուտիճ, դուրս տնկվեցին ակնոցների տակից։ Նստեցի բազմոցին։ Ինքն էլ հարմարվեց կողքիս ու իր կաշվե պայուսակը ծանրորեն դնելով սեղանիկին՝ սուզվեց սիվիիս մեջ։
-Վերջում հասար Լոնդոն՝ էլի սովորելո՞ւ։
-Այո։
-Holy shit!
-Excuse me?
-Սաղ կյանքդ սովորել ես։
-Հետո՞։
-Շուտ կծերանաս։
-Ը՜մ։
-Ինչու՞ եկար Հայաստան։
-Եկա՝ զարգացնեմ։
-Բա Վրաստա՞նը։
-Թողեցի վրացիքին։
-Ի՞նչ են մտածում վրացիք։
-Ավելի լավ է լինել Ամերիկայի թևի տակ, քան Ռուսաստանի։
-Իսկ Ռուսաստա՞նը։
-Ապրում է անցյալով ու ինքնամոռաց տարածքներ գրավում։
-Բա Ամերիկա՞ն։
-Ապրում է ապագայով ու ինքնամոռաց տարածքներ գրավում։
-Հայաստա՞նը։
-Ինձ է սպասում։
-Օքեյ,- սիվիս մի կողմ շպրտեց,- երևի գիտես՝ ինչ ես անելու։
-Ընդունո՞ւմ եք ինձ։
-Թող ապագա կինդ քեզ ընդունի։ Ես գործ եմ առաջարկում։
-Աշխատավա՞րձը։
-Ութսուն հազար։
-Համաձայն չեմ։
-Այսի՞նքն։
-Վաթսունը տան վարձին եմ տալու, տասը կոմունալներին, տակը բան չի մնա։
-Բա ինչքա՞ն։
-Երեք հարյուր։
-Ի՞նչ կ’ըսէ․․․ տղա ճան, խենթացա՞ր, հոս բոլորն ալ ատքան սալըրի ունին։
-Երեք։
-Երկու։
-Երեք։
-Գրողը քեզի տանի։
-Գրողը ես եմ։
-Այսի՞նքն։
-Գրող եմ։
-Ի՞նչ ես գրում։
-Ֆիքշըն։
-Ջասթ ֆիքշը՞ն։
-Հոլի ֆիքշըն։
Աշխատասենյակի պատին Արարատի պատկերն էր ճպցրել՝ ոսկեզօծ շրջանակի մեջ։ Իսկ տանը՝ Պիկասոյի մի նկար՝ առանց շրջանակի։ Ջուդին երբեմն սևեռվում էր Պիկասոյի կարկատած կնոջ վրա՝ ինքնամոռաց դատարկելով գինու բաժակը։
Ջուդին, դեմքը քամու շոյանքին դարձրած, սահում էր Հայաստանի ծաղկափթիթ դաշտերին զուգահեռ։ Նորարարյանը, վարորդի կողքին, պայուսակը գրկած, շաղակրատում էր՝ անգլերենին մեկումեջ հայերեն բառեր խառնելով։ Վարորդն էլ կառչելով հայերեն բառերից, մտքում մի ամբողջ տեսություն էր կառուցում ու համաձայնվում ինքն իր հետ։ Իսկ ես նայում էի մռթոշ ժայռերին ու փնտրում Պիկասոյի երկրաչափությունը, Ջուդիին տեղավորում պատկերների մեջ, կպցնում իրար, ստանում մի սար, որ թռնում ու բուրգի հպարտությամբ կանգնում էր հորիզոնում։ Ջուդին թեքվեց պատուհանի կողմը։ Նրա շրջազգեստը թռավ վեր. երևացին ծնկները, ծնկներից վեր՝ բարակ երակների ցանցը։ Ճանապարհը դուրս պրծավ խորխորատի բերանը։ Ջուդին շունչը պահեց։ Իմը կտրվեց։ Ջուդին բռնեց իր ծնկի վրա զատիկի պես տիտիկ արած հայացքս։
-Սիրուն ա, չէ՞, Հայաստանը,- ժպտաց։
-Շատ սիրուն ա Հայաստանը,- հայացքս ճանճի պես պոկվեց նրա ծնկից։
-Աղվոր է, աղվոր է,- հաստատեց Նորարարյանն էլ, ու հայացքս կատվի պես նորից մոտեցավ Ջուդիի ծնկներին՝ քսմսվելու։
Գյուղապետ Երջանկյանը բիձեքի հետ կանգնած էր գյուղապետարանի առաջ։ Ջուդին հմտորեն ճողոպրեց թրիքների միջից ու սեթևեթեց բիձեքի միջև՝ պլստալով վավաշոտ հայացքների տակից։ Երջանկյանը առաջին անգամ էր ամերիկուհի տեսնում։ Գրպանից թաշկինակ հանեց ու սրբեց նորահայտ քրտնքի կաթիլները։ Նրա աշխատասենյակը բուրում էր հին խոնավ փայտով։ Կահույքը երևի չէին տեղաշարժել ստալինյան ռեպրեսիաներից դեսը։ Ջուդին նստեց աթոռին, որ հաճույքից անճոռնի ճռճռաց։ Գյուղապետը նստեց իր բազկաթոռի մեջ։
-Նվա՛րդ, հլը արի ստե։
Քարտուղարուհին հուշիկ-մուշիկ ներս մտավ՝ գոհ ժպիտը երեսին։
-Կոֆե բեր ընձի ու հույրերին։
-Քա՞ղցր, թե՞ դառը։
-Կիսադառը։
Նվարդը շրջվեց, որ գնա, բայց Երջանկյանը կանգնեցրեց նրան։
-Ազիզ, էս ամերիկանկի հըմար էլ կբերես։
-Քա՞ղցր, թե՞ դառը։
-Կիսաքաղցր։
Երջանկյանն ու Նորարարյանը զրույցի բռնվեցին։ Ականջիս միայն պատառիկներ էին հասնում․ ուշադրությունս կլանում էր Ջուդին, որ մտասույզ ուսումնասիրում էր աշխատասենյակը։ Պատառիկներն էլ գործի հետ չէին առնչվում։ Սովորաբար Նորարարյանը ճոխ նվերներ էր դնում Երջանկյանի սեղանին ու սկսում նրա հետ լեզու թաթախել։ Բուն գործը Չարչար գյուղի բրենդավորումն էր։ Նորարարյանը բրենդավորման փաթեթը ներկայացնելու էր իշխանություններին ու ստանալու աներևակայելի գումար։ Ջուդին էր բերանից թռցրել լանչին ու գինու մեծ կումով թրջել պատառը։ Նորարարյանը նույնիսկ հողամաս էր գնել Չարչարում։ Ներդրում էր արել, սօրթ օֆ ինվեսթմընթ, տուն էր կառուցելու։ Ա՛յ, էդքան նվիրված էր Չարչարին։ Նրան նույնիսկ տվել էին պատվավոր չարչարցու կոչում (ինքը հլը հեչ, բա որ մայամցի Ջուդին էլ դարձավ պատվավոր չարչարցի)։ Գյուղապետի հետ հանդիպումից հետո միշտ գնում էինք Նորարարյանի դափ-դատարկ հողամասը տեսնելու։ Նայում էինք խոտածածկ հողակտորին ու մի րոպե լռությամբ հարգում ապագա տան հիշատակը։
Մի անգամ էլ ինձ ուղարկեց գյուղացիների հետ հանդիպման, որոնք գյուղապետի հրամանով հավաքվել էին դպրոցի դասասենյակում։ Նորարարյանը ընդամենը մի հարց էր ուղարկել․ «Ի՞նչ երազանքներ ունեք»։
-Ի՞նչ երազանքներ ունեք,- ձայն-ծպտուն չեղավ։ Խեթ-խեթ նայեցին ինձ։ «Բոլորն ալ դրիմ ունին, անոնք ալ դրիմ մը կ’ունենան»։
-Ի՞նչ եք ուզում ունենալ գյուղում։
-Ընչի՞ ես հարցնըմ որ։
-Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ ա ձեզ պետք ամենից շատ։
-Ինչ ա մեզ պե՞տք։
-Ամենից շա՞տ։
-Ի՞նչ ըսեմ։
-Դեղատուն ա պետք։
-Դեղի հըմար գնըմ-հասնըմ ենք քաղաք։
-Ճամփեքը նորոգել ա պետք։
-Նոր ճամփա ա պետք, նո՜ր։
-Բա էս մեր դպրոցի շենքը մի տես՝ ինչ հալի ա։
-Խաղահրապարակ էլ ա պետք։
-Ծո՛, խաղահրապարա՞կ ընչիդ ա պետք։
-Էրեխեքին ակուրատնի խաղալու տեղ ա պետք։
-Հենա սաղ գեղը խաղահրապարակ ա էլի։
-Ի՜նչ ա ասըմ։
-Մանկական ճոպանուղի էլ ըլնի՝ լավ ա։
-Պա՜հ, դու մետրո էլ կուզես։
-Գեղեցկության սրահ ա պետք։
-Ծնունդ ա, հարսնիք ա, կնանիք հասնըմ ենք քաղաք՝ մի քիչ սիրունանալու։
-Սուպերմարկետ ա պետք։
-Էս պուճուր խանութները թալան են։
-Երբ մտնըմ ես՝ բան չկա առնես։
-Դու ասա փող ըլնի՝ բան առնես։
-Ավտո եմ ուզըմ։
-Պահո՜։
-Շորերի խանութ ա պետք։
-Ընչի՞ս ա պետք, փող կա՞՝ շոր առնեմ։
-Գորձ ա պետք, գո՜րձ։
-Ճիշտ ա, գորձ ըլնի, ամեն ինչն էլ կըլնի։
-Մեծ տուն եմ ուզըմ։
-Փոքր տունս ընձի հերիք ա, այ կարգին կռիշ ըլնի, անձրև չգա գլխիս։
-Ջուր ա պետք։
-Խմելու ջուր։
-Մեկ էլ՝ կաֆե։
-Ասըմ եմ՝ ջուր, ասըմ ա՝ կաֆե։
-Հա՝ ի՞նչ։ Թատրոնն էլ չէր խանգարի։
-Ադամի թվին կար՝ փլվեց։
-Լավ ա գոնե եկեղեցին փրկեցին։
-Էլ մի ասա, մի Աստված ունենք, էն էլ թողներ-գնար։
-Չէր թողնի, կտանեի տանս մեջը կպահեի։
-Ըսկի ինքդ քեզ չես կարըմ պահես, Աստված պահո՞ղ ես։
-Ի՞նչ կա որ, հալալ տղիս պես կպահեի, մի կտոր հաց կտայի, մի բաժակ էլ ջուր։
-Ճիշտ ա, ինքը Աստված ա, էդքանը իրան հերիք ա։
-Իսկ մեզ շատ բան ա պետք։
-Է՜, ավել-պակաս խոսըմ եք էլի։
-Իսկ ես առողջություն եմ ուզըմ։
-Հըմի էս տղեն քեզ առողջություն ուրդո՞ւց տա։
-Չէ հա՜, իսկ ավտո կտա՞։
-Ես էլ եմ ավտո ուզըմ։
-Ես էլ նոր տրակտոր եմ ուզըմ։
-Ես էլ Պարիժ եմ ուզըմ։
-Իսկ ես՝ ֆրանցուժենկա, քա՜հ-քա՜հ․․․
-Իսկ ես Հռոմ եմ ուզըմ։
-Ես էլ՝ Ամերիկա։
-Ուզըմ եմ տղես Ռաստովից հետ գա։
«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»-ի տակ, կանգնած, A4-ի վրա պարտաճանաչ գրանցում էի չարչարցիների երազանքները։
-Նոու․․․ նոու․․․ նոու․․․- կրկնում էր Նորարարյանը՝ երազանքների ցուցակն ուսումնասիրելիս,- աս չէ ուզածս։
-Իսկ ի՞նչ էիք ակնկալում։
-Something… գրավիչ, catchy!
Նորարարյանը Չարչարի բրենդավորումը սկսելու էր գյուղի մուտքից։ «Մուտքի մոտ երջանկության չափիչ կտեղադրենք։ Օրինակ, եթե Չարչարում մի գյուղացի կով կորցնի, երջանկության ցուցանիշը կընկնի։ Եթե մի ընտանիք շատ ընկույզի մուրաբա ծախի, երջանկության ցուցանիշը կաճի։ Զբոսաշրջիկը մտնելուց կիմանա, թե ինչքան է չարչարցու երջանկությունը»։ Պիտի մի սմարթ սըլուշըն գտնեինք, որ սարքն ավելի արագ ու արդյունավետ աշխատեր։ Երջանկյանի սեղանի տակ մի հրաշագործ կոճակ կլիներ․ կսեղմեր, ու ցուցանիշը, հո՛պ, կթռներ, կսեղմեր, ու ցուցանիշը, հո՛պ, կընկներ։
-Կոռուպցիոն ռիսկեր կան այդտեղ, սըր,- ասացի Նորարարյանին մի անձրևոտ օր, Կոմիտասում սրճելիս։
-Այսի՞նքն։
-Եթե կոճակը Երջանկյանի ձեռքի տակ լինի, եջանկության ցուցանիշը կհարմարեցնի իր շահերին։
-Քըռափշընը մեծ բան է, Հայաստանի նման փոքր երկրում չի տեղավորվի։
-Ուզում եք ասել՝ չկա՞։
-Իսկ գլոբալ տաքացում կա՞։
-Գլո․․․
-Ուրեմն հանգիստ կարող ես մի փոքրիկ կոճակ տեղադրել Երջանկյանի սեղանի տակ,- Նորարարյանը դատարկեց սրճի բաժակն ու գլուխը խոթեց «Ֆայնանշըլ թայմս»-ի մեջ։
Ջուդին գյուղապետի աշխատասենյակը զննելիս սևեռվեց գյուղապետի հետևը փակցրած Հայաստանի քարտեզին։ «Ինչպիսի արտահայտիչ դիմագծեր»,- շշնջաց նա։
Նորարարյանը Երջանկյանին պատմում էր, որ իր տղան Ամերիկայում համակարգչային խաղեր է ծրագրում։ Երջանկյանն էլ սկսեց բողոքել իր տղուց, որ չի ամուսնանում։
Մի անգամ էնքան դարդոտվեց, դարակից օղու շիշ հանեց ու դրխկացրեց սեղանի վրա։
-Օրինակ, Դու՛ք՝ պարոն Նորարարյան ջան, կին ունեք, չէ՞։
-Ճիշդ է։
-Միշտ ունեցել եք, չէ՞։
-Լիգըլի՞։
-Դե հա էլի։
-Երեք անգամ։
-Բա տենը՞մ եք, Նորարարյան ջան, էս համբալս արդեն երեսունիրեք ա, էլ ե՞րբ կհասցնի իրեք անգամ պսակվել։
Ջուդին հիմա էլ առաստաղն էր զննում՝ առաստաղի դեղին լաքաները։
Երջանկյանը սկսեց գովել տղուն՝ ականջը թեթև տղա ա, ցանկացած հարցով կարաս դիմել իրան, ա՛յ մենակ էդ ամուսնանալն ա, որ ականջ չի դնում։
Զանգ էկավ։ Հեռախոսի անակնկալ զռռոցը քիչ չէր, Ջուդին վեր թռավ նաև Երջանկյանի գոռոցից՝ ա՛լո, ալո՜։ Ջուդին սկսեց խաղալ մազերի հետ ու հիմա էլ սևեռվեց սեղանին դրված եռանկյունի անճոռնի քանոնի վրա։ Նորարարյանը թեքվեց ականջիս․
-Այսի՞նքն՝ նրա ականջը թեթև ա։
-Դե մարդ կա՝ ծանր ականջներ ունի, մարդ էլ կա՝ թեթև, նրա որդու ականջները, ըստ երևույթին, թեթև են, երևի փոքր, բարակ ու նաև արագաշարժ։
-Արագաշա՞րժ։ Holy shit!
-Ներող, հույրեր ջան, մինիստրությունից էին զանգե, ասըմ էին՝ ոնց ես, ինչ կա։
-Մինիստրի վրա էր գոռու՞մ,- հարցրեց Ջուդին։
-Մադամ, դառագուշա, կակ վամ նրավիցը տուտ ու նա՞ս,- Երջանկյանը ժպտաց, ինչպես ժպտում են փոքր աղջկան կոնֆետ տալիս, ու սրբեց ճակատը։
Ետդարձի ճամփին բոլորս լուռ էինք։ Նորարարյանն իր պայուսակը գրկած նիրհել էր։ Աշխուժացավ հեռախոսազանգից։
-Հելոու, – ասաց՝ կոկորդը մաքրելով,- քանի՞ անգամ ասեմ՝ ես Հայաստանում բոս չեմ, ես Ամերիկայում եմ բոս, Հայաստանում բոսը համարյա բոզ է։ Հիմա ասա, լսում եմ․․․
-Ի՞նչ սթայլ էր Երջանկյանի օֆիսը,- հարցրեց Ջուդին,- մինիմալիստակա՞ն, ինդուստրիա՞լ․․․ դետալները շատ էին, գույները՝ հոգեվարքի մեջ․․․ լքված գործարանի իմիտացիա․․․ հը՜մ․․․ առաստաղը հաստատ աբստրակցիոնիզմի նմուշ էր․․․ հետաքրքիր է՝ գուցե ինչ-որ տեղական քանթրի ո՞ճ է․․․ պոստմոդեռնիզմի ինչ-որ դրսևորու՞մ․․․ գուցե նեոպոստմոդեռնիզմի՞․․․ սվիթհարթ, նեոպոստմոդեռնիզմն արդեն կա՞․․․
-Բեյբի, ռիլաքս,- ասաց Նորարարյանը՝ հեռախոսը անջատելով,- սովետական ապոկալիպտիկ ոճ էր ընդամենը։
-Օ մայ գուդնըս։
-Դրա համար եմ ասում՝ պիտի բրենդավորենք։ Հենրի, Երջանկյանին Լինքդինում գրանցեցի՞ր։
-Ախր Երջանկյանի օֆիսը տեղնուտեղը բրենդ է, տուրիստներին հենց սա է գրավում՝ սովետական ապոկալիպտիկ սթայլ, պատմություն, աշխարհին հիսթըրին պիտի ցույց տաս, բրենդը հենց հիսթըրին է։
-Օ՜, հանճարեղ բան ես ասում, դիըռ։ Հենրի, լսո՞ւմ ես, կինս հանճարեղ է։
-Ու գեղեցիկ։
-Ու թեթև ականջներով, հո՜-հո՜-հո՜։
-Ի դեպ, Չարչարի տեսահոլովակի համար նկարահանող գտա։
-Ա՛հ, պետք չի, Սաքոյին են խորհուրդ տվել, թանկ է վերցնում, բայց բոլորը նրան են կանչում, Լոսից է։
«Լոսի Սաքո, նոու քըմփիթիշըն»։
Ռայկոմում իջա։ Նորարարյանը գլուխը հանեց մեքենայի պատուհանից։
-Վաղը կինս քեզ հրավիրում է մեր տուն փարթիի։ Քեզ շատ է սիրում։ Նոու դրես քըուդ։
Սպիտակ վարդերի ծաղկեփունջ առա։ Համոզվեցի, որ իսկական վարդի հոտ գա, թե չէ մի քանի տեղ անհոտ վարդեր էին ծախում։
-Քանի՞ տարեկան ես, Հենրի,- հարցրեց Ջուդին։
-Քսանվեց։
-Օ՜հ, քսանվեց․․․ ծաղիկներ չեմ սիրում, սվիթի, նրանցից միշտ գարշելի հոտ է գալիս,- Ջուդին վարդերը գլխիվայր ճխտեց հովանոցի արկղիկի մեջ ու թևանցուկ արեց ինձ։- Արի քեզ մի հայ արվեստագետի հետ ծանոթացնեմ։
Մոտեցանք մի ֆրանսահայի, որ զարմանալի փոքր բերան ուներ, բայց զարմանալի մեծ կումերով էր խմում գինին։
-Ծանոթացիր՝ Ժերար Քարամջյան։ Ժերա՛ր, Հենրին է, համարյա Օ Հենրի,- Ջուդին ծիծաղեց։- Ժերարը հրաշքներ է գործում քարերի հետ, եկել է Հայաստան, որ իքսփլոր անի քարերն ու հետաքրքիր բաներ ինսթօլ անի։
-Օ՜, Հայաստանի քաղեղի մեջ աղյուն կա, մադամ։
-Ինձ մադամ մի ասա, Ժերար, նասթի բօյ, ինձ ասա մադմուազել, որ ինձ մադամի աղջիկ զգամ։
-Իսկ որտեղի՞ց եք վերցնում քարերը,- հարցրեցի։
-Ամեն տեղ, մըսյո, Հայաստանում բաղեբախտաբաղ շատ քաղ կա ու ամեն մեկի մեջ՝ աղյուն։
-Ջարդել եք, ու արնահոսե՞լ է։
-Օ՜, նղանք նույնիսկ շնչում են, մըսյո, խոսում են, շշնջում, աղմկում։
-Նույնիսկ աղոթո՞ւմ։
-Սուղբ հողի քաղեղը նաև աղոթում են, մըսյո։
Ջուդին հեռախոսի մեջ մի նկար բացեց ու պահեց աչքերիս մոտ։
-Ֆանտաստիկ է, չէ՞։
Ժերարի աշխատանքն էր, որի համար Նորարարյանը ահագին փող էր վճարել ու ուղարկել Ամերիկա՝ իր տուն։ Առաստաղից կախ տձև քարեր էին, մետաղալարերով միացրած։ Ժերարը Հայաստանի քարերը ծախում էր սփյուռքահայերի վրա։ Քարեր էին, որ պոկվում էին Հայաստանի սրտից։ Մըսյո Ժերարը շուտով Հայաստանում քարը քարի վրա չէր թողնի։ Ջուդին էլ թիթիզ ամերիկուհիներից էր, որ երբ ուզում՝ զմայլվում են ամեն հիմար բանով ու տեղի-անտեղի գոչում՝ awesome! awesome!
-Էս բոլոր քարերի մեջ արյուն կա,- շարունակեց Ջուդին,- նրանք զրուցում են, սթորիներ փոխանցում մեկմեկու։ Ժերար, յու առ ջինյըս։
-Հատուկ սա՞րք է պետք նրանց լսելու համար։
-Միայն հայի սիղտ, եղիտասաղդ,- ճպճպացրեց աչքերը մըսյո Ժերարը։
-Բա որ քարը մի օր առաստաղից պոկվի ու հայի գլխին ընկնի՞։
-Oh, boy! Դրա համար գլուխը պիտի ապահովագրել,- Ջուդին կչկչաց,- չեմ հասկանում՝ դու դե՞մ ես Ժերարի քարերին։
-Ես միայն ուրախ կլինեմ, եթե մսյո Ժերարը խթանի Հայաստանի անգին քարերի արտահանումը։
-Ո՞ղ եղկղի՞ց եք, եղիտասաղդ,- հարցրեց Ժերարը, ցուցամատը քնքշորեն հպելով դնչին։
-Վրաստանից։
-Ա՛հ, լա Ժողժի՜,- Ժերարը մատներն ու գլուխը թեթևորեն ետ գցեց, նույն թեթևությամբ տարրալուծվեց հյուրերի մեջ, ու այլևս երբեք նրան չտեսա։
Նորարարյանը սենյակի մեջտեղում կանգնած, շամպայնի բաժակը ձեռքին, կենաց էր ասում․
– Հայաստանի կենացը, սիրելի հայեր, մեր հայրենիքում վիճակը գնալով բարելավվում է։ Տեսեք՝ շուրջն ինչքան սրճարան կա, ամեն քայլափոխին՝ մի սրճարան, սրճարանների առատությունն ու լեփ-լեցուն լինելը վկայում է, որ վիճակը զգալիորեն լավացել է մեր երկրում։
-Անուշ։
-Անուշ։
Մի անգամ Ջուդին, ձեռքերին կրեմ քսելիս՝ հարցրեց ինձ․
-Գիտե՞ս՝ ով է էն նկարի հեղինակը։
-Նորարարյանը Սերժի հե՞տ, թե՞ կնոջ դիմանկարի։
-Կնոջ դիմանկարի։
-Պիկասոն։
-Կարծում ես՝ ֆե՞յք է։
-Ձեր ամուսինն ասում է՝ իսկական է։
-Տեսնես՝ ի՞նձ է խաբել, թե՞ ինքն է խաբվել։
-Ո՞րն եք նախընտրում։
-Օ՜ Հենրի, իհարկե առաջինը։
Փարթիի վերջում Նորարարյանը ականջիս շշնջաց, որ հաջորդ օրը ճաշի ժամին լինեմ իրենց տանը, քանի որ Չարչարի հետ կապված կարևոր հանձնարարություն ունի, ու խորհուրդ տվեց հետս վերցնել Պուշկինի գիրքը՝ ջասթ ֆօռ ինսփիռեյշն։
Պուշկինի գիրքը չճարեցի, վիզ էլ չդրի մտածելով՝ Նորարարյանի հերթական բլթոցն է։ Ճաշին նրանց տանն էի։ Մարդ ու կին սենյակում փակվել, կռվում էին։ «Երևի մարդը համոզում ա, թե գնանք Չարչարում ապրենք, այ կնիկ, սարի օդ կշնչես, թարմ մածուն կուտես։ Կինն էլ թե՝ ես ծով եմ ուզում, այ շանորդի, օվկիանոսի օդ եմ ուզում, Մալիբու եմ ուզում, արևավառ տղերք եմ ուզում»։
Նստած տեղիցս երևում էր խոհանոցը։ Սիրիահայ շեֆ խոհարար Գարոն միս էր մանրացնում ու տնտղող հայացքներ գցում վրաս։ Մեր միջև, սեղանի վրա, Ջուդիի գինու բաժակն էր, եզրին՝ շրթներկի պստիկ հետք։ Գարոն նման էր իր տիրուհուն սիրահարված փքված կատվին, որ չի վստահում քեզ, ճանկը պատրաստ՝ միշտ աչքի տակ է պահում, ու եթե հանկարծ լպտաս, կհարձակվի վրադ։ Գարոն դանակը բարձրացնում էր ու թափով խփում մսին։ Երբ սենյակից մի հայհոյանք էր դուրս թռչում, Գարոն դանակի հարվածով տեղնուտեղը հաստատում էր։
Ջուդին առաջինը դուրս եկավ սենյակից։ Նստեց դիմացս, նյարդայնացած, սեղանից չմփեց գինու բաժակը։ Մի պահ նայեց Պիկասոյի կնոջ պատկերին, հետո մի կում արեց գինուց ու կտրուկ դարձավ ինձ։
-Քանի՞ տարեկան ես, Հենրի։
-Քսանվեց։
-Օ՜հ, քսանվեց,- Ջուդին հետ գցեց գլուխն ու մատները խրեց մազերի մեջ։ -Ասում են՝ Ամերիկայում Ջոնը ինչ-որ շենքեր էր կառուցո՞ւմ։
-Ասում են։
-Once upon a time in America, Տեխասի ինչ-որ գյուղում ինչ-որ ֆերմերի համար ինչ-որ ֆերմա կառուցեց։ Գուցե Մեգան Մարքլը Բուքինգհեմ մտնի, թագուհին մարդու գնա, ես էլ դառնամ Թրամփի չորրորդ կինը, բայց, սվիթի․․․ գոմը երկնաքեր երբեք չի դառնա։
Քիչ հետո Նորարարյանն էլ դուրս եկավ սենյակից՝ պայուսակը ձեռքին։ Ջուդին ու Գարոն սեղան գցեցին։ Գարոն ամեն ինչ էնքան քիչ էր դնում ափսեների վրա, ծտի ծերտի չափ, որ բերանիս ջրերը գնում էին, իսկ համը՝ մնում բերանիս մեջ։ Ափսեի մինուճար խորտիկն էլ բկիս էր կանգնում, երբ մարդ ու կին միաձայն գոչում էին՝ բրավո, Գարո։ Գարոն էլ կանգնում էր, ոտքերն իրար կպցրած, ձեռքերի մատները միացրած, պռոշները սեղմած, գոհ ու երախտապարտ մեղմ ժպտում ու կիսաբաց աչքերի տակից ոչ մի մանրուք բաց չէր թողնում։ Զարմանում էի, թե Նորարարյանը ոնց էր հաջողացրել փոր գցել։ Երևի նախորդ ամուսնություններից էր ժառանգել։
-Հենրի, այսօրվանից դու խաղի մեջ ես մտնում,- հայտարարեց Նորարարյանը, բերանի անկյուններում պստիկ յուղահետքերը մաքրելով։- Ուզում եմ Չարչարի մասին մի հետաքրքիր պատմություն գրես։
-Չարչարի պատմությունը դեռ չի՞ գրվել։
-Մի պատմություն էլ դու ես գրելու։
-Ասում ես՝ քանի՞ տարեկան ես, Հենրի,- հարցրեց Ջուդին։
-Քսանվեց։
-Օ՜հ, քսանվեց,- Ջուդին հետ ընկավ աթոռին,- դու դեռ շա՜տ սթորիներ ես գրելու։
-Ու լավ ես գրելու,- Նորարարյանը բարձրացրեց գինու բաժակը։ Թվաց՝ կենացը կերկարի, բայց մի համեստ կում արեց ու բաժակը դրեց տեղը։
-Ի՞նչ պատմություն։
-Something հետաքրքիր, արկածային, ռոմանտիկ, զվարճալի, catchy․․․
-Գանգստերական սիրավե՞պ։
-Ես կասեի՝ պատմական։ Ալեքսանդր Առաջինին գիտե՞ս։
-Հետո՞։
-Նա ցար դարձավ 1801 թվին․․․
-Հետո՞։
-Սիրուն սթորի պիտի պատմես դրա մասին։
-Ցարի՞
-Ու Չարչարի։
-Ցարի ու Չարչարի՞։
-Տե՜ս․․․ արդեն ոգևորվու՜մ ես։
Ջուդին գլխիս թիթեղները մի լավ թմփթմփացնող ջազ դրեց։ Քոլթրեյնի Giant steps-ը։ Գարոն հորանջեց ու արևի տակ փռված կատվի պես կկոցեց աչքերը։
-Գուցե պատմաբա՞ն գտնեք, Լոսում ընտիր պատմաբաններ կլինեն, սիրով կխմբագրեմ։
-Հենրի, ինձ հենց դու ես պետք, միայն դու կարող ես նման ինտրիգային սթորի գրել։
-Ը՜մ․․․
-Նկարագրիր, թե ոնց էր ցարը ժամանակ անցկացնում Չարչարում, շփվում տեղացիների հետ, զվարճանում, կով կթում, մոշ հավաքում, կալինկա պարում․․․
-Հը՞․․․
-Exactly! Ու Չարչարում նրա կյանքը երկարում էր, ջահելանում էր և նման սրտաճմլիկ բաներ․․․ Գարո, բրավո, էս անգամ ինքդ քեզ գերազանցեցիր։
-Ի միջ այլոց, էդ Ալեքսանդրը ջահել մահացավ։
-Հենրի՜, come on! Գրիչդ վերցրու, երևակայությանդ զոռ տուր, գժվիր ու պատմություն ստեղծիր, պատմությունդ ֆոլկլորի մաս դարձրու, Պուշկինի սթորիների նման մի բան հունցիր․․․ Գարո, մի օր Հենրիին սովորեցրու խմոր հունցել։
Գարոն, գլուխը հետ գցած, ցուցամատով քորում էր բուկը։
-Պուշկին կարդացե՞լ եք։
-Ես Օնեգին բալետն եմ տեսել,- ասաց Ջուդին։
-Հենրի, մի բարդացրու, փլիզ, ինձ ընդամենը Չարչարի սըքսես սթորին է պետք։
-Բայց ինչո՞ւ հպարտանանք, որ նա Չարչարը իր տատու արքունիքի տեղ էր դրել, ի՞նչ մի սըքսես սթորի է։
-Մենք հպարտանում ենք մեր Չարչարով ու նրա մասին հետաքրքիր սթորիներ պատմում։
-Գարո, դու ամեն անգամ զարմացնում ես մեզ,- Ջուդին օդային համբույր ուղարկեց Գարոյին։ Գարոն քնքշորեն լպստեց պռոշը։
-Հենրի, հիշի՛ր, հիսթըրին է մեր բրենդը, ուրեմն՝ խաղա հետը։
Նորարարյանը խորամանկ ժպտաց բեղերի տակ։ Աչքի պոչով նայեց Ջուդիին։ Երևի անկողնում երկուսով էին հունցում Չարչարի բրենդավորումը։
-Սա դեռ ամենը չէ։
-Չէ՞․․․
-Անպայման կգրես, որ Պուշկինի կինը՝ Նատալյա Գոնչարովան, սիրում էր Չարչարի առնական տղամարդկանց ու նրանց հետ սիլի-բիլի էր անում ծիրանենիների տակ։ Հասկանո՞ւմ ես՝ նրան գրավում էին Չարչարի տղամարդիկ, նրանք թխամաշկ էին, իսկ ցարի արքունիքի ռուս տղաները՝ դեղին ու վարդագույն։
-Պուշկինը ողջ լիներ՝ ինձ դուելի կհրավիրեր։
-Իսկ Պուշկինը խանդում էր։
-Բայց Պուշկինը կարծեմ թխամաշկ էր։
-Henry, don’t be a racist!
-Իյա․․․
-Ու կնոջը հետագայում այլևս չէր տանում Չարչար։
-Փաստորեն Պուշկինը Չարչարը ջրի ճամփա էր սարքել, հա՞։
-Ես նույնիսկ նրա շքեղ ամառանոցն եմ տեսել Չարչարում։ Երկրաշարժը, ավաղ, բան չի թողել, բայց անպայման կվերականգնենք։
-Սվիթհարթ, եթե քանդվել է, ո՞նց ես տեսել,- հարցրեց Ջուդին։
-Այսի՞նքն։
-Պուշկինն իսկապես անցել է Հայաստանով, նույնիսկ ինչ-որ լեռնանցքում, կարծեմ հիմա Պուշկինի լեռնանցք է անունը, հանդիպել է սայլին, որով Թեհրանից տեղափոխում էին Գրիբոյեդովի դին, բայց․․․
-Հենրի, ինձ պետք է լավ, հետաքրքիր, սեքսի սթորի։ Պուշկինին, նրա կնոջը, ցարին ու նրա արքունիքը կապիր Չարչարի հետ։ Եթե ուզում ես Գրիբոյեդովին էլ մեջ գցի։ Ասում ես՝ դիա՞կ․․․ why not?․․․ միսթըրի, մըրդըր, հոռըր․․․ բայց չէ՜․․․ նոու մըրդըր, նոու հոռըր, ջասթ միսթըրի, քիչ մը միսթըրին չի խանգարի մեզի․․․ Թող կենդանի Գրիբոյեդովին հանդիպի էդ լեռնանցքում, նրան հրավիրի Չարչար, թող մի լավ քեֆ անեն, ինչո՞ւ պիտի անպայման մեռած անցնի ինչ-որ լեռնանցքով, թող էդ մարդը մի քիչ վայելի մեր հայկական բնությունը, գյուղը, դեղձի օղին, թող մի գիշեր անցկացնի Չարչարում ու նոր մեռնի կամ առհասարակ չմեռնի, ես դեմ չեմ, թող վերջում Պուշկինը նրան ճամփու դնի․․․ հա, թող չմեռնի, թե չէ ստացվում է՝ էկավ Չարչար ու մեռավ․․․ թող նրան բարով-խերով ճամփու դնի Ռուսաստան, ա՛յ Ռուսաստանում, եթե իհարկե ուզում է, թող մեռնի, մեր գործը չի․․․
-Բայց, սըր․․․
-Ու ամենակարևորը՝ չմոռանաս, որ Պուշկինն իր պոեմներից մեկը գրել է Չարչարում։ Ինքդ մտածիր՝ գրող մարդը ցանկացած վայրում մի բան գրում է, ինքդ գրող ես, լավ գիտես, հնարավոր չի Պուշկինը Չարչարում որևէ բան գրած չլինի։ Հաստատ պոեմներից մեկը գրել է հենց Չարչարում։ Ինքդ որոշիր, թե որ մեկը։ Բի քրիեյթիվ, դյուդ։ Հինգշաբթի օրը ուզում եմ տեսնել առաջին դրաֆթը։
Գարոն վերջապես աղանդերը բերեց․ լորու ձվի չափ բիսկվիթ՝ կակաչի սերմերով։
-Պատկերացնու՞մ ես, սթորիդ բեսթսելլեր դառնա, մի օր ֆիլմ նկարեն ու Օսկար ստանա,- Նորարարյանը բիսկվիթը խցկեց բերանն ու երանավետ դեմքով ծամեց։ Իսկ ես, թշերս փքելով, պատկերացրի մեզ Հոլիվուդում` կարմիր գորգի վրա քայլելիս։
Երևանում անձրևը սկսեց ջազ թափել։
Giant steps! Giant steps!
Ջուդին աչքով արեց ինձ։
Երազում տեսա՝ Գոնչարովան նստել էր Երջանկյանի ծնկներին, կչկչում էր ու շրջազգեստի փեշով սրբում նրա ճակատի քրտինքը։ Ջուդին սալօջախի վրա սուրճ էր դնում։ Գարոն, սև, ճարպակալած կատու դարձած, նիրհում էր Երջանկյանի սեղանին։ Իսկ Նորարարյանը, եռանկյունի քանոնը թափահարելով, գլխահակ Պուշկինին ստիպում էր պոեմ գրել չարչարցիների երազանքների մասին։
Հինգշաբթի օրը Նորարարյանը ետուռաջ էր անում Արարատի տակ ու կարդում նախորդ գիշեր մի կերպ քերած՝ Չարչարի բազմաչարչար սթորիս։
-Նոու․․․ նոու․․․ նոու․․․
-Ձեր ակնկալածը չի՞։
-Սթորիդ հեչ սեքսի չի։
-Հա, շատ վատն է։
-Թող վատը լիներ, բայց սեքսի։
Նորարարյանը կանգնեց ուղիղ Արարատի տակ։
-Ստիպված եմ հրաժեշտ տալ քեզ։
-Այսի՞նքն։
Նորարարյանի մի հոնքը՝ Սիս, մյուսը՝ Մասիս։
Ընդունարանում քարտուղարուհին, հարատև ծամոնը բերանի մեջ, խնդրեց՝ Նորարարյանի պայուսակը ներս տանեմ։ Նայեցի բազմոցի վրա թսկած պայուսակին։ Բարձրացրի։ Թեթև էր։ Holy shit! Գցեցի պայուսակն ու լքեցի Նորարարյանի Երազը։
Ազատության պողոտայով քայլեցի դեպի Կասկադ։ Վերևից քաղաքին նայեցի, ինձ մի քիչ նորարարյան զգացի, որ շատ վաղուց Նյու-Յորքում, երկնաքերի կտուրի վրա, Նյու-Յորքը բռի մեջ, մտորում էր ներկա դարի հնարավորությունների մասին։ Քիչ էլ ու նրա պես գլխիվայր ընկնելու էի քաղաքի գլխին։
Մի տարի հետո հեղափոխություն եղավ։ Նորարարյանը վրդովված հայտարարեց, որ իշխանության են եկել սրիկաները։ Գարոյին տեղավորեց մի սիրիական ճաշարանում ու Ջուդիի հետ վերադարձավ Բոստոն կամ Բրուքլին։
Վերջերս էլ Չարչարում մի կով կորավ։ Գյուղով մեկ փնտրում էին նրան։ Երջանկության ցուցանիշը տեղն ընկավ, երբ կովին գտան պատվավոր չարչարցու՝ Նորարարյանի հողամասում անխռով արածելիս։