Սիրված երգերը հայերեն | Կնոջս

Երգչի հիսուն տարվա կինը` Ուլլա Թորսելին, միշտ նախընտրում էր մնալ ստվերում. նրան չէր ուղեկցում շրջագայությունների ժամանակ, բարձրաշխարհիկ երեկույթների չէր գնում… Շառլի պատմելով, Ուլլան միշտ ասում էր` քե’զ հետ եմ ամուսնացել, ոչ թե քո մասնագիտության: Կատակում էր, թե շանսոնը Ազնավուրի սիրուհին է…

2005 թ.-ին Մոսկվայում հենց հարցարզրույցի ընթացքում Ուլլայից զանգ ստացավ.
– Տիկին Ազնավուրն է, միշտ պետք է իմանա` որտեղ եմ, ինչպես եմ ինձ զգում: Անհանգիստ է ինձ համար,- ասաց Ազնավուրը համարյա Մուրադի հպարտությամբ:
Ակնարկեցի ուրիշ կանանց հետ սիրային հնարավոր արկածների մասին: Իսկ նա, թե` երբ մարդ ամուսնացած է եւ հաջող է ամուսնացած ուրիշ կանայք չկան:

Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել, մասնավորապես, հանդուրժողականություն: Ասում էր` նա ուրիշ` ավելի խիստ մշակույթի կրող է եւ կարողացավ կարգի հրավիրել ինձ, ճիշտ ուղի ցույց տալ:

Ազնավուրը կնոջը նվիրված մի շատ գեղեցիկ երգ ունի, որը մնացել է ստվերում, ինչպես Ուլլան…

 

Կնոջս

Երբ քար խոփը ժամանակի
Մեր ճակատները ակոսի,
Երեսներիս վրա հերկվի
Կնճիռը,

Երբ երեխաները հասնեն,
Իրենց տաքուկ բույնը լքեն,
Մեր տկար սրտերը լցնեն
Դողերը,

Երբ մեր ժեստերը տարտամեն,
Ու ես ու դու տեսնենք մեկեն,
Պայծառ (զարմանալիորեն)
Անցյալը,

Երբ ապագա էլ չլինի ,
Փորենք դաշտը մեր հուշերի`
Այր ու կնոջ կյանքի բերրի
Հողերը,

Երբ քայլերով մենք անշտապ
Պարտեզները մտնենք պարապ,
Ծառի պես մեր դեմքը պատի
Եղյամը,

Երբ հազար ջանքերի գնով
Դեռ կիմանանք էլ ինչերով
Սպանել ժամանակը, ապրել
Այս կյանքը,

Երբ մենք լինենք զուտ երկու կյանք
Կապված իրար աննպատակ,
Ափսոսանքով դեռ կբացենք
Այն գիրքը

Երբ թերթենք անցած էջերը,
Ընթերցված բոլոր տողերը
Էլ չենք գտնի ծանոթ բառը`
«Հաջոդիվ»-ը

Երբ վերջապես կյանքը ապրած,
Անորոշի ճամփին կանգնած,
Անվերջ նայեմ քեզ մոլորված
Ու սառը

Երբ տեսնեմ հայացքիդ վրա,
Որ առանց սիրո առաջվա
Ապրելդ երբեք չի դառնա
Էլ նույնը

Երբ աչքս չի տեսնի արդեն,
Որ մատներս ափդ փնտրեն,
Եւ կարկամեմ, լինի պրոբլեմ
Խոսելը

Ի Տեր հանգչելուց քիչ առաջ,
Վերջին անգամ աչքերս բաց
Թե կարենամ կասեմ կամաց
Հրաժեշտի պես ուշացած.

Սիրում եմ …

Առաջաբանն ու երգի թարգմանությունը ֆրանսերենից՝ Արտակ Հերիքյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *