Արմեն Շեկոյան | Շարունակվող խաղ

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԽԱՂ

Կայծակի պես ու արեգակի
մերթ ծագում է, մերթ չքվում անհետ:
Ես խաղ եմ խաղում մի երկակի
ուրիշներ ու ինքս ինձ հետ:

Առավոտ կանուխ զարթնել եմ ու
չգիտեմ՝ Տերն ինձ շնորհք կտա՞,
որ երևակվեմ մարդոց դեմ ու
շողշողամ՝ զերդ մի փայլուն կտավ:

 

ՍԵՐ ԵՎ ՀՈՒՅՍ

Ի՞նչ բառ գրեմ, որ հարատև
մնա քիմքին ձեր բանիմաց.
լավ բառ գրեմ, որովհետև
փող եմ առնում դրա դիմաց:
Սեր կգրեմ. սիրո գետերն
այժմ և միշտ թող վարարեն,
որ դուք չասեք՝ էդ տգետը
ինչո՞ւ խոսեց մեր փոխարեն:

Ես հանուն ձեզ և հանուն ինձ
հույս կըփըռեմ տողերիս տակ,
որ դուք չասեք՝ էդ խեղկատակն
ինչո՞ւ խոսեց մեր անունից:

 

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Դեռ շնչում ենք էս աշխարհում,
շնչում ենք ու ապաշխարում
և կյանքն արդեն չենք նշմարում
գողուբոզի էս աշխարհում:

Գողուբոզի էս աշխարհում
հարիֆներն են ապաշխարում,
այսինքն՝ մենք, այսինքն՝ ես…
Տանուլ տվի, Ամենատե՛ս:

 

ԼՈՂՈՐԴԸ

Լողում եմ. անվերջ ծով է արդեն
իմ ներքևում ու իմ վերևում:
Ձգվում է լողն իմ դեպի անդին,
ու ափերն արդեն չեն երևում:

Ինձ զսպում եմ, որ չբղավեմ՝
օգնե՜ք, մթնո՜ւմ է, ո՜ւշ է արդեն…
Ես շիլաչեցի մի տղա եմ,
ու տեսածներըս հուշ են արդեն:

 

ՑՐՏԻ ՄԵՋ

Ես փուչիկներ փչեցի,
Բայց օդի մեջ պայթեցին:
Բախիս ձիուն հեծնեցի,
բայց կեսճամփին գայթեցինք:

Էս ցրտի մեջ, գիշերով
Էլ ոչինչ չեմ երազում:
Փաթաթված գոլ հուշերով՝
ոչ մի տեղ չեմ վռազում:

 

ՏԱՂ ԱՆՑՈՂԻԿ

Ափսոս կյանք է ՝ զիլ ու ղայիմ,
բայց մի քամի կքշի ինձ,
կերթամ. մի՞թե լավ տղա եմ
Սվո Ռաֆից կամ Շուկշինից:

Դուք էլ կանցնեք. կսուրանք ցած՝
խփվելով մի անսիրտ քամուց.
և մենք կերթանք՝ չկշտացած
բարեկամից ու թշնամուց:

 

ԿԱԶԻՆՈ

Ես՝ երկատված երկու բևեռ:
Իմ չար կեսին հաղթեց բարին:
Էլ երբեւէ մեր այս կյանքում
չենք մեղանչի (իմ հոբարեն) :

Զնգզնգում է իմ երդումն այս
կազինոյի պղտոր օդում:
Որոճում եմ աղերս ու հայց.
պարտըվում եմ ու աղոթում:

Հասկանում եմ. այս վայրերի
համար չէր, որ ես ծնվեցի:
ժամ եմ դրել. ուղիղ վեցին
կթարգեմ կյանքն այս վայրենի:

Սխալմո՞ւնք էր, որ ծնվեցի:
Արդ պատրա՞ստ է ատյանը իմ:
Ժամ եմ դրել. ուղիղ վեցին
ես կըլըքեմ պատյանը իմ:

 

ՄԱՆՐԱԹԵՄԱ

Հոռի, մինչեւ անգամ ոռի,
հոռացված ու մոռացված
կյանք է. կյանք չէ մարդու. բոռի
կյանք է. դարձյալ հոռացած
վրնջում է Պեգասը՝ ձիս
նյութի, փողի պակասից
եւ տալիս է տիրոջը՝ զիս
մի աննման աքացի:

 

ԱՆԲԱԽՏ ՏՂԱ

Երազիս մեջ վարդեր տեսա
ու ծաղկանց հեղեղ…
Թափոր տեսա, ու առջեւից
վստահ,փառահեղ

մի շեկ պարոն էն աշխարհ էր
հեռանում ընդմիշտ…
Ահա այդժամ ես հասկացա,
չէ՛, ավելի ճիշտ՝

զգացի՛, որ ի՛մ թաղումն է
ընթանում էդպես,
զի…դագաղս ինձ սեղմում էր՝
նոր կոշիկի պես:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *