Ալեքսանդր Սոլժենիցին | Շատ ափսոս

Ձեռնարկությունում, որտեղից Աննա Մոդեստովնան պետք է տեղեկանք վերցներ, ընդմիջման ժամ էր: Տհաճ էր, բայց իմաստ ուներ սպասել. մի տասնհինգ րոպե էր մնում, և նա դեռ կհասցներ իր ընդմիջման ընթացքում ստանալ տեղեկանքը:
Աննա Մոդեստովնան աստիճանների վրա սպասել չէր ուզում և փողոց իջավ:
Հոկտեմբերի վերջի օր էր՝ խոնավ, բայց ոչ սառը: Գիշերը և առավոտյան թեթև անձրև էր մաղում, բայց հիմա կտրվել էր: Ջրիկ ցեխով պատված ասֆալտի վրայով սլանում էին մարդատար մեքենաները՝ որոշները խնայելով անցորդներին, ավելի հաճախ ցեխաջուր շպրտելով նրանց վրա: Փողոցի մեջտեղում հաճելիորեն գորշին էր տալիս փոքր-ինչ բարձր գցված ծառուղին, և Աննա Մոդեստովնան անցավ այնտեղ:
Ծառուղում, նույնիսկ ավելի հեռուն, գրեթե ոչ ոք չկար: Այստեղ, շրջանցելով փոքրիկ ջրափոսերը, ավազի վրայով քայլելով՝ ոտքերդ միանգամայն չոր կմնային: Թափված թաց տերևները մուգ փռվածքով հավաքված էին ծառերի տակ, և եթե գնայիր դրանց կողքով, ապա ասես թեթև հոտ էր տարածվում. կյանքի ընթացքում չտվածի մնացո՞րդն էր արդյոք, թե արդեն նեխման սկիզբը, բայց, միևնույն է, կուրծքդ հանգստանում էր այրված գազով հագեցած երկու ճանապարհների մեջտեղում:
Քամի չկար, և դարչնագույն ու սևավուն խոնավ ճյուղերի, ճյուղիկների, ճյուղավորումների և ոստիկների, եկող տարվա բողբոջիկների ամբողջ խիտ ցանցը…-Անյան կանգ առավ-… այդ ամբողջ ցանցը պատված էր անձրևի՝ մառախլապատ օրվա մեջ արծաթավուն-սպիտակ բազում կաթիլների ուլունքաշարով: Դա այն խոնավությունն էր, որ անձրևից հետո մնացել էր ճյուղերի հարթ, նուրբ «մաշկի» վրա և անքամի եղանակին ծորացել, հավաքվել ու կախվել էր արդեն կաթիլներով՝ ներքևի ոստիկների ծայրերից՝ կլոր, իսկ ճյուղերի աղեղներից ձվաձև տեսքով:
Փակած հովանոցը տեղափոխելով նույն ձեռքը, որով պայուսակն էր պահել, և հանելով ձեռնոցը՝ Անյան սկսեց մատները մտցնել կաթիլների տակ ու ճյուղերի վրայից վերցնել դրանք: Երբ դա զգուշորեն էր հաջողվում, ապա կաթիլն ամբողջությամբ փոխանցվում էր մատի վրա և այդտեղ չէր տարածվում, այլ թեթևակի տափականում էր: Մատի ալիքաձև գծագրությունը կաթիլի միջով ավելի խոշոր էր երևում, քան երբ կողքն էր. կաթիլը մեծացնում էր խոշորացույցի նման:
Բայց, ցույց տալով իր միջով, նույն կաթիլը ցույց էր տալիս նաև իր վրա. այն նաև փոքրիկ գնդաձև հայելի էր: Կաթիլի վրա, մառախլապատ երկնքից ընկած լուսավոր դաշտում երևում էին- այո՛- մուգ ուսեր՝ վերարկուի մեջ, գլուխ՝ գործած գլխարկով և նույնիսկ ճյուղերի հյուսվածք՝ գլխավերևում:
Այդպես Անյան մոռացության գիրկն ընկավ և սկսեց որսալ ավելի խոշոր կաթիլները՝ վերցնելով ու վերցնելով դրանք մեկ եղունգին, մեկ մատի փափուկ կողմին: Այդ պահին նա շատ մոտիկից լսեց հատու քայլեր և ձեռքը ետ քաշեց՝ ամաչելով, որ իրեն պահում է ինչպես վայել է կրտսեր որդուն, այլ ոչ թե իր տարիքի կնոջը:
Սակայն անցորդը չէր տեսնում ոչ Աննա Մոդեստովնայի զվարճանքը, ոչ էլ նրան. նա այն մարդկանցից էր, ովքեր փողոցում նկատում են միայն տաքսին կամ ծխախոտի կրպակը: Դա կրթության բացահայտ կնիքը ճակատին մի երիտասարդ էր՝ վառ դեղին խցկուն պորտֆելով, փափուկ բրդյա գործվածքից կարված գունավոր վերարկուով և կարկանդակաձև ճմրթված խավավոր գլխարկով: Միայն մայրաքաղաքում են հանդիպում նման անժամանակ վստահ, հաղթական արտահայտություններ: Աննա Մոդեստովնան գիտեր այդ տեսակը և վախենում էր դրանից:
Վախեցած՝ նա անցավ առաջ և հավասարվեց կապույտ սյունիկների վրա ամրացված թերթի վահանակին: Ապակու տակ փակցված էր «Տրուդը» արտաքին և ներքին էջերով: Մի կեսում կոտրված էր ապակու անկյունը, թերթը թրջվել էր, և ապակին ներսի կողմից խոնավացել էր: Բայց հենց այդ կեսի ներքևի մասում Աննա Մոդեստովնան կարդաց երկու էջում հրապարակված թերթոնային հոդվածի վերնագիրը. «Չու գետի հովտի նոր կյանքը»:
Այդ գետը նրան օտար չէր. նա այնտեղ էլ ծնվել էր՝ Սեմիռեչյեում*: Ձեռնոցով ապակին սրբելով՝ Աննա Մոդեստովնան սկսեց աչքի անցկացնել հոդվածը:
Դրա հեղինակը լավ գրիչ ունեցող թղթակից էր: Սկսել էր մոսկովյան օդակայանից. թե ինչպես էր ինքնաթիռ նստել, և ինչպես, հակառակ մռայլ եղանակին, բոլորն ուրախ տրամադրություն են ունեցել: Նաև նկարագրում էր իր ուղեկիցներին՝ ով ինչու էր թռչում, և նույնիսկ ուղեկցորդուհուն՝ հպանցիկ: Այնուհետև՝ Ֆրունզեի օդակայանը, և թե ինչպես, արևոտ եղանակին համահունչ, բոլորը շատ ուրախ տրամադրություն են ունեցել: Վերջապես նա անցնում էր բուն ճանապարհորդությանը Չու գետի հովտով: Նա եզրույթներով բացատրում էր հիդրոտեխնիկական աշխատանքները, ջրթողները, հիդրոէլեկտրակայանները, ոռոգման ջրանցքները, հիանում էր հիմա արդեն ոռոգված և բարեբեր անապատով ու զարմանում կոլտնտեսային դաշտերի բերքի թվերով:
Իսկ վերջում գրում էր.
«Բայց քչերը գիտեն, որ բնության մի ամբողջ շրջանի այս հսկայական ու տիրական վերափոխումը դեռ վաղուց էր մտահղացված եղել: Մեր ճարտարագետները հարկադրված չեն եղել նորից կատարել հովտի, դրա երկրաբանական շերտերի և ջրերի ռեժիմի մանրակրկիտ հետազոտություններ: Ամբողջ գխավոր մեծ նախագիծը ավարտին հասցվել և աշխատատար հաշվարկներով հիմնավորվել էր դեռ քառասուն տարի առաջ՝ 1912 թվականին ռուս տաղանդավոր հիդրոգրաֆ և հիդրոտեխնիկ Մոդեստ Ալեքսանդրովիչ Վ.-ի կողմից, որն էլ հենց այն ժամանակ սկսել էր առաջին աշխատանքները՝ գործելով իր ռիսկով ու պատասխանատվությամբ»:
Աննա Մոդեստովնան չցնցվեց, չուրախացավ, նա դողաց ներքին ու արտաքին դողով, ինչպես հիվանդանալուց առաջ: Կռացավ, որ ավելի լավ տեսնի վերջին պարբերությունները ամենաանկյունային մասում, նաև փորձում էր սրբել ապակին ու հազիվ կարդում էր.
«Բայց քարացած, ժողովրդի շահերից հեռու ցարական վարչակարգի ժամանակ նրա նախագծերը չէին կարող իրականացվել: Դրանք թաղվել էին հողային բարելավումների դեպարտամենտում, իսկ այն տեղը, որ նա արդեն փորել էր, լքվել էր:
Շա՜տ ափսոս- բացականչականով ավարտում էր թղթակիցը- շատ ափսոս, որ երիտասարդ էնտուզիաստը չապրեց մինչև իր պայծառ գաղափարների հաղթարշավը, որ նա չի կարող հայացք գցել վերափոխված հովտի վրա»:
Վախը հորձանք տվեց Անյայի ներսում, որովհետև նա արդեն գիտեր, թե ինչ կանի հիմա. կպոկի՛ այդ թերթը: Նա գողունի նայեց աջ, ձախ, ոչ ոք չկար, միայն հեռվում ինչ-որ մեկի մեջքն էր երևում: Չափազանց անպարկեշտ էր, ամոթալի, բայց…
Թերթը կախված էր վերևի երեք կոճգամից: Անյան ապակու ջարդված մասով ձեռքը մտցրեց ներս: Թերթի թրջված այդ ծայրում այն անմիջապես կոլոլվեց, դարձավ թղթի թաց գունդ և պոկվեց կոճգամից: Ոտնաթաթերին բարձրանալով՝ Անյան, այնուամենայնիվ, հասավ միջին կոճգամին, շարժեց ու հանեց: Իսկ երրորդին՝ ամենահեռվինին, հնարավոր չէր հասնել, և Անյան պարզապես թափով քաշեց: Թերթը պոկվեց և ամբողջությամբ նրա ձեռքում էր:
Բայց անմիջապես էլ թիկունքում լսվեց միլիցիոների սուլիչի ընդհատ-ընդհատ, կտրուկ սուլոցը:
Անյան ասես կրակի միջից (նա ուժեղ վախենալ գիտեր, իսկ միլիցիոների սուլիչը նրան միշտ էր վախեցրել) դուրս քաշեց դատարկ ձեռքը, ետ դարձավ…
Փախչելն ուշ էր և ոչ արժանավայել: Ոչ թե ծառուղու երկայնքով, այլ ցանկապատի որմնանցքով (որն Անյան նախկինում չէր նկատել) անցնելով՝ իրեն էր մոտենում բարձրահասակ միլիցիոները, որ ետ գցած գլխանոցով թրջված անձրևանոցի պատճառով առանձնապես խոշորամարմին էր թվում:
Նա հեռվից չխոսեց: Նա մոտեցավ անշտապ: Վերից վար նայեց Աննա Մոդեստովնային, հետո ապակու ետևն ընկած ճմրթված թերթին, դարձյալ Աննա Մոդեստովնային: Նա խստորեն վեր էր խոյանում կնոջ ետևում: Լայնաքիթ կարմրագույն դեմքից ու ձեռքերից երևում էր, թե որքան առողջ է. միանգամայն կարող է մարդկանց դուրս քաշել հրդեհից կամ առանց զենքի բռնել ինչ-որ մեկին:
Ձայնը չբարձրացնելով՝ միլիցիոները հարցրեց.
-Այս ի՞նչ բան է, քաղաքացուհի: Քսանհինգ ռուբլի վճարելո՞ւ ենք…
(Օ՜, եթե միայն տուգանքը լիներ: Անյան վախենում էր, որ իր այդ արարքն ավելի վատ կմեկնաբանվի):
-… Թե՞ ուզում եք, որ մարդիկ թերթեր չկարդան:
(Ահա՛, ահա՛):
-Ա՛հ, ի՞նչ եք ասում: Ա՛հ, ոչ: Ներեցե՛ք:- Աննա Մոդեստովնան սկսեց նույնիսկ ինչ-որ ձևով մեջքը կորացնել:- Ես շատ եմ ափսոսում… Ես հիմա նորից տեղը կկախեմ… եթե թույլ կտաք…
Դե չէ, եթե նա թույլ էլ տար, մի պատռված ծայրով ու մի թրջվածով այդ թերթը դժվար կլիներ կախել:
Միլիցիոները վերևից նրան էր նայում՝ որոշում չարձակելով:
Նա արդեն վաղուց էր հերթապահում և անձրևի տակ էր ընկել, և իսկը կլիներ, որ կնոջը հիմա բաժին տաներ՝ պոկած թերթով հանդերձ. մինչև արձանագրություն կազմեին՝ թեթևակի կչորանար: Բայց նա ուզում էր հասկանալ: Կարգին հագնված տիկին է, առաջացած տարիքի, հարբած չէ:
Աննա Մոդեստովնան նայում էր նրան և սպասում պատժին:
– Ինչո՞ւ ձեզ դուր չի գալիս թերթը:
– Այստեղ հորս մասին է…- Ամբողջովին ներողության արտահայտություն դարձած՝ նա կրծքին էր սեղմում հովանոցի կոթը, պայուսակն ու հանած ձեռնոցը: Չէր էլ տեսել, որ մատն արնոտել էր՝ ապակուն քսելով:
Հիմա միլիցիոները հասկացավ նրան, ափսոսաց մատի համար ու գլխով արեց.
– Հայհոյո՞ւմ են… Դե, իսկ ի՞նչ օգուտ կտա մի թերթը պոկելը…
– Ո՛չ: Ոչ, ո՛չ: Ընդհակառակը՝ գովում են:
(Ախր, նա այնքան էլ չար չէ):
Այստեղ նա տեսավ իր մատի արյունը և սկսեց ծծել այն: Եվ անընդհատ նայում էր միլիցիոների խոշոր, հասարակ դեմքին:
Միլիցիոների շրթունքները թեթևակի բացվեցին.
– Իսկ ի՞նչ է, չէի՞ք կարող կրպակից գնել:
– Բայց նայեք, թե որ օրվանն է,- Աննա Մոդեստովնան մատն արագ կտրեց շրթունքներից և ցույց տվեց ցուցափեղկի մյուս մասում չպոկված թերթը:- Այն երեք օր չեն հանել: Հիմա որտե՞ղ կգտնես:
Միլիցիոները նայեց ամսաթվին: Մի անգամ ևս՝ կնոջը: Մի անգամ ևս՝ ընկած թերթին: Հոգոց հանեց…
– Պետք է արձանագրություն կազմել: Եվ տուգանել… Դե լավ, վերջին անգամը լինի, արագ վերցրեք, քանի դեռ ոչ ոք չի տեսել…
– Օ՜, շնորհակալությո՛ւն: Շնորհակալությո՛ւն: Ի՜նչ վեհանձն եք: Շնորհակալությո՛ւն:- Արագ-արագ վրա տվեց Աննա Մոդեստովնան՝ շարունակելով նույնությամբ փոքր-ինչ կորացնել մեջքը կամ փոքր-ինչ կռանալ և թաշկինակը հանելու ու մատը փաթաթելու մտադրությունը փոխելով՝ վարդագույն մատով նույն ձեռքը ճարպկորեն մտցրեց նույն տեղը, ճանկեց թերթի ծայրն ու դուրս քաշեց:- Շնորհակալությո՛ւն:
Թերթը դուրս եկավ: Անյան, ինչպես կարող էր, անկյունի թրջվածության դեպքում և մի ձեռքով, ծալեց այն: Դարձյալ հարգալից կորացածությամբ ասաց.
– Շնորհակա՛լ եմ ձեզ: Չեք կարող պատկերացնել, թե սա ինչ ուրախություն է մորս ու հորս համար: Կարո՞ղ եմ գնալ:
Կողքով կանգնած՝ միլիցիոները գլխով արեց:
Եվ կինն արագ քայլեց՝ բոլորովին մոռանալով, թե ինչու էր այդ փողոց եկել, կրծքին սեղմելով ծուռ ծալած թերթը և երբեմն ընթացքում ծծելով մատը:
Վազքո՛վ դեպի մոր մոտ: Հնարավորինս շուտ կարդալ երկուսո՛վ: Հենց հորը մշտական բնակության վայր նշանակեն՝ մայրը կգնա այնտեղ և հետը կտանի թերթը:
Թղթակիցը չգիտեր: Նա չգիտեր, այլապես ոչ մի դեպքում չէր գրի: Խմբագրությունն էլ չգիտեր, այլապես բաց չէր թողնի: Երիտասարդ էնտուզիաստը վերապրել էր: Նա ապրել էր մինչև իր գաղափարների լիակատար հաղթանակը, որովհետև նրա մահվան դատավճիռը փոխել էին, նա քսան տարի նստել էր բանտերում ու ճամբարներում: Իսկ հիմա՝ ցմահ աքսորի էտապի ժամանակ, նա դիմում էր գրել իրեն՝ Բերիային, խնդրելով Չու գետի հովիտ աքսորել իրեն: Բայց նրան չխցկեցին այնտեղ, և պարետատունը հիմա ոչ մի կերպ չէր կարողանում ինչ-որ մի տեղ խոթել այս անօգուտ ծերուկին. հարմար աշխատանք չկա, իսկ թոշակի համար դեռ շուտ էր:

1965

*Ղազախերեն՝ Ջեթիսու: Կենտրոնական Ասիայի այս տարածքին անվանում տված տեղանքներից է նաև Չու գետի հովիտը.- թարգմ.:

Թարգմանությունը ռուսերենից՝ Հովհաննես Այվազյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *