«Քո արվեստը դպրոցում» ծրագիրն այս անգամ մեզ հնարավորություն է տվել այցելել Արմավիրի մարզի Շենավան համայնք: Ճանապարհին ամենուր անչափ գեղեցիկ գյուղեր են՝ բալի, սալորի, խնձորի ծաղկած այգիներ, մեծ ու լայնարձակ գյուղեր ու տեսարանը փչացնող, մոտ չորս-հինգ գյուղի տարածքով ձգվող սասրափելի վատ ավտոմայրուղի:
Դպրոցում ինձ սպասում են, տեղյակ են ծրագրից, կարելի է ասել շահող դպրոց է. ծրագրի շրջանակներում 4 արվեստագետ արդեն այցելել է դպրոց, որոնց թվում են արձակագիր՝ Հովհաննես Երանյանը, հեքիաթաթերապիայի դասընթացով՝ մանկագիրԱնուշ Մարգարյանը:
Դպրոցի շենքային ու գույքային պայմանները, մեղմ ասած, ավելի լավին ձգտելու տեղ են թողնում: Պատերը տեղ-տեղ քարուքանդ են, բետոն հատակը՝ վնասված, սանհանգույցը՝ վատ վիճակում: Տնօրեն ու գրադարանավարը ինձ ցույց են տալիս գրադարան՝ ֆիզիկապես մաշված գրքերով: Կրթական ծրագրով անցնող գրականությունն անգամ կա՛մ բացակայում է, կա՛մ այնքան վատ վիճակում է, որ մեծ ցանկության դեպքում անգամ ձեռքդ չես վերցնի ու ընթերցես գիրքը: Մարզպետարանը կրթության բաժինը մի քանի գիրք է հատկացրել այս տարի. պետաջկցությամբ տպագրված գրքեր են՝ Ազգային գրադարանի ֆոնդից: Տասնյակ տարիներով դպրոցը նոր գրականություն չի ստացել:
Երեխաների հետ հանդիպումն անցնում է սովորականի պես, ժամանակակից հայ հեղինակներին չեն ճանաչում, դասը լսում են ուշադիր, ժամանակակից գրականության ընկալման բարդություն ունեն:
Հետաքրքիր է, որ արդեն որերորդ անգամ, երբ խնդրում եմ մեկնաբանել ընթերցված բանաստեղծությունը, երեխաները շատ ճիշտ մատնանշում են բանաստեղծության այն ելուստները , այսպես ասած հիմնասյունները, սակայն դժվարանում են կապող, ասոցիացիաներ ապահովող անցումները ստեղծել: Բնականաբար, խնդիրը նոր բանաստեղծության անսվորություն է, ընկալման մեխանիզմների վարժվածության, փորձի պակասը:
Սիրում են ընթերցել. Հրաչիկն, օրինակ, ասում է, որ պատմավեպեր է ընթերցում՝ Սերո Խանզադյան, Րաֆֆի: Աննա նոր է վերջացրել Վարդագես Պետրոսյան «Ապրած և չապրած տարիներ» ստեղծագործության ընթերցումը. մյուսները ամաչկոտ լռում են:
Եվ, այնուամենայնիվ, Արմավիրի մարզի Շենավանի դպրոցը հոգածության կարիք ունի, այստեղ սովորող աշակերտներն էլ ավելի լավ դպրոցի ու գրադարանի են արժանի, հուսանք՝ պատկան մարմինների հոգածությունը առաջիկա տարիներին ավելի նկատելի կլինի այս դպրոցում: