Արդեն վեց ամիս է տիկին Ռիտան հյուրեր չի ունեցել: Այդ ընթացքում նա հասցրել է գրել հարյուր վաթսունհինգ բանաստեղծություն, բոլորն էլ իրենց գրական արժեքով անպիտան, բայց՝ անկեղծ: Օրվա մեջ մի քանի անգամ զանգահարել է ոստիկանություն, «շտապ օգնություն», հրշեջ ծառայություն ու կարդացել այդ բանաստեղծությունները: Չորս անգամ վերընթերցել է Բալզակի «Հայր Գորիոն» ու չորս անգամ էլ վերջում հուզվել: Եվ մեկ շատ կարևոր ու ծավալուն նամակ է գրել Վլադիմիր Պուտինին, որն իր մեջ ներառում է Սովետական միության ժամանակաշրջանից իր հաճելի հիշողությունները, որդու մասնագիտական հաջողություններն ու Հայաստանի մասին որոշ պատմական տեղեկություններ, իսկ վերջում խնդրել է փրկել երկիրը կործանումից: Այդ նամակին նա տալիս է հատուկ կարևորություն՝ վստահ, որ Հայաստանի ապագան իր ձեռքերում է:
Իր գրական գործունեությունը նա սկսել է վերջին մի տարում, երբ առողջական խնդիրների պատճառով դադարեց տնից դուրս գալ: Սկզբում որոշ հեռավոր բարեկամներ գալիս էին տեսակցության, բայց արդեն վեց ամիս է ընդհանրապես հյուրեր չի ունեցել: Մի ժամանակ իջնում էր բակ, անցորդների հետ շփվում, թաղի երեխաների հետ կռվում, աղջիկներին կարճ զգեստներ հագնելու համար ամոթանք տալիս, տղաներին՝ արգելում ծխել: Մի խոսքով, գոնե իրեն մենակ չէր զգում: Տարածքում բոլորը նրան ճանաչում էին որպես շլյապայով կին: Ամեն օր, երբ արևը բակից հեռանում էր, նա լայնեզր շականակագույն շլյապան դրած հայտնվում էր բակի միակ թթենու տակ գտնվող նստարանին ու սկսում ակտիվ շփվել բոլորի հետ: Չի կարելի ասել, որ նրան չէին սիրում, բայց տեսնելիս ով ինչպես կարողանում էր փոխում էր ճանապարհը: Ավելի հեշտ էր խուսափել նրան հանդիպելուց, քան՝ հետը զրուցելուց: Իսկ զրույցներն իհարկե ուղեկցվում էին միայն տիկին Ռիտայի մենախոսությամբ ու ձգվում էին բավականին երկար: Թոշակի օրերին թաղի երեխաների համար պաղպաղակ էր գնում ու տալիս միայն Նիցշեի և Շոպենհաուերի գաղափարախոսությունների մասին երկար դասախոսությունից հետո, երբ պաղպաղակներն արդեն հալած էին լինում: Ոչ ոք երբեք չէր տեսել, որ Շլյապայով կինը հյուրեր ունենա, փոխարենը մշտապես լսում էին նրա որդու հաջողությունների մասին. պատմություններ, որ բառ առ բառ, անուն առ անուն գիտեին բոլորը: Նա միշտ հպարտությամբ նշում էր, որ որդին շուտով իրեն Գերմանիա է տանելու, դրա համար էլ հարևանները կարծում էին, որ նա արդեն մեկնել է:
Արմենը նրա միակ որդին է: Համալսարանն ավարտելուց հետո գնաց Գերմանիա ուսումը շարունակելու և մշտական բնակություն գտավ այնտեղ: Բայց ամեն ամիս կատարում է իր որդիական պարտքն ու մորն ուղարկում 200 դոլար: Չնայած 40 տարվա դասախոսի ստաժի համար տրվող թոշակը բավարարում է տիկին Ռիտայի փոքրաթիվ ծախսերին, նա միշտ հետևողական ստուգում է այդ գումարի առկայությունն ու դրանից եզրակացնում, որ որդու հետ ամեն ինչ կարգին է, ֆինանսական խնդիրներ չունի, առողջական՝ նույնպես, և ամենակարևորը՝ իրեն չի մոռացել: Արմենն արդեն հասցրել է երկու անգամ ամուսնանալ և տիկին Ռիտային պարգևել երեք թոռ, որոնց նա տեսել է միայն լուսանկարներով: Վերջին անգամ Հայաստան եկել է երկու տարի առաջ՝ հոր մահվան կապակցությամբ, հենց այդ ժամանակ էլ մորը խոստացել է շուտափույթ դասավորել փաստաթղթերն ու տանել իր մոտ: Դեռ այդ ժամանակվանից տիկին Ռիտան իր օժիտից մնացած երկու հին ճամպրուկների մեջ դասավորել է նույն օժիտից մնացած որոշ անհրաժեշտ իրեր՝ վերջին րոպեին հավաքելուն թողնելով միայն առօրյա օգտագործվող բաները:
Բարեբախտաբար վերջին շրջանում տիկին Ռիտանի մի շարք տարիքային հիվանդություններին գումարվել էր նաև սկլերոզը, և չնայած դրա պատճառով նա հաճախ նույն բանաստեղծությունը երկու անգամ էր հորինում, միևնուն է նրան միշտ թվում էր, որ Արմենը անցած ամիս է գնացել և ուր որ է թղթերը պատրաստ կլինեն:
Միակ բանը, որ երբեք չէր մոռանում՝ արթնանալուն պես օրացույցի վրա նշան անելն է: Բայց մի օր չէր գտնում գրիչը ու ամբողջ մի օր ոչ միայն որևէ բանաստեղծություն չգրեց, այլև՝ նշան չարեց և մեկ օրով հետ ընկավ կյանքից: Նա այդպես էլ չիմացավ, որ իր յոթանասունհինգ ամյակը նշել էր մեկ օր ուշ և որ Արմենը իրականում զանգահարել էր ծննդյան հաջորդ օրը:
Այսօր առաջին անգամ մոռացավ: Օրը շատ անսպասելի սկիզբ ունեցավ: Արթնացավ հեռախոսազանգից: Մարմնի ծանրության համար անսովոր ճկունությամբ նա վեր թռավ անկողնուց ու վազեց դեպի հեռախոսը: Որդին էր. հայտնում էր, որ գալիս է Հայաստան: Երջանկությունից իրեն կորցրած, ինչ-որ մեկի հետ կիսվելու անզուսպ ցանկությամբ տիկին Ռիտան զանգահարեց ոստիկանություն ու հայտնեց լուրը: Երբ ի պատասխան հեռախոսը անջատեցին՝ սովորականի պես բարկացած այդ մասին գրելու փոխարեն, նույն ոգևորությամբ զանգահարեց շտապ օգնություն և հրշեջ ծառայություն: Միայն դրանից հետո վազեց խոհանոց: Միջանցքում նա հիշեց, որ վերջին շրջանում իր ոտքերը ցավում էին, ու ավելի շատ բնազդորեն, քան ցավից դրդված՝ խոհանոց մտավ դանդաղաքայլ: Սկսվեց ամանորի նախապատրաստական օրերին հատուկ իրարանցում: Պատրաստում էր հիշողության մեջ պահպանված բոլոր բաղադրատոմսերը: Այդ ընթացքում նա հորինեց երկու-երեք բանաստեղծություն, որոնք թղթին հանձնելու ժամանակ չունեցավ: Այնքան բան կար անելու: Գրեթե շնչակտուր նա հատակն էր ավլում, փոշիները սրբում ու անհարկի հաճախականությամբ հետևում գազօջախում տապակվող կարտոֆիլին: Օրվա երկրորդ կեսին, երբ խոհանոցում «խնջույքի» նախապատրաստական աշխատանքներն ավարտվել էին, տունը կատարյալ մաքուր էր, սեղանը հրեց սենյակի կենտրոն ու պահարանից հանելով ճամպրուկները՝ քաշ տվեց դռան մոտ: Միայն դրանից հետո սկսեց զբաղվել իրենով: Հագավ միակ տոնական զգեստը, որով չէր էլ հիշում, թե վերջին անգամ որ թվի նոր տարին է դիմավորել ու հայտնաբերեց, որ այդ ժամանակվա համեմատ բավականին գիրացել է: Չկարողանալով կոճկել վերջին մի քանի կոճակները, կուրծքը թաքցրեց ուսերին գցած շալով: Երբ մոտեցավ հայելուն, նկատեց, որ մազերը գրեթե ամբողջովին սպիտակ են, միայն տեղ-տեղ վերջին ներկածից պահպանվել են դեղին հատվածներ: Որդու աչքում ծերացած երևալու հեռանկարից տխրեց, ու որոշեց դա քողարկել իր միակ շականակագույն շլյապայով: Նա այսօր նույնիսկ շուրթերը ներկեց:
Արդեն մթնել է: Հյուրասենյակի կենտրոնում բացված սեղանին՝ ուտելիքների առատության մեջ կորել է տոնական սպիտակ սփռոցը, որը նա այնքան խնամքով արդուկել էր: Սեղանի գլխին նստած ՝ քաղցած, բայց ափսեն դեռ դատարկ, որդուն է սպասում Շլյապայով կինը: Նա շարունակ նայում է ժամացույցին, նույնքան անհանգիստ, որքան տարիներ առաջ, երբ որդին վերադառնում էր բանակից: Այժմ ծեր մարմինը զգացնել էր տալիս օրվա ողջ հոգնությունը ու սեփական ձեռքը բարձրացնելը ծանր է թվում: Եվս մեկ անգամ ժամացույցին նայելուց հետո, իրեն թույլ տվեց գինի խմել ու ձեռքը մի կերպ հասցրեց շշին: Գինով լի գավաթին նայելով, նա թույլ ժպտաց, հիշեց, որ այն նվիրել էին իր ուսանողները՝ մարտի 8-ի առիթով: Հետո նայեց պահարանի վրա դրված ճենապակե ծաղկամանին՝ դա էլ լուսահոգի սկեսուրն էր նվիրել ու մի փոքր ավելի երկար նայեց ծաղկամանին հենած սև ու սպիտակ ընտանեկան լուսանկարին: Իր հայրական տան այգին էր, ծնողներն էին, տատը, եղբայրը, երկու քույրերն ու ինքը՝ կրկին շլյապայով, երևի նույն այս շլյապայով: «Ես հաղթեցի» մտածեց դառը քմծիծաղով: Նա այդ լուսանկարի հերոսներից միակ ողջ մնացածն էր: Բաժակները հաջորդում էին իրար ու որքան թմրում էր մարմինը, այնքան բթանում էին ցավերն ու հորդում հիշողությունները: Խմում էր ու հիշում այն ամենը, ինչը թվում էր վաղուց մոռացել է՝ Արմենի առաջին սահնակը, որը գնեց իր վերարկուի փոխարեն, մոր նվիրած ոսկե ականջօղերը, որը վաճառելով գնեց Գերմանիայի տոմսը, տատի բրդե շալը, որով բուժում էր բոլոր հիվանդությունները, ամուսնու միակ ավտովթարը՝ իրենց կանաչ մեքենայով ու… ու այլևս ոչինչ չհիշեց: Գլուխը կախ ընկավ ու շլյապան հայտնվեց հատակին:
Արմենը եկավ առավոտյան՝ իրեն Հայաստան բերած գործնական հանդիպումն ավարտելուց հետո: Երկու օր անց գնաց Գերմանիա՝տանելով իր հետ տիկին Ռիատյին, տանելով առանց ճամպրուկների՝ ձեռքում զգուշորեն պահելով սափորը: