Քո արվեստը դպրոցում | Գյումրի քաղաքի Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոց

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում իմ հաջորդ այցը Գյումրի քաղաքում գտնվող Շիրակի պետական համալսարանին կից ավագ դպրոցն է: Եթե անկեղծ, այս մի դպրոցն ինքս եմ ընտրել (նման հնարավորություն էր ընձեռվել 🙂 ), կարելի է ասել՝ հանրային քվերակության արդյունքում: Հարցին, թե Գյումրի քաղաքում որ դպրոցը կառաջարկեք այցելել, ընկերներս աներկբա ու միահամուռ պատասխանում են. «Մարիամ Վարդանյանի աշակերտներին այցելեք»: Մարիամին Ֆեյսբուքից եմ ճանաչում, ակտիվ մասնակցում է հասարակական-քաղաքական իրադարձություններին, կարդում ու տարածում գրական ամենավերջին նորությունները, ընկերներիս արձագանք էլ ինձ հուշում է, որ Գյումրիում հանդիպելու եմ ժամանակակից հայ գրականությունից տեղյակ աշակերտների:
Եվ այո, Գյումրիում գործող ՇՊՀ Ավագ դպրոցի աշակերտները միակն էին ամբողջ ծրագրի ընթացքում, որ՝ ո՞ւմ եք ճանաչում ժամանակակից հայ գրողներից հարցին պատասխանում են իրար հերթ չտալով՝ Հովհաննես Գրիգորյան, Հասմիկ Սիմոնյան, Արամ Պաչյան, Լևոն Խեչոյան, Հուսիկ Արա, Երվանդ Վարդանյան, Անահիտ Հայրապետյան և մյուսներ:
Մեր հանդիպումն ու քննարկման որակն անչափ տարբերվող է. մի խումբ խելացի աղջիկների արդեն տեքստից եկող հարցադրումները հետաքրքիր քննարկման հնարավորություն են ընձեռնում և թույլ տալիս խոսել ոչ թե անկախության պոեզիայի դրվագային, ճանաչողական կողմի, այլ գաղափարական ու գեղագիտական բազմաթիվ լուրջ հարցադրումների մասին:
Արդեն նշել եմ, որ Գյումրիում գործող դպրոցների աշակերտների համար անչափ բարերար մթնոլորտ է ստեղծում «Թումո» ստեղծարար կենտրոնն ու այնտեղ կազմակերպած դասընթացները, սակայն կարծում եմ, որ այս դպրոցում, նախևառաջ, աշակերտների նման իմացության համար պետք է շնորհակալ լինենք Մարիամ Վարդանյանին:
Եվ հասկանալի է դառնում, որ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնված, չնահանջող, մշտապես էներգիայով լի, փնտրող անհատը, մեկ անհատը, ինչքան մեծ, կարևոր առաքելություն կարող է ունենալ՝ ավելի տեղեկացված, ավելի ինտելեկտուալ, ընթերցող հասարակություն կերտելու գործում: Անշուշտ, Մարիամը միակը չէ, մենք բազմաթիվ իրենց գործին նվիրված ուսուցիչներ, տնօրեններ ու գրադարանավարներ ունենք, որոնք դեռ չեն կորցրել լուսավոր դպրոց ունենալու իրենց տեսլականը:
Եվ թող իմ այս նյութը լինի որպես հարգանքի տուրք ու խոնարհում բոլոր այն մանկավարժներին, որ նման բարդ պայմաններում, չեն կոտրվում, չեն նահանջում, այլ շարունակում են իրենց լուսավոր առաքելությունը:

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *