Նելլի Տոնոյան | Սիրելի բոլոր

Գրեթե բոլոր հարաբերություններում
Վավերագրվող բաներ են մնում,
Օրինակ`
Ցավ,
Ցավի քծնանք,
Երեսպաշտություն,
Լավատեսության տոքսիկ երանգներ,
Հոռի կողմ,
Հոռի հոգիներ,
և գրեթե բոլոր հարաբերություններում
մենք ո/հոռի ենք:

 

***
իքս տեղում էր աշխատանքս,
որտեղ նախաճաշին տալիս էին
տապակած լոբի և թան,
հաջորդ օրը`
հավով ապուր, պանիր և վարունգ,
իսկ երբ շաբաթը մոտենում էր ավարտին,
թուքումուր էին տալիս
նախաճաշին և կեսօրին:

 

***
Սիրելի բոլոր,
Այսօր մաքրեք ձեր ձեռքերը
Շան կղանքով.
Ձեր լեզուն պապանձված շուն է,
Լացկան երեխա:
Ձեր միտքը` բամբասկոտ պառավ.
Վերարտադրվող հեղուկ,
Չար բան է,
Շարքային ՀԴՄ.
Կերեք թուղթը տպվելուց հետո,
Կերեք ձեր որդիներին, կողակիցներին, բոլորին,
հետո թքեք բոլորի վրա:

Երբ այլևս չեն ուզում ուտել…
-Մեռնում են,-հարցնում եմ:
-Մեռնում են,-հնչում է պատասխանը:

 

***
Ուրիշի անուղղակի խոսք
Ալեխառն մորուք
Ներսում արաղի կաթիլներ
Որդի
Ճանկված որդի
Ալեխառն որդի
Ասում են` կուշտ է,
Չնայած` ստացել եմ պատասխանս..
Խեղկատակ որդի,միամիտ որդի,
Ձկի ջրով լվացված խաղող ես բերել
Մահամերձ մորդ համար,
Գիլա-գիլա որդի,
Գիլա-գիլա կերար,
Իմ որդի,
Ամբողջ հասակով՝
Պատին մեխված որդի,
Կծու խոսք որդի,
Գլխամաշկիդ վրա
Կամ մեջ
Մեզահոտից մեխված
Ու մեխի որդի:
Մեռնում է,- հարցնում եմ:
Ճակատին սառը քրտինք է տալիս:

 

***
Գտածո ես,-ասում եմ:
Ասում է՝ դու էլ:
Սիրել գտած բաները,
և թող տրվեն դրանք
մեր խղճազուրկ ստամոքսներին:

 

***

Մենք ցեխաջրերի մեջ էինք
Ու ապրում էինք ցեխաջրերում
փորձեցինք մաքրվել,
բայց պարզվեց էմոցիոնալ թույլ ենք,
մեծացանք
ու թմբիրում ենք
նույն ցեխաջրերի մեջ
խեղդող, ներքաշող
հետո հայրենիք ունեցանք՝
ցեխաջրերի մեջ
ու մեզ թվաց
որ հայրենիքի համար 500 հատ
քոմենթ պիտի գրենք
ու իրար կոկորդ կրծենք
ցեխաջրերի մեջ ՝
տարբեր տառաչափերով կամ
լատինատառ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *