Երբ մի քանի տարի առաջ մանկությանս ընկերներից մեկը, որը փայլուն, ուժեղ ու բարի կին է հիմա, հարցրեց ինձ, թե ինչպես իր փոքրիկ աղջկան ֆեմինիստ դաստիարակի, առաջին միտքս այն էր, որ չգիտեի։
Չափազանց լուրջ գործ էր թվում։
Ես ֆեմինիզմի մասին հանրային ելույթներ էի ունեցել, և գուցե այդ պատճառով էր նա կարծում, որ թեմայի գիտակ էի։ Նաև տարիներ շարունակ օգնել եմ հոգ տանել իմ սիրելիների երեխաների մասին, դայակ եմ աշխատել և օգնել եմ մեծացնել քույրերիս ու եղբայրներիս երեխաներին։ Ես շատ էի տեսել և լսել ու դրանից ավելի շատ մտորել էի։
Ի պատասխան ընկերոջս խնդրանքի՝ որոշեցի նամակ գրել նրան՝ հուսալով, որ այն անկեղծ և գործնական կլինի ու քարտեզի նման մի բան կդառնա նաև ֆեմինիզմի մասին իմ սեփական մտորումների համար։ Այս գիրքը այդ նամակի տարբերակն է՝ որոշ մանրուքների փոփոխությամբ։ Եվ հիմա, երբ ես էլ եմ մի հրաշալի աղջկա մայր, հասկացա, թե որքան հեշտ է խորհուրդ տալ երեխա մեծացնելու վերաբերյալ, երբ ինքդ չգիտես դրա հսկայածավալ բարդությունների մասին։
Միևնույն է, մտածում եմ, որ բարոյապես պարտադիր է անկեղծ երկխոսել երեխաներին տարբեր կերպ դաստիարակելու, կանաց և տղամարդկանց համար առավել արդար աշխարհ կառուցելու մասին։
Ընկերս ինձ պատասխան ուղարկեց՝ ասելով, որ «կփորձի» հետևել խորհուրդներիս։
Եվ որպես մայր վերընթերցելով՝ ես նույնպես միտված եմ փորձել։
Սիրելի Իջեաուելե,
Ի՜նչ երջանկություն։ Եվ ի՜նչ սքանչելի անուններ՝ Չիզալում Ադաորա։ Նա շատ գեղեցիկ է։ Ընդամենը մի շաբաթական է, բայց կարծես արդեն աշխարհով հետաքրքրված։ Ինչ հրաշալի բան ես արել՝ կյանք լույս աշխարհ բերելով։ «Շնորհավորանքներս» չափազանց աննշան են թվում։
Նամակդ արցունքոտեց աչքերս։ Դե գիտես, որ երբեմն հիմարի նման զգացմունքային եմ դառնում։ Միայն իմացիր, որ խնդրանքիդ, թե ինչպես նրան ֆեմինիստ դաստիարակել, ես լուրջ եմ վերաբերում։ Հասկանում եմ, թե ինչ նկատի ունես, երբ ասում ես, որ միշտ չգիտես, թե տվյալ իրավիճակի ֆեմինիստական պատասխանն ինչպիսին պետք է լինի։ Ինձ համար ֆեմինիզմը միշտ համատեքստային է։ Ես չունեմ քարացած որևէ օրենք։ Բանաձևի նման ինչ-որ բան եթե ունեմ, ապա իմ երկու «ֆեմինիստի գործիքներ»-ն են, և իբրև սկիզբ ՝ ուզում եմ կիսվել քեզ հետ դրանցով։
Առաջինը քո նախադրյալն է, այն կայուն, աներեր հավատը, որով առաջնորդվում ես։ Ո՞րն է քո նախադրյալը։ Քո ֆեմինիստական նախադրյալը պետք է լինի հետևյալը՝ ես կարևոր եմ։ Ես հավասարապես կարևոր եմ։ Ոչ թե «միայն եթե»։ Ոչ թե «այն դեպքում որ»։ Ես հավասարապես կարևոր եմ։ Վերջակետ։
Երկրորդ գործիքը հարց է․ կարո՞ղ ես որևէ X բանի տեղերը փոխելով նույն արդյունքը ստանալ։
Օրնակ՝ շատերը կարծում են, որ կնոջ ֆեմինիստական պատասխանը ամուսնու անհավատարմությանը վերջինս լքելն է։ Բայց իմ կարծիքով՝ մնալն էլ կարող է երբեմն ֆեմինիստական ընտրություն լինել։ Եթե Չուդին ուրիշ կնոջ հետ քնի, և դու նրան ներես, արդյո՞ ք պատկերը նույնը կլինի, եթե դու քնես ուրիշ տղամարդու հետ։ Եթե այո, ապա քո նրան ներելը, ևս կարող է ֆեմինիստական ընտրություն լինել, քանի որ այն գենդերային անհավասարությամբ չի պայմանավորված։ Դժբախտաբար, իրականում շատ ամուսնություններում պատասխանը կլիներ ոչ, և պատճառը` սեռով պայմանավորված այն անհեթեթ գաղափարով, որ «տղամարդը մնում է տղամարդ», ինչը տղամարդկանց համար ցածր ստանդարտներ ունենալն է ենթադրում։
Ես Չիզալումին դաստիարակելու հետ կապված մի քանի խորհուրդ ունեմ։ Բայց հիշիր, որ գուցե անես ամեն բան, ինչ խորհուրդ եմ տվել, և նա միևնույն է չդառնա այնպիսին, ինչպիսին, որ դու ես ուզում, քանի որ կյանքը երբեմն չի ընթանում մեր ուզածի պես։ Կարևորն այն է, որ փորձում ես: Եվ ամենակարևորը՝ հավատա բնազդներիդ, որովհետև սերը դեպի զավակդ կուղղորդի քեզ։
Ահա խորհուրդներս՝
Առաջին խորհուրդ
Եղի՛ր լիարժեք մարդ։ Մայրությունը չքնաղ նվեր է, բայց մի՛ սահմանիր ինքդ քեզ բացառապես մայրությամբ։ Եղի՛ր լիարժեք մարդ։ Երեխայիդ դա միայն կօգնի։ Ամերիկյան առաջադեմ լրագրող Մարլին Սանդերսը, որը պատերազմի ժամանակ առաջին կին լրագրողն էր Վիետնամում (և տղայի մայր էր) մի անգամ այսպիսի խորհուրդ տվեց երիտասարդ լրագրողներից մեկին․ «Երբեք ներողություն մի՛ խնդրեք աշխատելու համար։ Դուք սիրում եք այն, ինչ անում եք, իսկ դա մեծ պարգև է Ձեր երեխայի համար»։ Ես կարծում եմ, որ այս խոսքերը շատ իմաստուն և հուզիչ են։ Նույնիսկ կարող ես աշխատանքդ չսիրել։ Ուղղակի կարող ես սիրել այն, ինչ աշխատանքը տալիս է քեզ՝ այն ինքնավստահությունն ու ինքնաբավարարվածությունը, որոնք ուղեկցվում են ինչ-որ բան անելով և վաստակելով։
Չեմ զարմանում, որ տալդ ասում է, թե պետք է «ավանդական» մայր լինես ու տանը մնաս, քանի որ Չուդին կարող է իրեն թույլ տալ, որ դու չաշխատես։
Մարդիկ ընտրողաբար օգտագործում են «ավանդույթը» ցանկացած բան արդարացնելու համար։ Ասա նրան, որ երկակի եկամուտով ընտանիքն է իրականում իսկական իգբոյական ավանդույթը, որովհետև նախքան անգլիական գաղութացումը, մայրերը ոչ միայն զբաղվում էին գյուղատնտեսությամբ ու առևտրով, այլև Իգբո երկրի որոշ մասերում առևտրով զբաղվում էին բացառապես կանայք։ Նա կիմանար այս մասին, եթե գիրք կարդալը օտար զբաղմունք չլիներ իր համար։ Դե լավ, այս ակնարկը քեզ զվարճացնելու համար էր։ Գիտեմ, որ բարկացած ես ու պետք է լինես, բայց ավելի լավ է նրան անտեսել։ Բոլորը իրենց կարծիքը կունենան այն մասին, թե ինչ պետք է անես, բայց կարևորն այն է, թե դու ինչ ես ուզում քեզ համար, և ոչ՝ ինչ են ուզում ուրիշները, որ ուզես։ Խնդրում եմ, հրաժարվի՛ր այն գաղափարից, որ մայրությունն ու աշխատանքը իրար բացառում են։
Մեր մայրերը լրիվ դրույքով էին աշխատում, երբ մենք փոքր էինք, և լավ էլ մեծացանք, գոնե դու, որ հաստատ, իսկ ինչ վերաբերվում է ինձ, ապա քննող հանձնաժողովը դեռ որոշում չի կայացրել։
Վաղ մայրության եկող շաբաթներին բարի եղիր ինքդ քո հանդեպ։ Օգնություն խնդրիր։ Սպասի՛ր, որ քեզ օգնելու են։ Սուպերկին հասկացություն գոյություն չունի։ Ծնող լինելը հմտության և սիրո մասին է։ (Չնայած կուզեի, որ ծնող բառը բայ չդառնար, ինչը, ըստ իս, համաշխարհային միջինդասային «ծնող լինելու» երևույթն է՝ որպես անվերջանալի և տագնապալի մեղքի զգացման ճանապարհ)։
Քեզ սխալվելու տեղ տուր։ Նոր մայրը պարտադիր չէ, որ իմանանա՝ ինչպես հանգստացնել լաց լինող երեխային։ Մի՛ ենթադրիր, որ պետք է ամեն ինչ իմանաս։ Գրքե՛ր կարդա, համացանցում փնտրի՛ր, հարցրո՛ւ ավելի մեծ ծնողների, կամ էլ ուղղակի փորձիր ու սխալվիր։ Բայց ամեն ինչից վեր, ուշադրությունդ կենտրոնացրու լիարժեք մարդ մնալու վրա։ Ժամանակ տրամադրիր ինքդ քեզ։ Հոգա սեփական կարիքներդ։
Խնդրում եմ, մի՛ մտածիր «ամեն ինչ անել»-ու մասին։ Մեր մշակույթը գովում է այն կանանց, որոնք կարողանում են «ամեն ինչ անել», սակայն նույնիսկ չի քննում այդ գովասանքի նախադրյալը։ Ես հետաքրքրված չեմ կանանց «ամեն ինչ անել»-ու բանավեճով, քանի որ այն ենթադրում է, որ տնային գործերը և խնամելը բացառապես կանացի զբաղմունքներ են, մի գաղափար, որը ես կտրականապես մերժում եմ։ Տնային գործերը և խնամքը պետք է լինեն սեռապես չեզոք, և մենք պետք է ոչ թե հարցնենք՝ արդյոք կինը կարող է «ամեն ինչ անել», այլ՝ ինչպես լավագույնս աջակցել ծնողներին աշխատանքում և տանը իրենց երկակի պատասխանատվությունները կատարելիս։
Երկրորդ խորհուրդ
Միասին արեք ամեն ինչ։ Հիշու՞մ ես, որ տարրական դպրոցում մենք սովորեցինք, որ բայը «անելու» բառն է։ Այսպես, ինչքանով որ մայր բառն է բայ, այնքանով էլ հայրն է։ Չուդին պետք է անի կենսաբանորեն հնարավոր ամեն բան, այսինքն ամեն ինչ՝ կրծքով կերակրելուց բացի։ Երբեմն մայրերը, որոնք հարմարված են լինել ու անել ամեն ինչ, մեղավոր են դառնում, քանի որ թերագնահատում են հայրերի դերը։ Գուցե մտածես, որ Չուդին նրան քո ուզածի պես չի լողացնի, կամ հետույքը քեզ նման իդեալական չի մաքրի։ Հետո՞ ինչ։ Ամենավատը ի՞նչ կարող է լինել։ Նա չի մեռնի իր հոր ձեռքով։ Ամենայն լրջությամբ։ Նա սիրում է իր երեխային։
Հոր հոգատարությունը լավ է նրա համար։ Այնպես որ շրջվի՛ր, զսպի՛ր իդեալապաշտությունդ, կանգնեցրու՛ սոցիալապես պայմանավորված պարտքի զգացումդ։ Հավասարապե՛ս կիսեք երեխայի հոգսը։ «Հավասարապես»-ը, իհարկե, ձեր երկուսից է կախված և պետք է միասին ձևը գտնեք՝ երկուսիդ կարիքներին ուշադրություն դարձնելով։ Չի նշանակում, որ պետք է գործերը հենց հիսուն-հիսուն բաժանեք կամ ամեն ինչ պարտադիր հերթով անեք, բայց դու կզգաս, թե երբ է երեխայի մասին հոգ տանելը հավասարապես կիսվում։ Կիմանաս զայրույթի պակասով, քանի որ իսկական հավասարության դեպքում զայրույթ գոյություն չունի։
Եվ խնդրում եմ, հրաժարվի՛ր «օգնելու» բառապաշարից։ Չուդին քեզ չի օգնում՝ իր երեխայի մասին հոգ տանելով։ Նա իր պարտքն է կատարում։ Երբ մենք ասում ենք, որ հայրերը «օգնում են», նաև ենթադրում ենք, որ երեխայի մասին հոգ տանելը միայն մորն է վերաբերում, և որին հայրերը քաջաբար են մասնակից դառնում։ Այդպես չէ։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե քանի մարդ այսօր ավելի երջանիկ, կայուն և աշխարհին պիտանի կլիներ, եթե միայն նրանց հայրերեը ակտիվ ներգրավվածություն ունենային մանկության ընթացքում։ Եվ երբեք մի՛ ասա, որ Չուդին երեխայի մոտ է մնում․ այդպես ասում են այն մարդկանց մասին, որոնց համար երեխան առաջնային պատասխանատվություն չէ։
Չուդին հատուկ շնորհակալանքների կամ գովեստի արժանի չէ, ոչ էլ դու ես արժանի, քանի որ երկուսդ եք կատարել երեխա լույս աշխարհ բերելու որոշումը, և այդ երեխայի պատասխանատվությունը հավասարապես երկուսինդ է: Պատկերը այլ կլիներ, եթե իրավիճակից կախված կամ քո ընտրությամբ միայնակ մայր լինեիր, քանի որ այդ ժամանակ «միասին անելը» անհնար կլիներ։ Բայց դու չպետք է «միայնակ մայր» լինես, եթե իսկապես միայնակ չես։
Ընկերս՝ Նուաբուն, մի անգամ ինձ պատմեց, որ երբ կինը լքել էր, ու երեխաները դեռ փոքր էին, ինքը դարձել էր «միստր մամա», ինչով նկատի ուներ, որ երեխաների ամենօրյա խնամքով էր զբաղվում։ Բայց նա «միստր մամա» չէր, այլ ուղղակի հայր։
Երրորդ խորհուրդ
Սովորեցրու՛ նրան, որ «գենդերային դերեր»-ի գաղափարը կատարյալ հիմարություն է։ Երբեք մի՛ ասա, որ պետք անի կամ չանի այս կամ այն բանը՝ աղջիկ լինելու պատճառով։
«Որովհետև դու աղջիկ ես»-ը ոչ մի բանի պատճառ չի կարող լինել։ Երբե՛ք։
Հիշում եմ, որ երբ երեխա էի, ինձ ասում էին, որ պետք է ավլելիս նորմալ կռանայի, աղջկան հարիր, ինչը նշանակում էր, որ ավլելը կանացի լինելու մասին էր։ Կուզեի, որ ինձ ուղղակի ասած լինեին կռանալ և նորմալ մաքրել, որովհետև այդպես հատակը ավելի մաքուր կլիներ։ Եվ կուզեի, որ եղբայրներիս էլ նույն բանը ասած լինեին։
Վերջերս Նիգերիայի սոցիալական ցանցերում բանավեճեր էին ընթանում կանանց և ուտելիք պատրաստելու մասին, որ ամուսնացած կանայք պետք է պատրաստեն իրենց ամուսինների համար։ Ծիծաղելի էր, ինչպես տխուր բաներն են ծիծաղելի լինում, որ մենք ուտելիք պատրաստելը դեռ դիտում ենք իբրև կանանց համար ամուսնության պատրաստ լինելու մասին թեստի։
Պատրաստելու մասին գիտելիքը հեշտոցի մեջ նախապես տեղադրված չի լինում։ Այն սովորում են։ Պատրաստելը, և ընդհանրապես տնային գործեր կատարելը, կենսական հմտություն է, որը իդեալական աշխարհում ունեն թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք։ Ու թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ կարող են չունենալ այս հմտությունը։
Նաև պետք է քննենք այն գաղափարը, որ ամուսնությունը պարգև է կանանց համար, քանի որ սա է այդ անհեթեթ բանավեճերի հիմքը։ Եթե մենք սկսենք չպարտադրել կանանց այն գաղափարը, որ ամուսնությունը պարգև է, ապա ավելի քիչ բանավեճեր կունենանք այն մասին, որ ամուսնացած կանայք պետք է պատրաստել իմանան, այդ պարգևին արժանանալու համար։
Ես զարմանում եմ, թե որքան վաղ է աշխարհը սկսում ստեղծել գենդերային դերեր։ Երեկ գնացել էի Չիզալումի համար հագուստ գնելու։ Աղջիկների բաժնում գույնը գցած վարդագույն բաներ էին։ Ինձ դուր չեկան։ Տղաների բաժնում վառ կապույտ հագուստի տեսականի կար։
Մտածեցի, որ կապույտը շատ գեղեցիկ կհամադրվի իր շագանակագույն մաշկի հետ և հիանալի լուսանկարներ դուրս կգան, ու մեկը գնեցի։ Վճարելիս գանձապահն ասաց, որ գնածս հիանալի նվեր է փոքրիկ տղայի համար։ Ասացի, որ աղջկա համար է։ Նա սարսափած վրաս նայեց․ «Կապույտ՝ աղջկա համա՞ր»։
Ուղղակի զարմանում եմ՝ մտածելով այն խելացի շուկայագետի մասին, որը հորինել է այս կապույտ-վարդագույն երկատվությունը։ Խանութում կար նաև «երկսեռ» բաժին, որտեղ անկենդան մոխրագույն իրերի կույտ էր։ «Երկսեռ»-ի գաղափարը հիմարություն է, քանի որ դրա նախադրյալը տղաների համար կապույտի, իսկ աղջիկների համար վարդագույնի գաղափարն է, որտեղ «երկսեռ»-ը առանձին խումբ է։ Ինչու՞ մանկական հագուստը ուղղակի չեն դասավորում ըստ տարիքի, բոլոր գույներով։ Չէ՞ որ, միևնույն է, արական և իգական սեռի նորածինների մարմինները նման են իրար։
Հետո գնացի խաղալիքների բաժին, որը նույնպես դասավորված էր ըստ սեռի։ Տղաների խաղալիքները հիմնականում ակտիվ են և ինչ-որ բան անելուն են միտված, ինչպես գնացքները, մեքենաները, իսկ աղջիկների խաղալիքները հիմնականում պասիվ են և մեծամասամբ դրանք տիկնիկներն են։ Ես ապշած էի։ Դեռ չէի պատկերացնում, թե որքան վաղ է հասարակությունը որոշում, թե ինչ պետք է լինի տղան, իսկ ինչ՝ աղջիկը։
Կուզեի, որ խաղալիքները դասավորված լինեին ըստ տեսակի և ոչ՝ սեռի։
Պատմե՞լ եմ քեզ, թե ինչպես մի անգամ հանրախանութ գնացի նիգերիացի մի կնոջ ու իր յոթամյա աղջկա հետ։ Նա մի խաղալիք ուղղաթիռ տեսավ՝ անլար հեռակառավարման վահանակով, և հիացած խնդրեց գնել իր համար․
-Ոչ,- ասաց մայրը,- դու տիկնիկներ ունես։
Ինչին երեխան պատասխանեց․
-Մա՛մ, միայն տիկնիկներո՞վ պետք է խաղամ։
Երբեք դրա մասին չմոռացա։ Իր մայրը, իհարկե, լավն էր ցանկանում։ Գենդերային դերերի գաղափարը նրա մեջ խորը արմատներ ուներ, և նա հավատում էր, որ աղջիկները խաղում են տիկնիկներով, իսկ տղաները՝ ուղղաթիռներով։ Հիմա թախծոտ մտորում եմ, թե արդյո՞ք նա թույլ կտար երեխային ուսումնասիրել ուղղաթիռը, եթե փոքրիկ աղջիկը հեղափոխական ճարտարապետ դառնար։
Եթե մենք գենդերային դերերի զսպաշապիկը չհագցնենք երեխաներին, հնարավորություն կտանք նրանց հասնելու իրենց ողջ ներուժին։ Խնդրում եմ, Չիզալումին դիտիր որպես անձի, ոչ թե աղջկա, որը պետք է որոշակի ձև լինի։ Անհատականորե՛ն դիտիր նրա թույլ և ուժեղ կողմերը։ Մի՛ չափիր նրան աղջիկ լինելու համար անհրաժեշտ սանդղակով։ Չափիր նրան իր լավագույն տեսակը լինելու սանդղակով։
Մի երիտասարդ նիգերիացի կին ինձ ասաց, որ տարիներ շարունակ իրեն «տղայի պես է պահել»՝ սիրել է ֆուտոբոլ, իսկ մոդայով չի հետաքրքրվել, մինչև իր մայրը ստիպել է հրաժարվել իր «տղայական» նախասիրություններից։ Հիմա նա շնորհակալ է իր մորը, որ օգնել է իրեն աղջկա նման պահել։ Այս պատմությունը ինձ տխրեցրեց։ Ես մտածեցի, թե ինչն է իր մեջ լռեցրել ու խեղդել, ինչ է կորցրել իր ոգին, որովհետև ինչը ինքն անվանում էր «տղայի պես պահել», ուղղակի իր պես լինելն էր։
Ծանոթներիցս մեկ ուրիշը՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածում ապրող մի ամերիկացի, մի անգամ ասաց ինձ, որ երբ իր մեկամյա որդուն խաղահրապարակ էր տարել, նկատել էր, որ աղջիկ երեխաներին ծնողները ավելի էին սահմանափակում՝ անընդմեջ ասելով «ձեռք մի՛ տուր» կամ «վերջացրու՛ ու քեզ լա՛վ պահիր», իսկ տղա երեխաներին քաջալերում էին ավելի շատ ուսումնասիրել, այդքան սահմանափակված չէին, ու համարյա երբեք նրանց չէին ասում, որ իրենց լավ պահեն։ Նա վարկած ուներ, որ ծնողները վաղ տարիքից անգիտակցաբար սովորեցնում են աղջիկ երեխաներին՝ ինչպես իրենց պահել, որ նրանց սահմանափակ ազատություն և շատ կանոններ են տրվում, իսկ տղա երեխաներին՝ ավելի շատ ազատություն ու քիչ կանոններ։
Գենդերային դերերը այնպիսի խոր արմատներ են գցել մեր մեջ, որ նրանց երբեմն հետևում ենք, նույնիսկ եթե դրանք լիովին դեմ են մեր իսկական ցանկություններին, կարիքներին և երջանկությանը։ Դժվար է հետ վարժվելը, դրա համար էլ կարևոր է այնպես անես, որ Չիզալումը դրանք մերժի հենց սկզբից։ Գենդերային դերերի գաղափարը ընդունելու փոխարեն, սովորեցրու նրան ինքնուրույնության մասին։ Ասա նրան, որ ինքնուրույն անել իմանալը և սեփական կարիքները հոգալը կարևոր են։ Թույլ տուր նրան փորձել։ Գուցե լիովին չհաջողի, բայց թույլ տուր՝ փորձի։ Աղյուսների ու գնացքների նման խաղալիքներ գնիր, նաև տիկնիկներ, եթե ուզում ես։
Չորրորդ խորհուրդ
Զգուշացի՛ր այն վտանգից, ինչը ես անվանում եմ ֆեմինիզմ լայթ։ Այն կանանց պայմանական հավասարության գաղափարն է։ Խնդրում եմ, արմատապես մերժի՛ր այն։ Դա փուչ, թույլ և սնանկ գաղափար է։ Ֆեմինիստ լինելը նման է հղի լինելուն, դու կամ ե՛ս, կամ էլ չե՛ս։ Կա՛մ հավատում ես կանանց և տղամարդկանց լրիվ հավասարությանը, կա՛մ էլ՝ ոչ։
Ֆեմինիզմ լայթը նման համեմատություններ է օգտագործում․ «նա գլուխն է, իսկ դու վիզը», կամ «նա է վարում, բայց դու ես ղեկին»։ Ֆեմինիզմ լայթի առավել մտահոգիչ գաղափարներից է այն, որ տղամարդիկ ի ծնե վերադաս են, բայց պարտավոր են «կանանց լավ վերաբերվել»։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Կանանց բարեկեցության հիմքը երևի թե պետք է տղամարդկանց առատաձեռնությունից ավելին լինի։
Ֆեմինիզմ լայթը «թույլ տալու» բառապաշարան է օգտագործում։ Թերեզա Մեյը Բրիտանիայի վարչապետն է, և ահա, թե ինչպես է առաջադեմ բրիտանական թերթը նկարագրում նրա ամուսնուն․ «Ֆիլիպ Մեյը քաղաքականության մեջ հայտնի է որպես մի տղամարդ, որը հետին պլան է դուրս եկել և թույլ է տվել կնոջը՝ Թերեզային, փայլել»։
Թույլ է տվել։
Հիմա եկեք տեղերը փոխենք։ Թերեզա Մեյը թույլ է տվել ամուսնուն փայլել։ Արտահայտու՞մ է որևէ իմաստ։ Եթե վարչապետ լիներ Ֆիլիպ Մեյը, մենք միգուցե լսեինք, որ իր կինը «աջակցում է» հետին պլանից, կամ որ նա «իր հետ է», կամ՝ «կանգնած էր իր կողքին», բայց երբեք չէինք լսի, որ Թերեզան թույլ էր տվել նրան փայլել։
Թույլ տալը մտահոգիչ բառ է։ Թույլ տալը իշխանության մասին է։ Հաճախ կլսեք ֆեմինիզմ լայթի հասարակության նիգերիական հատվածում այսպիսի խոսքեր․ «Կնոջն ազատություն տվեք անելու ինչ ուզում է, մինչ ամուսինը թույլ է տալիս»։
Ամուսինը տնօրեն չէ։ Կինը աշակերտուհի չէ։ Թույլտվությունը, երբ միակողմանի է օգտագործվում, ինչը համարյա միշտ այդպես է, երբեք չպետք է դառնա հավասար ամուսնության բառապաշարի մաս։
Ֆեմինիզմ լայթի մեկ այլ սարսափելի օրինակ է, երբ տղամարդիկ ասում են․ «Իհարկե, միշտ չէ, որ կինը պետք է տնային գործերով զբաղվի, ես դրանք արել եմ, երբ կինս ճամփորդում էր»։
Հիշու՞մ ես, թե մի քանի տարի առաջ ինչպես էինք ծիծաղում իմ մասին չափազանց վատ գրված մի հոդվածի վրա։ Հեղինակը ինձ մեղադրում էր «զայրացած» լինելու մեջ, ասես «զայրացած լինելը» ամոթ է։ Իհարկե, զայրացած եմ։ Զայրացած եմ ռասիզմի պատճառով։ Զայրացած եմ սեքսիզմի պատճառով։ Բայց վերջերս մի բան հասկացա, որ ավելի եմ զայրանում սեքսիզմի, քան ռասիզմի պատճառով։
Որովհետև իմ՝ սեքսիզմի հանդեպ զայրույթիս մեջ, ես ինձ միայնակ եմ զգում։ Որովհետև սիրում և ապրում եմ այնպիսի մարդկանց շրջապատում, որոնք հեշտորեն ընդունում են ռասայական անարդարությունը, բայց ոչ՝ գենդերայինը։
Չեմ կարող ասել, թե որքան հաճախ են ինձ սիրելի մարդիկ՝ թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ, սպասել, որ հիմնավորեմ, «ապացուցեմ» սեքսիզմի գոյությունը, բայց երբեք այդպիսի սպասումներ չեն ունեցել ռասիզմի մասին։ (Իհարկե, եթե գլոբալ վերցնենք, շատ մարդկանցից են դեռ սպասում «ապացուցել» ռասիզմի գոյությունը, բայց ոչ իմ մոտ շրջանակում)։ Չեմ կարող ասել, թե քանի անգամ են ինձ հարազատ մարդիկ մերժել կամ արժեզրկել սեքսիստ իրավիճակները։
Ինչպես մեր ընկեր Իկենգան, որը շտապ մերժում է, որ որևիցե բան կնատյացության արդյունք է, երբեք լսելու և մասնակցելու հետաքրքրություն չունի և միշտ աշխուժորեն բացատրում է, որ իրականում կանայք են գտնվում արտոնյալ կարգավիճակում։ Մի անգամ նա ասաց․
-Նույնիսկ եթե, ընդհանուր առմամաբ, հայրս է տան գլխավորը, իրականում հետին պլանում մայրս է ամեն ինչի գլխին կանգնած։
Նա մտածում էր, որ հերքում է սեքսիզմը, բայց հենց իմ ասածն էր ապացուցում։ Եթե կինն ունի իշխանություն, ինչու՞ է անհրաժեշտ այն քողարկել։
Բայց սա է դառը ճշմարտությունը․ մեր աշխարհը լի է կանանցով ու տղամարդկանցով, որոնք չեն սիրում ուժեղ կանանց։ Մեզ այնքան են ստիպել մտածել, որ ուժը տղամարդուն է բնորոշ, որ ուժեղ կինը աննորմալ բան է դարձել ։ Դրա համար էլ նա վերահսկվում է։ Ուժեղ կանանց մասին մենք հարցնում ենք՝ համե՞ստ է, ժպտու՞մ է, բավականաչափ երախտապա՞րտ է, տնային գործեր կատարու՞մ է։ Սրանք հարցեր են, որոնք մենք չենք տալիս ուժեղ տղամարդկանց, դրանով իսկ ապացուցելով, որ մեր խնդիրը հենց ուժի հետ չէ, այլ կնոջ։ Ուժեղ կանանց մենք ավելի խիստ ենք քննադատում, քան ուժեղ տղամարդկանց։ Եվ ֆեմինիզմ լայթը սա թույլ է տալիս։
Հինգերորդ խորհուրդ
Չիզալումին կարդա՛լ սովորեցրու։ Սովորեցրու՛ նրան գրքեր սիրել։ Լավագույն միջոցը անմիջական օրինակն է։ Եթե նա քեզ կարդալիս տեսնի, կհասկանա, որ կարդալը կարևոր է։ Եթե նա դպրոց չգնա և միայն գրքեր կարդա, կարելի է ասել ավելի խելացի կլինի, քան ավանդական կրթություն ստացած երեխան։ Գրքերը նրան կօգնեն հասկանալ և քննել աշխարհը, ինքնաարտահայտվել և օգնել նրան դառնալ այն, ինչ ուզում է՝ խոհարար, գիտնական, երգիչ։ Բոլորն են օգուտ քաղում ընթերցելու շնորհիվ ձեռք բերած հմտություններից։ Ես դասագրքերի մասին չեմ խոսում։ Նկատի ունեմ այն գրքերը, որոնք դպրոցի հետ ոչ մի կապ չունեն՝ ինքնակենսագրականներ, վեպեր, պատմավեպեր։ Եթե ոչ մի բան չհամոզի, գումար տուր, որ կարդա։ Պարգևատրի՛ր։ Ես մի հիանալի նիգերիացի միայնակ մոր գիտեմ՝ Անջելա անունով, որը իր երեխային մեծացնում էր Միացյալ Նահանգներում։ Նրա երեխան չէր սիրում կարդալ, դրա համար էլ որոշել էր ամեն էջի համար հինգ ցենտ տալ։ Հետագայում կատակելով ասում էր, որ թանկարժեք նախաձեռնություն էր, բայց արժեքավոր ներդրում։
Վեցերորդ խորհուրդ
Սովորեցրու նրան քննել լեզուն։ Լեզուն մեր նախապաշարմունքների, հավատների և ենթադրությունների պահոցն է։ Բայց նրան սովորեցնելու համար ինքդ քո լեզուն նախ պետք է քննես։ Ընկերեներիցս մեկն ասում է, որ իր երեխային երբեք «արքայադուստր» չի ասում։ Մարդիկ լավն են կամենում՝ այդպես ասելով, սակայն «արքայադուստր» բառն իրենից ենթադրում է աղջկա նրբություն և արքայազնի, որը կգա նրան փրկելու և այլն։ Այդ ընկերս նախընտրում է «հրեշտակ» և «աստղ» բառերը։
Դրա համար էլ, որոշի՛ր, թե ինչ չես ասելու երեխայիդ։ Քանի որ կարևոր է այն, ինչ ասում ես։ Այն սովորեցնում է նրան, թե ինչն է արժեքավոր։ Երևի հիշում ես այն իգբոյական կատակը, որը ծաղրում էր իրենց երեխայի պես պահող աղջիկներին․ «Ի՞նչ ես անում։ Չգիտե՞ս, որ արդեն ամուսին գտնելու ժամանակն է»։ Ես հաճախ էի այդպես ասում։ Բայց հիմա դրա փոխարեն ասում եմ․ «Աշխատանք գտնելու ժամանակն է արդեն»։ Քանի որ կարծում եմ, որ չպետք է երիտասարդ աղջիկներին սովորեցնենք, որ նրանք պետք է ձգտեն ամուսնանալ։
Փորձի՛ր Չիզալումի մոտ շատ չօգտագործել այնպիսի բառեր, ինչպիսիք են «կնատյացություն»-ը կամ «հայրիշխանություն»-ը։ Մենք՝ ֆեմինիստներս, հաճախ կարող ենք շատ ժարգոնային բառեր օգտագործել, իսկ ժարգոնը երբեմն կարող է շատ վերացական թվալ։ Ուղղակի մի՛ ասա, որ ինչ-որ բանը «կնատյաց» է, այլ սովորեցրու նրան, թե ինչու է այդպես, և թե ինչը այն այդպիսին չի դարձնի։ Սովորեցրու, որ եթե նա քննադատում է կնոջ մեջ ինչ-որ X բան, բայց ոչ՝ տղամարդու, ապա խնդիրը ինչ-որ X բանի հետ չէ, այլ կնոջ։ X-ի փոխարեն օգտագործիր այնպիսի բառեր ինչպիսիք են զայրույթը, փառասիրությունը, բարձրաձայնությունը, համառությունը, սառնությունը, դաժանությունը։
Սովորեցրու նրան այսպիսի հարցեր տալ․ ի՞նչ կանայք չեն կարող անել՝ կին լինելու պատճառով։ Արդյո՞ք այդ բաները ունեն մշակութային հիմքեր։ Եթե այո, ապա ինչու՞ են միայն տղամարդիկ թույլատրված անել այդ բաները։
Կարծում եմ՝ օգտակար կլինի կիրառել ամենօրյա օրինակներ ևս։
Հիշու՞մ ես Լագոսում մեր նայած հեռուստատեսային գովազդը, որտեղ տղամարդը ճաշ է պատրաստում, իսկ կինը՝ ծափ տալիս։ Իսկական առաջընթացը այն ժամանակ կլիներ, երբ նա ծափ չտար, այլ միայն ուտելիքը գնահատեր․ կա՛մ կարող էր գովել ուտեստը, կա՛մ էլ՝ ոչ, ինչպես որ տղամարդը կարող է կա՛մ գովել կնոջ պատրաստածը, կա՛մ էլ՝ ոչ։ Այստեղ սեքսիստ է այն, որ կինը գովում է այն փաստը, որ տղամարդը ուղղակի հանձն է առել պատրաստել, գովասանք, ինչը ենթադրում է, որ պատրաստելը ի սկզբանե կանացի գործառույթ է ։
Հիշու՞մ ես Լագոսում այն մեխանիկին, որին թերթերում «միսիս մեխանիկ» էին անվանում։ Սովորեցրու Չիզալումին, որ այդ կինը ուղղակի մեխանիկ է, ոչ թե «միսիս մեխանիկ»։
Ցույց տուր նրան, թե որքան սխալ է, երբ Լագոսի փողոցում քեզ ավտոմեքենայով տղամարդ է հարվածում, դուրս է գալիս ու ասում, որ ամուսնուդ կանչես, որովհետև ինքը «կանանց հետ գլուխ չի դնում»։
Փոխարենը նրան ուղղակի ասելու՝ օրինակներով ցույց տուր, որ կնատյացությունը կարող է լինել բացահայտ և ծածուկ, և երկուսն էլ զզվելի են։
Սովորեցրու՛ նրան քննադատել այնպիսի տղամարդկանց, որոնք կարեկցում են միայն այն կանանց, որոնց դիտում են իբրև հնարավոր զուգընկերոջ, և ոչ՝ հավասար անհատի։ Տղամարդկանց, որոնք բռնաբարությունը քննարկելիս միշտ ասում են․ «եթե լիներ աղջիկս, կինս կամ քույրս»։ Բայց նրանց պարտադիր չէ հանցանքի զոհ տղամարդկանց պատկերացնել իրենց եղբոր կամ որդու տեսքով՝ կարեկցելու համար։ Նաև սովորեցրու նրան քննադատելու կանանց՝ իբրև հատուկ տեսակի գաղափարը։ Մի անգամ լսել եմ, թե ինչպես է ամերիկյան քաղաքական գործիչներից մեկը իր ողջույնի խոսքում կանանց աջակցություն ցույց տալու համար ասում, որ վերջիններիս պետք է «հարգել» և «պաշտպանել»` մի տեսակետ, որը շատ տարածված է։
Ասա Չիզալումին, որ իրականում կանանց պետք չէ պաշտպանել ու հարգել, նրանց ուղղակի պետք է վերաբերվել ինչպես հավասար մարդկային արարածների։ Կանանց պաշտպանելու և հարգելու գաղափարը, միայն նրա համար, որ կանայք են, իր մեջ զիջողական երանգներ ունի։ Այն ինձ հիշեցնում է ասպետության մասին, իսկ դրա նախադրյալը կնոջ թուլությունն է։
Յոթերերդ խորհուրդ
Երբեք մի՛ խոսիր ամուսնության մասին՝ իբրև ձեռքբերման։ Փորձիր նրան հասկացնել, որ ամուսնությունը ձեռքբերում չէ, և ոչ էլ մի բան, ինչին պետք է ձգտի։ Ամուսնությունը կարող է լինել երջանիկ կամ ոչ, բայց այն ձեռքբերում չէ։
Մենք սովորեցնում ենք աղջիկներին ձգտել ամուսնության, բայց նույնը չենք սովորեցնում տղաներին, այդ պատճառով էլ հենց սկզբից ահավոր անհավասարության ենք բախվում։ Աղջիկները մեծանում են՝ դառնալով կանայք, որոնք մտահոգված են ամուսնությամբ։ Տղաները մեծանում են՝ դառնալով տղամարդիկ, որոնք մտահոգված չեն ամուսնությամբ։ Կանայք ամուսնանում են այդ տղամարդկանց հետ։ Այդ հարաբերությունը ավտոմատ կերպով անհավասար է, քանի որ ամուսնությունը նրանցից մեկի համար ավելի կարևոր է, քան մյուսի։ Նորությու՞ն է, որ շատ ամուսնություններում կանայք իրենց ավելի են զոհաբերում, որովհետև նրանք անդադար անհավասար փոխհարաբերության մեջ են գտնվում։ Այս անհավասարության մի հետևանքներից է շատ հին և ծանոթ այն երևույթը, երբ երկու կին հանրության առջև կռվում են մի տղամարդու համար, մինչ տղամարդը մնում է լուռ։
Երբ Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ի նախագահության համար էր պայքարում, թվիթերյան իր էջի առաջին նկարգրությունում գրված էր «կին»։ Իր ամուսնու՝ Բիլ Քլինթոնի թվիթերյան էջի առաջին նկարագրությունը «հիմնադիր»-ն էր, ոչ թե «ամուսին»-ը։ (Այդ պատճառով ես անբացատրելի հարգանք եմ զգում այն փոքրաթիվ տղամարդկանց հանդեպ, որոնց առաջին նկարագրությունը, «ամուսին» բառն է։) Տարօրինակ է, բայց անսովոր չի թվում, որ նա իրեն առաջին հերթին կին է համարում, իսկ Բիլը իրեն ամուսին՝ ոչ։ Սովորական է թվում, որովհետև համատարած է․ մեր աշխարհը դեռևս ամեն ինչից շատ ավելի բարձր է գնահատում կնոջ ամուսնական և մայրական դերերը։
1975-ին Բիլ Քլինթոնի հետ ամուսնանալուց հետո Հիլարի Քլինթոնը պահպանեց իր ազգանունը՝ Հիլարի Ռոդամ։ Վերջիվերջո, նա սկսեց Քլինթոն ազգանունն էլ ավելացնել իր անվանը, իսկ հետագայում, քաղաքական ճնշման պատճառով, հրաժարվեց Ռոդամ ազգանունից, որովհետև իր ամուսինը կկորցներ այն քվեարկողներին, որոնց վիրավորել էր այն փաստը, որ վերրջինիս կինը չի փոխել իր ազգանունը։
Կարդալով այս մասին՝ ես մտածեցի ոչ միայն կանանց հետ կապված ամերիկացի քվեարկողների հետամնաց սպասումների, այլև անվանս հետ ունեցած փորձիս մասին։
Հիշու՞մ ես, թե ինչպես մի լրագրող ինքնակամ որոշեց ինձ նոր անուն տալ՝ միսիս ամուսնու ազգանուն, երբ իմացավ, որ ամուսնացած եմ, և թե ինչպես ես խնդրեցի նրան, որ այդպես չդիմի, որովհետև դա իմ ազգանունը չէր։ Երբեք չեմ մոռանա դրա պատճառով մի քանի նիգերիացի կանանց աճող թշնամանքը իմ հանդեպ։ Հետաքրքիր է, որ կանայք ավելի թշնամանքով էին լցված (քան տղամարդիկ), որոնցից շատերը միևնույն է շարունակում էին ինձ իմ ազգանունով չդիմել՝ ասես այդ կերպ լռեցնելով։
Մտածեցի այդ մասին և եկա այն եզրահանգմանը, որ նրանցից շատերի համար երևի ընտրությունս իրենց նորմալի մասին պատկերացմանը դեմ էր դուրս եկել։
Նույնիսկ ընկերներիցս մի քանիսը ասացին․ «Դու հաջողակ ես, դրա համար էլ նորմալ է, որ թողել ես ազգանունդ»։ Ինչը ինձ ստիպեց մտածել․ ինչու՞ պետք է կինը աշխատանքում հաջողի, որ արդարացնի իր ազգանունը թողնելու որոշումը։
Իրականությունն այն է, որ ազգանունս չեմ թողել, որովհետև հաջողակ եմ։ Եթե բախտ չունենայի տպագրվելու և լայնորեն ընթերցվելու, մեկ է, թողնելու էի։ Թողել եմ, որովհետև իմ ազգանունն է։ Թողել եմ, որովհետև սիրում եմ ազգանունս։
Կան մարդիկ, որ ասում են․ «Դե, քո ազգանունն էլ է հայրիշխանության մաս կազմում, որովհետև հորդ ազգանունն է»․ Այդպես է։ Բայց իմաստը հետևյալն է․ կապ չունի այն հորիցս է եկել, թե լուսնից է ընկել, սա այն ազգանունն է, որը ես ծնվածս օրից եմ ունեցել, որն ինձ ուղեկցել է հաջողություններիս ժամանակ (ողջ կյանքիս ընթացքում), որին ես պատասխանել եմ Նսուկկայում մանկապարտեզ գնալուս առաջին օրը` մշուշուտ մի առավոտ, երբ ուսուցիչն ասաց ասել «ներկա», երբ մեր ազգանունը լսեինք։ Առաջին համար՝ Ադի՛չի։
Կարևոր է նաև այն, որ ամեն կին պետք է ունենա իր ազգանունը թողնելու ընտրություն, բայց իրականությունն այն է, որ գոյություն ունի իրար նման լինելու հասարակության անհաղթահարելի ճնշում։ Իհարկե, կան կանայք, որոնք ուզում են վերցնել ամուսինների ազգանունը, բայց կան նաև նրանք, ովքեր դեռ չեն ուզում, որոնց համար անհրաժեշտ մտավոր, հուզական և ֆիզիկական բեռը անտանելի ծանր է։ Ըստ ձեզ՝ քանի՞ տղամարդ է պատրաստ ամուսնանալուց հետո փոխել ազգանունը։
Ես չեմ սիրում «միսիս» դիմելաձևը, որովհետև նիգերիական հասարակությունում այն չափազանց մեծ կշիռ ունի։ Շատ դեպքերում եմ նկատել, որ թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք հպարտորեն են խոսում «միսիս» լինելու մասին, ասես նրանք, ովքեր «միսիս» չեն, ինչ-որ բանում ձախողել են։ «Միսիս» դիմելաձևին տված կարևորությունը ցույց է տալիս, որ ամուսնությունը փոխում է կնոջ, բայց ոչ տղամարդու հասարակական դիրքը։ (Գուցե այդ պատճառո՞վ է, որ շատ կանայք բողոքում են, որ ամուսնացած տղամարդիկ իրենց դեռ այնպես են պահում, ասես միայնակ են։ Միգուցե, եթե մեր հասարակությունը ամուսնացած տղամարդկանց ասեր փոխել իրենց անունը և «միստեր»-ից բացի ուրիշ պես դիմեին իրենց, նրանց պահելաձևը այլ լիներ։ Ա՛յ թե։)
Սակայն եթե անկեղծ լինենք, ապա եթե դու քսանութամյա մագիստրոսական դիպլոմակիր լինելուց մեկ գիշերվա մեջ Իջեաուելե Էզեից դառնում ես միսիս Իջեաուելե Ուդեգբունամ, իհարկե, բացի անձնագրերի ու տարբեր փաստաթղթերի փոփոխության վրա ծախսած մտավոր էներգիայից, նաև պահանջվում է անցնել հոգեկան փոփոխություն՝ նորից «ծնվել»։ Այս նոր «ծնունդ»-ը այդքան մեծ նշանակություն չէր ունենա, եթե տղամարդիկ էլ դրա միջով անցնեին։
Ես նախընտրում եմ «միս» դիմելաձևը, որովհետև այն նման է «միստեր»-ին։ Տղամարդը, անկախ ամուսնացած լինել-չլինելուց, «միստեր» է, կինը, անկախ ամուսնացած լինել-չլինելուց, «միս» է։ Այդ պատճառով էլ, սովորեցրու՛ Չիզալումին, որ իսկապես արդար հասարակության մեջ կանայք չպետք է ամուսնությամբ պարտադրված այնպիսի փոփոխություններ կատարեն, որոնք ոչ ոք տղամարդկանցից չի պահանջում։ Ահա մի արդյունավետ լուծում․ յուրաքանչյուր ամուսնացող զույգ պետք է ամբողջովին նոր ազգանուն վերցնի, որը ընտրված կլինի երկուսի համաձայնությամբ, այնպես, որ հարսանիքի հաջորդ օրը, թե՛ կինը և թե՛ ամուսինը ուրախ-ուրախ, թև թևի մտած կարող են ուղևորվել դեպի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներ՝ փոխելու իրենց անձնագրերը, վարորդական վկայականները, ստորագրությունները, բանկային հաշիվները ևն․։
շարունակելի․․․
Թարգմանությունը անգլերենից՝ Աննա Աբգարյանի

