մի մեռիր
որ մեռնես
ինձ փողոցի
կանաչի
կարմիր բիբար
կաղամբ վաճառող
կանայք
քաշքշելու են
ներքևի հարևանը
գալու է մեր տուն
թե ջուրը նորից
կաթում է
ծխելու է
մեր տանը՝ անշտապ
մոխիրը թափելու է
մեր լվացարանի
մեջ
ընդհանուր
դարպասի կողպեքը
նախկին միլպետը
պիտի փոխի
վախից՝ու
մեզ բանալի չի տալու
մինչև ամբողջ բակում
չլսվի քո
գոռոցը
մի մեռիր
ռուսները նորից թանկացնելու են գազը
հայերն էլ գազի հետ օդ են խառնելու
մեր տունը ցրտելու է
մի մեռիր
Ես պիտի գնամ
հացի
պիտի
բարևեմ
մոտիկանամ
իննսունն անց
նախկին
փախստական հարևանին
ժպտամ՝
առաջին հարկի
Սոֆիկոյին
որ մի անգամ
անլույս Երևանի ժամանակներում
մեկ լիտր կերոսին
ծախեց մեզ
իրա գնով
աստված իմ
և ինչ կարևոր է՝
դու մի մեռիր
ՀՐԱԺԵՇՏ
Որ մի տեղից մի ուրիշ տեղ ես գնում,
Որ նայում ես գնացքի պատուհանից՝
Սիրտդ ուրախ ու տխուր թպրտում է,
Որ մի տեղ ես գնում՝որ տեղ չես հասել դեռ:
Լանդշաֆտը փոխվում,մոռացվում է,
Ծառերը նոսրանում,ծաղիկը ուրի՛շ է բուրում.
Մազերը սև են լինում,շեկ – մաշկները՝տարբեր,
Որ սիրում ես՝այնքան հե՛շտ է լինում:
Ու այդպես քա՛նի կյանք է լինում
Ու այնքա՛ն հարազատ ուսեր,
Որ հենվել՝բարձրացել ես վեր,
Որ այնքան քնքշալի ձեռքեր՝
Հենվել քո ուսերին ու հեռու են արդեն:
Հիմա նորից՝
Ուրախ-տխուր
Մի վերջին տեղ ես գնում,
Մի ուրիշ բույր կա օդում,
Մի թեթև տխրություն,և երկնքում արդեն
Մի զույգ աչքեր-
Երկվորյակ թռչուններ՝
Թռած քեզնից
Թեթև-թևածում են՝
Բա՛րձր,բա՛րձր:
***
Մոսկվա:Բարձրագույն դասընթացներ
Ահա
առավոտը՝
ձեռքդ մեկնես
հասնում է
հորիզոնին՝
ցուրտ ու գորշ
առանց
արևագալի:
Գործարաններից ելնող
գոլորշի՝
դանդաղ
հորձանապար-
չինական
ապահովիչի նման
ասես՝կհագնի
դիմացի բարձրահարկին:
Քնից նոր ելած
հնոցապան-
ջուրը եռում է
մարտկոցներում.
փոքրիկ հանրակացարանային
սենյակ
ծխահամ պատերից կախված
հանճարներ՝
անփոփոխ
անժամանակ
ու Ժուժու անունով մի կատու՝կողքիդ:
Քլորահամ ջրով
ողողում ես բերանդ,
քո հուշերում
ամեն
առավոտ
սառում են
Դավիթը,Էլիզան ու Երևանը:
Դրսից
միջանցքի լռությունը կոտրող
հանճարների կչկչոց-
մեջ տեղ
հնդկահավի նման
հպարտ կանգնած
պարետուհի՝
դիտմամբ խալաթի
ներքևի կոճակները
բաց-
Գիշերվա սեքսուալ
անբավարարվածության շղարշը
աչքերում-հոխորտում է:
Ահա
առավոտը
հեռացող ու
մարող ձայներով
մնում է՝նեգրի երեխան
ընդանուր զուգարանում նստած,
որ փչում է գիշերվա օգտագործած
ապահովիչները,
ես՝
անկողնում
աչքերս՝դատարկ
առաստաղին ու Ժուժու
անունվ մի բախտ՝
կողքիս քնած:
ՉԵՄ ՍԻՐՈՒՄ
Չեմ սիրում մանկությունս
մի գյուղ՝
սապնահոտ
կիրակիներով
լվացքի
թառերին
կախված՝լերդ
կապույտ,
կապույտ,
կապույտ-անգույն
կանացի ներքնազգեստներ:
Չեմ սիրում ընկերներիս
հարևանի տնամերձներից
խնձոր,տանձ գողացող
բռնվելու պահին
միշտ իրար
մատնող:
Չեմ սիրում պատերազմները
դասագրքային հերոս
դարձած
ծանոթ
դեմքերի
հուսահատությունը.
որ ողջ են
մնացել՝
մարտերի ժամանակ
գլուխները պահած
խրամատներում.
հետո
հպարտ տուն դարձող.
գրպանները լիքը ականջներ.
լինի հայի,թե թուրքի՝
արդեն կարևոր չէ:
Չեմ սիրում սիրելը
միայն
մեկ-երկու անուն հիշվող՝
սպիտակ-ցորնագույն
մաշկով,որ
խմած
տրորում են
ծույլ, անսեր
մարմնիդ
Չեմ սիրում ապրելը
«nexum»-ով
սկսվող
առավոտներով
Միկոյանի
ժամանակներից
ճաշացուցակ մտած
ցորնապուրով.
առանց
սուրճի
ու
ծխախոտների:
Չեմ սիրում փողոտ ժամանակները
Երբ
շատանում են
ծանոթ-ընկերները,
բայց չգիտես,թե ինչու՝ ավելի շատ
կնոջ կողմի բարեկամներով:
Չեմ սիրում անփող ժամանակները
ծերացող դեմքով,չաղացող քո տեսակով,
թռիչքներից
հոգնած,
ուռած մատներով
ու ցավող
ոտքերով
ու ոչ ոք
չի դիմավորում :
Չեմ սիրում մեռնելը
մանավանդ խաշլամայի
եփած
Կարտոֆիլի
սոխի
հոտը:
Ժանգոտած ատամներով
հյուղակավորներին,
քաղաքից եկած
սև գուլպաներով
կարճոտ շրջազգեստներով
տիկնանց,
որոնք
հեռավոր բարեկամների
կարգավիճակն ունեն:
Չեմ սիրում Աստծոն,
նրա ինձ այսպես սիրելը:
***
այստեղ
ապրել եմ ես
այս փողոցների հարևանությամբ
աչքերդ
անձրևի երկու խոշոր կաթիլ
հոսել են պատուհանիս վրայով
մենք տեսել ենք՝
ինչքան խեղճ է լույսը:Դու քո
մատներով գժվեցրել ես
մազերս
ես նայել եմ
օտար անցյալից
(ես և իմն եմ և իմը չեմ)
ո՞վ է այս փողոցներում մոռացել մի անուն,
ո՞վ է ինձնից հետո հիշելու իմ մոռացածը
մի օր փողոցները նույն ձևով
բոլորի առաջ
կբացեն իրենց կոճակները
ես չեմ լինի
և ինչ-որ մեկը կշարունակի՞
նեոնային լույսերը ճերմակ վարդեր
կարծել:Քեզ
կթվա,որ
այդ բոլորը կարդացել ես
օտար գրքերում
ես կլինեմ
թեթև ու հեռու
անձրևը
դանդաղ
գիշերվա դեմքից կսրբի
իմ անունը
և
ոչ ոք այլևս չի հիշի
որ ես մի ժամանակ
ապրել եմ
այստեղ
այս փողոցների հարևանությամբ
ԱՌՆԵՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Պղնձե փողեր:
Ժանգ:Ցեխաջուր:
Անձրև:Ամպեր:Օդ:
Անծանոթ կին:
Բուրմունք:Մեղսանք:
Փախուստ:Ու
Փողերի
Շուրթերին
Տժժում են
Առնետները:
Ահա նորից մեռյալներին
Կտանեն թաղելու:Ջրափոսերի մեջ
Կարտացոլվի
Աստծո
Գունատ դեմքը:
Փետրվարն
Անչափահաս
Պոռնկուհու մարմին՝
Հերթի դրած.
Հաճույքից կաթվածահար առնետները ղժոցով
Նորից նավն են դզում լքյալ-
Ձգում են թոշնած ծծերը սպիտակ առագաստների,
Էլի մի հինգ տարվա բարի ճամփա են մաղթում իրար:
Անձրև:Օդ:
Անծանոթ կին:
Ահա ամենը,որ
Քոնն է:Ու փառք գունատ
Աստծոն:
էներգազուրկ օր
Տերը
մի կտոր
տաղանդ ձգեց
մեզ
մենք ծույլ գոհացանք
շնորհից վերին
(հանգեր թխեցինք
այս ու
այնտեղից
վարժեցինք
մեր
մեջ
մի քանի ձևեր )
սրա ու նրա
թարգմանածներից
ժամանակակից
խաղերը առանք
համակերպվեցինք
սուրճին ու գինուն
և աղջիկների մասին
երգեցինք
և տոմսեր տվին մեզ
գրողական
գրական անուն
մեզ
մկրտեցին
մեծահոգաբար
ոնց տուժածների
գրքեր տպեցին
մենք էլ ծափ տվինք ու
ավելի զիլ
այն ով՞դեռ մնաց
այս գավառական քաղաքի
մթում:Ու՞մ
աստղը մնաց
վարձու սենյակի
պատուհաններին
այս ինչպես՞ խառնվեց
մերն ու
մեր
մեջը
այս մղձավանջում
այս մղձավանջին
Мецав баваканутямб у ачуйков кардаци Славик Арутюняни банастегцутюннеры. Индз герецин нра паткеравор хоскн у норови аселикы. Индз асанели эин нра миткн у часвац хоскеры.Партадир чэ ереви банастегцутян дасакан дзевы, кареворы аселикн э , айн,вор банастегцы кароганум э банастегцел, узел кез ир бардзр у паткеравор хосков. Шноракалутюн Славик Арутюнянин айс ирав бардзраржек банстегцутюннери амар у нранц,овкер айд банастегцутюннеры тегадрел ен айстег…
baki tkhaji cancaramit setevetanq