Սոմերսեթ Մոըմ | Բանաստեղծը

Աշխատանքը կատարվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանական ծրագրի շրջանակներում՝ Շուշան Ավագյանի ղեկավարության ներքո։

Հայտնիների հանդեպ առանձնահատուկ հետաքրքրություն չեմ տածում ու երբեք  չեմ տածել այն կիրքը, որ ախտահարում է մարդկանց՝ գնալ ու աշխարհի մեծերի հետ ձեռքսեղմում փնտրել։ Երբ ինձ առաջարկվում է հանդիպել ինչ-որ անձի, որը գերազանցում է իրեն շրջապատող անձանց կոչումով կամ նվաճումներով, քաղաքակիրթ պատրվակ եմ փնտրում, որպեսզի խուսափեմ նման պատվից, և երբ իմ ընկեր Դիեգո Տորրեն առաջարկեց ծանոթացնել ինձ Սանտա Անայի հետ, ես հրաժարվեցի: Սակայն այս անգամ մերժմանս պատճառն անկեղծ էր, Սանտա Անան ոչ միայն մեծ բանաստեղծ էր, այլ նաև ռոմանտիկ կերպար էր, և ինձ կզվարճացներ տեսնել ծերության մեջ մի մարդու, ում արկածները (առնվազն Իսպանիայում) լեգենդար էին։ Քանի որ գիտեի, որ նա ծեր ու հիվանդ է, հավատս չէր գալիս, որ անծանոթ՝ այն էլ օտարական մեկի հետ հանդիպումը նրան անհանգստություն չի պատճառի։ Կալիստո դե Սանտա Անան Մեծ դպրոցի վերջին ժառանգն էր։ Նա բայրոնյան կյանք էր վարում մի աշխարհում, որը հավանություն չէր տալիս բայրոնիզմին, և նա պատմել էր իր վտանգալից կյանքի մասին բանաստեղծությունների ժողովածուներում, որոնք նրան իր ժամանակակիցների համեմատ անճանաչելի փառք էին բերել։ Չեմ կարող դատել դրանց արժեքի մասին, քանի որ դրանք առաջին անգամ կարդացել եմ, երբ երեք տարեկան էի, հետո՝ քսան, ապա հափշտակվեցի դրանցով։ Նրա բանաստեղծությունները կիրք, հերոսական ամբարտավանություն և բազմերանգ կենսունակություն ունեին, ինչից ես կորցրեցի գլուխս, և ցայսօր այնքան միախառնված են այդ հնչեղ տողերն ու տխրահուշ ելևէջները երիտասարդությանս հմայիչ հիշողությունների հետ, որ չեմ կարող առանց սրտի տրոփյունի կարդալ դրանք։ Հակված եմ կարծել, որ Կալիստո դե Սանտա Անան արժանի է այն համբավին, որը նա վայելում է իսպանախոս ժողովուրդների շրջանում։ Այն օրերին նրա բանաստեղծական տները բոլոր երիտասարդների շուրթերին էին, և ընկերներս անվերջ պատմում էին ինձ նրա վայրենի պահելակերպի, բուռն ելույթների (քանի որ որքան բանաստեղծ էր, այնքան էլ՝ քաղաքական գործիչ), նրա սուր մտքի ու սիրային արկածների մասին: Ապստամբ էր, երբեմն՝ օրինազանց, համարձակ և արկածախնդիր, սակայն ամենից առաջ նա սիրահար էր: Մենք ամեն ինչ գիտեինք նրա՝ այս մեծանուն դերասանուհու կամ այն աստվածային երգչուհու հանդեպ տարփանքի մասին․ հրեղեն սոնետները, որոնցում նկարագրում էր իր սերը, իր վիշտն ու իր ցասումը՝ արդյո՞ք այնքան չէինք կարդում, մինչև անգիր չսովորեինք: Նաև տեղյակ էինք, որ Իսպանիայի ինֆանտաներից մեկը՝ բուրբոնների ամենահպարտ ժառանգորդուհին՝ նրա աղերսներին անձնատուր եղած, որոշեց կյանքը նվիրել Աստծուն, երբ իմացավ, որ բանաստեղծը նրան այլևս չի սիրում։ Երբ Ֆիլիպսները՝ նրա արքունի նախնիները, հոգնեցին սիրուհու համբավ ունեցող կնոջից, նա միանձնուհի դարձավ, քանի որ անկարելի էր, որ մեկը, ում սիրել էր արքան, սիրված լիներ մեկ ուրիշի կողմից, բայց արդյո՞ք Կալիստո դե Սանտա Անան ցանկացած մահկանացու արքայից վսեմ չէր։ Մենք ողջունեցինք կնոջ ռոմանտիկ ժեստը՝ այն պատվարժան էր իր և հաճելի՝ մեր բանաստեղծի համար։ Այս ամենը, սակայն, տեղի էր ունեցել շատ տարիներ առաջ և քառորդ դարի ընթացքում Դոն Կալիստոն՝ արհամարհանքով հեռանալով աշխարհից, որն այլևս ոչինչ չուներ նրան առաջարկելու, մեկուսացման մեջ ապրում էր իր հայրենի Էսիխա քաղաքում։ Ահա, թե ինչու ես հայտարարեցի այնտեղ գնալու իմ մտադրության մասին (մեկ-երկու շաբաթ էր ինչ Սևիլիայում էի անցկացնում)՝ ոչ թե հանուն նրա, ում հետ Դիեգո Տորրեն էր ինձ առաջարկել ծանոթանալ, այլ քանի որ այն մի փոքրիկ անդալուզյան հմայիչ քաղաք է՝ ինձ համար սիրելի և թանկ մտազուգորդումներով, որոնք այն ինձ հարազատ են դարձնում: Պարզվում է՝ Դոն Կալիստոն թույլ էր տալիս երիտասարդ գրողներին ժամանակ առ ժամանակ այցելել իրեն և երբեմն խոսում էր նրանց հետ այն նույն եռանդով, որն իր լավագույն օրերի ժամանակ խանդավառում էր իր ունկնդիրներին։
– Ինչպիսի՞ տեսք ունի հիմա, – հարցրի ես։
– Հիասքանչ։
– Լուսանկարն ունե՞ս։
– Երանի չէ՞ր ունենայի։ Երեսունհինգ տարեկանից ի վեր չի համաձայնել խցիկի առջև երևալ։ Ասում է, որ չի ցանկանում, որպեսզի ապագա սերունդներն իրեն երիտասարդ տարիքից բացի այլ կերպ տեսնեն։ Խոստովանեմ, որ ունայնության այս ակնարկն ինձ ահագին հուզեց։ Գիտեի, որ պատանեկության հասակում արտակարգ գեղեցկություն է ունեցել, և երիտասարդության՝ նրան ընդմիշտ լքելու գիտակցման ժամանակ նրա գրած այն սրտաշարժ սոնետը ցույց է տալիս, թե ինչպիսի դառը և սարդոնյան տառապանքով է հետևել իր՝ այդքան ցնորական սքանչելիություն վայելող արտաքինի անհետացմանը։
Այնուհանդերձ մերժեցի ընկերոջս առաջարկը. միանգամայն բավարար էր, որ ևս մեկ անգամ կարդացի ինձ քաջածանոթ բանաստեղծությունները՝ դրանից զատ գերադասում էի ազատ թափառել Էսիխայի լուռ և արևաթաթախ փողոցներով։ Ուստի ապշել էի, երբ ժամանումիս երեկոյան երկտող ստացա ոչ այլ ումից, քան մեծ բանաստեղծից։ Դիեգո Տորրեն գրել էր նրան իմ այցելության մասին, ասում էր նա, և նրան շատ հաճելի կլիներ, եթե ես նրան հյուր գնայի մյուս օրն առավոտյան՝ ժամը տասնմեկին։ Այսպիսի հանգամանքներում ոչինչ չէի կարող անել, քան նշված ժամին ներկայանալ իր տուն։ Իմ հյուրանոցը գտնվում էր պլազայի վրա , և այդ գարնանային առավոտյան այն աշխույժ էր, սակայն հենց լքեցի այն, ասես ամայի քաղաքով քայլելիս լինեի։ Փողոցները՝ ոլորուն սպիտակ փողոցները, դատարկ էին՝ չհաշված սևազգեստ մի կնոջ, որը այստեղ և այնտեղ երևալով, չափված քայլերով վերադառնում էր իր աղոթավայրից։ Էսիխան եկեղեցիների քաղաք է, և դժվար թե ստացվի երկար քայլել առանց տեսնելու մի փլուզված վանքի ճակատ կամ մի աշտարակ, որի վրա արագիլներ են բույն դրել: Մի անգամ կանգ առա դիտելու, թե ինչպես են շարքով անցնում իշուկները։ Նրանց կարմիր նախշազարդ կտորները խամրած էին և նույնիսկ չգիտեմ, թե ինչ էին կրում իրենց սակառներում։ Իրականում, Էսիխան ժամանակին նշանակալից վայր է եղել։ Այս սպիտակ տներից շատերն ունեն քարե դարպասներ, որոնց վրա բարձրանում են ազդեցիկ զինանշաններ, քանի որ դեպի այս հեռավոր քաղաք էր հոսում Նոր աշխարհի հարստությունը, և այստեղ էր, որտեղ ամերիկյան մայրցամաքներում հարստություն կուտակած արկածախնդիրներն անցկացնում էին իրենց կյանքի վերջին տարիները։ Հենց այս տներից մեկում էր ապրում Դոն Կալիստոն, և ես՝ զանգը քաշելուց հետո ռեխայի մոտ կանգնած, ուրախանում էի մտքից, որ նա ճաշակով է ապրում։ Հսկայական դարպասը մաշված վեհություն ուներ, որը համապատասխանում էր բանաստեղծի վայելուչ լինելու իմ պատկերացմանը: Թեև տան միջով լսեցի զանգի զրնգոցը, ոչ ոք չպատասխանեց, և ես երկրորդ, ապա երրորդ անգամ զանգեցի. վերջապես դարպասի մոտ եկավ խիտ բեղերով մի ծեր կին։
– Ի՞նչ եք ուզում, – հարցրեց նա։
Գեղեցիկ սև աչքեր ուներ, բայց խոժոռ հայացք, և ես ենթադրեցի, որ հենց նա է այն մարդը, որ խնամում է ծերունուն։ Նրան տվեցի քարտս։
– Ձեր տիրոջ հետ պայմանավորված եմ։
Նա բացեց երկաթե դարպասն ու ինձ ներս հրավիրեց: Խնդրելով ինձ սպասել՝ նա հեռացավ և բարձրացավ աստիճաններով վերև։ Ներքնաբակում փողոցից հետո հաճելի զով էր։ Ներքնաբակի համադրությունը հոյակապ էր, և կարող էիք ենթադրել, որ այն կոնկիստադորների մի որևէ հետնորդ է կառուցել, սակայն ներկը փայլատվել էր, հատակի սալիկները՝ կոտրվել, տեղ-տեղ գաջի մեծ փաթիլներ էին բացակայում։ Ամեն ինչի մեջ կար աղքատության, բայց ոչ թափթփվածության շունչ։ Գիտեի, որ Դոն Կալիստոն աղքատ է։ Փողը նրա մոտ երբեմն հեշտությամբ էր հայտնվում, սակայն նա երբեք դրան մեծ կարևորություն չէր տալիս և ծախսում էր շռայլորեն։ Ակնհայտ էր, որ այժմ ապրում էր աղքատության մեջ, որը նախընտրում էր անտեսել։ Ներքնաբակի մեջտեղում դրված էր մի սեղան, որի երկու կողմից ճոճաթոռներ էին, և սեղանի վրա՝ շաբաթների հնության թերթեր։ Մտածում էի, թե ինչ երազներ են գրավում նրա երևակայությունը, երբ նա նստում է այնտեղ ամառվա տաք գիշերներով և ծխախոտ ծխում: Սյունաշարի ստորին պատերին իսպանական նկարներ էին՝ մռայլ և տգեղ, տեղ-տեղ կանգնած էին հինավուրց ու փոշոտ բարգասյաններ , իսկ վրան՝ վերանորոգված շողյունեպատ ափսե։ Դռան կողքին մի զույգ ատրճանակներ էին կախված, և ինձ հաճելի էր մտածել, որ դրանք հենց այն զենքերն են, որ նա օգտագործել է իր բազում մենամարտերից ամենահայտնիի ժամանակ՝ երբ հանուն պարուհի Պեպա Մոնտանյեզի (այժմ՝ ենթադրում եմ մի անատամ զառամյալ պառավի) նա սպանել էր Դոս Էրմանոսի դքսին։ Տեսարանը՝ իր մտազուգորդումներով, որոնք ես աղոտ կերպով գուշակել էի, այնքան տեղին ու համապատասխան էր ռոմանտիկ բանաստեղծին, որ ենթարկվեցի տեղի ոգուն։ Այս վայրի արժանապատիվ աղքատությունը պատում էր բանաստեղծին այնքան վեհ փառքով, որքան իր երիտասարդության ճոխությունը։ Նրա մեջ նույնպես ապրում էր վաղեմի կոնկիստադորների ոգին, և սազական էր, որ նա ավարտի իր փառավոր կյանքն այդ ավերված ու հոյակապ տանը։ Այսպես, անկասկած, պետք է ապրի և մահանա բանաստեղծը։ Բավականին սառնասիրտ էի, երբ եկա և նույնիսկ որոշ չափով ձանձրույթ էի զգում հանդիպման հեռանկարից, բայց հիմա սկսեցի մի փոքր լարվել։ Ծխախոտ վառեցի։ Նշանակված ժամին էի եկել, և մտածում էի՝ ո՞րն է ծերուկի ուշացման պատճառը։ Լռությունը տարօրինակորեն մտահոգիչ էր։ Անցյալի ուրվականներն ամբոխի պես հեղեղեցին լուռ ներքնաբակը, և մի մեռած ու վաղուց անցած դարաշրջան ինձ համար մի տեսակ ստվերային կյանք ձեռք բերեց: Այդ ժամանակվա մարդիկ ունեին ոգու կիրք և վայրիություն, որոնք հավիտյան վերացել են աշխարհից։ Մենք այլևս ընդունակ չենք կատարել նրանց սխրանքները կամ թատերական բեմին վայել հերոսությունները։
Ձայն լսեցի և սիրտս սկսեց արագ բաբախել։ Լի էի խանդավառությամբ, և երբ վերջապես տեսա նրան աստիճաններով դանդաղ իջնելիս, պահեցի շունչս։ Ձեռքի մեջ քարտս էր։ Նա բարձրահասակ, չափազանց նիհար ծերուկ էր, հին փղոսկրի գույնի մաշկով։ Առատ և սպիտակ մազեր ուներ, սակայն թփոտ հոնքերը դեռ մուգ էին՝ դրանք նրա մեծ աչքերի փայլատակող հուրն ավելի թախծոտ էին դարձնում: Հրաշալի էր, որ նրա տարիքում այդ սև աչքերը դեռ պահպանում էին իրենց փայլը։ Արծվաքիթ ուներ, բերանը փոքր էր։ Մոտենալիս նրա անժպիտ աչքերը հառեցին ինձ, որոնց մեջ երևաց սառը գնահատող հայացքը։ Սև էր հագել և մի ձեռքում՝ լայնեզր գլխարկ պահել։ Նրա շարժուձևի մեջ վստահություն և արժանապատվություն էր նկատվում։ Նա այնպիսին էր, ինչպիսին ես ցանկանում էի, որ նա լիներ, և նրան դիտելիս հասկացա, թե ինչպես էր ներթափանցում մարդկանց մտքերի մեջ և դիպչում նրանց սրտերին: Նա ոտքից գլուխ բանաստեղծ էր։
Ներքնաբակ մտավ և դանդաղ մոտեցավ ինձ։ Իսկապես արծվի աչքեր ուներ։ Պահն ինձ սաստիկ էր թվում, քանի որ ահա նա, իմ առջև կանգնած էր մեծ իսպանացի բանաստեղծների ժառանգը՝ հիասքանչ Էրրերան, կարոտակեզ և հուզիչ Ֆրեյ Լուիսը, Խուան դե լա Քրուզ խորհրդապաշտը, խոժոռ ու մռայլ Գոնգորան։ Նա այդ երկար շարքից վերջինն էր և նրանց ճանապարհով ամենևին անարժանաբարո չէր քայլել։ Իմ սրտում տարօրինակորեն սկսեց երգել Դոն Կալիստոյի գրած ամենահայտնի բառերով այն սիրուն ու քնքուշ երգը։ Ամաչեցի։ Բախտս բերեց, քանի որ նախօրոք պատրաստել էի նախադասությունը, որով մտադիր էի ողջունել նրան։
– Անհավատալի պատիվ է, Մաե՛ստրո, իմ պես օտարականի համար ծանոթանալ այսքան վսեմ բանաստեղծի հետ։
Զվարճության մի փայլակ անցավ այդ ծակող աչքերի միջով, և ժպիտը մի ակնթարթում կորացրեց նրա խոժոռ բերանի գծերը։
– Ես բանաստեղծ չեմ, սինյո՛ր, ստևավաճառ եմ։ Դուք սխալվել եք, Դոն Կալիստոն ապրում է կողքի տանը։
Սխալ տուն էի եկել։

Թարգմանությունը անգլերենից՝ Նորայր Մանվելյանի

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *