Թուղթուգիր
Ինչ լինելու էր՝ եղավ: Անիմաստ է յոթ սարից այն կողմ փնտրել մի բան, որը քո աչքի առաջ է: Եթե պետք էր, որ այս պատերազմը իր Սոնան ունենա, թող ունենա: Պատերազմը հենց նրա համար է պատերազմ, որ խախտի իրականության սահմանումները: Սոնան էլ հենց նրա համար է Սոնա, որ խախտի պատերազմի սահմանումները: Երկուսն էլ մեզ մատուցվեցին նույն սկուտեղի վրա, որպես չհամտեսված խորտիկներ. Սոնան՝ աննկարագրելի, պատերազմը՝ անմեկնելի: Անկեղծ ասած, երկուսից էլ բան չհասկացանք: Մեր ջոկատում տասնմեկ տղա կար, տասնմեկն էլ Սոնային սիրահարված էին եւ բոլորն էլ պատերազմը խաղ ու պար էին կարծում: Մեր մի քանի ժանգոտ հրացանները օդում թափահարելով՝ պարծենում էինք. «Թուրքի մերը լացացնելու ենք ու գանք Սոնային տեր կանգնենք»: Թե ոնց ենք «թուրքի մերը լացացնելու», ոնց ենք «Սոնային տեր կանգնելու», հատկապես մեզնից ո՞վ է տեր կանգնելու, չէինք ասում: Տասնմեկս էլ մորուք ունեինք: Սասունցի պապս ասում էր. «Գառ ջան, երբ մորուքավորները շատանում են, ուրեմն պատերազմ է սկսվելու»: Մորուքը մեր զինվորական համազգեստն էր, մեր ուսադիրը, մեր քաջության սահմանը, վճռականությունը: Մենք զինվոր էինք մեր մորուքի չափով: Մեկ-երկու կիսատ-պռատ երգ գիտեինք, որ երգում էինք երեկոյան կողմ, երբ արեւը, մայր մտնելուց առաջ, մի ակնթարթ հետ էր նայում: Երգում էինք, որ անորոշությունը, մեզ համակող անհանգստությունը ցրեինք: Սոնան լսում էր մեր միտումնավոր խռպոտ ձայները եւ ոգեւորությունից պայթում էր. – Տղե՛րք, ես ձեր ցա՛վը տանեմ: Սոնան ձեզ հետ է, չվախենա՛ք: Սոնան ձեր բաժինն է: Հենց հաղթած տուն գաք, մեկ առ մեկ բոլորիդ տալո՛ւ եմ: Էս ձեռքերով մեկ առ մեկ սափրելու եմ ձեր փռչոտ երեսները: Անուշահոտ օճառով բոլորիդ լվանալու եմ: Ու քրքրելո՛ւ եմ… մեկ առ մեկ քրքրելու եմ: Սոնայի պայմանը պայման է… Թե հաղթած հետ չեկաք, էս հյութալի խնձորները կտրելու եմ գցեմ շներին… Սոնայի ազատախոսությունը սկզբում մեզ ճնշում էր: Թվում էր՝ հեշտ տրվող, թեթեւաբարո աղջիկ է, եկել է ցանկությունների ու հայրենասիրության արբեցնող խառնուրդից պատրաստված օշարակից ըմպելու եւ իր հետպատերազմյան կյանքին մի քիչ իմաստ ու շարժ հաղորդելու հեռահար նպատակով: Մեզնից յուրաքանչյուրը թաքուն նրան տիրանալու հույս էր փայփայում: Ինչպես հետո խոստովանեցինք, ամենքս էլ մեր տղամարդկությունը Սոնային ցուցադրելու ճիգեր էինք թափել, բայց ապարդյուն: Գլուխներս քորելով հեռացել էինք: Մեր հետեւից Սոնան նետում էր. «Պայման ենք կապել. հաղթեցիր՝ տալու եմ»: Սոնան մեր ջոկատի տեսադաշտում հայտնվեց հանկարծակի: Ո՞վ էր, որտեղի՞ց էր, ի՞նչ էր փնտրում աշխարհից մոռացված այս սահմանամերձ գյուղում, լռում էր: Ազնվական ճեմասրահներին վայել նրա գեղեցկությունը ի՞նչ աղերս ուներ այս խառնափնթոր պատերազմի հետ… Եվ ինչո՞ւ հենց մեր բախտը բանեց. գոմերից ու հանդերից իրար գլխի եկած մեր մի քանիսի ո՞ր հատկանիշն էր, որ Սոնային հրապուրել էր, չհասկացանք: Ջոկատում մնաց 15 օր: Իբր կրակել էինք սովորում, իբր զինվորություն էինք յուրացնում, բայց մեր ուշքն ու միտքը Սոնան էր, նրա «խնձորները», նրա ձիգ, թրթռուն ոտքերը, նրա բոցկլտուն, մեկը մյուսից անկախ աչքերը… Մի աչքը խոսում էր, մյուսը՝ փայփայում, մեկը հրավիրում էր, մյուսը՝ վանում: Հազար տարվա մտերմությամբ մոտենում էր ու իր ջերմությամբ, անբռնազբոս պահվածքով խտտում մեր ցանկությունների փեթակը՝ ամեն անգամ լույսաշխարհ բերելով մի նոր, յուրահատուկ թրթիռ. – Արա, էս սիրուն, թոթոլ նստուկոս հո թուրքին չեք թողնելու: – Արա, էդքան մի խեղճացիր, ասացի տալո՛ւ եմ, ուրեմն տալո՛ւ եմ: – Արա, լիմոնի պես ձեզ ճզմելու եմ ու խմեմ: Պատերազմը, հենց մեր քթի տակ, հասունանում էր ու լրջանում: Գյուղական խանութից անհետացել էին առաջին անհրաժեշտության բոլոր պիտույքները: Հացի սպառման լուրը քաղաքից կայծակի արագությամբ հասել էր սահմանային գյուղ: Գյուղացիները դարձել էին անհանգիստ: Տաքարյուն ջահելները պատերազմը մի քանի օրում ավարտելու ուղիներ էին մոգոնում եւ պայթուցիկներ ձեռք գցելու, հորինելու ստեղծագործական փնտրտուքի մեջ էին: Մեր ջոկատի շուրջ հետաքրքրությունը ավելի էր ընդգծվում: Մենք, Սոնայով տարված, ձեւացնում էինք, թե չենք լսում զոհված տղերքի մասին լուրերը: Ձեւացնում էինք, թե չենք վախենում, եւ պատերազմը հենց այն է, ինչին մենք սրտատրոփ սպասում էինք: Սոնային թշնամու ականջներ էինք խոստանում: – Արա, էդքան ականջ ինչի՞ս է պետք, դրանցով հո բուրգ չեմ սարքելու, – ասում էր Սոնան: Գյուղացիները մեր անլրջությունը, Սոնայի մարտական գեղեցկությունը, մեր մի քանի հրացանների խղճուկ տեսքը եւ այլ մանրուքներ հաշվի առնելով՝ թերահավատորեն էին տրամադրված: «Սոնայի պես մարտական մեքենան առաջները գցած՝ Բաքու էլ կհասնեն», – թաքուն ծիծաղում էին: Եվ այսպես՝ գյուղացիները հեգնանքով, մենք՝ ամենայն լրջությամբ, ջոկատի անունը կնքեցինք «Սոնա»: Ջոկատում ընդգրկված բոլոր ֆիդայիններս էլ դարձանք «Սոնա-1», «Սոնա-2» … «Սոնա-11» (Հետագայում մեր այս անունները երկար, շատ երկար հնչեցին պատերազմի շուրթերին: Այնքան երկար, որ մեր իսկական անունները, մեզանից խռոված, գնա՜ցին-գնա՜ցին ու ամփոփվեցին շիրմաքարերի մեջ): Առավոտյան Շարժման կենտրոնից մարդ էր եկել: Մարդ ասածը մի ինքնավստահ, մշակված, գրեթե մեր տարիքի տղա էր: Ծանոթացավ մեզ, մեր զինամթերքին, հետո հարեւանցիորեն, արհամարհական Սոնային դիտելով՝ ասաց. – Եկել եք կռվելո՞ւ, թե՞… «Սոնա-1» -ը ձեռքերը բռունցք արած՝ առաջ եկավ. – Մի բան էլ ասես, մռութդ կջարդեմ: Երեւանցին չխեղճացավ, բայց նահանջեց. – Լավ-լավ… հասկացանք: Ասում եմ՝ վտանգավոր է… աղջիկ է… ուղարկեք գնա տուն: Սոնան չլսեց Երեւանցուն, բայց կռահեց, թե ինչի մասին են խոսում: Իր գեղեցկությունը զենքի պես ցուցադրելով՝ «Սոնա-1» -ին հորդորեց. – Արա, ջղայնությունդ պահի թուրքի համար, էդ ճերմակերես լպրծուկին էլ ասա, որ իրեն չեմ տալու, որովհետեւ ինքը պատերազմ գնացող ու հաղթող չի: Սոնան մեկնելուց առաջ զորահանդես սարքեց: Մեր զենք-զրահը կապեցինք ու շարվեցինք գլխավոր հրամանատարի առաջ: Հերթով մեր մորուքները քջջելով՝ հրաժեշտ տվեց: Մեկիս ասաց. «Ցա՜վդ տանեմ»: Մյուսին՝ «Քեզ երկու արծիվ եմ ծնելու» … երրորդին՝ «Պատերազմից հետո քեզ քրքրելո՛ւ եմ»: Հետո գլխավոր հրամանատարին վայել սառնասրտությամբ, երկու աչքերի տարօրինակ խաղով, ամենքիս առավ իր տեսադաշտի մեջ եւ ասաց. – Չվախենա՛ք, Սոնան ձեր թիկունքին է: Հետո Երեւանցուն երկու աչքերի ելեւէջի մեջ խաղացնելով՝ ասաց. – Արա, էդ քո ճառասացներին ասա, որ տղերքին մի երկու զենք տան, թե չէ ականջները կքաշեմ: Տղերքը ծիծաղից մեռան: «Սոնա-9» -ը ասաց. – Սոնայի ասածը՝ ասած է: Երեւանցին կշտամբանքով ասաց. – Երանի՜ ձեզ… տղերքը զոհվում են, իսկ դուք էստեղ կոմդեիա եք բեմադրում: «Սոնա-2» -ը ասաց. – Մի վռազեք, մենք էլ կզոհվենք, էն ժամանակ էլ դուք կծիծաղեք: «Սոնա-4» -ն էլ ինչ-որ բան ասաց, ու մենք դարձյալ ծիծաղեցինք, «Սոնա-5» -ն էլ… մյուսներն էլ: Երեւանցին էլ ինչ-որ բաներ ասաց, ու մենք դարձյալ ծիծաղեցինք: Սոնան հրաժեշտի ճառում ընդգծեց, որ ինքը տասնմեկ մասի է բաժանված: Սոնայի մի խնձորը բաժին ընկավ «Սոնա-1» -ին, մյուսը՝ «Սոնա-6» -ին: «Սոնա-11» -ին (Ես եմ) բաժին ընկավ… ու մենք դարձյալ ծիծաղեցինք: Երեւանցին խելոք տղա էր, բայց ոչ այնքան խելոք, որ մի բան էլ իրեն բաժին ընկներ, եւ մինչեւ վերջ լրջությունը չկորցրեց: Որպես պատիժ Սոնան նրան զրկեց պարգեւից: Նրա համար ամենալուրջ բանը արդեն սեթեւթեող պատերազմն էր, այդ պատերազմում իր դերակատարության աստիճանը եւ հարազատ կուսակցության պատվիրանների անթերի կատարումը: Սոնան գնաց, իսկ մենք ընկանք պատերազմի մեջ: (Այդ պատերազմում մեզ վիճակված էր երկու բան՝ զոհվել եւ ծիծաղել: Երկուսն էլ անթերի կատարեցինք: Պետությունն էլ մեզ լիուլի վարձատրեց՝ տասնմեկս էլ արժանացանք «Մարտական խաչի», բայց չիմացանք… զոհվելո՞ւ, թե՞ ծիծաղելու համար): Պատերզմ կոչվածը, վիրավորված իր հանդեպ դրսեւորած մեր անլուրջ վերաբերմունքից, մեր ջոկատին այցելեց իր իսկական դեմքով: Գեւորգ Չաուշի պես թշնամու հոգու հետ խաղալու պատեհություն չունեցանք, մեզնից երկուսը «Հրեղեն գնդակի համբույրին» արժանացան առաջին իսկ մարտի ժամանակ: «Սոնա-6» -ին եւ «Սոնա-9» -ին տեղափոխեցինք հոսպիտալ: Փառք Աստծո, մի քանի ամսից նորից միացան մեզ: Այդ օրը դարձյալ հիշեցինք Սոնային ու կուշտ ծիծաղեցինք: «Սոնա-2» -ը «Սոնա-6» -ին ասաց. – Ախպեր, եթե զոհվեիր, Սոնայի խնձորը կմնար ինձ: «Սոնա-6» -ը ասաց. – Արա, չլինի՞ քո գործն էր: «Սոնա-1» -ը երեք ամսում ջոկատի նվաճումները ցուցադրելու ակնհայտ դիտավորությամբ «Ալինկո» կոչված ընդունիչով ներկայացում տվեց. «Սոնա-10», ես «Սոնա-1» -ն եմ, պրիյոմ»: «Սոնա-6» -ը ասաց. – Տերդ մեռնի, գիտություն: «Սոնա-3» -ը ասաց. – Տղերք, մի անեկդոտ պատմեմ՝ լսեք: – Տեղով անեկդոտ ենք, – ասաց «Սոնա-4» -ը: – Թող լսենք, արա՛.- սուտ-սուտ ջղայնացավ «Սոնա-7» -ը: – Ուրեմն, մի կորած-մոլորված գյուղից 11 հոգի պատերազմ են գնում: 10-ը զոհվում են, մեկը հենակներով վերադառնում է գյուղ: Ուրեմն գյուղացիք շրջապատում են էս խեղճ հաշմանդամին ու հարցախեղդ անում. «Հլա պատմի՝ տեսնենք էդ ի՞նչ բան է պատերազմը»: Էս հաշմանդամը իմաստուն զարմանքով ասում է. «Այ ժողովուրդ, ի՜նչ պատերազմ, ի՜նչ բան… մարդասպանություն էր»: Չծիծաղեցինք: «Սոնա-3» -ը ասաց. – Արա, դուք հումոր չունե՞ք: «Սոնա-1» -ը ասաց. – Մենք էլ ենք 11 հոգի: «Սոնա-2» -ը ասաց. – Մեր գյուղն էլ է կորած-մոլորած: «Սոնա-3» -ը դարձյալ կրկնեց. – Արա, դուք հումոր չունե՞ք: «Սոնա-2» -ը ասաց. – Ախպեր, ասածդ էն է, որ էդ հենակով մարդն էլ դու ես, հա՞: Էդ 10 զոհվածներն էլ մենք ենք, հա՞: «Սոնա-3» -ը լուրջ-լուրջ ասաց. – Ես հենակով ապրող մարդ չեմ, չեմ կարա: Հենց «Սոնա-3» -ը լրջացավ՝ մենք սկսեցինք ծիծաղել: «Սոնա-3» -ը վիրավորվեց: «Սոնա-1» -ը ասաց. – Արա, դու հումոր չունե՞ս: Ծիծաղելը էն բառը չէ, մեռանք-պրծանք: Սոնայից լուր չունեցանք ամբողջ պատերազմի ընթացքում: Իսկ մեր զոհվելու մասին լուրերը երեւի Սոնան ստացած լինի: Ընդհանրապես, ոչ էս պատերազմից բան հասկացանք, ոչ էլ Սոնայից: Երկուսն էլ ոնց որ՝ սուտ: Այն, որ մեր տասնմեկից հենց ես պետք է ողջ մնայի, դարձյալ սուտ է: Հորինովի է: Հորինովի է ամեն ինչ: Ինչո՞ւ պետք է հենակավորը հենց «Սոնա-11» -ը լիներ (ես եմ), ինչո՞ւ պետք է մենք հաղթեինք, բայց հաղթանակի մասին չիմանայինք: Սոնայի «խնձորները» ո՞ւմ բաժին հասան: Ախր, պայմա՜ն կար, բան կար… Հիմա ես ի՞նչ անեմ: Նստեմ ու այդ ստի մասին պատմվա՞ծք հորինեմ… Եվ ո՞վ կուլ կտա այդ պատմվածքը… Հենակներս կտկտացնելով գնում-գալիս եմ իմ տան մեջ: Ոչ ոք ինձ չի խանգարում: Ես ազատ եմ: Իմ հենակներով խրվել եմ հայի ու թուրքի անվերջանալի, անհամ ու դողդոջուն այս պատմության մեջ: Որպես մարդ ես այլեւս անելիք չունեմ այս աշխարհում, բայց որպես հայ նոր-նոր ձեւավորվում եմ: Տխուր եզրահանգում է. որպես մարդ շատ բան կորցրի, բայց որպես հայ՝ հայտնաբերեցի: կորցրեցի կյանքի հանդեպ իմ հետաքրքրությունը եւ գտա կյանքի շարունակությունը: Շատ բան չէի հասկանում եւ շարունակում եմ չհասկանալ: Հենց այդ պահերին հենակներս ավելի են խրվում պատմության մեջ: Չէ, այսպես անհնար է ձգձգել: Ինչ-որ ցնցող բան է պետք: Այնպիսի բան, որ իմը լինի, ոչ սուտ լինի, ոչ՝ ճիշտ: Այնպիսի բան, որ ոչ հայի՛ սեփականությունը լինի, ոչ թուրքի, ինչպես կայծակը, քամին… շոգը…շո՜գը… Կա՛ այդպիսի բան: Սուտ է, թե ճիշտ, չգիտեմ: Բայց կա… – «Սոնա-11», ես Սոնան եմ, պրիյոմ: Եկել եմ քեզ քրքրելու… Մեր պայմանը պայման է… Ռադ արա էդ քոսոտ հենակներդ: Ասացի՝ տալու եմ, ուրեմն՝ տալու եմ: Տասնմե՛կ անգամ եմ տալու…
«… երբ մորուքավորները շատանում են, ուրեմն պատերազմ է սկսվելու»։ Շա՛տ, շատ հետաքրքիր էր ասված