Կարինե Խոդիկյան | Սովորական անսովոր պատմություն. մարտի 1

Գործող անձինք

ԱՎԵՏՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ

ՎԱՀԱՆ ԱՐՍԵՆԻՉ – շինարար

ԱՍՏՂԻԿ ԱՇՈՏՈՎՆԱ – բուժքույր

ԴԱՎԻԹ – նրանց որդին, օրդինատուրայի վերջին կուրսում է, վիրաբույժ

ԱՆՈՒՇ – նրանց դուստրը, ճարտարապետ

ԼՈՒՍԻՆԵ – Դավիթի կինը, բժշկականի ուսանողուհի

ՎԱՀԱՆ կրտսեր – 2 տարեկան, նրանց որդին

ԴԱՎԹՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔ

ՍՈՒՐԵՆ ԿԱՐՊԻՉ – կուսակցական նախկին աշխատող

ԵՎԳԻՆԵ – երաժշտության դասատու

ՄՈՒՇԵՂ – նրանց ավագ որդին, իրավաբան

ԱՐՏԱԿ – կրտսեր որդին, նկարիչ

ԼԻԼԻԹ – Անուշի և Մուշեղի դուստրը

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

1992 թվական, փետրվար

Ավետյանների բնակարանը:

Վարագույրը բացվում է՝ բեմում անթափանց խավար է: Լսվում է՝ ինչպես է բացվում դուռը: Ներս մտնողը խարխափելով առաջ է գալիս: Նրա գործողության թարգմանը ձայնն է,- լսվում են ոտնաձայները, ահա, նա ինչ-որ բանի դիպավ, ևս երկու քայլ, և ընկնող աթոռի հետ միաժամանակ լսվում է՝

ՎԱՀԱՆ – Լույս չկա՝ հասկացանք, մարդ է՞լ չկա… (Լռություն:) Ասենք՝ առանց լույսի էլ վատ չեմ կողմնորոշվում, եթե… (Լսվում է՝ ինչպես է աթոռը հատակից բարձրացնում:) Եթե ամեն ինչ իր տեղում լինի: Այ, էս աթոռը որ սենյակի մեջտեղում չթողնեիր՝ իրեն դիպչողը չէի: (Լսվում է՝ ինչ-որ ամանի կափարիչ է բացում:) Ըհը՛, հացամանը իր տեղում է, առանց մոմի էլ հացը տեղավորեցի… Էսպես որ գնա՝ շուտով մթան մեջ ավելի լավ կշարժվեմ, քան օրը ցերեկով… Չե՞ս ուզում իմանալ, թե քանի հաց եմ հաջողացրել առնել: (Լռություն:) Ուրեմն՝ խիստ ես նեղացել, որ նույնիսկ  հանապազօրյա հացի… չէ, հանապազօրյա հարցի՛ պատասխանը չես ուզում լսել: Աստղի՜կ… Ա՛ստղս… Մեղավո՞ր եմ, որ հերթը մեծ էր, կողքից էլ անշնորհք ջահելներ մտնում, անհերթ հացը տանում էին… Դե, հերիք լռես, խոստանում եմ, էլ չի կրկնվի:

ԱՍՏՂԻԿ(խռովկան շեշտով): Անցած անգամ էլ խոստացար:

ՎԱՀԱՆ – Հաջորդ անգամ էլ կխոստանամ:

ԱՍՏՂԻԿ – Ըհը, ու էդպես՝ մինչև ինձ ինֆարկտի հասցնես:

ՎԱՀԱՆ – Դու խելացի ես, քեզ ինֆարկտի չես հասցնի, որովհետև շտապ օգնությունը բենզին չունի, քեզ ո՞վ պիտի փրկի:

ԱՍՏՂԻԿ – Ուրեմն՝ կեսօրին որ գնում ես, մինչև կեսգիշեր տուն արի:

ՎԱՀԱՆ – Ի՞նչ կեսգիշեր… յոթը չկա:

ԱՍՏՂԻԿ – Կեսգիշերից էլ մութ է:

ՎԱՀԱՆ – Որովհետև քաղաքն է մթության մեջ… Ըհը, արդեն նորմալ ընտանեկան լեզվակռվի անցանք, գուցե հիմա՞ լամպը կվառես:

ԱՍՏՂԻԿ – Իսկ դու սեղանի մոտ չե՞ս:

ՎԱՀԱՆ – Հասկացա… Եթե լամպը սեղանի մեջտեղում է, իսկ կողքը՝ լուցկու տուփը…

Լուցկու բոցը լուսավորում է սեղանը, Վահանը վարժ վառում է նավթավառը: Բեմը խամրած լուսավորվում է: Բազմոցին տարօրինակ կառույց է՝ բարձ-ծածկոց-վերմակներից բաղկացած, որոնց միջից երևում է Աստղիկի գլուխը միայն՝ բերետով ծածկված: Վահանը լամպը ձեռքին մոտենում է կնոջը. ինքն էլ վերարկուն չի հանել, մորթե գլխարկով է:   

ՎԱՀԱՆ – Այ թե դիրքավորվել ես… Տանը ծածկոց մնացե՞լ է:

ԱՍՏՂԻԿ – Քո բաժինը մնացել է: Սառե՞լ ես:

ՎԱՀԱՆ – Հենց տուն մտա՝ տաքացա:

ԱՍՏՂԻԿ – Հումորդ անսպառ: Մոտ արի: (Վահանը մոտենում է: Հայացքով ասածը ուղղորդելով:) Ձեռքդ մտցրու ձախ կողմից… մի քիչ աջ… ըհը, հանիր…

ՎԱՀԱՆ(բարձ-վերմակների տակից կտորով փաթաթված ինչ-որ բան դուրս քաշելով): Էս ի՞նչ է… (Փաթեթը բացելով՝ ուրախացած:) Շիշ… համարյա տաք շիշ… (Բացում է փականը, կում անելով:) Ա՜ստղս, միայն դու կարող էիր չեղած տեղից տաք թեյ տալ: (Երկու կում է անում, ուզում է կրկին դնել ծածկոցի տակ:)

ԱՍՏՂԻԿ – Չէ, խմիր, լրիվ քոնն է:

ՎԱՀԱՆ – Բայց…

ԱՍՏՂԻԿ – Ոչ մի բայց: (Պարծենկոտ:) Աջ կողմումս էլ թերմոսն է:

ՎԱՀԱՆ – Մեր թերմո՞սը:

ԱՍՏՂԻԿ(արժանապատվորեն): Ուրիշի թերմոսը իմ ծածկոցի տակ ի՞նչ գործ ունի: Քանի՞ հաց ես առել:

ՎԱՀԱՆ(ինքն էլ՝ պարծենկոտ): Բոլորիս կտրոնները իրացրի: Էսօր հաջող օր էր: (Նստում է բազմոցի ազատ մնացած անկյունում, հաճույքը երկարաձգելով խմում է թեյը:)

ԱՍՏՂԻԿ – Ի՞նչ ես դատարկ ջուրը ներս տալիս, բադրիջանի խավիարն եմ բացել…

ՎԱՀԱՆ – Ուտել չեմ ուզում, ճանապարհին հացի կողից պռճոկեցի: Մեկ էլ էրէխա ժամանակ եմ նոր գնած տաք հացը ճամփին կերել: Ի՜նչ հաց էր՝ սպիտակ, համով…

ԱՍՏՂԻԿ – Վեցերորդ հարկի Սիրանն ասում է՝ էս հացի մեջ ամեն ինչ կա՝ ալյուրից բացի:

ՎԱՀԱՆ – Սիրանը ղալաթ է անում, պատերազմ է, ի՞նչ հաց է ուզում ուտել:

ԱՍՏՂԻԿ – Ինչի՞ ես գոռում, մի բան ասել չի լինում:

ՎԱՀԱՆ – Ուրեմն՝ սխալ բան ես ասում: Թեման փոխիր:

ԱՍՏՂԻԿ – Փոխեմ: Կեսուրս որ Մոսկվայից բերեց հինգ լիտրանոց չինական թերմոսը, իմ արևին քիթս ծռեցի, թե՝ ի՞նչ ենք անելու, որտե՞ղ դնենք: Դե, էն օրերին գազն ու լույսն անպակաս էր, սառնարանն էլ՝ իր հերթին: Օղորմածիկի սիրտը երևի վկայում էր…

ՎԱՀԱՆ – Դժվար… ո՞ւմ մտքով կանցներ էս դժոխքը: Սպասիր, լո՞ւյս են տվել, որ  պաշար ես հավաքել:

ԱՍՏՂԻԿ – Հա, դիմացի շենքում թաղում կար:

ՎԱՀԱՆ – Օղորմի հոգուն:

ԱՍՏՂԻԿ – Ամբողջ թաղն էր օրհնում:

ՎԱՀԱՆ(դադարից հետո): Անուշիկը ո՞ւր է:

ԱՍՏՂԻԿ – Վերևում:

ՎԱՀԱՆ(դժգոհ): Վերևում ի՞նչ է անում էս ժամին:

ԱՍՏՂԻԿ – Ասաց՝ Եվգինեն է խնդրել, օգնելու բան կա:

ՎԱՀԱՆ – Շատ չի՞ օգնում:

ԱՍՏՂԻԿ – Համենայնդեպս, ես ու Եվգինեն դեմ չենք:

ՎԱՀԱՆ – Դե, կարևորը երկուսդ եք:

ԱՍՏՂԻԿ – Մեկ էլ՝ Ավստրիան:

ՎԱՀԱՆ – Կարոտե՞լ ես…

ԱՍՏՂԻԿ – Ո՜նց հիմա կնայեի… Ռևազի ոչխարները… հնձածդ խոտ չի… Խորիկի խաղին եմ կարոտել: Բայց ինչ հրաշք է՝ երբ ուզես, հեռուստացույցը միացնես ու…

ՎԱՀԱՆ – Բայց ամեն անգամ Ռևազի ոչխարները չեն լինի:

ԱՍՏՂԻԿ – Հիմա նույնիսկ «Վրեմյան՛» կնայեի՝ սկզբից մինչև վերջ, վերջում էլ՝ եղանակի տեսությունը… (Կամաց երգում է հայտնի երաժշտությունը:)

ՎԱՀԱՆ – Վաղուց չէիր երգել…

ԱՍՏՂԻԿ – Հիմա էլ չեմ երգում… Հիշում եմ:

ՎԱՀԱՆ – Վերադարձիր իրականություն: Դավիթից լուր ունե՞ս:

ԱՍՏՂԻԿ – Իբր՝ տղայիդ մասին ես հարցնում, բայց մտքումդ թոռդ է:

ՎԱՀԱՆ – Թոռիս մասին իմանալու իրավունք է՞լ չունեմ:

ԱՍՏՂԻԿ – Իրավունք ունես, թոռիդ պահելու հնարավորությունը չունես: Էլի փառք Աստծո, որ խնամիները սեփական տուն ունեն, վառարանն էլ՝ հետը: Ես էլ եմ կարոտում Վահանչիկիս, բայց որ գիտեմ՝ էնտեղ չի մրսում՝ դիմանում եմ:

ՎԱՀԱՆ – Ո՛նց էլ կարողանում ես ամեն անգամ բերանս փակել: Վառարանի ճարը չտեսա՝ ուրեմն թոռիս մյուս պապը պիտի պահի:

ԱՍՏՂԻԿ – Ինձ էլ հեշտ չէ, բայց հիմա պիտի մեզ մոռանանք, էրեխեքին շատ դժվար է:

ՎԱՀԱՆ – Մոռանալը էլ ո՞նց է լինում: (Դադար:) Էսօր ի՞նչ է… չորեքշաբթի՞: Մինչև շաբաթ համբերենք: Բայց տղադ կարող էր էսօր գալ:

ԱՍՏՂԻԿ(իբր՝ անտարբեր): Ինչի՞ պիտի էսօր գար: Գործից հետո հազիվ տուն է հասնում, պրոսպեկտից մինչև Մարաշ ոտքով գնալ չե՞ս ուզում:

ՎԱՀԱՆ – Էս հարցն էլ լուծեցիր: Իսկ որ ինձ հարցնող լիներ, կասեի…

ԱՍՏՂԻԿ – Գիտեմ, ինչ կասեիր՝ ունեցածս սա է, տղաս ու հարսս թող հարմարվեն եղածին: Վահան, ո՞ր օրվա էգոիստը դարձար:

ՎԱՀԱՆ – Խոսում եմ, էլի… Ինչքան կյանքը անտանելի է դառնում, էնքան ուզում եմ ընտանիքս շուրջս հավաքել: (Այլ տոնով:) Երբ տուն էի բարձրանում, քթիս տոլմայի հոտ ընկավ… դա էլ էր հիշողություն:

Նայում են իրար:

ԱՍՏՂԻԿ – Արի էսօր էլ բան չհիշենք:

ՎԱՀԱՆ – Դժվար չէ, էսօրվան… (Նայում է ձեռքի ժամացույցին:) Էսօրվան մի չորս ժամ է մնացել: (Այլ տոնով:) Բայց էս կյանքն էլ դրական կողմեր ունի, տուն ես մտնում՝ ո՛չ կոշիկ է պետք հանել, ո՛չ վերարկու, էլ չեմ ասում գլխարկի մասին:

ԱՍՏՂԻԿ(հին օրերի հանգով): Ո՞նց թե… Կոշիկներդ չե՞ս հանել:

ՎԱՀԱՆ – Հնար լինի՝ կոշիկներով կքնեմ:

ԱՍՏՂԻԿ – Ասենք, ձեռնոցներով քնողի համար կոշիկներով քնելը շատ էլ նորմալ է:

Դռան թակոց:  

ՎԱՀԱՆ(դուրս գնալով): Էլի Անուշիկը բանալին մոռացել է: Հենց բարձրանում է վերև՝ ամեն ինչ է մոռանում:

Գնում է, վերադառնում է Մուշեղի հետ, որը գրկած բերում է մեքենայի մարտկոց:

ԱՍՏՂԻԿ – Մուշե՞ղ, էս ի՞նչ է:

ՄՈՒՇԵՂ – Լույս, Աշոտովնա, նատուրալ լույս: (Զննելով Աստղիկի «բուրգը», դժվարությամբ զսպում է ժպիտը: Մարտկոցը դնում է սեղանիկին, դուրս է գնում:)

ՎԱՀԱՆ – Վերջերս շատ է ակտիվացել, ոնց նայում եմ՝ հարսանիքը սարերի ետևում չէ:

ԱՍՏՂԻԿ – Հարսանի՜ք… մեկ էլ Դավիթիս հարսանիքն արեցինք: Երկրաշարժից հետո, մարդկանց սրտները կոտրված, Լուսինեիս հայրական կողմն էլ Լենինականից էր… Էս ի՞նչ ծանր ժամանակ հասավ իմ բալեքին:

ՎԱՀԱՆ – Չսկսե՛ս… Բալեքդ մոտդ են, ձայն չհանես: Գուցե հենց հիմա կռիվ է գնում, ջահելներ են զոհվում, դու քո դարդերով…

Գալիս է Մուշեղը, ինչ-որ լարեր է բերում-միացնում, մարտկոցին ամրացված լամպիկները վառվում են:

ՄՈՒՇԵՂ – Ինչպես կասեր դասականը՝ վայելեք:

ԱՍՏՂԻԿ – Ապրես, Մուշեղ ջան, բայց ինչի՞ համար…

ՎԱՀԱՆ – Մուշե՞ղ, ի՞նչ հաշիվ է:

ՄՈՒՇԵՂ(չքմեղանալով): Ի՞նչ հաշիվ, բենզին չկա, ակումլյատորը գոնե էսպես օգտագործենք: Արսենիչ, էսօր լույսի ձեր հերթն է, վաղը՝ մեր:

ԱՍՏՂԻԿ – Իսկ… հեռուստացույցին կհերիքի՞:

ՎԱՀԱՆ(մոտենալով փոքրիկ հեռուստացույցին): Միացնեմ, ու քո պատվերով «Մենք ենք ու մեր… (Էկրանը դատարկ առկայծում է:) դարդերն» է: (Վերադառնում, նստում է սեղանի մոտ:)

ՄՈՒՇԵՂ – Ներիր, Աշոտովնա, էս մի պրոբլեմը լուծել չեմ կարող: (Ուզում է անջատել հեռուստացույցը:)

ԱՍՏՂԻԿ – Չէ, թող մնա, մեկ էլ տեսար… մի բան ցույց տվեց:

Դռան թակոց: Մուշեղը գնում է դուռը բացելու:  

ՎԱՀԱՆ – Ո՜նց է վազում աղջկաս դիմավորելու…

ԱՍՏՂԻԿ – Սրտովդ չի՞:

ՎԱՀԱՆ – Չվազեր՝ հե՛րը կանիծեի:

Ներս են մտնում Դավիթն ու Լուսինեն: Դավիթը ծածկոցով փաթաթված կապոց է դնում սեղանին:

ԱՍՏՂԻԿ – Էս… ինչի՞ եք եկել:

ԴԱՎԻԹ – Ո՞նց թե՝ ինչի… կարոտել-եկել ենք:

ՎԱՀԱՆ – Թոռս չի՞ կարոտել:

ԼՈՒՍԻՆԵ – Մեքենա չհանդիպի, ոտքով պիտի տուն հասնենք: Վահանին ո՞նց բերեինք:

ՎԱՀԱՆ – Հա, չմտածելով ասացի: (Դավիթին՝ ցածրաձայն, երկիմաստ:) Միամի՞տ եք եկել:

ԴԱՎԻԹ(նույն տոնով): Հույս չունենա՛ս: Տոլման դեռ տաք է…

ՎԱՀԱՆ(դադարից հետո): Աստղիկ, էդ բուրգից դուրս արի, թերմոսն էլ հետդ բեր… Մուշեղն ո՞ւր մնաց:

ԴԱՎԻԹ – Մեզ ներս թողեց, ինքը գնաց:

ԱՍՏՂԻԿ(ծածկոցի տակից թերմոսը դուրս հրելով): Տղան լույսը բերեց, էլի՞ դժգոհ ես: (Կասկածով:) Էրեխեք, բայց ինչի՞ եք եկել:

Դուռը թակում են:

ՎԱՀԱՆ – Դավի՛թ…

Դավիթը գնում է: Գալիս են Անուշն ու Եվգինեն: Անուշը սկուտեղի վրա կարկանդակ է բերում: Նրանց հետևում են Դավիթն ու Մուշեղը:

Վահանն ու Աստղիկը այլևս չեն թաքցնում զգացմունքները:

ՎԱՀԱՆ(Աստղիկին): Հասկացար, չէ՞, ինչ դավադրություն են կազմակերպել… Լուսինես տոլմա է եփել… Իսկ մենք անպատրաստ ենք:

ԱՍՏՂԻԿ – Ո՞վ է անպատրաստ:

Աստղիկը դուրս է գալիս ծածկոցների միջից՝ կոկիկ զգեստով է, բայց… երկարաճիտք կոշիկներով: Հանում է բերետը՝ մազերը կարծես հարդարված են: Ուղղում է մազափունջը՝ նա պատրաստ է:

Բոլորը՝ Վահանից բացի, գոռում են – Շնորհավորում ենք…

ՎԱՀԱՆ(կնոջը): Հյուրերիդ սպասո՞ւմ էիր:

ԱՍՏՂԻԿ(անկեղծ): Մտքո՛վս էլ չէր անցնում: Բայց ե՞րբ եմ էս օրով խալաթ հագել:

ՎԱՀԱՆ – Դե, որ էդպես է… (Արագ գնում է ննջարան🙂

Կարծես բոլորը նրա գնալուն էին սպասում, որ անցնեն գործի: Տղաները սեղանաթոռներն են դասավորում: Անուշիկն ու Աստղիկը սպասքն են դնում, Լուսինեն տոլման տեղավորում է սկուտեղի մեջ: Եվգինեն կտրում է կարկանդակը:

ԵՎԳԻՆԵ – Անուշիկս ոսկի ձեռքեր ունի, բա հնարամտությո՜ւնը… Առանց եփելու, պարսկական պեչենիով, խտացած կաթով ու կակաոյով, տեսեք, ինչ տորթ է սարքել: Աստղիկ, Սուրենը առավոտյան զանգեց, հեռակա շնորհավորեց ու ասաց, որ հենց գործերը թեթևանա, կգա, որ մեկ անգամ էլ իր հետ նշենք:

ԱՍՏՂԻԿ – Էս պայմաններում որ նշում ենք, կրկնելը ի՞նչ դժվար է…

Գալիս է Վահանը՝ տոնական կոստյումով: Նրա մուտքը դիմավորում են ուրախ բացականչություններով: Նա պահարանից հանում է կոնյակի շիշը:

ԱՍՏՂԻԿ – Բայց սա…

ՎԱՀԱՆ – Հա, որոշել էինք մեր ամուսնության 30-ամյակին բացել, բայց կբացենք 27-ամյակին:

ՄՈՒՇԵՂ – Երեք տարին ի՞նչ է, որ չսպասենք:

ՎԱՀԱՆ – 30 էլ կսպասենք, բայց կխմենք հիմա: Որովհետև այս օրը… (Ձայնը դողում է🙂 Աստղիկիս չհիշեցրի… Հիմա ո՞ւմ դարդն է կտրվել: Պատերազմ, մութ ու ցուրտ… Ի՞նչ մի նշելու օր է: Բայց դուք, հարազատներս… (Հուզվում է🙂

ԱՍՏՂԻԿ – Վահան ջան, հանգիստ կարող ես հուզվել, որովհետև քո սիրած հալվան եմ պատրաստել: (Լռեցնելով ուրախ բացականչությունները🙂 Յուղի փոխարեն ձեթ է, մեղրի փոխարեն՝ սախարին, բայց հոգեպահուստ պոպոքը ամեն ինչի պակասը լրացնում է: Դե, նստեք… (Եվգինեին.) Արտակն ո՞ւր է:

ԵՎԳԻՆԵ – Առավոտ գնացել է, մինչև հիմա չկա: Մի բան էլ ասում ես՝ պատասխանը ունի՝ հեռախոսներն անջատված են: Հայրը Մոսկվայից երկու օրը մեկ կարողանում է զանգել, ինքը Երևանից՝ չէ… Թե ո՜ւր է կորչում…

ԴԱՎԻԹ – Արտակը կորչողը չէ:

ԱՆՈՒՇ – Արտակը արվեստի մարդ է:

ՄՈՒՇԵՂ – Դրա համար մինչև հիմա չի կողմնորոշվում՝ ինչ անի: Նկարիչ ես ուզում դառնալ՝ ինստիտուտ ընդունվիր: Բայց չէ, ո՞նց կլինի, նա դեռ որոնումների մեջ է…

ԵՎԳԻՆԵ(սթափեցնող շեշտով): Մուշեղ, չեմ կարծում, որ հիմա Արտակի հարցը պիտի քննարկենք:

ՎԱՀԱՆ – Արտակը իր հարցերը ինքը կլուծի, դուք ձեր բաժակների հարցը լուծեք: Ես երկար կենաց չեմ ասի…

Դռան ուժեղ թակոց:

ԴԱՎԻԹ – Արտակը գիտե՝ երբ հայտնվի:

Գնում է: Ներս է ընկնում շնչասպառ Արտակը: Նրան հետևում է մռայլված Դավիթը:   

ԵՎԳԻՆԵ(սիրտը բռնելով): Աման, ծեծել են…

ԱՐՏԱԿ – Աչքովդ տեսնես՝ չհավատաս: (Տղամարդկանց🙂 Աբլավ է…

ԱՍՏՂԻԿ – Ինչ է՞…

ՎԱՀԱՆ – Բռնում-տանում են ռազմաճակատ:

ԱՐՏԱԿ – Հազիվ պրծա, բայց ետևիցս գալիս էին…

Դուռը ծեծում են:

Բոլորը շփոթված են: Վահանը չի թաքցնում, որ իրավիճակը սրտովը չէ: Եվգինեն նետվում է դեպի Արտակը՝ ասես նրան պաշտպանելու: Լուսինեն ու Անուշը իրար են մոտեցել ու վախեցած հետևում են իրարանցումին: Աստղիկը, պահը չկորցնելով, կարկանդակի կտորը խցկում է Արտակի ձեռքը, նա մեխանիկորեն սկսում է ուտել

ԴԱՎԻԹ – Նստեք ձեր տեղերը:

ՄՈՒՇԵՂ – Ապեր, դու էլ՝ տեմպով… (Արտակին հրում, տանում է ննջարան, դուռը վրայից փակում է:) 

ԴԱՎԻԹ(գնում, բացում է դուռը, դեպի ներս): Մտիր մահճակալի տակ: (Դուռը բաց թողնելով, ուղղվում է դեպի մուտքի դուռը: Բոլորին🙂 Շարունակեք քեֆը…

Վերադառնում է կիսազինվորական հանդերձանքով երկու անձանց հետ:

ԴԱՎԻԹ – Եկեք, նայեք… հավաքվել ենք մենք մերոնցով:

1-ԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ – Ի՞նչ առիթ է:

ՄՈՒՇԵՂ(վկայականը հանելով ու ցույց տալով): Մինչև առիթին հասնելը դուք էլ ներկայացեք:

Երկուսով նայում են Մուշեղի վկայականը, իրենց փաստաթղթերն են ցույց տալիս:  

ՄՈՒՇԵՂ – Ի՞նչ եք փնտրում:

2-րդ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ – Դասալիք:

ԴԱՎԻԹ – Սխալ տեղ եք փնտրում:

1-ին ԶԻՆՎՈՐԱԿԱՆ – Նայած ինչն եք սխալ համարում: Օրինակ, հիմա էստեղ ջահելներով քեֆ եք անում, իսկ ռազմաճակատում…

ՄՈՒՇԵՂ – Մեր ջոկատը Գորիսում էր… տասը օր առաջ ենք վերադարձել:

ԴԱՎԻԹ – Ես էլ երեք օրից եմ գնում Ղարաբաղ: Ես բժիշկ եմ:

Երկուսը զգաստանում են: 1-ին ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ նայում է շուրջը, մտնում է խոհանոց, 2-րդ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ մոտենում, ննջարանի շեմից ներս է նայում: Նորից հանդիպելով սենյակի կենտրոնում, նրանք անխոս պայմանավորվածությամբ ուղղվում են դեպի դուռը:

2-րդ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ – Շարունակեք ձեր քեֆը: (Գնում են Դավիթի ուղեկցությամբ:)

Մի պահ լռություն է: Աստիճանաբար ուշքի են գալիս: Վերադառնում է Դավիթը, խուսափելով ծնողների տագնապած հայացքներից՝ նստում է գլխահակ Լուսինեի կողքը: 

ԵՎԳԻՆԵ – Մինչև Մուշեղս եկավ՝ կես մարդ մնացի… Ինձ ասում է՝ Գորիսում եմ, ի՞նչ իմանամ, որտեղ է: Լաչինը՝ քթների տակ… Հիմա էլ Արտակիս ետևից են ընկել, ի՞նչ իրավունքով… փողոցում բռնում, տանում են, սա ո՞ր թիվն է…

ՎԱՀԱՆ(հայացքը չկտրելով Դավիթից): Բա ի՞նչ անեն, ո՞վ պիտի կռվի… Երեկ լուրերով ասում էին «Օղակ» օպերացիայի մասին…

ՄՈՒՇԵՂ(Դավիթին՝ ցածրաձայն): Բայց լավ շշեցիր գնալու հաշվով: Փաստորեն բժիշկները բոլոր սիտուացիաներում ճիշտ են կողմնորոշվում:

Շեմին հայտնվում է Արտակը, այնտեղից հետևում է սեղանի շուրջ նստածներին, որոնք, Եվգինեից բացի, կարծես չեն նկատում նրան: Եվգինեն հայացքով կանչում է տղային, բայց Արտակն ասես չի տեսնում նրա համր «կանչերը»:

ԴԱՎԻԹ(ցածրաձայն): Ի՞նչ կողմնորոշվել… Էս օրով չէի ուզում ասել, բայց… (Բարձրաձայն:) Մի խոսքով, գնում եմ:

ԱՍՏՂԻԿ – Միայն չասես՝ Ղարաբաղ:

ԴԱՎԻԹ – Երեքով ենք գնում՝ ես, Գոռն ու Սլավիկը:

ՎԱՀԱՆ – Որպես ի՞նչ եք գնում:

ԴԱՎԻԹ – Օրդինատուրայի վերջին կուրսում ենք, կարծում ես, չե՞նք կարող գոնե առաջին օգնություն ցույց տալ:

ՎԱՀԱՆ – Ավելին կարող եք:

ՄՈՒՇԵՂ – Ապեր, լա՞վ ես մտածել:

ԴԱՎԻԹ – Մտածելու բան չկա, գնալով կռիվը մեծանում է, վիրավորների թիվն էլ՝ հետը:

ԱՍՏՂԻԿ(Լուսինեին): Գիտեի՞ր…

ԼՈՒՍԻՆԵ – Գիտեի:

ԱՍՏՂԻԿ – Չթողնեիր:

ԼՈՒՍԻՆԵ – Ես Դավիթին հինգ տարի եմ ճանաչում, դուք ինձնից լավ գիտեք, որ եթե մի բան որոշեց…

ԱՍՏՂԻԿ – Հոր պես իրասածի է: (Տեսնելով, որ Լուսինեն հուզվեց🙂 Քեզ հավաքիր… Ու չհամարձակվես լացով ճամփու դնել տղայիս:

ԱՆՈՒՇ – Ապեր, մի կողմից ուզում եմ դռները փակել ու քեզ դուրս չթողնել, մյուս կողմից էլ սիրտս հպարտությունից պայթում է… (Նետվում է եղբոր գիրկը:) Դավիթ ջան, մի շաբաթ չեմ տեսնում քեզ, կարոտից մեռնում եմ, ո՞նց եմ դիմանալու…

Կանայք այլևս չեն թաքցնում արցունքները:

ՎԱՀԱՆ(բարձրանում է տեղից, հազիվ զսպելով հուզմունքը): Էդ խոնավությանը վերջ տվեք… Անուշիկ, տեղդ նստիր, տես, Լուսինես ոնց է իրեն պահում, թեև հիմա ինչ է կատարվում հոգում, մենակ ինքը գիտե: Աստղիկ, քեզ հավաքիր… (Բառերն ասես փնտրելով:) Տղաս, եթե որոշել ես՝ գնա, ուրիշներից ոչ ավել ես, ոչ պակաս ես: Գիտեմ, որ կռվողների կյանքն ես փրկելու, դրա համար էլ խոստացիր, որ դու էլ ողջ-առողջ կվերադառնաս: (Խմում, նստում է:)

Արտակը գալիս, նստում է սեղանի մոտ

ԱՐՏԱԿ – Դավիթ, ես մահճակալի տակ չմտա, դռան ետևում էի, որ եթե ներս մտնեին՝ ինձ կանգնած տեսնեին: Բայց որպեսզի ամբողջ կյանքում չամաչեմ էդ րոպեների համար… Վաղը կգնամ զինկոմիսարիատ: (Եվգինեին.) Մամ, առանց լացի… Պապային կզանգեմ, կասեմ, ինքը կհասկանա:

ՄՈՒՇԵՂ – Բայց թող մի հատ մենք հասկանանք: Վերջապես, մեծ ախպերդ եմ…

ԴԱՎԻԹ – Արտակ, էդ քայլը մի րոպեում չեն որոշում:

ԱՐՏԱԿ – Րոպե կա, որ կյանք արժե… Երբ սենյակներն էին խուզարկում, մի բան էի խնդրում, չգիտեմ՝ Աստծուց, թե ումից, որ նրանք ինձ չգտնեն ու չտանեն: Որովհետև ես ինքս պիտի գնամ: Իմ կամքով: Ձյաձ Վահան, քանի՞ տարի է՝ հարևաններ ենք:

ՎԱՀԱՆ – Քսան տարի կլինի:

ԱՐՏԱԿ – Մենք մի սեղանի շուրջ ենք եղել ուրախության ու տխրության պահին: Ու միշտ Ավետյանններն ու Դավթյանները նստել են հավասարը հավասարի պես: Քիչ առաջ էդ հավասարությունը խախտվելու էր, Դավթյանները գլուխները կախ էին նստելու, իմ պատճառով, իսկ դա լինելու բան չէ:  Այ, հիմա կարող եմ խմել…

Մինչ այդ մոռացության տրված հեռուստացույցը «կենդանանում» է, էկրանին Ռուբեն Մաթևոսյանը կատարում է «Արագիլը» /1980-ականների տեսագրություն/:

Արտակը խմում է, մոտենալով մորը՝ պարի է հրավիրում: Եվգինեն գրկում է որդուն, դեմքը թաքցնում նրա կրծքին, որ արցունքները տեսնող չլինի:

ԱՐՏԱԿ – Դավիթ, Մուշեղ… ձյաձ Վահան…

Բոլորն անխոս հնազանդվում են: Դավիթը հրավիրում է Լուսինեին, Մուշեղը հայացքով թույլտվություն խնդրելով՝ մոտենում է Անուշին, Վահանը Աստղիկի կողքին է արդեն…

Այդ միայն թվում է, թե նրանք պարում են…

ԽԱՎԱՐ

 

1993 թվական, հոկտեմբեր:

Ավետյանների հյուրասենյակն է: Անուշիկը սեղանը վերածել է հրուշակարանի՝ հերթական տորթն է ձևավորում: Վառվում է ջահն ու միաժամանակ հնչում է հեռախոսազանգը: Անուշիկը նախ վազում, խոհանոցից բերում է թեյնիկը, դնում ինքնաշեն էլեկտրական սալօջախի վրա ու նոր միայն վերցնում է լսափողը:

ԱՆՈՒՇ – Ալո՞… Բարև, Մերի ջան: Ո՞վ, Գագո՞ն… Ե՞րբ է վիրավորվել… Կես ժամից դուրս կգամ, հանդիպենք օպերայի կանգառում: Չէ, մենք էլ Դավիթից լուր չունենք… երկու շաբաթ է: Արդեն հագնվում եմ…

Լսափողը ձեռքին, մի պահ մտքերի մեջ է, հետո սթափվելով, լսափողը դնում է ցած, կիսատ մնացած տորթը տանում է խոհանոց, ափսե-պնակները հավաքում է սեղանի անկյունում: Բացվող դռան ձայն, գալիս է Աստղիկը՝ երկու պայուսակով, որոնցից երևում են բադրիջան-պղպեղները: Անուշը, գործը թողնելով, վերցնում է պայուսակներն ու տանում խոհանոց: 

ԱՆՈՒՇ(ընթացքում): Այ մամ, մի երկու կիլո պակաս առ, էս ծանրությո՞ւն է, որ դու ես վերցնում, գիշերներն էլ մեջքիդ ցավից չես քնում:

ԱՍՏՂԻԿ(ասես չլսելով): Էս ինչի՞ են լույսը տվել:

ԱՆՈՒՇ(խոհանոցից): Դե՞մ ես:

ԱՍՏՂԻԿ – Շատ էլ կողմ եմ, բայց մեր գրաֆիկով երկու ժամից պիտի տային: Մինչև էդ՝ բանջարեղենը կլվանայի, կպատրաստեի, որ հասցնեի եփել ու բանկաները փակել:

ԱՆՈՒՇ(գալիս է՝ սկուտեղի վրա բերելով մեկ այլ, արդեն պատրաստի տորթ): Մամ, կես ժամից գալու են՝ պատվերը տանեն:

ԱՍՏՂԻԿ – Դու ո՞ւր ես գնում:

ԱՆՈՒՇ – Գոռի ընկերուհին զանգեց, Գագոյին են բերել, Հորադիզից… Գուցե մի բան իմանանք:

ԱՍՏՂԻԿ(ասես իրեն համոզելով): Ի՞նչ պիտի իմանաք, Դավիթս հոսպիտալում վիրահատում է օր ու գիշեր, ժամանակ չունի, որ լուր տա: Վիճակը թեթևացավ՝ կարող է՝ ինքն էլ գա:

ԱՆՈՒՇ(խոհանոց գնալով): Ի՞նձ ես համոզում:

ԱՍՏՂԻԿ – Աստծուն եմ համոզում, որ ձայնս լսի: Լուսինես շատ է նիհարել, լուռ իրեն ուտում-մաշում է… Գուցե դո՞ւ հետը խոսես:

ԱՆՈՒՇ(գալիս է, ձեռքին՝ փաթեթներ): Ի՞նչ ասեմ, ասեմ՝ հարսիկ ջան, եղբորիցս լուր չկա, ու դա նորմա՞լ է, մի՞ մտածիր… (Արդեն չթաքցնելով տագնապը:) Մամ, սիրտդ ի՞նչ է վկայում:

ԱՍՏՂԻԿ – Ի՞նչ ես կպել սրտիս, մեկն էլ՝ հերդ, հարցնում է՝ երազ չե՞մ տեսել: Ոչ երազ եմ տեսել, ոչ էլ սիրտս է վկայում: Գիտեմ, որ տղաս գալու է, ու վե՛րջ:

ԱՆՈՒՇ – Լուսինեին նույնը կասես, նույն մարտական շեշտով ու առոգանությամբ:

ԱՍՏՂԻԿ – Սիրտդ չունեմ… Էդ ի՞նչ է:

ԱՆՈՒՇ – Դատարկ ձեռքով վիրավորին տեսնելու չեն գնում: Հետո էլ հոսպիտալ եմ գնալու, Արտակի համար միկադո եմ թխել:

ԱՍՏՂԻԿ – Ո՞նց թե՝ հոսպիտալ, բա որ Գագոն մի լուր տա…

ԱՆՈՒՇ – Միայն լուր լինի, կզանգեմ, կապ չեղավ՝ տուն կգամ-կասեմ, կգնամ հոսպիտալ:

ԱՍՏՂԻԿ – Բա հետո քանիսի՞ն տուն կհասնես:

ԱՆՈՒՇ – Մուշեղը հոսպիտալ է գալու:

ԱՍՏՂԻԿ – Լավ է, որ պայմանավորվել եք, ես էլ հանգիստ կլինեմ:

ԱՆՈՒՇ – Պապան որ գա, ասա՝ Սուրենիչն է եկել:

ԱՍՏՂԻԿ – Վերջապե՜ս բարեհաճեց…

ԱՆՈՒՇ – Մա՞մ…

ԱՍՏՂԻԿ – Ջա՛ն: Տղան չորրորդ օրն է՝ հոսպիտալում է, ինքը նոր է գալիս:

ԱՆՈՒՇ – Ոնց որ մեր շենքի Սիրանը լինես, չե՞ս հասկանում, որ Մոսկվայում հազար գործ ունի, հե՞շտ է միանգամից թողնել ու գալ:

ԱՍՏՂԻԿ – Շատ լավ է, որ ապագա կեսրարիդ ատամներով ես պաշտպանում, բայց ես իմ կարծիքն ասացի: Չե՞ս ուշանում:

ԱՆՈՒՇ – Կթողնե՞ս, որ ուշանամ: (Արագ դուրս է գնում:)

ԱՍՏՂԻԿ(ինքն իրենից դժգոհ): Նյարդերս տեղի են տալիս, ավել-պակաս խոսում եմ… Դավիթ ջան, երկու տող գրիր, էլի, ես՝ հեչ, հայրդ չի դիմանում…

Դռան զանգ: Գնում, վերադառնում է Եվգինեի հետ: Եվգինեն շատ է փոխվել, ծերացել է:

ԵՎԳԻՆԵ – Վահանը ե՞րբ կգա:

ԱՍՏՂԻԿ – Վահանչիկիս տարել է ման տալու: (Նայելով ժամացույցին:) Հիմա արդեն մորը հանձնած կլինի, ուր որ է՝ կգա: Ինչ է՞ որ…

ԵՎԳԻՆԵ – Սուրենը…

ԱՍՏՂԻԿ – Հա, Անուշս ասաց, որ Կարպիչը եկել է:

ԵՎԳԻՆԵ – Ինքնաթիռից իջել ու գնացել է հոսպիտալ: Լուսադեմին: Ոչ ես էի էնտեղ, ոչ Մուշեղս: Տեսել է Արտակիս ու… Ասում է՝ հազիվ պահեցի ինձ, որ չգոռամ: Բայց կարողացել է նորմալ խոսի, շփվի, հետո Արտակիս տարել են պրոցեդուրաների, ու ինքը դուրս է եկել շենքից, ասում է՝ նստեցի մայթին, գլուխս բռնեցի ու ոնց եմ ոռնում…

ԱՍՏՂԻԿ – Բա ի՞նչ կանի, 19 տարեկան տղան՝ հաշմանդամ… Աչքս քոռանար՝ չտեսնեի: Ու դեռ էդքանից հետո կատակում է, «Աստղիկ ծյոծ, հեշտ եմ պրծել՝ երկու ոտքս, բա որ ձեռքերս կորցնեի, ո՞նց էի նկարելու»:

ԵՎԳԻՆԵ – Հորն էլ հարցրել է. «Մոսկվայից ի՞նչ ես բերել»: Հերն իրեն կորցրել, ասել է՝ փող եմ բերել: «Փող էստեղ էլ կա, նորմալ ներկեր չկա»: Խոհանոցում նստած պատմում ու ատամներն է կրճտացնում: Աստղիկ ջան, վախենում եմ, տղամարդիկ թույլ են, չեն դիմանում, Վահանը հենց գա՝ իմաց արա: Հիմա միայն Վահանը կարող է նրան սթրեսից հանել:

ԱՍՏՂԻԿ – Մեկը լինի՝ Վահանին սթրեսից հանի:

ԵՎԳԻՆԵ – Լուր չկա՞…

ԱՍՏՂԻԿ – Ռադիոն հայտնեց, որ Հորադիզի կողմերում ուժեղ կռիվներ են… դաշտային հոսպիտալն էլ էդ կողմերում է: Վահանը կամ լուրերն է լսում, կամ սենյակում քայլում է՝ էս պատից էն պատը: Մեռա դերասանություն անելով, իբր լուրջ բան չկա, ձմեռվա ճաշեր եմ փակում, վրան գրում՝ Դավիթիս համար, սվիտրը գործել եմ, ասում եմ՝ չեմ ուղարկում, պահելու եմ, որ գա, էստեղ հագնի…

Բացվող դռան ձայն, գալիս է Վահանը, ձեռքին՝ վառարանի երկու կարճ խողովակ:

ՎԱՀԱՆ – Վառարանը լրիվ կոմպլեկտավորվեց, շաբաթվա վերջ փայտը կբերեն… (Նկատելով կնոջ զգուշացնող հայացքը:) Բա՞ն է պատահել:

ԱՍՏՂԻԿ – Չի պատահել… չէ, պատահել է… Սուրենն է եկել:

ԵՎԳԻՆԵ – Վահան ջան, Արտակիս տեսել է սայլակի մեջ, իրեն կորցրել է…

ՎԱՀԱՆ – Հասկացա… (Խողովակները տանում է խոհանոց, արագ վերադառնում:) Մինչև, մի բան սարքեք… (Արդեն դրսից:) Աստղիկ, թթի օղին չմոռանաս:

ԵՎԳԻՆԵ – Հիշո՞ւմ ես, շենքը որ եկանք…

ԱՍՏՂԻԿ – Հենց առաջին գիշերը մեզ ջրեցիք:

ԵՎԳԻՆԵ – Սուրենի հետ իջանք ներքև, տեսանք՝ նոր վերանորոգված բնակարանը ինչ է դարձել, սարսափած մտածում ենք՝ հիմա ինչ եք ասելու, իսկ Վահանը. «Մեր տան առաջին հյուրն եք, Աստղս, սեղան գցի, թթի օղին չմոռանաս»…

Գնում են խոհանոց: Գալիս են Վահանն ու Սուրենը:

ՎԱՀԱՆ – Վե՛րջ, էլ չլսեմ… դրսերում սիրտդ փափկել է, մենք էստեղ ուրիշ ռեժիմով ենք ապրում:

ՍՈՒՐԵՆ – Ինձ թվում էր՝ պատրաստ էի ամեն ինչի, բայց որ տեսա Արտակիս… Լուրն իմանալուս օրը պիտի գայի, բայց զգացի, որ չեմ կարող: Դու գիտես, ես ուժեղ մարդ եմ, ամեն ինչ կորցրի՝ պաշտոն, դիրք ու շրջապատ, գնացի Մոսկվա, զրոյից սկսեցի… Երեք օրը խմել ու լացել եմ, որ գայի՝ դիմանայի առանց խմելու ու լացի, բայց… (Գլուխն առնում է ձեռքերի մեջ, փլվում է աթոռին:)

ՎԱՀԱՆ – Տղադ վերադարձել է… Դա ամենակարևորն է: Օր չկա, որ դագաղ չբերեն Ղարաբաղից…

ՍՈՒՐԵՆ – Գիտեմ, բայց իմ ցավը չի թեթևանում…

ՎԱՀԱՆ(խոհանոցի դռնից ներս է նայում): Գո՞րծ եք անում, թե՞ մեզ եք ականջ դնում: Մի րոպեից սեղանը պատրաստ լինի: (Մոտենալով Սուրենին:) Դե, քեզ տեսնեմ:

Գալիս են Աստղիկն ու Եվգինեն: Աստղիկը մատուցարանի վրա բերում է համեստ ակռատեղեն, Եվգինեի ձեռքին օղու շիշն է: 

ՍՈՒՐԵՆ(տեղից բարձրանում, Աստղիկի ձեռքից վերցնում է մատուցարանը, դնում է սեղանին, կնոջ ձեռքից վերցնում է շիշը, դնում սեղանին:) Ո՜նց էի կարոտել ձեզ, աղջիկներ: (Գրկում է նրանց:)

ՎԱՀԱՆ(իբր՝ դժգոհ): Ըհը, մոսկվաներում ֆռֆռում, գալիս, աղջիկներին ձեռքիցս տանում է: Մի րոպե… (Մոտենում, գրկում է երեքին:) Այ, հիմա բարով տեսանք:

Չորսով, հին օրերի նման, նայում են իրար…

ՍՈՒՐԵՆ(Վահանին): Դե, տանտիրոջ իրավունքդ բանեցրու, տեսնենք:

ՎԱՀԱՆ – Նստեցինք, կոկորդներս չորացավ:

Նստում են, Վահանը բաժակները լցնում է:

ՍՈՒՐԵՆ – Կենացը ես եմ ասում:

ԱՍՏՂԻԿ – Ինչպես միշտ:

ՍՈՒՐԵՆ – Բայց ամեն անգամվա  «Բարով տեսանք»-ը չի լինի: Խմենք մեր երեխաների կենացը:

Աստղիկը մի կում է անում, տղամարդիկ ու Եվգինեն խմում են ցմրուր:

ՍՈՒՐԵՆ(Եվգինեին, չթաքցնելով զարմանքը:) Տիկին ջան, էս երբվանի՞ց…

ԵՎԳԻՆԵ – Արտակիս տեսնելուց հետո:

Ծանր լռություն:

ՍՈՒՐԵՆ(կնոջը): Ներիր, որ առաջին օրը կողքիդ չէի:

ԱՍՏՂԻԿ – Գիտեիր, որ մենք կողքին ենք:

ԵՎԳԻՆԵ(մտախոհ): Որ օրը Դավիթս վերադառնա, Անուշիս մեր տուն եմ տանելու:

ՎԱՀԱՆ(փորձելով կատակի տալ): Նույն օ՞րը…

ԵՎԳԻՆԵ – Հա՛:

ՎԱՀԱՆ – Գուցե մի օր հետո՞, թող քույր ու եղբայր կարոտները առնեն:

ԵՎԳԻՆԵ – Չէ, Վահան, չես համոզի, ես Անուշիս մեր տուն կտանեմ, դու էլ հարսիդ ու թոռիդ տունդ բեր: Պատերազմը անիծված է, բայց տված դասը օրհնված է:

ՍՈՒՐԵՆ – Այսի՞նքն…

ԵՎԳԻՆԵ – Կյանքը պիտի ապրես, ամեն օրը պիտի ապրես քո ունեցածով ու չսպասես ինչ-որ բանի, որ վաղն է լինելու…

ՎԱՀԱՆ – Մի քիչ խրթին ստացվեց ասածդ, բայց կարևորը հասկացանք:

ԱՍՏՂԻԿ – Դու որ հասկացար հատկապես թոռիդ պահով:

ՎԱՀԱՆ – Հատկապես ու նամանավանդ, որ վառարանն արդեն ունենք:

ՍՈՒՐԵՆ – Էս բաժակն էլ խմենք մեր կանանց կենացը, որ դիմանում են էս ամեն ինչին ու կարևորը, դիմանում են մեզ: Խմենք, հետո գնամ հոսպիտալ: (Խմում է:)

Գալիս է Լուսինեն: Տեսնելով սեղանի շուրջ նստածներին՝ անակնկալի է գալիս:

ԼՈՒՍԻՆԵ – Բարև ձեզ:

ԱՍՏՂԻԿ – Լուսինե՞… ի՞նչ է պատահել:

ԼՈՒՍԻՆԵ(կարճ երկմտանքից հետո): Էս կողմերում գործ ունեի, ասացի՝ տեսնեմ, ոնց եք: Սուրեն Կարպիչ, բարով եք եկել:

ՍՈՒՐԵՆ – Բարև, Լուսինե ջան, մեր փոքրիկ ավազակը ո՞նց է:

ԼՈՒՍԻՆԵ – Ավազակություն է անում, բայց մեծ չափերի: Երեկ տատի ծաղկամանն էր ջարդել:

ԱՍՏՂԻԿ – Հատուկ սեր ունի ծաղկամանների նկատմամբ: Անցած անգամ էլ ռոկոկո ծաղկամանս ջարդեց:  (Ուշադիր նայելով նրան): Հիվանդ չե՞ս…

ԼՈՒՍԻՆԵ(որպես փրկօղակ): Գրիպից հետո խելքի չեմ գալիս:

ԱՍՏՂԻԿ – Արի, նստիր բազմոցին, հիմա տաք թեյ բերեմ: (Գնում է խոհանոց:)

Եվգինեն նայում է Լուսինեին, բայց նա փախցնում է հայացքը:

Գալիս են Անուշն ու Մուշեղը: Նրանց հետ ներս է մտնում տագնապը:

ՎԱՀԱՆ – Դուք էլ եկաք, հիմա լրացանք… համարյա լրացանք:

ՍՈՒՐԵՆ(ընդառաջ է գնում Մուշեղին, գրկում): Բարև, տղաս, վերջապես տեսանք իրար: (Իրենից հեռացնում, զննում է:) Լրջացել ես:

ՄՈՒՇԵՂ – Միշտ էլ լուրջ եմ եղել:

ՍՈՒՐԵՆ – Չէ, սա ուրիշ լրջություն է: (Գրկում է Անուշին:) Բարև, աղջիկս, ինչպե՞ս ես:

Անուշն անսպասելի հեծկլտում է:

ՍՈՒՐԵՆ – Դե, դե, ծանր օրերը ազդել են մեր ժպտերես Անուշիկին…

ԱՍՏՂԻԿ(բերում է բաժակով թեյը, բայց տեսնելով նորեկներին, բաժակը դնում է սեղանին): Անուշ, էս ի՞նչ շուտ եկար: Հոսպիտալ չե՞ս գնացել:

ՄՈՒՇԵՂ – Չգնացինք:

ԱՍՏՂԻԿ(ասես չլսելով Մուշեղին): Անուշ, Մերիի հետ գնացի՞ք Գագոյենց տուն:

ՄՈՒՇԵՂ – Գնացել են:

ԱՍՏՂԻԿ(նույն կերպ): Անուշ, ի՞նչ ես իմացել:

Անուշը տեսնում է Լուսինեին, որ բազմոցից բարձրացել ու նայում է իրեն: Գնում է դեպի Լուսինեն: Գրկում են իրար ու քարանում:

ՎԱՀԱՆ(Մուշեղին): Ասա…

ԱՍՏՂԻԿ – Չէ, սպասիր… Մուշեղ, չասես, ոչինչ չասես: Քանի դեռ չես ասել, էլի հույս կա… չէ, էլ հույս չկա: Քանի օր է՝ սիրտս պայթում է, քանի օր է՝ երազիս Դավիթս նոր տուն է սարքում ու չի լսում ինձ, որ թողնի էդ տունն ու գա իր տունը… Լուսինե, աղջիկս, դո՞ւ էլ գիտես… Գիտես, զգում եմ, որ գիտես, բայց դու էլ լռիր, ոչինչ չասես:

ԵՎԳԻՆԵ – Աստղիկ ջան, խնդրում եմ…

ԱՍՏՂԻԿ – Հա, չեմ խոսի, ուզում եք՝ լաց չեմ լինի: Միայն թե լռեք: Քանի դուք լուռ եք՝ Դավիթս ողջ է:

Դադար:

ԱՍՏՂԻԿ(փոխված ձայնով): Վահան, հիմա ասա: Դո՛ւ ասա…

ՎԱՀԱՆ(դժվարությամբ բառերը գտնելով): Շուտով բոլորը կիմանան, կգան ցավակցելու, հետո տղայիս կբերեն՝ զրահագնացի վրա, ընկերներով շրջապատված… Բայց մինչև էդ… Եվգինե, Անուշիս կարող ես տանել քո տունը: Լուսինե, էսօր թոռիս հետ կվերադառնաս քո տունը: (Աստղիկին.) Իսկ մենք պատրաստվենք… դիմավորելու մեր որդուն:

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

2008 թվական, փետրվարի 29

Դավթյանների բնակարանը: Հյուրասենյակ: Պատերին կտավներ են: Բջջայինով խոսելով գալիս է Եվգինեն:

ԵՎԳԻՆԵ – Դու ինձ լսիր, հաշվապահդ շատ բան է ասում, թվերից բացի նրան ոչինչ չի հետաքրքրում… Էլի եմ ասում, երկու օր խանութը փակիր… Է հա, հետո՞ ինչ, հիմա ո՞վ դրա սիրտն ունի: Քաղաքի կեսը դուրս է լցվել փողոցները, մյուս կեսն էլ տներից դուրս չի գալիս… Դա նշանակում է, որ ծնունդ, կնունք ու հարսանիք հետաձգված են անորոշ ժամանակով: Ե՞ս… Ի՜նչ էլ համեմատեցիր… Որովհետև ես չեմ կարող ծնունդ չանել, հետո էլ՝ բոլորս նույն շենքում ենք ապրում… Լավ, դու գիտես, բայց հետո չասես՝ կեսուրս չզգուշացրեց: (Ինքնագոհ ժպտալով:) Էլ չսկսես, միևնույն է, չեմ հավատա, ո՞ր մի հարսն է կեսուրով հիացած, որ դու… Չէ, դու ուրիշ ես: Էնպես որ, ուրիշ ջան, տորթը ե՞րբ կուղարկես… պրոֆիտրոլները չմոռանաս: Եվ ինչպես միշտ՝ միկադո սիրելի տեգրիկիդ համար: (Հեռախոսն անջատելով:) Արտա՜կ…

Կողքի սենյակից սայլակի վրա հայտնվում է Արտակը:    

ԱՐՏԱԿ – Ինչպես միշտ՝ ինձ հիշում ես ամենաանպատեհ ժամին:

ԵՎԳԻՆԵ – Բոլո՞ր նկարիչներն են էդպես հայահունչ արտահայտվում՝ անպատեհ ժամին:

ԱՐՏԱԿ – Չէ, միայն հայերեն լավ գրականություն կարդացող նկարիչները: Ինչի՞ հիշեցիր նվաստիս մասին:

ԵՎԳԻՆԵ – Նվաստ ջան, Լիլիթի նվերը պատրա՞ստ է:

ԱՐՏԱԿ – Դու պիտի հիշեցնես, որ գեղեցկուհի զարմուհուս նվերի մասին չմոռանա՞մ:

ԵՎԳԻՆԵ – Ի՞նչ իմանամ, դու որ ներշնչվում ես՝ քեզ էլ ես մոռանում: Նկարո՞ւմ էիր:

ԱՐՏԱԿ – Հիմա ի՞նչ նկարել… Եվրոնյուզն էի նայում:

ԵՎԳԻՆԵ – Եվ ի՞նչ…

ԱՐՏԱԿ – Ոնց որ Եվրոնյուզի լրագրողն ապրում է Երևանում, իսկ Հայլուրի լրագրողը՝ Եվրոպայում:

ԵՎԳԻՆԵ – Գուցե կյանքից բան չեմ հասկանում, բայց որ սրա վերջը վատ է լինելու՝ առանց քո սուտ ու ճիշտ լրագրողների գիտեմ:

ԱՐՏԱԿ – Երբվանի՞ց է իմ ապոլիտիկ մուզիկանտ մայրը հետաքրքրվում պոլիտիկայով, այն էլ՝ հոռետեսական նոտայով:

ԵՎԳԻՆԵ – Ի դեպ, նկատե՞լ ես, որ հետաքրքրվել բայի մեջ կարևորը քրքրվելն է…

ԱՐՏԱԿ – Գնահատեցի կալամբուրը, բայց հարցիս չպատասխանեցիր:

ԵՎԳԻՆԵ – Ի՞նչ պատասխանեմ, զորք ու ոստիկան լցրել են փողոցները, ասես թշնամու քաղաք են պաշարել, ու էդքանից հետո ուզում ես, որ լավատեսական ակորդո՞վ ավարտեմ խոսքս:

ԱՐՏԱԿ – Մամ, իսկապե՞ս քաղաքում զորք է:

ԵՎԳԻՆԵ – Զորքը դեռ ոչինչ… Օդն է ծանրանում:

ԱՐՏԱԿ – Օ՞դը…

ԵՎԳԻՆԵ – Լարվածությունից: Մարդիկ երկու բանակի են բաժանվել, մեջտեղում՝ զինվածները: Օդը պայթում է էդ երեքի… վախենում եմ ասել՝ թշնամանքից:

ԱՐՏԱԿ – 15 տարվա մեջ առաջին անգամ նեղացա աստծուց… (Խփում է սայլակին🙂 Սրանով ո՞ւր գնամ…

ԵՎԳԻՆԵ – Դու էիր պակաս… Հրեն՝ Վահանը հրապարակում է: Լուսինեն հուսահատությունից իրեն է ուտում, Աստղիկը վախից՝ մարդուն: Տունը գժանոց է դարձել: Պապի սիրտը երկու անգամ ստենտավորել են, որ չդիմանա, ի՞նչ է անելու մեր ակտիվիստը… Խեղճերի տունը գժանոց է դարձել:

ԱՐՏԱԿ – Փոխարենը մեր տունը՝ կոմֆորտի կղզի: Ամուսինդ բիզնեսից բացի ոչնչով չի հետաքրքրվում, հարսդ իր խմորեղենի խանութ-սրահից դուրս չի գալիս, թոռնիկդ իր դասերով ու կոմպով, ես՝ սայլակի մեջ, Մուշեղը…

ԵՎԳԻՆԵ – Հենց Մուշեղս…

ԱՐՏԱԿ – Ինչ է՞ որ…

ԵՎԳԻՆԵ – Երեք օր է՝ նա էլ հրապարակի մերձակայքն է հսկում:

ԱՐՏԱԿ – Փաստորեն, պարոն փոխգնդապետին կաբինետից քշել են փողոց:

ԵՎԳԻՆԵ – Չհամոզես, որ ծաղրում ես… Ես իմ տղային լավ գիտեմ՝ հեչ սրտովը չի էդ գործը:

ԱՐՏԱԿ – Թող հրաժարվի:

ԵՎԳԻՆԵ – Մեծ-մեծ ես բրդում…

Գալիս է Սուրենը:

ՍՈՒՐԵՆ – Հերիք չէ՝ բրդում է, էն էլ՝ մեծ-մեծ: Ո՞ւմ մասին է խոսքը:

ԵՎԳԻՆԵ – Հետո կասեմ: Լավաշը բերե՞լ ես:

ՍՈՒՐԵՆ – Չեմ բերել: Մինչև տուն հասա՝ քանի տեղ կանգնեցրին: Մասսայական պսիխոզ է:

ԵՎԳԻՆԵ – Չսկսես… Դրսինը դուրսը թողեք, գլուխս պայթում է: (Գնում է:)

ՍՈՒՐԵՆ – Ի՞նչ է եղել:

ԱՐՏԱԿ – Մուշեղի համար է անհանգստանում:

ՍՈՒՐԵՆ – Մուշեղը երեխա չէ:

ԱՐՏԱԿ – Բայց ինքը մայր է:

ՍՈՒՐԵՆ – Եթե էդքանը գիտես, ինչի՞ չես խնայում մորդ:

ԱՐՏԱԿ – Այսի՞նքն…

ՍՈՒՐԵՆ – Ինտերնետում պտտվում է հարցազրույցդ:

ԱՐՏԱԿ – Ե՞վ…

ՍՈՒՐԵՆ – Պատի դեմ խաղ չկա:

ԱՐՏԱԿ – Դա քո կարծիքն է:

ՍՈՒՐԵՆ – Իսկ քո կարծիքը հայտնելուց առաջ վատ չէր լինի, եթե հիշեիր, որ հայրդ բիզնես ունի, եղբայրդ ոստիկանության բարձրաստիճան սպա է…

ԱՐՏԱԿ – Փողոց դուրս ելածները ոչինչ չունե՞ն:

ՍՈՒՐԵՆ – Գուցե ունեն, բայց ամեն մեկն անում է իր ընտրությունը:

ԱՐՏԱԿ – Ես էլ արել եմ իմ ընտրությունը: (Մոտենում է պատուհանին, դուրս է նայում:)

Դռան զանգ:

ԵՎԳԻՆԵ – Դո՜ւռը…

ՍՈՒՐԵՆ – Գնո՜ւմ եմ…

Գնում, վերադառնում է Վահանի հետ:

ՎԱՀԱՆ – Տնից փախա… Աստղիկը ոչինչ չի ուզում լսել, մի գլուխ կրկնում է՝ թոռիս տուն բեր: Նրան տուն բերե՞լ կլինի: Առաջ գոնե գիշերները տուն էր գալիս, հենց հրապարակում վրաններ խփեցին՝ էլ երեսը չենք տեսնում: Բայց գոնե Աստղիկը ասում, սիրտը թեթևացնում է: Հոգսս Լուսինեն է, բնավորությունը փակ էր, Դավիթիցս հետո ավելի փակվեց… վախը մեջն է պահում, սիրտը չի դիմանա…

ԵՎԳԻՆԵ(որ Վահանի խոսքի կեսից եկել, լսում էր): Նա ջահել է, կդիմանա, քո մասին մտածիր:

ՎԱՀԱՆ – Վահանս զանգեց, հարցրեց՝ Լիլիթի ծնունդը նշելո՞ւ ենք: Իմացավ, որ նշելու ենք, ասաց՝ կգա: Որ գա, էնպես դասավորենք, որ չգնա… գոնե էս գիշեր:

ԱՐՏԱԿ – Ինչո՞ւ էս գիշեր:

ՎԱՀԱՆ – Ի՞նչ իմանամ, բան էր՝ ասացի:

Գալիս է Աստղիկը:

ԱՍՏՂԻԿ – Տնաշեն, էնպես դուրս թռար, չհասցրի դեղդ տալ: (Տալիս է սրվակը:) Բժիշկդ չի՞ ասել, որ առանց սրան տնից չգաս:

ՍՈՒՐԵՆ – Հետո էլ ասում են՝ պահապան հրեշտակներ չկան:

ԵՎԳԻՆԵ – Հա, դուք մեզ հրեշտակ համարեք, ինչքան էլ մենք հրեշներ լինենք: Աստղիկ ջան, էնքան մսի աղը նայեցի՝ բերանիս համը կորավ: Արի, մի հատ էլ դու նայիր… (Գնում են:)

ՎԱՀԱՆ – Եվգինեի թփով տոլման, Աստղիկի ամառային տոլման: Բախտներս բերել է, որ ամեն մեկը մի տեսակի մեջ է վարպետացել, թե չէ պատկերացնո՞ւմ ես, եթե երկուսը միայն թփով տոլմա եփեին:

ՍՈՒՐԵՆ – Ավելի վատը կա՝ երկուսն էլ եփել չիմանային: Բայց քանի որ բախտներս բերել է՝ նարդին առաջ չբերե՞նք:

ՎԱՀԱՆ – Դեռ մի բան էլ՝ ավելի:

Նարդու քարերն են շարում:

ԱՐՏԱԿ – Մեր ջոկատում Գավառից մի տղա կար, ասում էր՝ կռիվը պրծնի, օրվա կեսը նարդի եմ խաղալու:

ՍՈՒՐԵՆ – Զոհվե՞ց:

ԱՐՏԱԿ – Չէ: Բայց նարդի չի խաղում:

ՎԱՀԱՆ – Ինչո՞ւ:

ԱՐՏԱԿ – Հազիվ ընտանիքն է պահում… ժամանակ չունի: (Գնում է իր սենյակը:)

ՍՈՒՐԵՆ – Ազատ ժամանակ ունենալու համար գործ պիտի անես: Առաջարկեցի՝ բիզնեսիս մեջ մտիր, կամաց-կամաց գործից կհասկանաս, ծիծաղելի թոշակիդ ու երբեմն ջրի գնով վաճառվող նկարներիդ հույսին չես մնա: Բայց ո՜նց կլինի՝ ինքը նկարիչ է: Իր նման էլ էդ ընկերը կլինի:

ՎԱՀԱՆ – Մի դատիր…

ՍՈՒՐԵՆ – Իսկ ես դատվելուց չեմ վախենում:

Ներս է ընկնում Լիլիթը:

ԼԻԼԻԹ – Ո՜ւխ, արդեն հավաքվում եք… Տատի՜… Տա՜տ…

ԵՎԳԻՆԵ(ներս գալով): Եկավ հրաշքս…

ԼԻԼԻԹ – Հրաշքդ ուզում է մեկ անգամ էլ հարցնել՝ ընկերուհիներիս կանչե՞մ… գոնե մի քանիսին:

ՍՈՒՐԵՆ – Մեկ անգամ է՞լ ասենք՝ մեզ մի հարցրու:

ՎԱՀԱՆ – Բա ո՞ւմ հարցնի:

ՍՈՒՐԵՆ – Հորը: Նա լավագույնս է տիրապետում իրավիճակին:

ԵՎԳԻՆԵ(Լիլիթին): Հարցրե՞լ ես:

ԼԻԼԻԹ(հոգոց հանելով): Հայրիկն ասաց՝ իրավիճակը խառն է:

ՍՈՒՐԵՆ – Ուրեմն՝ ծնունդդ կնշենք առանց ընկերուհիների:

ԼԻԼԻԹ – Առանց էն էլ չորս տարին մի անգամ ենք ծնունդս նշում: Լավ, ծնողներս ի՞նչ էին մտածում, չէի՞ն կարող հաշվարկել, որ փետրվարի 29-ին չծնվեի:

ԱՍՏՂԻԿ(բերում է ուտեստեղեն): Անուշս չէր կարող, առավելագույնը, որ կարողացավ անել՝ ճարտարապետի դիպլոմը դրեց դարակն ու էնքան խմորեղեն թխեց, մինչև դարձավ քաղաքի լավագույն հրուշակարանի տերը:

ԵՎԳԻՆԵ(ինքն էլ ուտեստեղենը բերելով ու սեղանին շարելով): Մուշեղս էլ չէր կարող, խելքն ու միտքը պետական ծառայությունն էր, իսկ առավելագույնը, որ կարողացավ անել՝ սերժանտից հասավ փոխգնդապետի: Եվ դա՝ առանց խնամի-ծանոթ-բարեկամի:

ԼԻԼԻԹ – Փաստորեն, ես տարերային ծնունդ եմ ու չորս տարին մեկ եք հիշում իմ մասին:

Գալիս է Արտակը՝ բերելով կտավը:

ԱՐՏԱԿ – Խոստանում եմ, դու ամեն տարի կստանաս քո նվերը:

ԼԻԼԻԹ – Դու աշխարհի ամենազիլ հոպարն ես: (Կտավը հենում է պատին, հիանալուց հետո:) Եթե խոստումդ կատարես, մի քսան տարի հետո մեր քաղաքի ամենալավ կոլեկցիան ես կունենամ… Վայ, քիչ էր մնում՝ մոռանայի: Աստղիկ տատի, Վահանին տեսա…

ԱՍՏՂԻԿ – Որտե՞ղ:

ՎԱՀԱՆ – Ե՞րբ:

ԼԻԼԻԹ – Կանգառի մոտ, մի տասը րոպե առաջ:

ՎԱՀԱՆ – Ի՞նչ ասաց:

ԼԻԼԻԹ – Ոչ մի բան էլ չասաց: Դիմացի մայթով գնում էր, ինձ չտեսավ:

ԱՍՏՂԻԿ – Վահան, վերջապես ե՞րբ ես հետը լուրջ խոսելու:

ՍՈՒՐԵՆ – Ի՞նչ է նշանակում այդ լուրջը:

ԱՍՏՂԻԿ – Որ գոնե գիշերը տուն գա:

ՎԱՀԱՆ – Նա արդեն 18 տարեկան է:

ԱՍՏՂԻԿ – 18 տարեկանին չի՞ կարելի խորհուրդ տալ, թեկուզ՝ պատժել:

ԵՎԳԻՆԵ – Ինչպե՞ս պատժել:

ԼԻԼԻԹ – Անկյուն կանգնեցնել… Պատկերացնում եմ՝ մետր 80 սանտիմետրանոց զարմիկս՝ անկյունում կուչ եկած:

ԵՎԳԻՆԵ – Չզգացի՞ր, որ չափն անցար:

ԼԻԼԻԹ – Չէ, որովհետև ապերիկս ինչ անում է՝ ճիշտ է անում:

ՎԱՀԱՆ – Դե արի, սրանց խելք սովորեցրու կամ… պատժիր:

ԵՎԳԻՆԵ – Ես մի բան գիտեմ՝ դժվար պահերին ընտանիքս իմ կողքի՛ն պիտի լինի: Մնացածը ինձ չի՛ վերաբերվում:

ԱՍՏՂԻԿ – Ես էլ նույնն էի ուզում, բայց Դավիթս իր ընտրությունն արեց:

Դադար:

ՍՈՒՐԵՆ – Վահանը որ եկավ, ե՛ս հետը կխոսեմ:

Գալիս են Անուշն ուՄուշեղը՝ տուփերով բեռնված:

ԱՆՈՒՇ – Մեկն ինձ կասի՞, թե մարդիկ ինչի են լցվել փողոց:

ԱՐՏԱԿ – Մարդիկ դժգոհ են:

ԱՆՈՒՇ – Ինչի՞ց:

ԱՐՏԱԿ – Նրանցից գողացել են իրենց ձայնի իրավունքը:

ԱՆՈՒՇ – Լավ, էլի, ոնց որ առաջին անգամն է…

ԱՐՏԱԿ – Բայց դա չի նշանակում, որ միշտ նույնը պիտի կրկնվի:

ԱՆՈՒՇ – Կրկնողը քե՞զ պիտի հարցնի…

ՄՈՒՇԵՂ(Անուշին): Տիկինս, տորթ թխելը քեզ մոտ ավելի լավ է ստացվում:

ԱՆՈՒՇ – Ի՞նչ ես ուզում դրանով ասել:

ՄՈՒՇԵՂ – Էս տուփերից ձեռքերս ազատիր ու մի բաժակ ջուր բեր: Բայց կարող ես ջուր չբերել ու մնալ խոհանոցում:

Անուշը եփ գալով, իր տուփերով գնում է խոհանոց: Լիլիթն ու Աստղիկը վերցնում են Մուշեղի տուփերը, տանում են խոհանոց:

ԱՐՏԱԿ(Մուշեղին): Կարո՞ղ ես ասել, ի՞նչ գործ ունի քաղաքում տանկը:

ՄՈՒՇԵՂ – Կարող եմ, բայց չեմ ասի:

ՎԱՀԱՆ – Պետական գաղտնի՞ք է:

ԱՐՏԱԿ – Էդքան բացահայտ պետական գաղտնիք չի լինում: (Մուշեղին.) Զորքը արտաքին թշնամու համար չէ՞… Թե՞ սխալվում եմ:

ՍՈՒՐԵՆ – Իսկ գուցե զորք չէ՞:

ՎԱՀԱՆ – Բա տանկե՞րը:

ՄՈՒՇԵՂ – Կարծում էի՝ ծնունդ ենք նշելու:

ԱՐՏԱԿ – Ապեր, ո՞ր օրվանից ես վախենում հարցի պատասխանել:

ՄՈՒՇԵՂ(հազիվ իրեն զսպելով): Ի տարբերություն քեզ, ես հիշում եմ, որ կրտսեր եղբայրս ես:

ԱՐՏԱԿ – Իսկ դու քեզ ավագ եղբոր պես չես պահում:

ՍՈՒՐԵՆ – Երկուսդ էլ ձեզ ճիշտ չեք պահում: Արտակ, գնա սենյակդ, հանգստացիր, հետո կգաս: (Հայացքով ստիպելով:) Գնա՛:

Արտակը նյարդային շարժումներով գլորելով սայլակը՝ գնում է:

ԵՎԳԻՆԵ(դուրս է նայում խոհանոցից): Սուրեն…

ՍՈՒՐԵՆ – Խոհանո՛ց, ու չերևաք, մինչև չկանչեմ:

Եվգինեն անհետանում է:

ՍՈՒՐԵՆ – Վահան, պարտիան հետո կշարունակենք: (Փակում է տուփը, Մուշեղին:) Սիգարետ տուր:

ՄՈՒՇԵՂ – Չես ծխում:

ՄՈՒՇԵՂ – Հիմա ծխում եմ:

ՎԱՀԱՆ – Ինձ էլ տուր:

ՍՈՒՐԵՆ(նայում է Վահանին, ասես հասկանալով, որ հակաճառելն անիմաստ է` Մուշեղին): Նրան էլ տուր:

Երկու ընկերները անվարժ ծխում են՝ վաղուց չեն ծխել:

ՍՈՒՐԵՆ – Հիմա կարող ես խոսել:

ՄՈՒՇԵՂ – Ես հրաման եմ կատարում:

ՍՈՒՐԵՆ – Դա չէ հիմա կարևորը:

ՄՈՒՇԵՂ – Ինձ համար կարևորը դա է, որովհետև ինձ տրված հրամանը կատարելու համար ես էլ եմ հրաման տալու:

ՎԱՀԱՆ – Միայն թե խոսքը կրակելու հրամանի մասին չլինի…

ՍՈՒՐԵՆ(Մուշեղին): Չեմ խառնվել քո կյանքին, դու ես ընտրել մասնագիտությունդ, աշխատանքդ, բայց հիմա…

ՍՈՒՐԵՆ – Հիմա ոչինչ չի փոխվել: Ու շարունակիր չխառնվել իմ կյանքին:

ՎԱՀԱՆ – Մուշեղ, թոռիս հայրն ես… Հիմա ամենադժվարը հաստատ քո գործն է, բայց…

ՄՈՒՇԵՂ – Հասկացա, որ մտածում եք իմ մասին, բայց ի՞նչ եք ուզում ինձնից… ի՞նչ եք պահանջում:

ՍՈՒՐԵՆ(շփոթված): Չգիտեմ… հենց նոր հասկացա՝ չգիտեմ՝ ինչ պահանջեմ, ինչ առաջարկեմ…

ՎԱՀԱՆ – Ես դրա իրավունքն էլ չունեմ, բայց… ի՞նչ ես կարծում, կրակելու հրաման կլինի՞:

ՍՈՒՐԵՆ – Ի՞նչ ես խոսում, մեր քաղաքի փողոցներում ե՞րբ է արյուն թափվել, էն էլ՝ աթոռի համար:

ՎԱՀԱՆ – Ես էլ դա եմ ասում… Գուցե զինվորներին բերել են, որ մարդիկ վախենան, թողնեն-գնան… կամ էլ էնքան մնան փողոցներում, մինչև իրենք հոգնեն… Հա՞, Մուշեղ ջան, ասա, որ էդպես է:

ՄՈՒՇԵՂ – Հրապարակի մոտից եմ եկել: Նայում էի ներսում հավաքվածների դեմքերին, հետո դրսում կանգնածների դեմքերին… Էնքան նման էին իրար, մի պահ թվաց՝ երկու կողմում էլ նույն բանն են մտածում, նույն մտքերն ունեն ու նույն զգացմունքները…

ՎԱՀԱՆ – Ես էլ էդ եմ ասում՝ մի քաղաքի մարդիկ ենք, ո՞նց կարող ենք իրար դեմ ելնել…

ՍՈՒՐԵՆ – Սպասիր, Վահան… (Մուշեղին:) Շարունակիր:

ՄՈՒՇԵՂ – Արդեն ասացի՝ մի պահ թվաց(Սևեռուն նայելով:) Էլ հարց չտա՛ք:

ՍՈՒՐԵՆ(բարձր): Աստղիկ, զանգիր Լուսինեին, թող վերև բարձրանա:

ԼԻԼԻԹ – Ես կկանչեմ: (Դուրս է թռչում:)

Գալիս Արտակը:

ԱՐՏԱԿ – Դատելով ձեր լռությունից՝ իմ մուտքն ազատ է: Բայց դատելով ձեր մռայլ դեմքերից՝ հարցերը մնացին անպատասխան:

ԱՍՏՂԻԿ(մատուցարանով բերում է սպասքեղեն, շարում սեղանին ու հընթացս, առանց նայելու Մուշեղին): Մուշեղ, գիշերը երազումս Դավիթիս եմ տեսել:

ՄՈՒՇԵՂ(զարմացած, որ իրեն է դիմում:)  Դավիթի՞ն…

ԱՍՏՂԻԿ – Քեզ հետ էր խոսում, քեզնից ինչ-որ բան էր պահանջում, թե խնդրում, չհասկացա, հեռու էիք…

ՄՈՒՇԵՂ – Աշոտովնա, էնպես ես ասում, կարծես քո երազում ես էլ եմ եղել:

ԵՎԳԻՆԵ(խոհանոցից գալով): Եթե ասում է, ուրեմն եղել ես:

ԱՐՏԱԿ – Ապեր, վրադ վերցրու, դիմադրելն անիմաստ է:

ԱՍՏՂԻԿ – Դիմադրելու բան չկա, ինքը հասկացավ:

ՎԱՀԱՆ(թեման փոխելու միտումով): Նույնիսկ Աստղիկս երբեմն կարող է զոքանչություն անել: Ոչինչ, Մուշեղ ջան, Վահանս որ գա, ինքն էլ շողուլի կգա:

ՄՈՒՇԵՂ – Հասկանում եմ, Արսենիչ, բոլորիս նյարդերն էլ լարված են: Վահանին ես էլ ասելու բան ունեմ: Մամ, արագացրու, ժամանակս սուղ է:

ԵՎԳԻՆԵ – Ամեն ինչ պատրաստ է, մնում է միայն հրամանը տաս, Մուշեղ ջան, ինչքան չլինի՝ սպայի մայր եմ:

Գալիս են Լուսինեն ու Լիլիթը:

ԼԻԼԻԹ – Չէր ուզում գալ, կպել էր պատուհանին… Բերեցի մի պայմանով, որ մեր տանն էլ պատուհան կա ու մի հարկ վերևից ավելի լավ է երևում բակը:

ԼՈՒՍԻՆԵ – Բա որ տան հեռախոսով զանգի…

ԱՆՈՒՇ – Բջջայինը մոտը չի՞…

ԼՈՒՍԻՆԵ – Օգո՞ւտն ինչ… հրապարակում զանգերը լռվում են:

ՄՈՒՇԵՂ – Մտքին լինի զանգելը՝ կզանգի:

ԵՎԳԻՆԵ – Հիշեցի 93-ի փետրվարը… Էն ժամանակ էլ ես էի բողոքում քեզնից, Արտակ ջան, որ հայրդ Մոսկվայից երկու օրը մեկ էր զանգում, իսկ դու Երևանում ընդհանրապես չէիր զանգում… Ամեն ինչ կրկնվում է…

ԼՈՒՍԻՆԵ(սարսափած): Չէ… պետք չէ…

ՎԱՀԱՆ – Ի՞նչը պետք չէ, աղջիկս:

ԼՈԻՍԻՆԵ – Միայն թե չկրկնվի… Այն ժամանակ Դավիթը գնաց…

ՍՈՒՐԵՆ(շեշտված անհոգությամբ): Դե, հերիք է, եկեք հիշենք մեր հավաքվելու պատճառն ու փորձենք ուրախանալ… չէ, պարզապես ուրախանանք, որ…

Վահանը ներս է ընկնում ձնծաղիկների մեծ փնջով:

ՎԱՀԱՆ կրտսեր – Առանց ինձ եք ուզում ուրախանա՞լ…

Բոլորն այնպես են վեր թռչում տեղերից, որ հասկանալի է՝ որքան մեծ է նրանց տագնապը և անսպասելի` ուրախությունը:

ՎԱՀԱՆ կրտսեր – (ծաղիկները տալով Լիլիթին): Լիլուշ ջան, միայն դու կարող էիր էնպես ծնվել, որ չորս տարի սպասենք՝ էս մի օրվա համար:

ԱՆՈՒՇ – Խնդրեմ, ամենաուշը եկավ ու ամենաառաջինը ելույթ ունեցավ: (Գորովանքով քաշելով նրա մազափնջից:) Բայց ի՜նչ ծեծելու ապրանք ես, հենց գործս մի քիչ թեթևանա՝ քեզնով զբաղվելու եմ… շատ լուրջ եմ զբաղվելու:

ՎԱՀԱՆ կրտսեր – Համաձայն եմ, հորք ջան, բայց մինչև էդ թույլ տուր մորս օրինական բողոքները լսեմ: (Մոտենում, իբր խոնարհ տեսքով կանգնում է:) Մայր, բաց քո նախատինքների տոպրակը, որ դանայան տակառի ծանրությունն ունի:

Լուսինեն պայծառացած դեմքով գրկում է որդուն:

ԱՐՏԱԿ – Ոնց է երևում ապագա ժուռնալիստը… Իսկ դասերից բացակայելու համար ե՞րբ են համալսարանից վտարելու:

ՎԱՀԱՆ կրտսեր – Եթե չհաղթեցինք՝ երբ մտքներով անցնի:

ՄՈՒՇԵՂ – Ո՞ւմ եք ուզում հաղթել:

ՎԱՀԱՆ կրտսեր – Ով արժանի է պարտության:

ՍՈՒՐԵՆ(տեսնելով, որ երկուսը լարվեցին): Վերջապես Լիլիթիս կենացը խմելո՞ւ ենք… Զբաղեցրեք ձեր տեղերը, վերցրեք բաժակները, Լիլիթ, քեզ՝ հյութ, Վահան, սկսիր:

ՎԱՀԱՆ – Մեր քաղցր թոռնիկն այսօր դարձավ 12 տարեկան:  Ես ցանկանում եմ, երբ չորս տարի հետո նշենք 16-ամյակդ, նորից շրջապատված լինես քո ամենահարազատ ու թանկ մարդկանցով, ու ինչպես հիմա, բոլորս մի մարդու պես ասենք՝ ծնունդ շնորհավոր: Սուրեն, շարունակիր:

ՍՈՒՐԵՆ – Շարունակեմ… Չէ, Վահան, էս անգամ պիտի մեր ավանդական կենացներից շեղվեմ ու խմեմ մի ուրիշ բանի համար: (Մտքերը ժողովելով:) Ես ու դու ծանոթացանք 1972 թվականին, երբ եկանք այս շենքը:

Եվգինեն ու Աստղիկը ժպտում են:

ՍՈՒՐԵՆ(նրանց): Հաստատ հիշեցիք տունը ջրելը: Ես էլ էն թթի օղու համը չեմ մոռանում: Ինչ որ է… 36 տարի ապրում ենք մի տան պես: Սկզբում՝ հարևաններ, հետո՝ ազգականներ, դիմացանք ամեն ինչի… սգացինք Դավիթիս մահն ու դիմացանք Արտակիս փորձությանը, ուրախացանք Լիլիթիս ծնունդով, իսկ կրտսեր Վահանս մեր երկու տան ճրագն է: Ինչի՞ եմ ասում, բոլորդ ինձնից լավ գիտեք… Գիտեք, բայց պիտի կրկնեմ, որովհետև հիմա մեր քաղաքը վտանգի մեջ է, ուրեմն՝ վտանգի մեջ ենք բոլորս, մեզնից ամեն մեկը: Պատերազմը, մութն ու խավարը չկարողացան մեզ հաղթել, պարտվեցին մեր սիրուն, բարեկամությանը, իրար օգնության հասնելուն, հոգսը կիսելուն: Բայց հիմա, երբ պատերազմ չէ, լույս ու ջերմություն կա տներում, մեզ փորձում են բաժանել, թշնամացնել, մեզ փորձում են իրար դեմ հանել… Չի՛ ստացվի: Վստահ եմ, չի ստացվի, ուրեմն խմենք էդ վստահության կենացը, որ մեր քաղաքն ու մենք չպարտվենք:

ՎԱՀԱՆ կրտսեր – Ես չեմ խմի:

ՍՈՒՐԵՆ – Ինչո՞ւ… սխա՞լ էր ասածս:

ՎԱՀԱՆ կրտսեր – Ասածդ ճիշտ էր կինոյի կամ դասագրքի համար: Կյանքն ուրիշ է:

ՄՈՒՇԵՂ – Դո՞ւ ես ուրիշը:

ՎԱՀԱՆ կրտսեր – Մեկն էլ՝ ես:

ԱՆՈՒՇ – Վահան ջան, քաղաքականությունը լուրջ բան է, չե՞ս կարծում, որ մի քիչ շուտ ես քեզ նետել էդ հորձանքի մեջ:

ՎԱՀԱՆ կրտսեր– Եթե տարիքս նկատի ունես՝ երկու պապերս կարգին մեծ են, բայց ոնց որ չեն շտապում նետվել էդ հորձանքի մեջ:

ՄՈՒՇԵՂ(կրտսեր Վահանին): Չափդ անցնում ես, տղա՛ ջան:

ԱՐՏԱԿ(Մուշեղին): Դու քե՞զ ես համարում չափի մասնագետ:

ԵՎԳԻՆԵ – Մնում է՝ ուրիշի կեղտոտ խաղերի համար եղբայրներն իրար դե՞մ դուրս գաք: Մտքներո՛վդ չանցնի, ես չեմ թողնի:

ԼԻԼԻԹ – Ինչի՞ որ… Սարոյան եղբայրներից ինչո՞վ ենք պակաս:

ԱՆՈՒՇ(Լիլիթին): Ձա՛յնդ, մնում էր՝ դու խառնվեիր մեծերի խոսակցությանը: Ու հայացքդ խմբագրիր՝ չեմ նայի, որ ծնունդդ է: (Արտակին.) Մուշեղն էլ գնաց Ղարաբաղ, բայց քանի որ թեթև վիրավորվեց, արածը համարվեց սովորական բան ու մոռացվեց: Դու գնացիր, կռվեցիր, զոհեցիր կյանքից հետո ամենաթանկը՝ քայլելը, ազատությունը, ու մենք ամեն անգամ, տեսնելով այս սայլակը՝ հիշում ենք արածդ: Բայց դա չի նշանակում, որ եղբորդ հետ կարող ես խոսել այդ տոնով:

ՄՈՒՇԵՂ – Ոչինչ, ես սովոր եմ… Ի վերջո, ոստիկան եմ, ամեն ինչին կդիմանամ:

ԱՐՏԱԿ(պայթում է): Ի՞նչ կապ ունի ոստիկան լինելը… Դու այսօր հայտնվել ես բարիկադի մյուս կողմում, որտեղ չպիտի լինեիր մի պարզ պատճառով՝ դու Դավթյան ես:

ԵՎԳԻՆԵ – Իսկ ո՞վ է հորինել այդ բարիկադը, ո՞վ իրավունք ունի դատելու, թե որ կողմն է իրավացին:

ԼՈՒՍԻՆԵ(առաջին անգամ է նա այսքան զայրացած): Ինչպե՞ս թե… այդքան կեղծիքից հետո դեռ կարելի է մտածել, թե բարիկադի ո՛ր կողմում է արդարը ու  որտե՛ղ է կե՞ղծը:

ԱՆՈՒՇ – Բա ինչո՞ւ ես քեզ պատեպատ տալիս, որ տղադ հայտնվել է բարիկադի մի կողմում:

ԼՈՒՍԻՆԵ – Ինչպե՞ս չես հասկանում… Ես հպարտ եմ, որ տղաս ուժ ունի կանգնելու արդարի կողմը, բայց վախենում եմ, որովհետև մյուս կողմում ամեն ինչի ընդունակ մարդիկ են, եթե, իհարկե, նրանք մարդ են…

ՄՈՒՇԵՂ – Լուսինե, քո ասածով ստացվեց, որ ես մարդ չեմ:

ԱՍՏՂԻԿ(փորձելով շտկել իրավիճակը): Մուշեղ ջան, սրտիդ մոտ չընդունես…

ՄՈՒՇԵՂ – Չէ, ինչի՞, լավ էլ մոտ կընդունեմ ու որպես շնորհակալություն խորհուրդ կտամ սիրելի Լուսինեի որդուն, իմ երջանկահիշատակ ընկերոջս ու նաև աներձագիս միակ զավակին, որ հեռու մնա էդ բախտախնդիրներից:

ԱՐՏԱԿ – Մուշեղ, պետք չէ… չշարունակես: Ու քո գնալու ժամանակն է:

ՎԱՀԱՆ կրտսեր – (Մուշեղին): Դու հորաքրոջս ամուսինն ես և մեկ անգամ չէ, որ ինձ  խորհուրդ ես տվել: Բայց ոչ հիմա… Որովհետև անկեղծ չես, երբ ինձ ու ընկերներիս բախտախնդիր ես անվանում: Ես գիտեմ, որ ինձ սիրում ես, մտածում ես իմ մասին, բայց, Մուշեղ հոպար, առաջին անգամ ինձ խորհուրդ տալ չես կարող, ու մեղավորը ոչ դու ես, ոչ էլ ես:

Մուշեղը մի պահ հապաղում, հետո արագ գնում է դեպի դուռը: Անուշը հասնում է նրան:

ԱՆՈՒՇ – Մուշեղ, սպասիր…

ՄՈՒՇԵՂ – Ոնց ուզում եք՝ արեք, բայց տղային տնից դուրս չթողնեք:

Գնում է:

ԵՎԳԻՆԵ – Սա էլ գո՞րծ է, ոչ ժամ ունի, ոչ ժամանակ… Անուշ, մի բան կերա՞վ:

ԱՆՈՒՇ – Ոմանց քաղցր խոսքերը:

ԱՐՏԱԿ(Անուշին): Ինձնից շատ եղբորս չսիրես: Բայց եթե ես նրան չասեմ, ուրիշ ո՞վ պիտի ասի…

ՍՈՒՐԵՆ – Ասելուց առաջ աչքերին նայեիր… Ներսից վառվում է, բայց քեզ պես ազատ արվեստագետ չէ, որ մտքինն ասի:

ԱՍՏՂԻԿ(Լիլիթին): Ի՞նչ ես մտածում, Լիլիթ ջան:

ՎԱՀԱՆ կրտսեր – Մտածում է՝ չորս տարին մի անգամ ծնունդ են անում, էն էլ քթիցս են բերում:

ԼԻԼԻԹ – Դա էլ կարող էի մտածել, բայց հիմա… (Վահան կրտսերին.) Քեզ  աղջկա հետ եմ տեսել:

ՎԱՀԱՆ կրտսեր – (կարմրում է): Ինչ ես հորինում…

ԼԻԼԻԹ – Եթե հորինում եմ, որտեղի՞ց գիտեմ, որ երկար, խուճուճ մազեր ունի ու համարյա քո բոյին է…

ԱՍՏՂԻԿ – Բայց ի~նչ խաբարբզիկ Լիլիթ ունեմ:

ԵՎԳԻՆԵ – Իմ Լիլիթն էլ պակաս խաբարբզիկը չի:

ԼԻԼԻԹ – Դե լավ, ինձ մի ճնշեք… երկուսով էնքան լավն էին, ուզեցի՝ դուք էլ իմանաք:

ԼՈՒՍԻՆԵ(մեղմ): Նարեն է, Վահանիս համակուրսեցին:

ՎԱՀԱՆ – Մայրը էսպես կլինի, ամեն ինչին տեղյակ:

ՍՈՒՐԵՆ – Այո՜, կյանքը շարունակվում է…

ԵՎԳԻՆԵ – Ուրեմն՝ խմիր ջահելների կենացը:

ՍՈՒՐԵՆ(Վահանին): Մեր տիկիններն արդեն կենացներն են հուշում:

ՎԱՀԱՆ – Էդ իրավունքը նվաճել են մեզ դիմանալով: Ջահելներ ջան, ձեր կենացը: Ու մի խնդրանք ունեմ ձեզնից՝ էսօր մինչև լույս նստենք, սեղանի մոտից հեռացող չլինի:

ՎԱՀԱՆ կրտսեր – Պապ, ես պիտի գնամ:

ԼՈՒՍԻՆԵ – Իսկ եթե զանգեմ Նարեին, նա էլ գա՞…

ԱՐՏԱԿ – Վահան, գիտես, ես միշտ քո կողմից եմ, բայց էսօր լսիր մեծերին:

ՎԱՀԱՆ կրտսեր – Տղաները ինձ սպասում են:

ԱՆՈՒՇ – Մի անգամ էլ թող սպասեն:

ՎԱՀԱՆ կրտսեր – Հորք, խելացի կին ես, չե՞ս հասկանում, որ չգնալս վախկոտություն կհամարվի: Հատկապես, որ վախենալու բան չկա՝ խաղաղ ցուցարարները խաղաղ հանրահավաք են անում:

ԱՍՏՂԻԿ – Դուք եք ձեզ խաղաղ համարում, հեռուստացույցով ուրիշ բան են ասում:

ՎԱՀԱՆ կրտսեր – Ո՞վ է հավատում…

ԵՎԳԻՆԵ – Ասողներն էլ հավատում են, իսկ եթե չեն հավատում, ավելի վատ:

ԼԻԼԻԹ – Տատի՞, ի՞նչ ես ուզում ասել:

ՎԱՀԱՆ – Ուզում է ասել, որ իր խոսքին չհավատացողը հրամանը ավելի կատաղի է կատարում: (Տեսնելով, որ կանայք լարվեցին🙂 Հերիք խոսենք… Ջահելներ ջան, մի հատ պար…

ԼԻԼԻԹ – Վերջապե՜ս… թե չէ խոսում եք ու խոսում…

Լիլիթը միացնում է երաժշտությունը՝ հնչում է «Արագիլը»՝ նորօրյա մշակմամբ: Չնկատելով մեծերի հուզմունքը՝ Լիլիթն ու Վահանը պարում են: Պարն ավարտելուց ու ծափերի բաժինն ստանալուց հետո մի կողմ են քաշվում:  

ՎԱՀԱՆ կրտսեր – (Լիլիթին՝ կամաց): Ասում ես՝ Նարեն լա՞վն է:

ԼԻԼԻԹ – Ճաշակ ունես: Ապեր, մի բան խնդրեմ…

ՎԱՀԱՆ կրտսեր – Միայն չասես, որ չգնամ:

ԼԻԼԻԹ – Բայց ինչի՞ ես գնում:

ՎԱՀԱՆ կրտսեր – Գիտեմ, որ եթե հայրս ողջ լիներ, ինքն էլ հրապարակում կլիներ: Հիմա Արտակն էլ է էնտեղ, թեկուզ մտքով…

ԼԻԼԻԹ – Հայրս է՞լ…

ՎԱՀԱՆ կրտսեր – Նրանը ամենադժվարն է: Էս օրերին մի բանից եմ միայն վախեցել, որ հանկարծ Մուշեղ հոպարի դեմ չելնեմ… Ինքը մեղք է:

ԼԻԼԻԹ(դադարից հետո): Կօգնեմ, որ գնաս: Բայց խոստացիր, որ Նարեի հետ կվերադառնաս:

ՎԱՀԱՆ կրտսեր – Բայց դու ինչ ճիշտ մարդ ես, քույրիկս…

ԼԻԼԻԹ(սեղանի շուրջ նստածներին): Մենք հիմա կգանք:

ԼՈՒՍԻՆԵ(հազիվ լսելի): Ո՞ւր եք գնում:

ԼԻԼԻԹ – Վահանի ձայնագրությունները բերենք, կարգին երաժշտություն լսենք:

Լիլիթն ու Վահանը գնում են:

ԱՍՏՂԻԿ(Վահանին): Մի բան արա…

ՎԱՀԱՆ – Անող որ լինեի՝ Դավիթիս չէի թողնի՝ գնար… (Ինքն իր ասածից սարսափած, նայում է շուրջը🙂 Էս… գնացի՞ն:

ԱՆՈՒՇ – Հիմա կգան: Պիտի որ գան…

ԱՐՏԱԿ – Վաղը մարտի 1-ն է, վատ բան չի կարող պատահել: Գարնան առաջին օրը թույլ չի տա:

Գալիս է Լիլիթը:

ԼԻԼԻԹ – Վրա չտաք, Վահանը խոստացավ Նարեի հետ վերադառնալ:

ԵՎԳԻՆԵ – Միայն մի բան եմ խնդրում Աստծուց՝ Վահանս ու Մուշեղս իրար դեմ չկանգնեն:

Խավար:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *