Ռոման Կիսյովը բանաստեղծ է նաև գեղանկարիչ, հայտնի անուն Բուլղարիայում: Նրան հայ ընթերցողը գիտե ԼՂՀ ԳՄ հրատարակած «Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում» երկհատորյակում և «Գեղարմ» հանդեսում տպագրված թարգմանական գործերից: Ռ. Կիսյովն իր հայ գրչընկերների պատմածներից ու տարբեր աղբյուրներից որոշակիորեն տեղյակ էր Արցախի հիմնախնդրի, մեր ազատագրական պայքարի մասին: Բուլղար գրողն, իհարկե, գիտեր նաև պաշտոնական Բաքվի սադրանքների «պատմությունը», բայց եկավ Ստեփանակերտ` արհամարհելով բոլոր դժվարությունները, մոտիկից ծանոթացավ արցախցիների կյանքին ու մաքառումներին: Նա հետո, իր հարցազրույցներից մեկում, պիտի խոստովաներ. «Արցախում Աստծո ներկայությունն ամենուր է… Ես քրիստոնյա եմ և ինձ անչափ հետաքրքրում են քրիստոնյա հավատքի արմատներն այստեղ»…
Քիչ ժամանակ է անցել արցախյան հանդիպումներից:
Հայր և որդի Կիսյովները, շատ կարճ ժամանակում, բուլղարերեն թարգմանեցին Վարդան Հակոբյանի «Քարի շնչառությունը» գիրքը: Ռ. Կիսյովն իր հայ գրչակցին գրեց Սոֆիայից.
«Քո բուլղարերեն գիրքը հիանալի է… Որովհետև բանաստեղծություններդ հիասքանչ են… Դու մեծ մասշտաբի պոետ ես:
Ես շատ ուրախ եմ, որ համաձայնեցիր խոսք գրել` ուղղված բուլղար ընթերցողին, անհամբեր սպասում ենք դրան` գրքում զետեղելու համար:
Գրքի շապիկը պատրաստ է… Ուղարկում եմ քեզ… Ես եմ շապիկի ձևավորող-նկարիչը, հուսով եմ, քեզ դուր կգա:
Հայրս ջերմորեն ողջունում է, ես` նույնպես:Խորին հարգանքով` Ռոման Կիսյով»:
Վարդան Հակոբյանի հետ ծանոթացա 2012-ի ամռանը «Ստրուգայի պոեզիայի երեկոներ» փառատոնում (Ստրուգա, Մակեդոնիա): Խոշորամարմին, պարթև, լռակյաց, ճառագող տղամարդ, որի մեջ համակցվում են ամրությունն ու մեղմությունը, խստությունն ու բարությունը, հուսալիությունը… Ասես քարի նկարագրությունը նրա «Երեք տող»-ում իրեն վերաբերի. «Քարը, եթե լուռ չլիներ, այդքան ծանր չէր լինի/ և առավել ևս՝ այդքան հուսալի չէր լինի/ տան պատերի մեջ, ինչպես դրսում, այնպես էլ ներսում»: Մեր առաջին հանդիպումից շատ չանցած՝ ինձ առիթ վիճակվեց համոզվելու, որ Վարդանն իր հայրենի տան՝ Արցախի հոգևոր «հիմնաքարերից» մեկն է… Նրա (որպես կազմկոմիտեի հիմնադրի և նախագահի) անձնական հրավերով 2012-ի հոկտեմբերին մասնակցեցի Լեռնային Ղարաբաղի անդրանիկ բանաստեղծական փառատոնին… Դրանից առաջ այդ անվանումը ես կապում էի բացառապես զինված ընդհարումների, երկպառակության, անհուսալիության և խավարի հետ… Այս առումով՝ հենց այնտեղ էլ անսպասելիորեն տեղեկացա, որ անցյալում պարսիկներն այս հողը Ղարաբաղ են կոչել, ինչը նշանակում է «սև այգի»: Իսկ հայերը (հին ժամանակներից մինչև օրս) անվանում են Արցախ, քանի որ այս հայերեն բառը արմատապես այլ նշանակություն ունի՝ «արևոտ այգի» կամ «Արևի, Կենաց այգի» (ԱՐ արմատը բեռնված է բարդ սիմվոլիկայով և նշանակում է Արեգակ, Կյանք, Ամենազորություն, մինչ ՑԱԽ-ը այգին է կամ կուսական, անանցանելի անտառը)… Հայտնի է, որ Արեգակը, Կյանքը և Ամենազորությունը դեռ վաղնջական անցյալից Աստված-Բանի հոմանիշներն են, այնպես որ Արցախ անվանումը կարող էր նշանակել նաև «Բանի՝ Խոսքի այգի», այնպես, ինչպես որ տեսա և ես. բանաստեղծական խոսքի «այգի», խոսք, որ միավորում է, ոչ թե տարանջատում: Իսկ Վարդան Հակոբյանը, ինչպես արդեն հիշատակեցի, այդ այգու «հոգևոր հիմնաքարն» է՝ ոչ միայն որպես բանաստեղծ, այլև որպես գիտնական ու հասարակական գործիչ: Պատահական չէ, որ հենց քարն է նրա պոեզիայի հիմնական բանաստեղծական հերոսն ու խորհրդանիշը: Քարը Վարդան Հակոբյանի բանաստեղծություններում, նախ և առաջ, հավերժության՝ այն մնայուն ու անփոփոխ արժեքների և ճշմարտությունների փոխաբերությունն է, որոնք ենթակա չեն ուղղագիծ, փոփոխական ժամանակին ու էնտրոպիային… «Այս քարի վրա/ կյանքն անմահ է (…) համբուրիր քարը»: Բայց Քարը նաև սահմանաքար է կյանքի ու մահվան եզրագծին… «Կյանքի և մահվան սահմանագծում/ կա մի արարչություն տիեզերական,/ դա հավերժությունն է, կարող եք կոչել բանաստեղծություն» («Բանաստեղծությունը՝ սահմանից դուրս»): Ճիշտ այդպես Վարդան Հակոբյանի բանաստեղծությունները կոչվում են հավերժություն, կյանք և ճշմարտություն… «Ես ձայն եմ/(…) անմահ,/ քանի դեռ իմ մեջ է հավերժական/ ավիշը սրբազան ճշմարտության»:
Յուրատեսակ «երկվությունն» ու հակասականությունը ինչպես հայրենի հողի անվան մեջ, այնպես էլ պատմական ճակատագրում, անկասկած, դրոշմված են նրա պոեզիայում խոր դրամատիզմով և էկզիստենցիալ ոգով, հաճախ էլ արտացոլված յուրօրինակ պարադոքսալ փոխաբերականությամբ… Վարդան Հակոբյանի դրամատիզմն իմաստուն է և լուսեղ, մաքրագործող. այդ դրամատիզմը չի ներշնչում անհուսություն ու հուսալքում, այլ հակառակը, ատելության դեմ մարտնչելով՝ ծնվում է սերը, խավարի դեմ մարտնչելով՝ ծնվում է լույսը, մահվան դեմ մարտնչելով՝ ծնվում է կյանքը… Նրա պոեզիան հենց այս փոխակերպման վկայությունն է, փոխակերպում, ի հետևանս որի, Բանի կամ Խոսքի «տիեզերական արարչության» միջոցով, Սև այգին (մահվան այգին) վերածվում է Կենաց այգու, որտեղ «քարերը բուրում են», և «քարի շնչառության մեջ/ կենդանանում է հյուրընկալ ծաղիկ»: Ցավից և կյանքի ծարավից ծնունդ առած այս հրաշալի պոեզիան տեսնում է անտեսանելին, որովհետև նայում է «առավոտի աչքերով», ուղղված է դեպի ապագա՝ «այն տարածքը,/ որտեղ առաջինը/ ոտք են դնում բանաստեղծները»… «Մինչև օրս անտեսանելին թովել է աչքերս»,- խոստովանում է բանաստեղծը:
Ապագայի և Հավիտենության ձգտումը՝ այս բանաստեղծական իդեալիզմը, աղերսվում է Վարդան Հակոբյանի պոեզիայի մեկ այլ մոտիվի՝ Ճանապարհի հետ… Բայց նրա Ճանապարհը ոչ այնքան արտաքին է, ուղղագիծ ժամանակի և տարածության մեջ, որքան ներքին՝ հոգու ներքին ժամանակի միջով, ինքն իրեն, իր նվիրական ու բուն «ես»-ին հանդիպելու նպատակով… «Եվ ճանապարհը որքան վեր է ելնում,/ես նույնքան/ մոտենում եմ իմ խորքերին» («Դժվար օդ»): Եվ որքան ավելի է հոգին խորքերն իջնում, այնքան ավելի է Ճանապարհը նրան դեպի բարձունքներ տանում և ընդլայնում նրա սահմանները: Սա է բանաստեղծի երազանքը. «Տվեք հոգուս այդ ներդաշնակությունը,/ որ կիրճի պես խոր իջնեմ/ և լեռան պես դեպի երկինք ձգտեմ»:
Եվ քանի որ նա գիտե՝ «անվերջ է ճանապարհը», սա է նրա ճշմարիտ խոսքը՝ «շարունակելի»…
* Տեքստը Վարդան Հակոբյանի «Քարի շնչառությունը» բանաստեղծական հատընտիրի նախաբանն է (կազմեցին և ռուսերենից թարգմանեցին Զդրավկո Կիսյովը և Ռոման Կիսյովը, «Ավանգարդ փրինթ» հրատարակչություն, Ռուսե, Բուլղարիա, 2013):
Թարգմանությունը բուլղարերենից` Զավեն Բոյաջյանի