քեզ, որ փնտրեցի հենց այս ձմեռ
որ սիրեցի ու մոռացա,
այս ձմեռ քեզ չհաղթած մնացի,
ու պարտությունը կրծքիս տակ բազմացավ ամեն հնարավոր մկանով,
եվ ամեն հնարավոր մկան երկարում է քո անունով կրծքիս տակ այս ձմեռ.
հենց այս ձմեռ
քեզ տվեցի ամենաջերմը ցրտի մեջ
ու ցրտի կապույտ գույնը փոխեցի սրտիս մեջ
թափանցիկ թփթփոցներով,
այս ձմեռ բաժանումը եղավ միացումից առաջ,
եվ սերը չեղավ ինչպես կինոյում կամ գրքերում,
չեղավ հավերժ,
չեղավ ազատ,
չեղավ մերկ մեր ձեռքերի մեջ,
չկլորվեց,
չպնդացավ իմ ու քո ափերի տակ,
սեղմեցինք միայն մատները,
իսկ սերը ձկան պես պլստալ գիտի,
երբ չես ասում ցանկություններիցդ գոնե երեքը՝
մնա,
մնա,
մնա
հունվար 2021
***
և ուրեմն դու այստեղ ես՝
այս աճող ու շնչող
այս շնչող ու մեռնող ճյուղերի արանքում
հաչող շների ու մրսող շների ձայներում
ուրեմն այստեղ ես
այստեղ, ուր ձմեռն անվերջ է և հունվարն անվերջ է
ինչպես սպասումը,
ինչպես աղոթքը քեզ համար
ուրեմն քաղաքը քոնն է
և երկինքն է քոնը
և երկիրն է քոնը
երկու կյանքի արանքում
ուրեմն ջրերը քոնն են աշխարհի բոլոր
լացերով բոլոր կանանց ու մայրերի,
ջրերը,
որ կաթիլ-կաթիլ օվկիաններից ավելին կկշռեն
և քոնն են ձյուները բոլոր
սպիտակ-սպիտակ
փաթիլ-փաթիլ, որ կդադարեն շուտով
բայց հունվարն անվերջ է
և քոնն են եղանակները բոլոր՝
ամիս-ամիս
ձմեռից աշուն ձգվող
ծիծաղները բաց
ու ծիծաղները փակ՝
չլսվող ու չարձագանքող քո լեռներում
քո սարերում ձյունոտ
քո ձորերում կանչող
քոնն են ժամանակները բոլոր այսուհետ
անժամանակ գնացող
անժամանակ մեռնող արևների բողոքով
և քոնն են աչքերը բոլոր նրանց,
ովքեր փնտրում են միշտ
ովքեր սպասում են միշտ
ու պարզած են ձեռքերը
ունեցած-չունեցած հողը գրկելու
որտեղ կորան բոլորը
ովքեր քեզ համար էին
ովքեր ինձ համար էին
եվ նրանց համար բոլոր,
ովքեր թեթև թռիչքներ ունեցան
քոնն են բառերը բոլոր,
որոնցով կարելի է ներում խնդրել
որոնցով կարելի է հաղթել ու պարտվել
որոնցով կարելի է փրկել ու փրկվել
այն ամենից,
ինչը քոնն է դարձել չհաշվարկած
ինչը քոնը դարձավ երեկ, այսօր
ու վաղը
միշտ:
հունվար 2021
***
ես կիսաքուն եմ ու լսում եմ թե ինչպես են պատմում ինձ հրեշտակների ու սատանաների մասին
ու լսում եմ բառերը տխուր-տխուր ձայներով
քո չլինելուց լաց են լինում նույնիսկ
սատանաները հին ու նոր,
որ հեքիաթներ են պատմում ինձ,
ու պատմում են, որ դու կարճ չես իմ հիշողության ու քո անվան պես
քո չլինելուց վազում են շենքերը քաղաքի ու փուլ գալիս ոտքերիս տակ,
քո չլինելուց ես կարդում եմ բոլոր գրքերը աշխարհի,
որ քեզանից հետո են գրվել ինձանից առաջ ապրածների տառապանքներով,
սպասումներով հեկեկող դռների ու պատուհանների, որոնց վրա հազար անգամ գրվեց ու ջնջվեց
սիրում եմ
քո չլինելուց տղամարդիկ հարբում են օր ու գիշեր ու քնում սառը փողոցներում,
թափառում են գիշեր-ցերեկ քեզ գտնելու համար,
կանայք քո չլինելուց կոտրում են դռները խոհանոցի,
կրծում եղունգները, ու էլի խմում օր ու գիշեր
քո չլինելուց մեկ սատանաներն են ինձ մոտ,
մեկ՝ հրեշտակները,
որ պատմում են հեքիաթներ,
ու պատմում են, որ դու հեշտ չես ճաշ եփելու պես,
որ դու միշտ չես իմ մատների ու մարմնի պես
քո չլինելուց ես լսում եմ ձայներ տարբեր տեղերից,
որ ամեն անգամ սխալ են գուշակում անունը քո
ես դեռ չգիտեմ անունը քո,
այն կա՞րճ է իմի պես,
թե՞ այնքան երկար, որ ստիպված կրճատելու եմ հիշելու համար
քո չգալուց ես չգիտեմ դեռ այնքան բաներ
չգիտեմ, թե ինչպես են պատժում սիրելիին ուշացման համար,
ինչպես են սպասում սիրելիին տեսնելու համար,
չգիտեմ ոնց են ընտրում բույրը սիրելիի,
ոնց են եփում սուրճը սիրելիի,
չգիտեմ կարդո՞ւմ են արդյոք սիրելիի համար,
պարո՞ւմ են, երգո՞ւմ են սիրելիի համար
երբ կուրծքը մարդու լի է լինում զայրույթով,
քո չլինելուց ես սովորել եմ հաշվել տարիները կյանքիս,
տարիները ափերիս մեջ մի բուռ երազանքի պես,
ես սովորել եմ չփնտրել նորից, չքայլել նորից այնտեղ, որտեղ կորար մի օր ամենամոտ երազի մեջ
քո չլինելուց սատանաներն ինձ հանգիստ չեն տալիս, ու լաց են լինում ինձ հետ
քեզ սպասելուց հոգնած,
հրեշտակները շոյում են գլուխս ամեն գիշեր, ու սիրում ինձ անմեղ երեխաների պես
ես կարդում եմ անունը քո ամեն տեղ, սպանություններից մինչև հարսանիքներ,
քո անունը
կարճ է իմ անվան պես,
անսխալ հրեշտակների
ու հրեշավոր սատանաների մեջ
ես երբեմն տեսնում եմ քեզ իմ աչքերով ու կորցնում ամենամոտ երազի հետ
դու երբեմն կաս
փետրվար 2021
***
արդեն գարուն է սիրելիս
արդեն գարուն է և տես
երկինքը կապույտ-կապույտ
փռվել է վրաս
արդեն գարուն է և մարտը
խաղում է խաղը երկրի
արդեն գարուն է սիրելիս
բայց արևը պատկանում է սեպտեմբերին
մարտ 2021
***
հետո կգան բոլորը
կանցնեն բոլորը,
խուժան ու խաժամուժ գոռոցներով
և բոլորի մեջ քո ձեռքերը այդքան մոտ չեն պարզվի ինձ
հետո դու կմնաս մենակ ճիշտ այնքան,
որքան ցերեկն է տևում պարապ առավոտներից հետո
դու կմնաս մենակ այնքան,
որքան իմ թռիչքն է դեպի քեզ՝
կարճ ու անհաստատ
դու կմնաս մենակ այնքան,
որքան կխիզախի քո սիրտը ու հետո դու վազ կտաս բոլորին քեզ մոտ,
և ես բոլորից զատ կմնամ այնքան,
որքան կխիզախի իմ սիրտը
լինել մի թռիչք հեռու
լինել մի թռիչք հեռու բոլորից
հետո էլի բոլորը ինձ մոտ կգան
ինձանից մի թռիչք հեռու
ինձանից մի թռիչք ավել
կմնան ինձ մոտ բոլորը ճիշտ այնքան,
որքան սուրճն է եփում
մի բաժակ սուրճը պարապ առավոտների համար
որ ես խմում եմ դանդաղ-դանդաղ
մինչև մի թռիչք այն կողմ քեզ բերում են սուրճդ՝
եփված երեք անգամ
հետո բոլորը սրտապատառ կերգեն սիրո մասին
ու խուժան գոռոցներով կայրեն ամեն բան
ամեն բան, որ կօգներ թռչելուն
կայրեն ամբողջը
խաժամուժ հրշմտոցի ու հերթերի մեջ
ու ես կորոշեմ մնալ մենակ այնքան,
որքան կխիզախի իմ սիրտը
հետո լուսինը դեղին ու մեծ
կսիրի ինձ քո փոխարեն
եվ փոխարենը նրանց
որ մնացին բոլորի մեջ
փոխարենը նրանց
ովքեր ինձ համար աստղեր բերելու գնացին ու մնացին բոլորի մեջ
փոխարենը նրանց
որ չփոխարինեցին քեզ
հետո ես նորից անշաքար սուրճ կեփեմ ինձ համար
անաղմուկ կբացեմ դուռը պատշգամբիս
ու ոչ մի առավոտ չեմ լինի պարապ
ու համառությունս ծալած թևիս տակ կքայլեմ
կքայլեմ քո փոխարեն
բոլորի հետ
բոլորի մեջ
իմ փոխարեն տխրողներին կկանչեմ
իմ փոխարեն սիրողներին կկանչեմ
իմ փոխարեն կանչողների կողքին նստած
կեփեմ սուրճդ երեք անգամ
ու կսպասեմ այնքան,
որքան կխիզախի իմ սիրտը
ապրիլ 2021
***
սպասում եմ
արի ու սարքիր ինձ համար ավելի լայն քաղաք
ավելի նեղ փողոցներով
առանց մեքենաների
առանց շների
առանց գովազդների
արի ու փոխիր քաղաքս վարդագույնից սպիտակի՝
ցածր, տափակ, կտուրներով
առանց փաբերի ու բառերի,
արվեստանոցներով լցրու քաղաքս
ու գծիր սպիտակ գծեր, որ սահմաններ չտեսնեմ
որ բոհեմի հետ կուլ գնամ
առանց գովազդների
առանց շների քաղաք սարքիր ինձ համար,
թող մարդիկ ոտքով անցնեն փողոցները
ու չհասնեն սպիտակ գծերին
սպիտակ քաղաք սարքիր ինձ համար
առանց եզրերի
որ կարողանամ փոխել իմ վարդագույն մաշկը
քաղաքի սպիտակ քարերի տակ
քանդիր բոլոր բարձրահարկերը
ու դրանց փոխարեն խաղողի այգիներ տնկիր
քաղաք սարքիր
առանց հյուրանոցների
առանց ռեստորանների
առանց կայարանների
թող մարդիկ քնեն բաց երկնքի տակ
թող մարդիկ կուշտ լինեն հաց ու պանրով
թող մարդիկ քայլեն նեղ փողոցներով
թող քաղաքից այդ թռիչքներ չլինեն
ու մարդիկ մնան
քաղաք սարքիր, որը չի ունենա ոչ հաղթանակ, ոչ պարտություն
որ առանց բարերարների յոլա կգնա
պոկիր ավելի բարեկարգ պաստառները
ու փակիր ականջներս ամբիոնների համար
սպասում եմ
արի ու սարքիր ինձ համար այդ քաղաքը
ու քնիր ինձ հետ տափակ կտուրներին գիշերները
անցիր ինձ հետ փողոցները բոլոր
հաշվիր ինձ հետ պատուհանները
հաշվիր ինձ հետ շշերը
հաշվիր ինձ հետ աստղերը սպիտակ քաղաքի
արի ու սարքիր ինձ համար նոր քաղաք
կամ տար իմ սպիտակ սիրտը այստեղից
մայիս 21
***
ես ուզում եմ լաց լինել
հասկանում ես
վիճակն այն է
երբ հարկավոր է լաց լինել
ինձ համար
քեզ համար
նրանց համար
երկար
մի գիշեր, երկու, երեք
լաց լինել մի կուշտ
որովհետև մի կում ջրով կուլ եմ տալիս երեկոն
առավոտն ու ցերեկը
ու գիշերը վերջապես կուլ եմ գնում
ու մոռանում եմ
ինձ
քեզ
նրանց
որ մի կումով խմվելու չէին
որ մի բառով պատմելու չեն
լաց եղիր հետս
այնտեղից որտեղ հիմա ես
ու ասա, որ ամեն բան կարգին է
ասա ու ես կլսեմ
կդառնամ բարի
կդառնամ համառ
կդառնամ ինչ որ էի
մարդ կդառնամ վերջապես
ու փեշերիս նորից ծաղիկներ կդարսեմ
ինձ համար
քեզ համար
նրանց համար էլ
խոստանում եմ
ասա, որ ամեն բան կարգին է
ու որ ես մազը գերանի տակ տանում եմ ուսերիս
ասա, որ ոչինչ չկա ունենալու
եվ նույնիսկ կորցնելու ոչինչ չկա
հասկանում ես
վիճակն այն է
երբ ուզում եմ երկար լաց լինել
ու լինել
հունիս 2021