Կարեն Անտաշյան | Սփոյլեր՝ չստացվեց

Կարեն Անտաշյան

Լուսանկարը՝ Էլիզաբեթ Բեթի

մակերեսային

ավելի անտեղի, քան երեկ արված
ազատ արցախը ողջունում է ձեզ
պաստառի մոտ սելֆին,
հետկեսօրի շոգը փորձում է ամոքել յանի
էս ձմեռ ցրտահարված մեր հոգին –
տապակվել հեզորեն, տափակվել,
մեղմորեն չիրանալ, չարանալ ժեխորեն,
փոշեհամ, կավահոտ տափակստան,
ուր մահը դեռ չի հաղթել բնավ, ուր եթե
մի քիչ խորամանկ խորանաս, կյանքը
եռում է խանդավառ մրցությամբ հանուն
սերունդների թրիքի օպել գնդիկներ բզբզող
բզեզներին եգիպտոսի ուղեգիր ընծայիր, տե՛ր,
ապագա, տա՛ք ապագահ, աղի կարամել, համ էլ
ձանձրահեն թերթում եմ՝ ոտքեր,
տոտոշներ, բդիկներ միդիըմ րեյր, ազդրեր․
Հասմիկն ասում է՝ հուզիչ է անչափ,
երբ պատկառելի այս մարդը գրել է՝
կիրակի է, ամառ է, կեսօր,
մարդիկ խորոված են անում, ասենք թե,
իսկ ես անկապ տխուր եմ – հուզիչ է, խորն է –
կիրակին քրիստոսն է, միսը, դե մարմինն է մեռնող,
շոգը դե, բանը, մեր օրերի տաղտուկն է,
անհավես թերթում եմ՝ ոտքեր,
տոտոշներ, բդիկներ միդիըմ րեյր, ազդրեր,
չգիտեի այս մեկին, ա՛յս մեկին, ա՛յս մեկին,
ես ինչպե՞ս բացատրեմ Հասմիկին,
որ կարելի է պայմանավովել հիացած թվալու շուրջ,
որ մենք մտածում ենք կատեգորիաներով,
ուստի աստված կատեգորիա է, ասենք,
բայց երկու կատեգորիաների շփման գծում
բաներ են մնում տակավին անանուն, խառնածին,
դե իսկ խոզի յուղոտ մատերից խորովածը,
պատկառելի գրողը տանի, չի՛ կարելի քամահրել
ինչ-որ կատեգորիկ պոեզիայով,
քանի որ այն չքնաղ է և հավաստի
և փաթթած ունի անգամ այս խելքը,
որ լավ գիտի մերձավոր արևելքը, բանը,
թյուրինգի մեքենա, մոսկվան սպառնում է,
արցախը կարդում է, սուրենյանը գուժում է,
բդեր, բդեր, տոտոշներ, տոտիկներ, ազդրեր
էլի
թերթում եմ անհավես և կարծես նմանարկում
դրանցով հիանալու նախապայմանը,
կներեք անուշներ, էն գլխեն էլ դախ էի,
իսկ էս վերջերս վաբշե մոռացել եմ
գեղեցիկ բաների սիրուն լեզուն,
սիրերգի փոխարեն հը-հը կարող եմ
թոքերիս կատեն ուղարկել փիէմ,
ասում եմ, լեզվիս որձաչեչը բնավ հարիր չէ
վարդին նստած ցողը մանրագրելու համար,
բայց անշուշտ, կարող եմ հիացած ձևանալ։

երբ ասում եմ երկիր․․․

ողնաշարս ցավում է կոնկրետ տեղերում
իսկ բժշկիս կարծիքով էդ ցավը ցմահ է
նրա հետ պետք է սովորել ապրել
բայց ես նաև ուղեղ ունեմ ու սիրտ
ու որ ասում եմ սիրտ էդ մենակ իմ սիրտը չի
վերացական դառնությամբ ու մեկ-մեկ
անհայրենիք զվարթություններով լի
էդ նաև Սաքոյի սիրտն է
ստենտավորված պատերազմի վերջին օրը
ու որ ասում եմ ուղեղ հաճախ չգիտի
կառուցելու խնդիրներ լուծի թե քանդելու
ու թերևս ուշգիշերին կորոշի հելնել բալկոն ծխելու
չմտածելու իր իրավունքը անպատեհ
ունկնդիր բարեխիղճ աղբահանության ձայներին
ու խելառ սոխակների որ էս տարի
անզգույշ գողի գործարկած
բոշ սիգնալի ձայնով են գեղգեղում
իրենց սիրո երգը օրացույցային
բիբ-բիբ-բիբ-բիբ-բիբ-բիբ
կոմիտասը զարմացկոտ գրի առներ
քանդվելու այս ձայները որով մեռնում է
երկրի մարմինը դող
ու որ ասում եմ հող էդ կոնկրետ մարդու գերեզման է
որ այլևս սահմանափակում է մի ուրիշ կոնկրետ մարդու
տեղաշարժման իրավունքն էս աշխարհում
ուր արդեն անիմաստ են արշալույսները
ու անհեթեթ փոթորիկները կենաց ծովերի
հողը նաև շատ կոնկրետ ծառի կեցավայր է
որին թեկուզ անհավես բայց պետք է ջրել
անկախ կայսերական կրկեսի խաղացանկից
նավսյակի քանի որ ծառը մի քիչ դանդաղ բան է
ապրելու և մեռնելու սահմանին
տղերքին էսօր հարցրի
կառատեի եք ուզում գնալ թե շեփորի
մտածում են

Թուդուլիստ

Առավոտն օգտագործեք օրվա կարևոր անելիքներն ըստ առաջնահերթության ցուցակագրելու, այնուհետ՝ իրագործելու համար․

  • Պարապել մտքի ուժով բադրջան խորովելու հմտության վրա։
  • Դիտարկել Ծեր այծերի վաճառք օգտատիրոջ ընկերանալու հայտը։
  • Կերակրել կայծոռիկներին ձմերուկի կորիզներով և լեդ բյուրեղներով։
  • Այֆոնին տանել օկուլիստի մոտ։
  • Քաղհանել անձկության մարգերը․ գլուխ խոնարհել լվիճների ախորժակի առաջ։
  • Թարմացնել չգրված գրքերի ցանկը էս վերջին երկուսով։
  • Անուն մտածել յախտայի համար, ընտրել տառատեսակ։
  • Օհանավանում աստրոագրոնոմիան դնել գիտական հիմքերի վրա։
  • Մրսել 9-րդ սիմֆոնիայի ռիթմով։
  • Պայթելով գոռգոռալ ամպերի վրա, եթե այսօր էլ չհանդիպի կաշալոտի նման ամպ։
  • Անծանոթների խմբի մոտ հորանջել՝ թաքուն հետևելով հորանջաճարակի տարածմանը, նույնը կրկնել ժամացույցին նայելու, ծոծրակը քորելու, հոտոտելու համար․ չարախնդալ։
  • Երկիմաստ աչքով անելու առնվազն մեկ առիթ ստեղծել։
  • Միամիտ խառնշտել երեխեքի մազերը։
  • Անսպասելի փշաքաղվել։

Հայրենասիրական

Թրաշ կպահեմ քո համար հայրենիք
և չեքին կանեմ բոլոր ցավերդ
կուտեմ խորոված բոլոր մատերդ
կմեռնեմ բոլոր տուֆե պատերիդ
կպաչեմ բոլոր նորատունկ խաչերդ
կկախվեմ անշուշտ երկնուղեշներից
կկարդամ բոլոր հավայի տեքստերդ
ու անգիր կանեմ դալբայոբներիդ
էն քո խաչուփաչ գազատարները
որ հույս են սփռում ամեն մութ թաղով
խիմիչիտ արած ջրատարները
որ կյանք են բերում ծակուծուկ մաղով
ու քո ծուռմռտիկ ստոլբեքը զիլ
որ լույս են տալիս տեղական փողով
կօծեմ սպիտակ նոյի աղավնու
մատղաշ մատաղով յազվի արաղով
հացով ու անշուշտ յոդացված աղով
սրբոց սրբազան կոմունալներիդ
կենացը խմեմ անուժ հայրենիք
իշխանիկներիդ վասալիկներիդ
քավորիկներիդ ու սանիկներիդ
ցմփորիկներիդ ու քաջիկներիդ
անառակներիդ ու բոզիկներիդ
խեռոսիկներիդ պողոսիկներիդ
մոզգերիդ անշուշտ և թօօյն դեմքերիդ
սրտիկեմ անդուլ ճլոր հայրենիք
մեծացնողներիդ փոքրացնողներիդ
ծերացնողներիդ նորացնողներիդ
սլտիկեմ անդուլ թլոշ հայլենիք
ես քո հերթապահ աշուղն եմ խոսքի
ես քեզ արժանի ուստեն եմ խոսքի
ես քո միակն եմ աղբյուրիդ ակն եմ
յաշիկիդ գույնն եմ հույսիդ փակուղին
մոյկիդ կոպեկն եմ լոմկիդ քֆուրն եմ
քո վերջին մուխն եմ մատոռիդ յուղն եմ
ու էն շան հոտն եմ մաշված կալոդկիդ
քո կարմիր գիծն եմ չարված գործերիդ
սևով ատկատն եմ քո չտես աչքն եմ
ես միակ թին եմ քո ծակ լոդկի։

Սփոյլեր՝ չստացվեց

Երազումս գրել էիր՝ սեր իմ, արի՛,
ամեն ինչ թո՛ղ՝ արի՛, քե՜զ եմ սպասում,
մռայլ, ահագնացող փոթորկի մեջ
անանցնելի ծովում այս մենության
մակույկը իմ հոգու ինչ ափ էլ որ նետեց,-
գրել էիր,- բախտը իմ կնության,
մեկ է, եղա օտար, քանզի քո ծոցը չէր,
ու չսիրված, անտուն, անտեր եղա․․․

Վազում էի ահա, քեզ ընդառաջ
մեր միասին չապրած աշունների միջով,
գարունների միջով մեր վրիպած –
մերթ ափ նետված կետի վերջին ճիչով
մերթ թևն առած արծվի՝ երկնատարած։
Թերթվում էին ասես հեքիաթի մեջ
ակնթարթներն էպիկ ու կցկտուր,
մինչ ես շնչակտուր վարգում էի
քո ենթադրած, տենչած հեքիաթի մեջ
քեզ ընդառաջ՝ միակ, միակ իմ սեր,
ուր երբ հիշում էի ծիծաղդ բորբ,
շուրջս ծիրանենու շարքեր էին ծաղկում,
իսկ երբ հիշում էի թախիծդ նուրբ՝
ծաղկած այգիներին ձյուն էր մաղում։

Երջանիկ էի մի ձև այս ճամփին ես,
որ ահա, ի վերջո, դե վերջապես
գրվում է այնպիսի չքնաղ մի տեքստ,
որ սիրուն ա, կրքոտ ա, հարթ ա, տե՛ս,
որ մե՛զ էլ Տաթևն ի վերջո կկարդա,
կհանրայնացնի՜ հանրայինով մեզ,
բայց այդտեղ մգլած երևանյան օրվա
բաղրամյան մոսկովյան խաչմերուկում, վեցին,
մի օպել անթարթիչ դեմս կտրեց
ու ես ակամայից նրան լավ քրֆեցի։

Ներիր սեր իմ, ոնցոր ուշանում եմ մի քիչ,
դու լողացիր մինչ այդ ու վարդագույն
ճապոնական ոճի պենուարդ հագիր,
շտապում եմ, անկեղծ, ինձ չեմ խնայում –
ճանապարհը դեպի մեր կարոտած անցյալ
յանդեքս նավիգատրին վստահելով,
չտեսնելու տալով սեյլերը բոմբացյալ,
համաճարակները վերապրելով
ես քեզ մոտ եմ շտապում –
պլանային հեղափոխությունների միջով,
պատերազմի խրամատների միջով,
ճգնաժամերի տնտեսական միջով,
և միջով հոգևոր անշուշտ սովի,
քեզ կանֆետ եմ բերում ես ծծովի
ու մոշ․․․ դու բացիր շամպայնը, փլեյլիստը՝
մուդդ մռթոշ, մինչ ասպետդ հասնի։

Ահա ես պադյեզդում եմ՝ տրոփող սեր,
լիֆտին էլ չեմ սպասի՝ դե, անհամբեր եմ,
փիլաքյանով կոխըցրած կշտապեմ վեր,
ու արնավառ սրտով մեկ քեզ լույս կբերեմ։

․․․ դռանդ առաջ մինչ տուկ-տուկ ասելը
նորից ինձ փոթորկած էսէմէսն եմ կարդում․
Ser im ari! Amen inch tox ari! Qez em spaum!

Չյո՛ռտ․․․ 21 թվին դու դեռ լատինատառ ես գրում, չոռո՛տ, մոռացել էի բնավ, որ դու ծանծաղ ես ինչպես Սևանա լիճը Նոյլենդի մոտ, ախր ինչքան շատ ես կարդում, մեկ ա էնքան շատանում ա քեզ համակած ճահիճը ու դու հորդում ես լոկ բառեր, բառեր, իրերի էությունից վրիպող ու անմիտ բառային ցըռ, աղջի, մոռացել էի քո կպցնովի թարթիչներն ու ու երկնականաչ լինզաները, որ ինձ տագնապի նոպաների են հասցնում, սարսափ․․․ մոռացել էի, որ դու սիրում ես ակնարկել տարեդարձիդ նախընտրելի նվերը, մոռացել էի որ դու մոմ վառելիս աղոթում ես ափդ ափիդ քիչ չի, մի հատ էլ աչքունքով լկսվում ես քեզ նկարող լոզոտ պարսիկի հետ, մոռացել էի որ քո օրը օր չի, եթե բոզոտ սթորի չես դրել, մոռացել էի որ անգամ քո խաշած ձուն անհամ ա պենոպլաստի պես, մոռացել էի որ դու շահարկում ես անկեղծ, վրձնահարված և աստվածահաճո բառերը և անկեղծ ասած, այդ ամենից ես նադայել եմ եղել․․․

ներիր սեր իմ, ներիր. Аirplane mode On!
հազար, հազար ամոթ, բայց զանգդ չսեղմած
ես թռնում եմ նորից քո երազից
էս անգամ էլ մեզ մոտ
բան չստացվեց։

Անվերջնագիր

Իմ մահվան օրը կիջնի լրջություն,
կհիշվեն բոլոր ստատուսներս հոթ,
և անշուշտ ինչ-որ ֆեյք ոչնչություն
կգտնի կերածս քաքերից սքրինշոթ։

Կմարեն բոլոր զեղչի քարտերս –
անտարես, զանգակ ու սուշիանոց,
հուսով եմ, կվառվեն ապառիկներս
գոյությանս հետ մերկապարանոց։

Հանց հավատարիմ հաճախորդի
կասսայում Մոլի ինձ կմոռանան
եւ միայն մի կոմսից որդիան որդի
հա մեյլեր կգան ժառանգության։

Հուսով եմ կապրեն ավանդներս է՛լ,
զիլ ապագան անշուշտ մի օր կգա,
դոլլարին ու եվրոյին եմ լոկ վստահել․
դրամից ու ռուբլուց դե խեր չկա։

Ո՞վ կհիշի դեռ ո՞վ պառոլներս խրթին,
ո՞վ կգրի դեռ հետմահու ինձ էսէմէս,
ոչխարի մորթով ոչխարների բրդին
ազատ տիզ եմ եղել էս կյանքում ես։

Ներիր հարկատուիդ երկիր, ներիր,
մինչև բռնելը էս անհամության ճամփեն
չհասցրի փակել գույքահարկի տարին
ու ՃՈ տուգանքներն էլ չեմ վճարել։

Մահը վերջը չէ, գնամ, մնաս բարով,
ընտրացուցակներում տեղամասիս
ես դեռ երկար կապրեմ մեծատառով,
որպես հավերժության պսևդոթեզիս։

Ալգոռիթմ

դիտարկել այրվող անտառը,
տագնապել՝ հետևել լայքերին,
նկարել Բուռչոյի մոտ շաուրման,
ծաղրել՝ հետևել լայքերին,
վերապրել էպիկ մայրամուտը,
պապանձվել՝ հետևել լայքերին,
ընթերցել մահացու ելքերը –
պատվաստում, հրազեն, չաքուչ,
գաղափար, քլունգ, շահեր, քաղց,
Տույի վախճանը տույաների տակ,
վերլուծել՝ հետևել լայքերին,
վիճարկել ինքնության սահմանները,
խիզախել՝ հետևել լայքերին,
էսինչը էնինչին էնինչտեղը էն որ,
բամբասել՝ հետևել լայքերին,
սազացնել, մոտարկել, բզբզալ,
ձանձրանալ՝ հետևել լայքերին,
անցնել Ռուբիկոնը, Բիլին սպանել,
կարոտել Կարսը՝ հետևել լայքերին,
մուլտիկում անկապ նկատել
չարագործ սևավոր թագուհու
քայլելուց թրթռացող կուրծքը,
բոցվել՝ հետևել լայքերին,
հավանել, առնել, ուտել,
տեսնել, հագնել, խմել,
ռեվյու թողնել՝ հետևել լայքերին,
հրահրել ֆոտոքուլ վիճակներ,
երևալ՝ հետևել լայքերին,
մտմտալ, փափկել, դղրդալ,
ակնարկել՝ հետևել լայքերին,
ենթադրել Ջոյս, շվշվալ Բախ,
մեջբերել՝ հետևել լայքերին,
ելնել լյառը Մասիս, թռնել Հռոմ,
պատվիրել լոբստեռ, գինի՝
հևիհև հետևել լայքերին,
ջուրը քաշել՝ հետևել լայքերին,
հետ դառնալ՝ նորից քաշել,
ու մի օր էլ, պաղ հանգած մի օր
գիշերվա անսամթ մթնում հանկարծ,
երբ մենությունն է սիրտդ քերում,
մենությունն անհատնում, անանց,
սարսափով արթնանալ,
անհապաղ կոտրվել հուսահատ,
փոստել ու թմրել, թմրել,
թմրել լայքերում։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *