Նոբելյան մրցանակի է արժանացել «…ռեալիստական և բանաստեղծական շնորհի համար, որը շաղկապված է մեղմ հումորի և աշխարհին ուղղված լուրջ սոցիալական հայացքի հետ»:
Նոբելյան մրցանակի է արժանացել 1962թ.-ին:
Սթեյնբեք, Ջոն Էռնստ (1902-1968) – ամերիկացի գրող, ծնվել է Սալինասում (Կալիֆոռնիա): Լրագրություն է սովորել Ստանֆորդի համալսարանում, բայց, որպես անբավարար առաջադիմություն ունեցող, հարկադրված է եղել թողնել այն: Աշխատել է շինարար, լրագրող, նավաստի, միրգ հավաքող և միաժամանակ գրել իր առաջին՝ «Ոսկե գավաթ» վեպը (1929): Այդ վեպը, ինչպես, ի դեպ, նաև երկրորդը՝ «Անհայտ աստծուն»-ը (1933), չհետաքրքրեց ո՛չ քննադատներին, ո՛չ ընթերցողներին: Բայց 1935-ին լույս տեսած «Տորտիլյա-Ֆլետ թաղամասը» վեպը բեսթսելեր դարձավ: Սթեյնբեքի հաջորդ՝ «Եվ տանուլ տվեցին մարտը» վեպը (1936) դարձյալ սառն ընդունվեց քննադատների կողմից, փոխարենը «Մկների և մարդկանց մասին» վիպակը (1937) միջազգային ընդունելության արժանացավ, դրա հիման վրա պիես ստեղծվեց, որը հաջողությամբ ցուցադրվեց Բրոդվեյում և ֆիլմի հիմք դարձավ:
1939 թվականին լույս է տեսնում Սթեյնբեքի ամենահայտնի վեպը՝ «Ցասման ողկույզները», որի համար նա 1940-ին արժանանում է Պուլիտցերյան մրցանակի:
Զինվորական թղթակից Սթեյնբեքի՝ Լոնդոնից, Հյուսիսային Աֆրիկայից, Իտալիայից գրած ռեպորտաժները առանձին գրքով լույս են տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո «Ինչ-որ մի ժամանակ պատերազմ է եղել» խորագրով (1958): Նա շարունակել է գրել վեպեր՝ «Պահածոների շարքը» (1945), «Եդեմից դեպի արևելք» (1954) և, վերջապես, «Մեր հոգսերի ձմեռը» (1961)՝ այս ժանրում գրողի վերջին և չափազանց նշանակալի ստեղծագործությունը: Դրանից հետո Սթեյնբեքն ամբողջությամբ նվիրվում է հրապարակախոսությանն ու ճամփորդական ակնարկներին, որտեղ ևս հասնում է բարձունքների: Նրա «Ճամփորդություն Չառլիի հետ Ամերիկա փնտրելիս» (1962) գիրքը հաճույքով էին կարդում ամբողջ աշխարհում:
Սթեյնբեքը հանդես է եկել վիետնամական պատերազմի դեմ, բայց որպես թղթակից այնտեղ լինելով՝ փոխել է իր տեսակետը: Նրա վերջին գիրքը՝ Թ. Մելորիի «Արթուր արքայի և նրա ազնվաբարո ասպետների արարքները» միջնադարյան վեպի փոխադրությունը (1976), լույս է տեսել գրողի մահից հետո:
Նոբելյան ճաշկերույթին արտասանած ճառը
Թույլ տվեք անկեղծ շնորհակալություն հայտնել Շվեդիայի գիտությունների ակադեմիային, որն իմ ստեղծագործությունն արժանի է ճանաչել այս բարձր պարգևին:
Հոգուս խորքում համոզված եմ, որ չափազանց շատ գրական գործիչներ, որոնց հարգում ու մեծարում եմ, դրան արժանի են ամենևին ոչ պակաս, քան ես, բայց դա, անվիճելի է, չի նվազեցնում իմ ուրախությունն ու հպարտությունը:
Նոբելյան մրցանակը ստանալիս ընդունված է գրականության էության և զարգացման ուղղության վերաբերյալ անձնական կամ գիտականորեն հիմնավորված հայացքներ շարադրել: Ինձ, սակայն, առավել տեղին է թվում հիշեցնել հիմա այն մարդկանց բարձր պարտքի ու պարտականությունների մասին, ովքեր ստեղծում են գրականությունը:
Նոբելյան մրցանակի դափնեկրի պատվավոր կոչումը և ձեր առջև ելույթ ունենալու հնարավորությունը ինձ մղում են ոչ թե ծվծվալու շնորհակալություններ շաղ տվող մկան նման, այլ առյուծի պես մռնչալու հպարտությունից իմ գործի համար և այն մեծ ու տաղանդավոր մարդկանց համար, ովքեր դրանով զբաղվել են շատ դարերի ընթացքում:
Իր տարածման համար գրականությունը պարտական է ո՛չ իրենց օրհներգերը դատարկ տաճարներում հնչեցնող քննադատների սակավարյուն ու սակավազոր կղերական դասին և ո՛չ էլ կյանքից կտրված միայնակներին, որոնք մուրացկանություն անող վանականների ողորմելի կյանքով են ապրում:
Գրականությունը հին է, ինչպես մարդկային խոսքը: Այն ի հայտ եկավ, որովհետև անհրաժեշտ էր մարդկանց և իր զարգացման ընթացքում առավել անհրաժեշտ դարձավ նրանց համար:
Սկալդերը, բարդերը, գրողները երբեք չեն պատկանել առանձնահատուկ, ընտրյալ կաստայի: Նրանց դերը, պարտականություններն ու խնդիրները ամենասկզբից որոշվել են մարդկանց պահանջմունքներով:
Այժմ մարդկությունը հուսահատության ու շփոթվածության մռայլ, անուրախ շրջան է ապրում: Ելույթ ունենալով այստեղ՝ իմ մեծ նախորդ Ուիլյամ Ֆոլքները խոսում էր համընդհանուր վախի ողբերգության մասին, որն այնքան երկար է ձգվել, որ ոգու հիմնախնդիրները երկրորդ պլան են մղվել, իսկ գրողների ուշադրության կենտրոնում հայտնվել է ներքին հակասություններից բզկտվող մարդկային սիրտը:
Ֆոլքները շատերից ավելի լավ էր հասկանում, թե ինչում է մարդու ուժը և ինչում՝ նրա թուլությունը: Նա գրողի գոյության հիմնական իմաստը տեսնում էր այն բանում, որ ըմբռնի վախի էությունն ու հաղթահարի այն:
Այստեղ ոչ մի նոր բան չկա: Հնագույն ժամանակներից սկսած գրողի դերն անփոփոխ է մնում: Նրա խնդիրը թերություններն ու մոլորությունները ի ցույց դնելն է, մութ ու վտանգավոր մտադրությունները ջրի երես հանելը, որպեսզի հնարավոր լինի դրանք հաղթահարել:
Գրողի մեկ այլ պարտականությունն այն է, որ բացահայտի ու փառաբանի մարդու անվիճելի առավելությունները՝ ոգու վեհությունը, տոկունությունը, առնականությունը, կարեկցանքի ու սիրո ունակությունը:
Թուլության ու հուսահատության դեմ անվերջ պատերազմում սրանք մարդուն պայքարի հանող և նրան հույս պարգևող վառ դրոշներ են:
Ես ենթադրում եմ, որ մարդու ինքնակատարելագործմանն ամբողջ էությամբ չհավատացող գրողն իրեն գրականությանը նվիրելու իրավունքը չունի:
Ժամանակակից մարդկությանը պատած համընդհանուր վախը ֆիզիկական աշխարհի մասին մեր գիտելիքների սրընթաց թռիչքի և դրանց անմտածված օգտագործման արդյունքն է:
Այդ թռիչքը հեռու ետևում է թողել այլ բնույթի երևույթների մասին մեր իմացությունների մակարդակը, բայց դա դեռ չի նշանակում, թե վերոնշյալ մակարդակները երբևէ չեն հավասարվի: Դրանց հավասարեցումն ապահովելը գրականության գլխավոր խնդիրներից մեկն է:
Իր ողջ երկարատև ու փառապանծ պատմության ընթացքում մարդկությունն անվեհեր պայքար է մղել իր բնական թշնամիների դեմ՝ հաճախ հայտնվելով դեմ առ դեմ գրեթե անխուսափելի պարտությանն ու ոչնչացմանը: Հիմարություն ու վախկոտություն է ճակատամարտի դաշտից հիմա փախչելը, երբ, հնարավոր է, մոտ է մեր լիակատար հաղթանակը:
Ես հետաքրքրվեցի Ալֆրեդ Նոբելի կենսագրությամբ, ինչը միանգամայն հասկանալի է: Եթե հավատանք գրքերին, նա առանձնության ու մտորումների հակված մի մարդ է եղել: Զբաղվել է պայթուցիկ նյութերի կատարելագործմամբ, որոնք հավասարապես պիտանի են և՛ ստեղծարար բարու, և՛ կործանարար չարի համար, բայց չեն ենթարկվում խղճի ու բանականության փաստարկներին:
Նոբելը տեսնում էր, որ իր գյուտերն աներևակայելի դաժանության գործիքներ են դառնում: Հնարավոր է, նա նույնիսկ կանխազգացել է, թե ինչի կարող են հանգեցնել իր որոնումները՝ չարի հաղթանակին, կյանքի լիակատար ոչնչացմանը: Ոմանք նրան ցինիզմ են վերագրում, բայց ես համաձայն չեմ նրանց հետ: Իմ կարծիքով, նա մոլեգնորեն փորձում էր հայտնագործել վերահսկման ինչ-որ մեխանիզմ, յուրօրինակ պահպանական կափույր: Որոնումները նրան ի վերջո հանգեցրել են այն մտքին, որ միակ հուսալի կափույրը մարդու բանականությունն ու հոգին են: Ինձ թվում է, նրա դատողությունների ընթացքն արտացոլում է գտել այն բանում, որի համար շնորհվում են Նոբելյան մրցանակները:
Դրանք շնորհում են մարդու և շրջապատող աշխարհի վերաբերյալ իմացությունների հարստացման և ընդլայնման համար, իրերի էությունը ճանաչելու և բառի միջոցով այն փոխանցելու համար. դա էլ հենց գրականության խնդիրն է: Դրանք շնորհում են խաղաղարարության համար, որում կենտրոնացած են մնացած բոլոր նվաճումները:
Նոբելի մահից հետո կես դար էլ չի անցել, իսկ մարդկությունը, գտնելով բնության դարպասների բանալին, իր ուսերին է առել ընտրության ծանրագույն բեռը:
Մենք հանձն առանք կառավարել այն ուժերից շատերը, որոնք միայն Աստծու իշխանության տակ էին:
Վախն ու անպատրաստականությունը մեզ չխանգարեցին յուրացնել կենդանի ամեն ինչի, ողջ աշխարհի կյանքն ու մահը տնօրինելու իրավունքը:
Վտանգը, հույսը, ընտրության իրավունքը՝ այժմ ամեն ինչ մարմնավորված է մարդու մեջ: Հասել է ինքնակատարելագործման նրա կարողությունն ստուգելու ժամանակը:
Մեր ձեռքը վերցնելով աստվածային իշխանությունը՝ մենք պետք է ցուցաբերենք իմաստություն ու հեռատեսություն, որոնք նախկինում տեսնում էինք Աստծու մեջ:
Այսուհետև մարդը ամենասարսափելի վտանգն է և մեր միակ հույսը:
Այդ պատճառով այսօր, շրջասելով Ավետարանն ըստ Հովհաննեսի, կարելի է ասել. վերջում խո՛սքն է, և խոսքը մա՛րդն է, և խոսքը մարդու հե՛տ է:
Թարգմանությունը ռուսերենից` Հովհաննես Այվազյանի