Ստեֆանո Բեննի | Հրաշքը

Ստեֆանո Բեննի- ժամանակակից իտալացի գրող, երգիծաբան, բանաստեղծ և լրագրող։ Ծնվել է 1947թ-ին՝ Բոլոնիա քաղաքում։ Շուրջ երեք տասնյակ վեպերի ու պատմվածաշարերի հեղինակ է, որոնք Իտալիայում վաճառվել են երկուսուկես միլիոն օրինակով։ Բեննիի ստեղծագործություններին բնորոշ է վերջին տասնամյակների իտալական հասարակության նկատմամբ սուր երգիծանքը։ Նրա ոճը հարուստ է բառախաղերով, նորաբանություններով ու գրական այլ ոճերի ծաղրանմանակմամբ։ Ներկայացվող պատմվածքը «Սիրելի հրեշներ» ժողովածուից է, որն առաջին անգամ լույս է տեսել 2015 թվականին՝ Feltrinelli հրատարակչության կողմից։

ՀՐԱՇՔԸ

                                                                                        Նրա ժպիտի փայլքը․․
Ջուզեպպե Վերդի – «Տրուբադուր», II.3

Ծովում գտնվող հրվանդաններից մեկի գագաթին մի փոքրիկ եկեղեցի կար։ Երբ եկեղեցու զանգերը հնչում էին, և քամին փչելով վեր էր բարձրանում, զանգերի խողանջը լսվում էր բոլոր առագաստանավերից՝ հասնելով մինչև անգամ ալիքներից այն կողմ՝ հեռու ու խորհրդավոր ափին ապրող անհավատներին։
Եկեղեցու դիմաց՝ արևկող նստարանին, ծխական քահանա դոն Տրիստանոն, որ մի գեր, կարմրադեմ ու խոժոռ մարդ էր,  մի այլափառ թխվածքաբլիթ էր ընկղմում գրեթե եռացող կաթով սուրճի մեջ։ Մոտ եկավ մ ի մուրացիկ որոր, որին երեցը ճչալով քշեց։ Փոքրիկ եկեղեցու դուռը կրնկի վրա բացվեց, ու երևաց նրա օգնականը՝ նիհար, մոմագույն, գայթակղիչ մոլորություններով ուղեկցված գիշերային մտքերից պզուկոտած դեմքով երիտասարդ քահանա Պալմիրոն։
Շտապ իջավ մրտենով ու հազրեվարդով պաճուճված փոքրիկ սանդուղքով ու հևասպառ գոչեց․
– Դո՛ն Տրիստանո, դո՛ն Տրիստանո, հրա՜շք է․․․
– Պալմի՛րո, – ասաց երեցը, – գլուխս մի՛ տար քո հերթական տեսիլքով։ Չափից դուրս շատ ես մտածում կանանց մասին, որից միտքդ պղտորվում է։
– Օ՜, ո՛չ, տեսիլք չէ, իրական է, – խզված ձայնով պատասխանեց Պալմիրոն։ – Պարտիզպանը նույնպես տեսել է։
– Ու ի՞նչ է տեսել։
– Տիրամորը։
– Տիրամո՞րը։
– Տիրամոր մեր արձանիկը, որ այգու որմնախորշում է։
Դոն Տրիստանոն հարցական նրան նայեց։
– Եվ ուրեմն ի՞նչ է պատահել։
– Պատահել է, որ տիրամայրը․․․․ մի զարմանասքանչ բան․․․ Տիրամայրը․․․
– Արտասվո՞ւմ է։
– Ոչ, ծիծաղում է։
Դոն Տրիստանոն վեր թռավ։
– Ինչպե՞ս թե․․․ծիծաղում է։
– Ծիծաղում է, իրոք։ Եկեք տեսե՛ք։ Դեմքին խինդ է դրոշմված։ Եվ ծիծաղում է զրնգուն ծիծաղով՝ աղջնակի պես։
– Եթե պարզվի, որ ստում ես, քեզ օնանիստ ճեմարանականների կլինիկա եմ ուղարկելու, – բացականչեց դոն Տրիստանոն և որոշակի ոգևորությամբ մագլցեց սանդուղքը։ Շնչակտուր բաց արեց այգու դռնակը, իր ծանր մարմնով մի կողմ տարավ հազրեվարդի թփերը, տեսավ արձանիկն ու․․․ քիչ էր մնում՝ ուշքը գնար։
Ճիշտ էր։ Կավե տիրամայրը, ատամները ցուցադրելով, լայն ժպտում էր։ Թվաց, թե հաստլիկ ու քրտնած երեցի հայտնվելուն պես սկսեց է՛լ ավելի լայն ժպտալ։ Լսվեց ցածր, բայց անհերքելի մի վճիտ ծիծաղ։
– Մի՞թե հրաշալի չէ, – ասաց Պալմիրոն։
Խռովահույզ դոն Տրիստանոն նստեց քարե մի նստարանի վրա։
– Թույլ տուր մտածել։ Սա իսկապես որ արտասովոր իրադարձություն է։ Այո, գուցե հրաշք է․․․ սակայն ոչ celestialis[1], այլ diabolicus[2]։ Սատանայի գործ է, ահա թե ինչ․․․
– Բայց դո՛ն Տրիստանո, այդ ի՞նչ եք ասում։
– Դու եկեղեցուց ու վարդապետությունից բան չես հասկանում, – ցասկոտ բղավեց երեցը։ – Եկեղեցական ավանդույթն այն է, որ տիրամայրերն արտասվեն։ Արցունք, արյուն ու խորհրդավոր շիճուկներ թափեն։ Մեր մեղքերի համար են արտասվում։ Իսկ հավատացյալները գալիս են գլխիկոր, զղջացած ու ապաշխարած, քանզի ստիպել են սուրբ կույսին արտասվել։ Դա քրիստոնյային վայել է։ Բայց ծիծաղե՜լ: Ինչի՞ վրա է ծիծաղում։ մեզ վրա՞։
– Ինչ իմանամ․․․ գուցե․․․ երջանիկ է․․․
– Անեծք և հերետիկոսություն, – բացականչեց դոն Տրիստանոն։ – Ինչպե՞ս կարող է ծիծաղել այս նյութամոլ ու հարաբերապաշտ աշխարհում։ Էլ ո՞ւր մնաց եկեղեցու հեղինակությունը, եթե նույնիսկ տիրամայրն է խնդմնդում։ Ինչպե՞ս կարող ենք դատապարտել ու պատիժներ սպառնալ, եթե նա առաջինն է այդ տխմար բարեհաճությունը ցուցաբերում։
– Հա՛յր, – ասաց Պալմիրոն՝ խաչակնքվելով, – Դուք հայհոյում եք։
– Էհ, մի խոսքով, թող տերը ների ինձ անվայել արտահայտությանս համար․․․ Ուզում էի ասել՝ չտեսնված բան է, որ տիրամայրն ուզածդ կնկա պես քրքջա։ Պատկերացնո՞ւմ ես։ Հավատացյալների երթ, որ գալիս է տիրամոր քրքիջ լսելու։ Իսկույն կմտածեն՝ ուրեմն գործերն այդքան էլ վատ չեն, կարող ենք սրտներիս ուզածն անել․․․
– Բայց գուցե տիրամայրն ուզում է մխիթարել մեզ․․․
– Դա մխիթարություն չէ, այլ սաբոտաժ։ Եթե չկա արտասուք ու տառապանք, էլ ինչի՞ համար ենք մենք։ Ո՞վ կգա խոստովանության, եթե այդ ժպիտը թողություն տա մարդկանց։
– Կարծում եմ, որ մարդկանց դա դուր կգա, – վճռականորեն ասաց Պալմիրոն, – և, բացի այդ, ինչպիսի՜ գովազդ կլինի մեր փոքրիկ եկեղեցու համար։
– Ավա՜ղ․․․ – վհատորեն ասաց դոն Տրիստանոն, – արդեն պատկերացրել էի՝ ինչպես են ապաշխարած հավատացյալների խմբերը բարձրանում այստեղ՝ հանգանակություն անելու։ Տիրամոր՝ օրգանական ապակուց արձանիկներ, ափսեներ, բաժակներ, Lachrima Mariae-ի շշեր։
– Հեռուստալուրեր, լրագրողներ․․․ – երազկոտ շարունակեց Պալմիրոն։
– Իսկ գուցե թվացե՞լ է, – ասաց դոն Տրիստանոն, – կարող է լույսի խաղ լինել, արևի կատակ։
Սակայն հենց այդ պահին օդում աղջկական պարզ ու վճիտ մի ծիծաղ լսվեց։ Դոն Տրիստանոն խաչակնքվեց։
– Լսի՛ր, լսի՛ր։ Ինչպիսի՜ ցանկասեր, մարմնական զվարթություն։ Իսկ ինքդ արդեն գերի ես այդ հմայքին։ Ախր ինչո՞ւ չէի կարող մի այնպիսի տիրամայր ունենալ, որ բոլորի պես արյուն կամ քացախ է լացում։ Օ՜, դժբախտս, թշվառս։ Պատժիր նրան, տեր Հիսուս։
– Հա՛յր, – ասաց երիտասարդ Պալմիրոն, – Դուք չափազանցնում եք։
– Առը հա՛ թե չափազանցնում եմ, – հանկարծակի կատաղությամբ բղավեց երեցը։ – Վերցրու այս թեթևսոլիկ տիրամորն ու մի որևէ տեղ փակի տակ դիր։ Ոչ ոք չպետք է իմանա։ Պատկերացրու՝ ինչ կլինի, եթե սա հանկարծ կարդինալ Կարաֆֆայի ականջն ընկնի, որն ասում է, թե կինը սատանա է։ Կգա այստեղ ու մուրճի հարվածներով այն կտոր-կտոր կանի։
– Բայց հայր․․․
– Լռի՛ր։ Վայ քեզ, եթե․․․ Ավելի շուտ՝ ինքս կթաքցնեմ։
Այս ասելով՝ դոն Տրիստանոն տիրամոր արձանիկը դրեց ուսին՝ փորձելով դեմքին չնայել, և այն փակեց ավանդատան դարակներից մեկում։ Այնուհետև դուրս եկավ ու վճռականորեն կարգադրեց Պալմիրոյին․
– Եթե մի բառ անգամ հայտնես, քո խցից հափշտակած երկու պոռնոգրաֆիկ ամսագրերը կուղարկեմ եպիսկոպոսին․․․
– Ճիշտն ասած՝ երեքն էին, – պատասխանեց Պալմիրոն։
– Երկուսը թե երեքը, մի խոսքով, բավական է, գնա՛ այստեղից, գնա աշտանակները փայլեցնելու, անհավա՛տ մոլագար, խեղկատա՛կ, հարաբերապա՛շտ․․․
Երիտասարդ Պալմիրոն վհատ-վհատ հեռացավ։
Դոն Տրիստանոն դարձյալ նստեց ծովի դիմաց՝ փորձելով հանդարտվել, սակայն ժպիտը չարչարում էր նրան։
– Ի՞նչ կարող եմ անել, – ասաց վշտից փքված սրտով, – մի խոսքով, դրոշմներ չեմ պահանջում, բայց ծիծաղող տիրամա՜յր։ Ու հենց ինձ պետք է բաժին ընկներ։
Օդում նորից հնչեց այդ քաղցր, աղջկական ծիծաղը։
– Աստված իմ, – գոչեց դոն Տրիստանոն՝ գլուխը ձեռքերի մեջ առնելով, – ո՞ր մեղքիս համար։
Աստված չպատասխանեց, իսկ կաթով սուրճը սառավ։

[1] celestialis – աստվածային (լատ․),

[2]diabolicus – դիվային (լատ․)

Թարգմանությունը իտալերենից՝ Լուսինե Աբովյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *