Նախագահի գրական երիտասարդական մրցանակն այս տարի շնորհվեց արձակագիր Նառա Վարդանյանին, ինչն էլ այս զրույցի հիմնական առիթը դարձավ: Շատ դժվար է քո ամենօրյա շփման գոտում գտնվող մարդու հետ կազմակերպված զրույց վարելը, բայց նաև շատ կարևոր կարիք` մարդուն ավելի հանգամանալից տնտղելու ու առավել մանրամասն սիրելու համար: Նառան արդեն մի քանի գրական մրցանակներ ունի իր կենսա-գրական բոխչայում և սա կարելի է ասել` հերթականն է: 2009-ին լույս տեսավ նրա Կանաչ տետր պատմվածքների ժողովածուն: Մեր լավ ընկերն ու գործընկերը լինելուց զատ Նառան նաև շատ պայծառ մարդ է, նրան հաճախ կարելի է տեսնել տարբեր հանրային հնչեղության հարցերի շուրջ համախմբված մարդկանց մեջ, հատկապես, եթե այդ հարցերը գրականությանն ու լեզվին են շոշափվում:
– Նառ, նախ գրեթերթյան խնջույքից զատ, մեկ անգամ էլ այսպես` պաշտոնապես շնորհավորում եմ մրցանակի առթիվ, այ, օրինակ ինչպե՞ս կանդրադառնա նախագահի գրական մրցանակակիր լինելու փաստը քո` որպես գրողի, ինքնագիտակցության վրա:
– Գրողի ինքնագիտակցությունս վստահաբար կայացած էր մինչև մրցանակ ստանալը: Երևի դա էր պատճառը ընկերներիս մեծ մասի լիաթոք ուրախանալը, որ այս անգամ էլ, ինչպես պատահել է, մրցանակը գրականությանն անծանոթ մեկը չի ստացել:
– Եթե ինքդ գրական մրցանակ սահմանելու լինեիր, որո՞նք կլինեին այդ մրցանակի կանոնները և մրցանակն ինքը:
– Նախագահի մրցանակ չէր կոչվի իհարկե: Կանեի հենց Գրեթերթի մրցանակաբաշխության պես յուրահատուկ, մի տարբերությամբ՝ մրցույթի մասնակից հեղինակներն իրենք գնահատեն միմյանց աշխատանքները, որովհետ ժյուրիի ներկայությունը ցանկացած մրցույթում հղի է կողմնակալ վերաբերմունքով: Իսկ մրցանակը. կանեի ճիշտ այն առաջարկներիս պես՝ շահած հեղինակը կարժանանար ներկայանալու համաշխարհային առաջավոր մրցանակների մրցույթներին, կթարգմանվեր, այդ տարվա ժամանակահատվածում կմասնակցեր տարբեր գրական փառատոնների և իհարկե, մեծ ֆոնդ ունենալու դեպքում՝ դրամական պարգևի:
– Ինչպե՞ս է ձևակերպվում քեզ համար գրական արդյունք ստեղծելու կարիքը:
– Սա էն նույն հարցն է՝ գրում ես, որովհետև չես կարող չգրե՞լ: Իսկ հնձվորը գերանդին սրելիս ձևակերպո՞ւմ է հնձվորի իր առաքելությունը: Կարիքն այսպես` սրել գերանդին ու հնձել և’ տատասկ, և’ մորու թուփ, և’ եղերդակ: Հետո ծույլ պառկել դեզի տակ, խատուտիկի փաթիլները փչել, կգնան Մեկի կրծքին կկպչեն, որ բեղմնավորվեն, իսկ Մեկն էլ ամուլ սերմերը որպես նամակ կընկալի ու կերջանկանա:
– Ի՞նչ ես կարծում, արդյո՞ք գրկանությունը պետք է հետամուտ լինի իր հասարակությանն այստեղ և հիմա հուզող խնդիրներին, թե գրականության համար էական չեն կարճաժամկետ խնդիրները:
-Իմ կարծիքով էական չեն, բայց լռությունն էլ վնասակար հանգույցներ կկապի. սա հրապարակախոսության ժանրում: Իսկ լավ, գեղարվեստ-գրականության դեպքում վերևից են հոգիները հաշվվում, որի մեջ ուզածդ հուզող խնդիր ու քաղաքական հարց կներառվի:
– Առաջիկայում երբ ես պատրաստվում նոր գիրք հրատարակել:
-Կար, հիմա ով ինչով կարողանում է, կարդում է: Ես էլ ուզում եմ ամիսը մեկ մի գիրք տպեմ, 10-20 օրինակ, նվիրեմ, էլի: Երբ Հայաստանում դեռ զարգացման փուլում է գրող-հրատարակիչ կապը, երբ գրքի շուկայի, վաճառքի մշակույթը մայրաքաղաքի սահմաններից դուրս չի գալիս, անհիմն է սեփական գրքի տպագրության առիթով առանց թևերի ճախրանքների մեջ ընկնել:
– Ինչպե՞ս ես ծախսելու մրցանակի գումարը:
– Վերջին հարցիդ պատասխանը գրել էի` ուզում եմ դրամ ավելացնել և մեքենա գնել, մամաս մոտեցավ, հենց վերջին գրածս կարդաց, ասաց` նախապես մի ասա, աչքով կտան: Դե ես էլ մտածեցի` լավ, էս անգամ մամայիս ուզածով անեմ, չասեմ:
Զրուցեց Կարեն Անտաշյանը