ՀՐԱՉ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ | Երկվորյակների արևը

Հրաչ Սարիբեկյան

«Գրանիշ» կայքը սկսում է հրապարակումների նոր շարք: Հաջորդաբար մեր ընթերցողներին ենք ներկայացնելու ՀՀ պետական մրցանակի առաջադրված գրքերից հատվածներ` նպատակ ունենալով ընթերցող հասարկությանը ավելի լայն հնարավորություններ տրամադրելու`այսօր ստեղծվող և պետական մրցանակի հավակնող գրականությանը ծանոթանալու, գնահատելու և արժևորելու: Մյուս կարևոր նպատակը` պետական մրցանակների ներկայացված գործերը փակ, ներքին քննարկումների ոլորտից առավել տեսանելի, հանրային ոլորտ տեղափոխելն է:

ՀՀ պետական մրցանակի հավակնորդ` Հրաչ Սարիբեկյան , «Երկվորյակների արևը» վեպ, Երևան, Անտարես, 2012թ

Ինչո՞ւ է գերեզմանոցն այդպես լուռ, երբ այդքան մարդաշատ է: Ինչո՞ւ է քարերին այսքան անհասկանալի նշանակություն տրված: Ինչո՞ւ են քարերի վրա մարդկանց պատկերներ: Ի՞նչ կապ ունեն մարդիկ քարերի հետ: Ինչո՞ւ են ոմանք ժպտում: Ինչո՞ւ են անտարբեր ուշադրությամբ հետևում իրեն: Եթե քարի վրա են, ինչո՞ւ են այդքան համոզիչ նայում: Անընդհատ շրջվում էր. նրանք կենդանի հայացքով շարունակում էին նայել իր ետևից:
Պապը նայում էր մահարձաններին. անբիբ կիսանդրիները հպարտ էին երևում, հպարտ, որ մահացել են, հավերժությանը լռության երդում էին տվել: Ո՞նց են քարացել մարդկանց գլուխները, մտածում էր տղան, ո՞նց են դարձել արձան. նրանց լռությունը խաբուսիկ էր թվում. իրենց ետևից պիտի փսփսան:
Եղբայրը ցատկում էր փոսերի վրայով. թռիչք–երկարության էր վարժվում: Անհետանում էր, փոխակերպվում ձայնի. արևոտ օրվա բացառիկ լռության վրա նրա ձայնն էր տիրում միայն: Պապը հանդիմանեց. «Սո՛ւս մնա, այ տղա»: «Ինչի՞»,– հարցրեց եղբայրը: «Որովհետև,– ասաց պապը,– մեռելներն այստեղ ծղրիդներին են լսում»: Այդ քար լռությանը ծղրիդներն էին միջամտում միայն: Ծղրիդները… Եղբայրը ծղրիդի ետևից ընկավ ու անհետացավ:
Ինքն ուշադիր նայում էր մի շիրմաքարի: Պապը քաշեց ձեռքը, բայց հանկարծ նկատեց շիրմաքարից ժպտացող փոքրիկ աղջկան ու ոտքը կախ գցեց: Որոշ ժամանակ լուռ էր, հետո որոշեց, որ հեքիաթ պատմի. «Լինում է, չի լինում, մի աղջնակ է լինում: Մի անգամ մոլորվում է ու անհետ կորչում»: «Էդ հեքիաթը գիտեմ»,– կտրեց տղան: «Սա ուրիշ է,– առարկեց պապը,– հաստատ էս մեկը չգիտես: Ծնողները չեն գտնում նրան: Մտածում–մտածում են՝ ոնց գտնեն իրենց աղջկան, ու որոշում են քար կանգնեցնել և այդ քարի վրա պատկերել աղջկա նկարը»: «Ինչի՞»: «Որ փոքրիկ աղջիկը քարի նկարով ճանաչի իրեն ու չհեռանա մոտից: Հայրն ու մայրն ամեն օր գալիս են այստեղ, մաքրում խոտն ու սպասում նրան»: «Հեքիաթն էս աղջկա մասի՞ն էր»,– հարցրեց տղան: «Հա»,– պատասխանեց պապը: «Աղջիկը դեռ չի՞ եկել»: «Չէ»,– ասաց պապը: Մենք կգտնենք նրան, մտածեց տղան: «Իսկ ինչի՞ չեն քարն իրենց տան մոտ կանգնեցրել»: «Դե բոլորն էստեղ են կանգնեցնում»: «Եթե ես էլ մոլորվեմ, իմ քա՞րն էլ էստեղ կլինի»: «Դրա համար տնից հեռու չգնաս խաղալու»,– ասաց պապն ու նայեց շուրջը. եղբայրը չէր երևում: Եթե մոլորվեմ, արդեն գիտեմ, թե ուր եմ
գալու, մտածեց տղան, եթե հեռու գնամ, ճամփին քարեր շաղ կտամ, ինչպես հեքիաթներում, հետո քարերի հետքով կվերադառնամ տուն»:
«Պապի,– հարցրեց տղան,– բա ինչի՞ չեք հայրիկի համար էդպիսի քար դնում»: «Չգիտեմ,– պատասխանեց պապը,– էս քարերն անօգուտ բաներ են, մարդիկ կանգնեցնում են ու սպասում, բայց ոչ ոք ետ չի եկել»: Տղան հետևություն արեց. եթե քար են դնում, մարդը ետ չի գալու, ուրեմն հայրը դեռ կգա:
Տղան զարմացած էր, թե ինչքան մարդ է անհետ կորել: Ո՞ւր են նրանք: Քարակերտ ու շողշողուն այդ լաբիրինթոսը նրան համակել էր վախով, որ ավելի հին էր, քան գերեզմանոցը: Տղան փոսեր տեսավ, բայց չկարողացավ նայել դրանց մեջ, պապն զգաց, որ տղան ավելի ամուր սեղմեց իր ձեռքը:
Գերեզմանոցն այնքան էլ մեծ չէր, ինչպես երևում էր տարածության փորձ չունեցող մանկական հայացքին, որ կողմնորոշման նշաններ էր որոնում շուրջը: Գերեզմանոցը լաբիրինթոս էր, որի ելքը գտնելու համար հարկավոր էր մեկ առ մեկ հիշել բոլոր շիրիմներն ու դրանց դիրքը միմյանց հանդեպ:
Հանկարծ տեսավ նրան: «Պապի՜»,– հուշեց տղան: Պապը նայեց մատի ուղղությամբ, բայց աղջկան չտեսավ, աղջիկը թաքնվեց: Պապը բացատրեց, որ այրող այդ արևի տակ մարդու աչքին ինչ ասես կերևա. քանի որ հայացքը շատ երկար էր մնացել աղջկա նկարին, տեսածը երևի սովորական տեսիլք էր: Տեսիլքները մահացած մարդիկ են, որ մեր տեսողության միջոցով, ոչ ավել, ոչ պակաս իրենց երբեմնի գոյության վստահությունն են ուզում ձեռք բերել: Տղան լսեց, թե ինչ ասաց պապը, թե խաղալու ցանկությունը ամեն ինչից զորեղ է, մահից էլ է զորեղ: Աղջիկը նորից հայտնվեց, այս անգամ ուրիշ շիրմաքարի ետևից: Ժպտում էր, հեռվից հեռու խաղում էր իր հետ, կանչում դեպի հեռավոր շիրմաքարերն ու նորից չքվում, գայթակղում դեպի չգոյությունը:
«Պապի,– հարցրեց,– բա որտե՞ղ է մոլորվել աղջիկը»: «Ի՞նչ մոլորվել,– մեջ մտավ եղբայրը, որ հանկարծ հայտնվել էր իրենց կողքին,– էս քարերի տակ մարդիկ են թաղված»: Հեռու գնալու համար պապը նախատեց նրան, և տղան իմացավ, որ, եթե ծղրիդի ետևից շատ հեռու գնաս, ծղրիդ կդառնաս: Եղբայրը թաքուն աչքով արեց իրեն, թե պետք է ձևացնել, որ հեքիաթներին դեռ հավատում են, ու իրեն պատմեց, որ մի անգամ հետևել է թաղման թափորի և, շիրմաքարերի ետևում պահ մտած, տեսել, թե ինչպես են թաղում մի մարդու: Տղան իր տեսած փոսերը հիշեց: Մի՞թե փոսն ընկած մարդուն կարելի է թաղել: Բայց եղբայրն ասաց, որ մարդկանց թաղում են ոչ թե նրա համար, որ փոսն են ընկել, այլ նրա համար, որ մարդիկ մեռնում են: Ո՞նց են մեռնում: Քնած են մնում: Այդ միտքը հանգիստ կտա՞ նրան, ուղեղում կմնա այնքան, որ գիշերն անկողնում պառկած, տղան շարունակի մտածել իրեն. ինչո՞ւ են մարդկանց թաղում. մի՞թե մարդիկ կարող են դառնալ այնքան անպետք, որ փոսը գցեն ու հողով ծածկեն և դեռ քար դնեն, որ դուրս չգան հողից:
«Արի ազատենք նրանց»: «Դագաղի մեջ են»,– ասաց եղբայրը: «Ի՞նչ է դագաղը»,– հարցրեց տղան: Եղբայրը գրպանից հանեց լուցկու տուփն ու մոտեցրեց նրա ականջին. տուփի դատարկության մեջ ինչ-որ բան էր պատեպատ խփվում: «Մեղք չի՞»,– ասաց տղան: «Կարող ես չխղճալ. ծղրիդները մեռած են ծնվում: Նրանք չեն ապրում. ցատկում են միայն,– բացատրեց եղբայրը,– ծղրիդները կմախք են»: Տղան, որ դագաղ դեռ չէր տեսել, պատկերացրեց, զարմացավ, որ լուցկու այդքան վիթխարի տուփեր են լինում: Կմա՞խքը ինչ է: Հետո իմացավ, որ մարդիկ դագաղում կմախք են դառնում: Մի սատկած ագռավ կթաղեն, օրեր անց կհանեն հողից, կիմանա՝ ինչ է կմախքը: Իսկ հիմա հարկավոր է ծղրիդին թաղել:
Պպզել, փորում էին հողը: Արևը վառում էր նրանց թիկունքը: Պապը նստել քարին, հանգստանում էր. նրա հետ տեղ գնալը հավերժություն էր տևում, իսկ այդ օրն իրոք այնքան էր երկար, որ դուրս էր գալիս օրվա ծավալներից. ժամանակից վրիպած այդ օրը քարերն այնքան էին տաքացել, որ նստել չէր լինում. դրանց տաքությունը խլեզներին էր դուր գալիս միայն: Քարը, որին նստած էր պապը, ծառի ստվերում էր: Պապը մարմինը թողեց քարին ու թաքուն անհետացավ իր անցյալում:
«Արի մենք էլ մեր գերեզմանոցն ունենանք, հոպարի խփած ագռավներին կթաղենք, սատկած ծիտիկներ կթաղենք, առնետներ կթաղենք, ինչ ուզենք՝ կթաղենք»,– առաջարկեց եղբայրը: «Արի»,– ոգևորվեց տղան: Եղբայրը հանկարծ նայեց իր թիկունքից ու բացականչեց. «Օ՜ձ, օ՛ձ, օ՛ձ»: Տղան վախեցած շրջվեց. դժոխային տապ էր. մարդիկ թաքնվում էին, օձերը՝ դուրս գալիս: Նույնիսկ բակում էին տեսել. եղբայրը փայտով օձի ետևից ընկավ: Ոչ մի օձ էլ չկար, բայց ծառի` հողից դուրս եկած արմատները, իրոք, օձերի կծիկ էին հիշեցնում, գալարումն էր պակաս: Եղբայրը ծիծաղեց: «Դրանք ծառաօձեր են,– հետո ասաց,– իսկ գիտե՞ս, որ եթե ուրագը խրես ծառին, ծառից արյուն կգա»: «Սուտ ես ասում»: «Պապին հարցրու»: «Պապի՛,– հարցրեց տղան՝ աչքը չկտրելով անշարժության կախարդված արմատներից,– ծառի մեջ արյուն կա՞»: Պապը հայտնվեց ծառի տակ, կողմնորոշվեց՝ որտեղ է, բայց հարցը չէր լսել: «Հարո՛ւթ պապ»,– ասաց տղան: «Հը՞»: «Ասում եմ՝ ծառի մեջ արյուն կա՞»: Պապը շատ բան գիտեր: Գիտեր, որ Մեքսիկայում ծառ կա, որի ճյուղերը եթե կոտրես, կարմիր հեղուկ է թափվում: Տղան հիշեց, որ տան պատերից մեկին ծառի նկար էր կախված` ճյուղերի վրա անուններ՝ պապի, հոր, իր, եղբոր անունները, անծանոթ անուններ, որ մութ կապի մեջ էին իր հետ: Ծառաբնի տակ քար էր նկարված, քարի վրա գրված էր՝ Առաքել: Տոհմածառ էր, հաստատ նրա միջով կարմիր արյուն էր հոսում: Տոհմածառերը Մեքսիկայո՞ւմ են աճում: Պապը ժպտաց. «Տոհմածառերն աճում են Այգում, որ խնամում է Աստված»: «Պապի՛, Առաքելն ո՞վ է»,– հարցրեց տղան: «Պապիս հայրը: Երրորդ ոտքս տուր»: Ծանոթ այլաբերություն էր. տղան պապին մեկնեց ձեռնափայտը, պապը ելավ քարից, և շարունակեցին իրենց ուղևորությունը քարից կերտված մահվան աշխարհում: Ծառը, որի տակ նստել էր պապը, նման էր տոհմածառի, արմատը՝ չգոյության, ճյուղերը` լույսի մեջ, իսկ ստվերն ասես նախնիների շուքն էր: Պապն ինքն իրեն, վերացած, կեսմտքի մեջ, հազիվ լսելի արտասանում էր. «Կանաչ է ծառերի արյունը»: «Պապի՛,– հարցրեց տղան,– իսկ գորտի արյունն ի՞նչ գույն է»: Եվ պապը պատմեց Կամբոջայում ապրող գորտերի մասին, որոնց արյունը թանձր կանաչ է: Տեսնես Կամբոջայում սև թիթեռներ կա՞ն: Շուրջն անհամար սև թիթեռներ թափահարում էին տապը, թե՞ նրանց թևերի թափահարումն էր սաստկացնում շոգը, և այնքան էլ շատ էին, որ կպչում էին իր ձեռքերին, դեմքին: Եղբայրը նրանց ետևից էր ընկել: Տղան թիթեռներին գիտեր ըստ նարնջագույն, մանուշակագույն, դեղին ու սպիտակ գույների:
«Սգաթիթեռնե՜ր»,– հիացած զարմանքով բացականչեց պապը. գույնի ու տեղանքի այդ մռայլ զուգադիպությունը զարմացրել էր նրան: Մամուռն ուզում է կենդանություն առնել՝ դառնում է գորտ, քարն ուզում է կենդանություն առնել՝ դառնում է խլեզ, ստվերն ուզում է կենդանություն առնել՝ դառնում է սև թիթեռ:
«Գիտե՞ս՝ ինչքան է ապրում թիթեռը»,– հարցրեց պապը: «Մի հարյուր տարի՞»,– ենթադրեց տղան: «Ես գիտեմ,– բացականչեց եղբայրը` թիթեռի պես թափահարելով թևերը,– մի օր»: Հարցական նայեց պապին: «Մի օր,– հաստատեց պապը,– ընդամենը մի օր»:
Եվս մի տխուր բացահայտում: Այդ գիշեր, անկողնում պառկած, տղան կտխրի, կափսոսա, որ թիթեռներն ընդամենը մի օր են ապրում: «Թիթեռները գիտե՞ն, որ մի օր են ապրում»,– մտածում էր տղան. հանկարծ զարմացավ, որ ինքը թիթեռ չի: Ինչո՞ւ է թիթեռը հենց թիթեռ, իսկ մարդը՝ ծնվում հենց մարդ:
«Մի՛ տխրիր,– սփոփեց պապը,– թիթեռները մարդկանց նման չեն մտածում, չեն տխրում, թևածում են միայն, մի օրում բույր են քաշում հազար ու մի ծաղկից և հազար ու մի ծաղկի գույն են հասցնում ճանաչել, մարդիկ չեն հասցնի նրանց ետևից. մի ամբողջ կյանք է հարկավոր: Աստված մարդկանց ու թիթեռների ժամանակը հավասար է բաշխել. պարզապես թիթեռներն անմիտ կերպով են սպառում իրենց ժամանակը. անընդհատ թափահարում են իրենց թևերը: Ինքնասպառման խենթ բնազդն է նրանց ստիպում անընդհատ թևածել, ինքնակործանման կույր բնազդը մղում է կրակների մեջ: Ես համոզված եմ, որ եթե թիթեռները վերջապես ծաղկից ծաղիկ ոստոստելու փոխարեն մի ծաղկի վրա անշարժ նստելու համբերություն գտնեն, շատ երկար կապրեն, մինչդեռ ինչքան հաճախ ու արագ են թափահարում իրենց թևերը, այնքան շուտ է սպառվում հավերժությունից նրանց հատկացված կյանքի ժամանակը»: Պապը լռեց: Ինչո՞ւ են թիթեռները սիրում կրակը, ինչո՞ւ են այդքան թևածում: Շոգ էր. քիչ էր մնում, որ սև թիթեռները բռնկվեն օդում:
«Պապի՛, ես քանի՞ օր եմ ապրել»: «Օ՞ր,– զարմացավ պապը,– կյանքն ախր օրերով չեն հաշվում, տղա՛ս. տարիներով են հաշվում»: «Գիտեմ»,– ասաց տղան: «Էդ դեպքում,– պապը մտքում բազմապատկման մի գործողություն կատարեց ու ստացավ երկու հազար քառասունյոթ թիվը, որովհետև օգոստոս էր, իսկ տղան` հինգ տարեկան,– երկու հազար քառասունյոթ թիթեռի կյանք ես ապրել արդեն»: «Պապի,– հարցրեց տղան,– իսկ երկու հազար քառասունյոթը շա՞տ է»: «Նայած ինչի համար. աստղերի համար քիչ է, լուսատտիկների համար՝ շատ»: «Իսկ դո՞ւ քանի թիթեռի կյանք ես ապրել»:
Պապն իր ապրած տարիները բաժանեց թիթեռների. «Իմ թիկունքում երեսուն հազար անշնչացած թիթեռ կա: Իմ դագաղի վրա կթևածի մի սև թիթեռ՝ իմ վերջին չապրած օրը»,– ասաց պապը: «Երեսուն հազար անշնչացած թիթեռ»,– կրկնեց տղան, ամբողջ օրը մտքի մեջ պիտի կրկնի` երեսուն հազար անշնչացած թիթեռ, տեսնես ե՞րբ կկարողանա հաշվել մինչև երեսուն հազար: Անթիվ-անհամար սև թիթեռներ էին պտտվում նրանց շուրջ` որպես թիթեռների փոխակերպված մարդկանց անորսալի ներկայություն, որպես սև մետաֆորներ, որպես մահվան թռուցիկ հիշեցումներ, և, վերջապես՝ որպես ունայնության վերաբերյալ թև առած մտքեր:

***
Առավոտյան կիսարթնության մեջ աքաղաղի կանչը լսողություն էր մտել, բայց երբ գիտակցությունն արձագանքեց ձայնին, վեր թռավ, նստեց անկողնում: Տեսավ՝ խավարը բաժանվում է ծառերից: Կիսաբաց աչքերով, քունը գլխի մեջ, թմրած ուղեղով հիշեց. «Աքաղաղը: Աքաղաղը կանչեց»: Ու նորից անկողին ընկավ, գիտակցությունը չէր հագեցել քնից: Զգում էր, թե ինչքան հաճելի է կյանքը առավոտյան նիրհի մեջ: Իսկ աքաղաղը շարունակում էր կանչել, և լույսը բացվում էր. ԳԻՇԵՐՆ այդ անգամ էլ չկարողացավ վերջինը լինել: Աքաղաղն ի լուր ամենքի կանչում էր, որ արևը նորից ելնում է՝ հսկա, կարմիր, իր կատարին այդքան նման, և իր ձայնը ձոնում էր նրան, ծուղրուղում նրա հիմնը, ծղրտում ինչքան կոկորդում ուժ կար, ինչքան Արևն էր մեծ: Աքլորի ձայնի բարձրությունն Արևի մեծության ամենաշքեղ ապացույցն է:
Երբ տղան արթնացավ ու նայեց պատուհանից, նրան դուր եկան արևի շողերը. ուրեմն արևը չէր ընկել: Նայեց դեղնությամբ օրից առանձնացող Արևածաղիկներին: Վերջապես համաշխարհային պատմության ամբողջ ընթացքում մի տղա կռահեց Արևածաղիկների ծագումն ու գոյության հիմնավորումը Արեգակնային համակարգում: «Հեռու է Արևը, բայց Երկրի վրա իր ծաղիկն ունի»,– ահա թե ինչ անցավ տղայի մտքով:
Ինչո՞ւ է կահույքը ծածկված սպիտակ սավաններով: Բակում պատի երկայնքով նստարան էր դրված: Դռան շեմին տարօրինակ ձևի, թավշածածկ սև արկղ էր հենած, վրան՝ խաչ, և ի՞նչ ընդհանրություն կար Սուրբ գրքի ձևի և այդ արկղի միջև: Շոշափեց թավիշը, որ արևից տաքացել էր. սևը կլանում է արևի ջերմությունը. փշաքաղվեց, տեսել էր, որ գյուղի մանուկներն այսպիսի սահնակ են քշում, բայց հիմա ամառ է, և սահնակ չես քշի: Հանգիստ կարող էր թաքնվել դրա ներսում: Ներսից զննեց, շոշափեց սպիտակ, մետաքսե պաստառը: Արկղը շրխկաց գետնին, մայրը կանգնած էր իր դիմաց: Այդ ժամանակ մայրը վճռական մոտեցավ, և տղան մնաց կարկամած. այդպիսի պահերին անշարժանում էր, չէր փախչում, սպասում էր, թողնում, որ պատժեն, մայրը սովորաբար ձգում էր ականջը, հայրն այդպես չէր վարվի, իհարկե: Ամենացավոտ պատիժը, որից հետո ականջը երկար ժամանակ վառվում էր:
Ականջը բռնած, զսպելով ցավը՝ տուն անցավ, որ անկյուն պիտի կանգնի: Բայց հյուրասենյակում պատահեց պապին` հենց սենյակի մեջտեղում, սեղանի վրա, արկղի մեջ պառկած: Գիտեր, թե որտեղ է իր անկյունը. անկյունում կանգնած՝ մտածեց: Պապը չէր, բայց պապին շատ էր նման. հանկարծ զգաց այդ նմանության ամբողջ սոսկումը: Ձեռքերի վրա ծաղիկներ չէին լինի, եթե քնած լիներ. թե պապի ինչի՞ն են պետք այդ ծաղիկները, երբ չի էլ մտածում վերցնել ձեռքը: Այ թե դագաղածածկի շրխկոցը հաներ պապին, և նա հանդիմաներ մորը, թե՝ ես մեռել, իսկ դու ձգում ես երեխու ականջը: Տղան հանկարծ ավելի սուր զգաց ականջի ցավը: Եվ քանի որ պապը չէր մտածում ելնել տեղից, վճռեց վրեժ լուծել, իսկ մանուկները հաճախ իրենց վնասելով են ծնողից վրեժ առնում: Լավ կլիներ, որ ինքը մեռած լիներ, լավ կլիներ, որ եղբոր փոխարեն ինքը եղած լիներ: Վրեժի եղանակը հղացել էր մտադրվելուց առաջ: Սպասեց, մինչև անցավ անկյունի ժամանակը, վազեց բակ, նստեց ճոճանակին և սկսեց ճոճվել:
Գիտեր, թե ինչ է սպասվում իրեն, եթե այդպիսի կիզող արևի տակ երկար ժամանակ գլխաբաց մնար, իսկ հիմա, երբ գլխին մազ չկար, առավել ևս: Հիմա, երբ անոթի էր: Ճոճվեց այնքան, մինչև արևը կանգնեց երկնքի ուղիղ մեջտեղում ու անշարժացավ այնտեղ: Ու շարունակեց ճոճվել: Նստարանին նստած ծերերը պարապ հայացքով նայում են իրեն: Հանկարծ զգում է, որ առաջին անգամ է տեսնում նրանց, պապի ետևից են եկել, սպասում են, ինչի՞ են սպասում: Գլուխն արդեն պտտվում է, սիրտը խառնում, զսպում է, որ էլի դիմանա: Մայրը դուրս եկավ, նայեց իրեն, ինչ-որ բան էր ասում, որ տղան փորձում էր լսել, բայց ականջների մեջ խշշոց էր, ծառերի խշշոց, իսկ քամի չկար, տերևներն անշարժ էին: Ճոճանակը կտրվեց գետնից ու սկսեց ձգվել, բարձրանալ վերև, հասավ երկինք, տղայի սիրտը քիչ մնաց կանգներ, մայրը մնաց ներքևում, ճոճանակն արդեն անհնար էր կասեցնել, այլևս տատանվում էր անկշռության մեջ, արևից կախված: Եվ վերջապես, արյուն թափվեց քթից, ձեռքը բաց թողեց, հասցրեց պահել քթին, նայել արյանը, հիշել, որ իր արյունն ալ կարմիր է, և ճոճանակից շրխկաց… Գերեզմանոց էր ընկել, խուճապած հայացքն այսուայնկողմ էր գցում, մոլորվել է, մանկական շիրիմներ են շուրջը. ո՞ւր է իմ շիրիմը, ո՞ւր է իմ շիրիմը, հանկարծ նկատում է, որ շիրիմների տակից ստվերներ են սահում դուրս, որ ստվերներն իրականում մեռելների կեցության գաղտնի ձևերից են, որ մեռելները հասնում, ծառի տակ ծառի ստվեր են ձևանում, հետո սահում, տարածվում են, մութ են կազմում, հանկարծ տեսնում է, որ եղբայրն ու պապը կանգնել, իրեն են կանչում, երկուսն էլ կույր, երկուսի աչքերն էլ դատարկ, հեռվից լսվում է մոր ձայնը. «Արե՜գ, Արե՛գ»: Մայրն զգում է, որ տղայի հոգին հեռանում է իրենից, որ մարմինը կարող է մնալ դատարկ ու դառնալ անպետք, ձայն է տալիս, ցնցում, տղան բացում է աչքերը, տեսնում հեռավոր, անծանոթ, կարևորությունը կորցրած մոր դեմքը:
Տեսավ, որ անկողնում է, չհիշեց՝ որտեղ պիտի լիներ, փորձեց բարձրացնել գլուխը և զարմացավ, որ գլուխը բարձրացնելուց առաջ պետք է մտածել գլուխը բարձրացնելու մասին: Կողքին ոչ ոք չկար: Ամեն ինչ փոխվել էր շուրջը: Իրենց տունն էր, բայց առաջին անգամ էր այնտեղ: Ե՛վ ինքն էր, և՛ ինքը չէր: Նա, ով գիտակցում էր, ինքն էր, նա, ում գիտակցում էր, ինքը չէր այլևս: Այն, ինչ տեսնում էր, չէր ընկալվում: Մի տեսակ տհաճ թեթևություն էր համակել ամբողջ էությանը: Դուրս եկավ: Մի տեսակ ուրիշ էր ամեն ինչ, ասես օրվա ընթացքում օրեր էին անցել: Հիշողության մեջ նորից պարապ էր, հոգում՝ անցյալի բացակայության տհաճ թեթևություն, աչքերում՝ անդունդներ, անդունդների մեջ՝ ուրիշ անդունդներ:
Հյուրասենյակից միապաղաղ ձայն էր լսվում, ասես սենյակում ոչ ոք չկար, և ինչ-որ ծանոթ ու օտար մի ձայն սենյակի դատարկությունը ձայնով լցնելու համար բարձրաձայն Աստվածաշունչ էր կարդում. «Հիսուսը, երբ լսեց, նրան պատասխանեց և ասաց. «Մի՛ վախենա, միայն հավատա, և կապրի»: Եվ երբ որ տուն էր մտնում, ոչ ոքի չթողեց ներս մտնել, միայն Պետրոսին և Հակոբին և Հովհաննեսին և երեխայի հորը և մորը: Եվ բոլորը լաց էին լինում և նրա վրա սուգ անում, և Հիսուսն ասաց. «Լաց մի եղեք, մեռած չէ նա, այլ քնած է»: Բայց ծաղրում էին նրան՝ գիտենալով, որ մեռած է: Իսկ նա ամենքին դուրս հանեց և նրա ձեռքից բռնելով՝ գոչեց և ասաց. «Վե՛ր կաց»: Եվ նրա հոգին վերադարձավ, և նա իսկույն կանգնեց։ Եվ Հիսուս հրամայեց, որ նրան ուտելու բան տան: Եվ նրա ծնողները զարմացած մնացին, և նա պատվիրեց, որ ոչ ոքի չասեն եղածը»:
Հետո նորից իմացավ, որ պապը դեռ մեռած է, լսեց, կռահեց, հասկացավ, պատկերացրեց՝ ինչ է պատահել նրան: Գիշերն անկողնում պառկած՝ մի նախաերազ տեսավ, ետևից մտավ գոմ, թաքնվեց, իր թաքստոցից հետևեց, թե ինչպես պապը խարխափելով մոտեցավ ձիուն, շոշափեց-շոյեց, բերեց-կանգնեցրեց պարանի տակ, որ ինքն էր նախորդ օրը կապել առաստաղից, գերբնական մի ջանքով ելավ ձիու մեջքին, պարանը գցեց վիզն ու մտրակեց ձիուն, և ձին ուրախ էր, որ պապը հիշել է իրեն ու որոշել է նորից հեծնել, և նա պոկվեց տեղից, որ իր հրճվանքն արտահայտի վազքով: Եվ Արեգը լսեց, թե ինչպես ինքը բարձրաձայն կանչեց. «Հարութ պա՜պ»: Պապը ճոճվում էր՝
պարանից կախված: Տղան սարսռաց իր ձայնից, որովհետև անցյալում էր ձայնել, բայց լսել ներկայում, արդեն արթնացած, սարսռաց, որ ձայնողն էլ, լսողն էլ ինքն էր: Վախեցավ, որ ինքն է պարանը կապել: Մտածեց, որ պապն իրեն է վստահել պարանը կապել, որովհետև գիտեր, որ ինքը թույլ է կապելու, իսկ ինքն ուժեղ էր կապել, ձգել էր՝ ինչքան ձեռքերում ուժ կար: Բայց ի՞նքն էր կապել որ. գիտակցությունը հրաժարվում է արարքից, որի հետևանքը չի կանխատեսել. ինքը չի արել և վերջ: Ինչ-որ բան խլրտաց իր ներսում, եղբոր ծածուկ ներկայությունը, որ հակառակ բաներ էր դրդում անել: Մտածեց ձիու մասին: Մտածեց, որ ձին լաց է եղել: Խղճաց ձիուն, տեսավ նրան՝ գլխահակ, տխուր, թաց աչքերով, իր սենյակի մեջ, իր անկողնու կողքին: Տեսնես ձիերը դրա՞խտ են գնում: Մտածեց՝ եթե ես Աստված լինեի, ձիերին անպայման դրախտ կթողնեի:

 Վեպից ևս մեկ հատված կարող եք ընթերցել` այստեղ

 Ժենյա Քալանթարյանի գրախոսականը կարող եք կարդալ` այստեղ

Հարցազրույց Հրաչ Սարիբեկյանի հետ` «Երկվորյակների արև» վեպի կապակցությամբ` այստեղ

Լուսինե Վարդանյան գրախոսականը` այստեղ

erkvoryakneri arevy

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *