Աջակցություն Սևան Նշանյանին

Սևան Նշանյան

Սևան Նշանյանը թուրքական դատարանի կողմից ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով 2013 թ. դեկտեմբերի 12-ին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:
Այս մի գործով 2 տարվա ազատազրկման է դատապարտվել, սակայն իր դեմ հարուցված դեռ մի քանի տասնյակից ավել դատական գործեր կան և առավել քան հավանական է, որ նրան այդ գործերով ևս շատ երկար տարիների բատարգելման դատապարտելով, չթողնեն բոլորիս հասու լույսը մարդավարի վայելել։
Վերջերս ստորագրահավաք է սկսվել պոլսահայ հայտնի լեզվաբան, հրապարակախոս, գրող, լրագրող Սևան Նշանյանի բանտային պայմանները բարելավելու և նրա դեմ տեղի ունեցող ճնշումները դադարեցնելու նպատակով: Դրա համար ստեղծվել է Imza.la կայքը, որտեղ ցանկացողները կարող են միանալ ստորագրահավաքին և դրանով աջակցել հայ լեզվաբանի բանտային պայմանները բարելավելու նախաձեռնությանը:
Imza.la կայքում տեղադրված է հայտարարություն, որտեղ ասվում է, որ Սևան Նշանյանին ազատազրկելու որոշումն ամոթալի է:

«Պետք է վերացվեն նրա նկատմամբ ճնշումներն ու սահմանափակումները: Դատապարտում ենք անարդարությունը, որի հետևանքով իր գյուղում սեփական հողատարածքի վրա իբր թե ապօրինի շինարարություն իրականացնելու մեղադրանքով Սևան Նշանյանը ձերբակալվել է: Ապօրինի շինությունների և անճոռնի քաղաքաշինության դժոխք հանդիսացող մի երկրում իր հարազատ Շիրինջե գյուղը մշակութային և զբոսաշրջային դրախտի վերածած Նշանյանի նկատմամբ նման որոշումն անարդար է և ամոթալի»,- ասված է այդ հայտարարության մեջ:
Ստորագրահավաքի տեքստում ասված է նաև, որ Սևան Նշանյանի դեմ նման ծանր ու անարդար վճիռը պայամանվորված է ոչ թե ապօրինի շինարարության իրականացմամբ, այլ իսլամի վերաբերյալ իր արտահայտած մտքերով:
«Սևան Նշանյանի դատապարտումը խոսքի ազատության վրա ստվեր գցող և վարկաբեկող որոշում է: Սևան Նշանյանը մեծ արժեք ունեցող ծագումնաբանական բառարանի հեղինակ է և բազմաթիվ այլ ստեղծագործություններ է տվել Թուրքիային ու աշխարհին: Բանտում Նշանյանի հանդեպ կիրառվող բոլոր սահմանափակումները՝ գրադարանում աշխատելու իրավունքից զրկվելը, համակարգչից օգտվելու արգելքը, ուսումնասիրություններն ու աշխատանքները շարունակելու խոչընդոտները պետք է անհապաղ վերացնել»,- ասված է ստորագրահավաքի տեքստում:
Թուրքական Zaman թերթում «Սևան Նշանյան անունով մարդը» վերնագրով հոդված է հրապարակել պոլսահայ լրագրող Էթյեն Մահչուփյանը: Հոդվածից որոշ հատված ենք ներկայացնում ստորև.
«Յուրաքանչյուր հասարակության մեջ և յուրաքանչյուր ժամանակ կան մարդիկ, որոնց մենք թեև «խենթ» ենք անվանում, սակայն նրանց ձեռնարկած գործերին նախանձով ենք վերաբերում: Իսկ եթե որևէ հասարակությունից նման մարդիկ դուրս չեն գալիս, կարելի է ասել, որ այդ հասարակությունը հոգեպես մահացած է: Այս արտասավոր մարդու հանրային ուշադրությունը գրավող առաջին արկածախնդրությունը եղավ այն, որ հայտնվեց Էգեյան տարածաշրջանի Շիրինջե գյուղում: Դա 1990-ականների սկիզբն էր: Մի ժամանակաշրջանում, երբ Էգեյանի բոլոր ափերին արագորեն շատացող տձև շինություններ էին ի հայտ գալիս, Սևանն ու իր կինը՝ Մուժդեն, ոտքի ելան գյուղը գեղեցկացնելու: Հողատարածք գնելով ՝ նրանք այգիներով շրջապատված հրաշալի տներ կառուցեցին և դրանով իսկ դուրս եկան ընդհանուր միանմանության և տձևության դեմ:
Սակայն նրանց պայքարը դրանով չավարտվեց և Շիրինջեում վերանորոգեցին մի շարք ճանապարհներ ու կառուցեցին գեղեցիկ աղբյուրներ: Դրանից հետո մի քանի օրվա ընթացքում Սևան Նշանյանի դեմ միանգամից 10 դատական հայց ներկայացվեց: Նրա կատարած յուրաքանչյուր քայլ դարձավ դատական հայցի առարկա: Ահա այսպիսի պայմաններում «նորմալ» մարդը հետ քայլ կաներ, կսպասեր իրավիճակը բարելավելուն, աննկատ կմնար: Սակայն մենք այդպիսի մարդու մասին չէ, որ խոսում ենք:
Սևանն ունի հսկայական ինտելեկտուալ ուժ: Խիզախ է ու միաժամանակ խելացի, իր կամքի շնորհիվ կարողանում է հասարակական ստորություններ բացահայտել, որից ստանում է մեծ բավարարվածություն և ուժ: Այս աղմկահարույց դեպքերի ժամանակ գրել և ավելի ուշ հրատարակել է «Սխալ հանրապետություն» անունով գիրքը: Հետո մոտ 10 ամիս անցկացնելով բանտում՝ ի հայտ է բերել իր ստեղծագործական մտքի մյուս արգասիքը՝ «Թուրքերենի ծագումնաբանական բառարանը»:
Այսօր Սևան Նշանյանը կրկին բանտում է: Այնտեղ կմնա երկու տարի: Մեղադրանքն այն է, որ 20 ք/մ խաղողի այգով պատված հողակտորի վրա տուն է կառուցել և շինարարությունն արգելող կնիքը երկու անգամ կոպտորեն ջարդել է: Իրավունքն ասում է, որ դա անընդունելի վերաբերմունք է, սակայն այդ իրավունքը ո՛չ արդար է, ո՛չ էլ՝ օրինական:
Ափսոս, որ Սևան Նշանյանը ինչ էլ անի՝ կարգի հրավիրվող մեկը չէ: Եվ առաջին անգամ է, որ հանրությունն էլ չի ուզում կարգի գալ»,- գրել է Մահչուփյանը՝ նշելով, որ նույնիսկ հասարակության պահպանողական մասը ներկայացնող որոշ անհատներ հանդես են գալիս Սևանի պաշտպանությամբ:

Սարգիս Հացպանեան
ք.Երևան, 2014 թ. մարտի 4

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *