Չգիտեմ, ինչպիսին է եղել տատս երեխա ժամանակ (նա երևելիներից չէ, և ժամանակակիցների հուշերը նրա կյանքի այդ հատվածի մասին սրբորեն չեն պահպանվել), բայց անտանելի պառավ է: Պլնչոտ երեխայի պես լալկան, նվնվան… երբեմն ինձ թվում է, թե Երկնավորը նրան ստեղծել ու երկու ոտքով կրակն է ընկել. ասեղ թելելուց մինչև ծնունդ ու մահ` ամենաչնչին բանի համար անգամ, վազում է եկեղեցի հաջողություն խնդրելու: Մա՞րդ էլ էդքան ինքնուրույնությունից զուրկ. առանց նրա ջուր էլ չի համարձակվում խմել: Շաբաթը առնվազն քսան անգամ ձեռքիցս բռնած` ինձ քռքաշ հետը տանում է Աստծո դուռը. և անպայման կաշառքով` մոմերի փոքրիկ խուրձ, ասեղնագործ թաշկինակ կամ շալ, նայած խնդրանքի մեծությանը, որը ես ակնածանքով դնում եմ ուրիշ կանանց բերած նմանատիպ նվերների վրա, և որոնց վրա, կարծում եմ, Տերը թքած ունի իր երկնային բարձրությունից: Ամենազորավոր կաշառքը` արցունք և աղոթք` թարմ հացի պես տաք… Վառում է մոմերն ու` գնա՜ց. աղոթում է, լալիս: Լալիս, խաչակնքում: Նորից է լալիս: Խոսում, խոսում… Աղոթում: Խաչակնքում: Շրթունքների համր շարԺումով հաշիվ տալիս ու պահանջներ ներկայացնում Աստծուն: Ամենավերջում լալով ու քիթը ֆսֆսացնելով աղոթքների մի կոկոն փունջ է ուղակում երկինք` վրան արցունքի կաթիլ ու համբույրի հետք: Երկնավորի հոգին հանում է վառած ամեն հատիկ մոմի դիմաց… Ապա վերադառնում ենք տուն` ապրելու մեր արտոնված ու չարտոնված մեղքերը:
Այդ օրը փոստատարը լավ բան չարեց: Փոստատարը` գերմանաֆաշիստական ռազմագերիների ճամբարը տեսած մարդ, ով այդուհանդերձ պնդում էր, թե ֆաշիստները վատ մարդիկ չէին, իրենց ուտելիք և կին էին բերում: Ասում են` նա դավաճան է եղել և ծեծելով սպանել է իր ընկերներին: Ինքը Ժխտում էր դա. «Սպասիր,- ասում էր ինձ,- երբ մեռնելու եղա, քեզ կկանչեմ ու ամենի ինչ կպատմեմ…»: Բայց ես առանձնապես հույս չունեի, թե նա երբևէ կմեռնի, որովհետև չարը Աստծո պես անմահ է, այդ բարին է, որ տեղ-տեղ և Ժամանակ առ Ժամանակ մեռնում է, իսկ չարը ընդամենը փոխակերպվում է մի ձևից մյուսին, ասենք` համակենտրոնացման ճամբարի վերակացուից փոստատարի:
Նա տատիս հետ հենց այդպես էլ վարվեց` ֆաշիստաբար: Եկավ, դռան առաջ քխկաց, որ իրեն նկատենք, տվեց հորս ուղարկած փողը, որը Մոսկվայից գալիս էր ամեն ամիս, և երբ տատս աչքերը կկոցած թղթի կտորի վրա այն տեղն էր փնտրում, ուր պիտի ստորագրեր, փոստատարը բառերը դրեց տատիս ճակատին ու գնդակահարեց. իբր դու նրա ուղարկած փողին մի նայի, հաստատ էնտեղ կին ու երեխեք ունի, որովհետև ում ոտքն էլ ընկնում է ռուսաստանները` ուզած-չուզած տնավորվում են: «Ի՜-հարկե՜,- թերթ ու նամակով լեցուն իր պայուսակին հենված` համոզում էր նա,- ուրիշ էլ ի՞նչ պիտի անի ղարաբաղյան պատերազմի հերոսը, ով վիրավորված պետության ու ճակատագրի վերաբերմունքից, գնացել է օտար երկրում ընտանիքի գոյության համար գումար վաստակելու: Կանի՛: Հենց միայն վիրավորանքից դրդված: Իսկ ռուս կանա՜յք… Ես նրանց մարմնի ճերմակությունը և կրծքերի ձևը դեռ համակենտրոնացման ճամբարից եմ հիշում: Կանի՛»: Տատս մոռացավ փողը, մոռացավ այն մարդկանց, որոնց պարտքերը պարտաճանաչ վերադարձնում էր, մոռացավ, որ շաքար չունենք, որ ալյուր է պատվիրել, մինչև փողը տեղ կհասնի, ինձ ու իրեն մոռացավ ու ձեռքիցս բռնած, հորս ու Աստծո վրա կատաղած` իրեն գցեց եկեղեցի: Ողջ ճամփին ես խղճում էի Երկնավորին, որովհետև տատիս զայրույթից ու հուսահատությունից ենթադրում էի, թե ինչ է սպասվում նրան: Տատս քայլում էր զայրույթից շնչահեղձ լինելով, անբուԺելի անեծքներ թափելով բախտի ու փոստատարի գլխին: Եվ անիծելու, լալու ու շունչ քաշելու արանքում դաստիարակում էր ինձ.
– Ուրեմն որ տեղ հասնենք, Տիրոջից ինձ համար առողջություն կխնդրես, այգու համար՝ բերքառատություն, եղբորդ համար՝ կոշիկ…- մոմերի փոքրիկ խուրձը բռան մեջ ճխլելու չափ պինդ սեղմած՝ ուղղում էր բլուզս:
– Արցունքախա՞ռն, թե՞ առանց…
– Արցունքախա՛ռն… կամ էլ` առանց… Տվյալ դեպքում խնդրելու ձևը կարևոր չէ, կարևորը սրտանց խնդրելն է: Հասկանո՞ւմ ես, դա ես էլ կարող եմ անել, բայց դու անմեղ երեխա ես, քո ձայնը լսելի կլինի նրան: Իսկ ես յոթը աբորտ եմ արել… Երբ պապդ անկողնային պառկած էր, ու որձկալով ամեն օր թափում էի նրա միզանոթը՝ երեք տարի շարունակ, անընդմեջ՝ գիշեր ու ցերեկ, նրա մահն եմ երազել, հորդ խաբել եմ մանր հաշիվներում, որ մի երկու աման-չաման առնեմ. տուն ու ընտանիք ենք, չէ՞, վերջապես, ուզբեկի նման գետնի վրա հաց չենք ուտելու, իսկ տղամարդկանց համար էդպիսի բաները նշանակություն չունեն…Հա՛, անպայման, հորդ վերադարձն էլ խնդրիր, ասա՝ Տեր ջան, թող առողջ վերադառնա… Չէ՛, առողջը քիչ հավանական է, ասա՝ եթե անգամ կես մարդ է, թող վերադառնա, մեզ ձեռ է տալիս… Բայց անպայմա՛ն, անպայմա՛ն հաջորդ ամսվա սկզբին լինի տանը:
– Իսկ հնարավոր չէ՞ ուղղակի գնալ նրան տեսության: Խնդրելը մի տեսակ ստորացնող է երկուսիս համար էլ:
– Հնարավոր չէ: Առանց ստորացման չես ապրի… Հա, հորդ վերադարձի առթիվ մատաղ էլ կարող ես խոստանալ. աքլոր, կարմիրը՝ հավերի սիրելին, էն, որ դաժանաբար կտցում է հավերի գլուխն ու նրանց սեղմում գետնին… Թեև գառն ավելի ճիշտ է տվյալ դեպքում:
– Չեմ կարծում, թե Տիրոջ համար էական նշանակություն ունի. միևնույն է՝ ոչ աքլորն է ուտելու, ոչ էլ գառը…
– Քո գործը չէ, դու քո նվիրվածությունն ու առատաձեռնությունը ցույց տուր, թե ոնց կընդունի՝ մեր գործը չէ:
Երբ տեղ հասանք, ես արեցի՝ ոնց տատս ուզում էր, հետո մեղքս եկավ Աստծուն: Ինձ թվաց, թե իմ խնդրանքներով շատ ծանրաբեռնեցի նրան, ու նա դարձավ անկողնուն գամված պապիս պես անելանելի… Հիմա կմտածի. «Էս ի՞նչ ձևի տղա էր. եկավ, իր բեռը գցեց իմ ուսերին ու գնաց… Բա քեզ դրա՞ համար եմ տղամարդ ստեղծել»: Ամաչեցի և մեջս արդարանալու ցանկություն առաջացավ:
– Վա՜յ, թաշկինակս գցել եմ եկեղեցում. էն, որ քաղաքից էիր բերել,- վերադառնալիս խաբեցի, որ ետ գնամ՝ մեղքս քավելու:
Տատս երեխայի պես հավատաց.
– Քարին նստեմ, դու վազի բեր:- Մեջքանց խոնարհվելու պես կռանալով ու ձեռքը խոտերին խփելով՝ տեղավորվեց քարաքոսից չեչոտված քարին: Թաշկինակը բռանս մեջ ամուր սեղմած՝ ետ վազեցի:
– Տեր ներիր ինձ, շատ բան խնդրեցի քեզնից,- ներս ընկա ու սկսեցի խոսել շնչակտուր՝ հայացքս Տիրամոր պատկերին գամած, մեր բերած ու դեռևս ճթճթացող մոմերի բույրը շնչելով,- անձամբ ես ուզում եմ, որ քեզ հյուր գամ, ու մենք պատի տակ լուռ նստենք իրար հետ՝ վաստակած, բեզարած բիձեքի նման: Իսկ թե հոգնած չես լինի, կարող ենք և թուղթ խաղալ… Ուղղակի տատիս խնդրանքը կատարեցի, նա մեղք է, գիշերները տնքրտում է գլխացավերից, ցերեկները չգիտի ինչ եփի, որ ուտելի լինի, և երբ ես ու եղբայրս գազանավարի կռվում ենք, չի կարողանում մեզ բաժանել իրարից ու անզորությունից գոռալով լաց է լինում:
Տատս արևից տաքացել, քարի վրա դանթում էր: Արդարացել էի, Աստծո առաջ երեսս պարզ էր, ինձանից գոհ էի, ասացի՝ մի քիչ խաղամ հոգու հետ: Նման դեպքերում ես նրան հարցնում եմ. «Տատի, դու քանի՞ տարեկան ես»,- թեև գիտեմ, որ նա հավերժ յոթանասուն տարեկան է: Ես դեռ ծնված չեմ եղել, երբ նա յոթանասուն տարեկան է եղել: Ինչ հիշում եմ` էդ է: Մեկ-մեկ կասկածում եմ` գուցե նա հենց յոթանասուն տարեկան էլ ծնվե՞լ է: Բայց Քրիստոսի ծննդից քանի տարի հետո կամ առաջ ուզում ես հարցրու, պատասխանը մեկն է. «է՜, բալես, ուրիշ քանի տարեկան կարող է լինել տատին, յոթանասուն: Բա տատին ծերանալու իրավո՞ւնք ունի»: Ես ծիծաղում ու հարգում էի տատիս այդ բնավորությունը, որովհետև դա էր կյանքի դեմ պայքարելու նրա միակ զենքը` ապրելու համառությունը: Բայց հիմա դա ինձ քիչ էր թվում.
– Տատ, դու հրեշտակ տեսե՞լ ես, Էնպիսին՝ ճերմակ ու մաքուր թևերով, ինչպիսին ես տեսա եկեղեցում:
Տատս հանկարծակիի եկած վեր թռավ, նայեց ինձ ու ոտքը խփեց ժանիքը դուրս ցցած մի քարի: Քարը դաժան ծակեց, արյուն հանեց.
– Հրեշտակն ի՞նչ գործ ունի հայոց քարուքռայի մեջ, էս խառը ժամանակներում…- զարմացավ տնքալով:
– Բա իմ տեսածն ի՞նչ էր՝ ճերմակ թևերով, աղավնու պես…
Նա սարսափած ինձ նայեց: Քարի ծակած տեղից կաթող արյունն անտեսելով, հայացքով ստուգեց՝ հո՞ չեմ ցնորվել, ապա ձևացրեց, թե հրեշտակ տեսնելը սովորական կենցաղային մանրուք է.
– Ա՜հ, էնքան եմ տեսել, որ հաշիվն էլ եմ կորցրել:
– Նրա՞նք էլ էսպես հուշիկ քայլերով գալիս էին քո ետևից, ոնց որ իմ տեսածը՝ մեր,- տեսա լուրջ ընդունեց, ավելի ոգևորվեցի:
-Հա, մեկը կար, կլոր տարին հետս գառ արածեցնելու էր գալիս, ձեռի հետ էլ պապիցս ինձ նամակներ էր բերում:- Ապա շրջվեց ետ ու ասաց՝ իբր բան է տեսնում,- լավ էլ սիրուն, թմբլիկ հրեշտակ է:
-Իմն է,- հպարտացա անկեղծ,- իսկ դու պապիդ նամակներին պատասխանո՞ւմ էիր…
– Չէ,- ասաց` նորից կասկածից տանջվելով,- չոլի մեջտեղում որտեղի՞ց թուղթ ու գրիչ… Մի քիչ հրեշտակի հետ թռվռում էի, մեկ-մեկ գառներին կատակի համար վախեցնում էինք: Եթե մայրս հաց էր դրած լինում հետս՝ ուտում էինք, նաև՝ պահմտոցի էինք խաղում, և երբ սկսում էր մութն ընկնել, նա հեռանում էր`« Գնամ մայրս սևս չտա»…
– Նա քո ընկե՞րն էր,- տատիս երևակայության զորությունն էի ուզում տեսնել:
– Ո՞նց կարող էր իմ ընկերը լինել, ես երկրավոր, նա՝ երկնավոր, ես աղջիկ, նա՝ անսեռ արարած…
– Բա էլ ինչո՞ւ էր գալիս մեր հողը, ո՞վ էր նրան թույլ տվել…
– Էլ էդպիսի հիմար հարցեր չտաս,- մտքում երկնքի պատժից ինձ համար վախեցավ տատս,- սա նրանց երկիրն է, այստեղ գալն էլ՝ նրանց վերերկրային իրավունքը:
Ծիծաղեցի նրա խելքի վրա:
-Ինչի՞ ես ծիծաղում,- հարցրեց՝ ավելի ու ավելի վախենալով:
-Հեչ, ուսիս նստել, ականջս խուտուտ է տալիս,- ձեռքս ետ տարա ուսիս վրայով, իբր հրեշտակին եմ շոյում:
Տատիս հայացքից կասկած-սարսափը չէր հեռանում.
– Լավ է, ուրեմն մեծ մարդ կդառնաս,- մեկնաբանեց հրեշտակի խուտուտը,- ով հրեշտակ է տեսնում՝ մեծություն է, բայց խասյաթ չդարձնես, թե չէ կասեն՝ գիժ է,- վերջապես իր վախն արտահայտեց կյանքի բեռան տակ խեղճացած, ծռմռված հոդերով տատս: