Սյաո Հոն | Ձեռքերը

Մեր դասընկերների շրջանում երբեք այդպիսի ձեռքեր չէի տեսել՝ կապույտ, սև, կարծես թե նաև մանուշակագույն. գույնը փոփոխվում էր եղունգներից մինչև դաստակ։ Մեր դասարան գալու առաջին մի քանի օրը մենք նրան «հրեշ» էինք անվանում, վազում էինք և հատակին գլորում։
Երբ ուսուցիչը ներկա բացակա էր անում, մեզ հազիվ էինք զսպում, անհնար էր չծիծաղել։
-Լի Ծիե։
-Ներկա։
-Ճան Չուֆան։
-Ներկա։
-Սյու Կուեյճըն։
-Ներկա։
Բոլորս մեր անունները լսելիս հերթով, արագ և կանոնավոր կանգնում էինք և նստում։ Բայց հենց հերթը հասնում էր Վան Յամինին, կանգնելու համար ժամանակ էր պահանջվում։
-Վան Յամին, Վան Յամին․․․ քեզ եմ ձայն տալիս։
Դասընկերները նրան երբեմն հիշեցնում էին, որ պետք է կանգնի։ Կապտականաչավուն զույգ ձեռքերը ուղիղ և ձիգ, ուսերը կախ գցած, հայացքը առաստաղին, ասում էր՝ ներկա, ներկա, ներկա։
Կապ չունի դասընկերները ինչքան էին ծաղրում նրան, նա չէր վրդովվում, դեռ մի բան էլ աղմուկով, հանդիսավոր կերպով նստում էր աթոռին։ Կարծես մի քանի րոպե էր տևում նստելը։
Մի օր անգլերենի դասին ուսուցիչը հանեց ակնոցը և աչքերը սրբելով ասաց․
-Մյուս անգամ էլ չասես՝ հեյար, ասա՝ ներկա։
Ամբողջ դասարանը բարձր ծիծաղում էր և ոտքերով խփում հատակին։
Երկրորդ օրը անգլերենի դասին, երբ ուսուցիչը ձայն տվեց՝ Վան Յամին, մենք նորից լսեցինք՝ հեյ․․․․․ար․․․․․․․հեյ․․․․․ար։
-Դու նախկինում անգլերեն սովորե՞լ ես,- անգլերենի ուսուցիչը ուղղեց ակնոցը։
-Այս անգլիական լեզուն, չէ՞։ Սովորելը սովորել եմ։ Մի պարոն կար, անունը՝ Մա Ծըլան, նա էր սովորեցնում ինձ․․․ մատիտին ասում են փընսըար, գրիչին՝ փըն։ Բայց «հեյըր» չեմ սովորել։
-here նշանակում է՝ այստեղ, կարդա՝ here, here։
-Սիըր, սիըր, – նա կրկին «սիըր» կարդաց։ Նրա կարդալու ձևից ամբողջ դասարանը սկսեց ծիծաղից ցնցվել։ Բայց Վան Յամինը հանգիստ նստեց, կապտականաչավուն ձեռքերը սկսեցին թերթել գրքի էջերը և ցածրաձայն սկսեց կարդալ, – Հուաթի․․․ ծեյսը․․․աըր․․․
Մաթեմատիկայի դասաժամին նա խնդիրը այնպես էր կարդում, ինչպես արձակ տեքստերը՝ 2X+Y=……X2=……
Ճաշի սեղանի շուրջ նա կապտականաչավուն ձեռքերով մանթոու [1] էր բռնել, ու դեռ մտածում էր աշխարհագրության դասի մասին․ «Մեքսիկան արծաթ է արտադրում․․․․ Յուննանը․․․․ ըմ․․․ Յուննանի մարմարը․․․»։
Գիշերը նա զուգարանում էր պառկում ու կարդում, իսկ լուսաբացին մոտ նստած էր լինում աստիճանների վերևում։ Հենց մի փոքր լուսավոր վայր էր լինում, ես այնտեղ հաճախ էի հանդիպում նրան։ Մի առավոտ առատ ձյուն էր տեղում, ծառերից կարծես թավշյա կտորներ կախված լինեին։ Հանրակացարանի մյուս կողմում, երկար միջանցքի վերջում, կարծես մեկը քնել էր պատուհանագոգին։
-Ո՞վ է։ Այստեղ այնքան ցուրտ է,- կաշվե կոշիկներս խփվում էին հատակին ու խուլ ձայն հանում։ Քանի որ կիրակի առավոտ էր, ամբողջ դպրոցը առանձնահատուկ լռության մեջ էր` մի մասը պատրաստվում էին դուրս գալ, մի մասը դեռ անկողնում քնած էին։
Դեռ չէի հասել նրան, երբ տեսա նրա ծնկի վրա դրված գիրքը, որի էջերը քամին թերթել էր։
– Ո՞վ է։ Կիրակի օրով էլ քրտնաջան սովորում ես, – ուզում էի արթնացնել նրան, երբ տեսա կապտականաչավուն ձեռքերը։
– Վան Յամին․․․ հե՜յ, արթնացիր, – ես երբեք նրան անունով չէի դիմել և ինձ տարօրինակ, անհարմար զգացի։
– Ըհը-ըհը – հազաց նա -․․․ քնով էի ընկել, – ամեն անգամ խոսելիս նա բութ ժպտում էր։
– Հոււաթի……ծեյսը, յոու……այ,- նա դեռ գրքում գրված բառերը չգտած՝ սկսեց կարդալ։
– Հուաթի․․ ծեյսը․․․ անգլերենն իրոք բարդ է․․․ նման չէ չինարեն հիերոգլիֆներին։ Ի՜նչ իմաստային արմատ, ի՜նչ հնչյունային արմատ։ Սա․․․ ուղեղումս կարծես գալարվող որդեր լինեն, որքան շարժվում են, այնքան շփոթվում եմ, որքան շարժվում են, այնքան չեմ կարողանում հիշել։ Անգլերենի ուսուցիչն ասում է, թե բարդ չէ։ Բարդ չէ, տեսնում եմ, ձեզ համար էլ բարդ չէ, ես հիմար եմ, գյուղացի աղջկա ուղեղը ձեր ուղեղի պես ճկուն չէ։ Հայրս էլ իմ պես չէ, նա ասում է, որ երիտասարդ տարիներին միայն 王 [2] հիերոգլիֆն էր հիշում, դա էլ մոռանում էր մի քիչ անց։ Յոու․․․․ այ․․․․ յոու․․․․․․ ար։
Այսքանն ասելուց հետո նա կրկին սկսեց անիմաստ բառեր կարդալ։ Հողմաղացները աղմկում էին, օդափոխության պատուհանով ժամանակ առ ժամանակ փոքր փաթիլներ էին ներս թռչում և պատուհանագոգին կաթիլներ էին հավաքվում։ Նրա աչքերի մեջ ամբողջովին կարմիր, մանր թելեր էին՝ ագահ, իշխող, իր կապտականաչավուն ձեռքերի նման պայքարում էին չբավարարված ցանկությունների համար։
Այն անկյուններում, որտեղ մի փոքր լույս էր լինում, ես միշտ տեսնում էի նրան։ Ասես մի բան ծամող մուկ լիներ։
Երբ հայրը առաջին անգամ եկավ նրան այցելության, ասաց, որ չաղացել է։
-Գրողը տանի, չաղացել ես։ Այստեղի սնունդը տան սնուդից լավն է, չէ՞։ Լավ աշխատիր։ Երեք տարում իմաստուն չես դառնա, բայց գոնե մարդկանց կճանաչես։
Մեկ շաբաթ դասարանում բոլորը ծաղրում էին Վան Յամինի հորը։ Երբ հայրը երկրորդ անգամ եկավ, նա հորից մի զույգ ձեռնոց խնդրեց։
-Վերցրու իմ ձեռնոցները։ Սովորիր, լավ սովորիր։ Դեռ ձեռնոց չունե՞ս։ Սպասիր։ Ինձ պետք չէ, սա հագիր։ Գարուն է բացվում, ես էլ հաճախ չեմ դուրս գալիս, իմ փոքրիկ Մին, մյուս ձմռանը կգնենք, հա՞։ Իմ փոքրիկ Մին, – ընդունարանի մուտքի մոտ աղմկոտ էր, դասընկերները հավաքվել էին շուրջբոլորը, ուստի նա կրկին գոռաց՝ իմ փոքրիկ Մին, իմ փոքրիկ Մին ու էլի մի քանի բան ասաց, – փոքր քույրդ մորաքրոջդ տուն հյուր է գնացել երկու-երեք օր։ Մեր փոքր խոզուկը ամեն օր մի քիչ քաշ է հավաքում, այդքան չաղ դու իրեն չես տեսել, ականջները տեսնես ինչպես են ցցվել։ Մեծ քույրդ էլ նորից եկել էր, երկու բանկա սոխ թթու դրեց․․․
Այդքան խոսելուց քրտնել էր, երբ դպրոցի տնօրենը հայտնվեց․
-Խնդրում եմ, նստեք ընդունարանում։
-Պետք չէ, պետք չէ, ժամանակ եմ վատնում, ես չեմ կարող մնալ, պետք է հասնեմ գնացքին։ Շտապ պետք է տուն վերադառնամ, երեխաները տանը մենակ են, անհանգիստ եմ,- նա կաշվե գլխարկը ձեռքին տնօրենին գլխով արեց, շփոթված դուռը հրեց և դուրս եկավ։ Ասես այդ կինը՝ տնօրենը, վռնդել էր նրան։ Հետո նա կրկին շրջվեց և հանեց ձեռնոցները։
-Հայրի՛կ, դու հագիր, իրականում ձեռնոց դնելու իմաստ չկա։
Նրա հայրը նույնպես կապտականաչավուն ձեռքեր ուներ՝ Վան Յամինի ձեռքերից մեծ ու սև։
Ընթերցարանում Վան Յամինը ինձ հարցրեց․
-Սպասասրահում նստել զրուցելու համար գումար պե՞տք է։
-Հը՞, ի՞նչ գումար։
-Ցածր խոսիր, որ լսեն, էլի կծիծաղեն վրաս,- նա ձեռքի ափը դրեց թերթի վրա, որ կարդում էի,- Հայրս ասաց։ Ասաց, որ սպասասրահում թեյնիկ ու թեյի բաժակ կա, և եթե նա ներս մտներ, աշխատողը նրա համար թեյ կլցներ, իսկ թեյը վճարովի է։ Ես ասացի, որ այդպես չէ, բայց նա չհավատաց, ասաց, որ անգամ մի փոքր խանութ մտնես և մի բաժակ ջուր խմես, պետք է գումար վճարես։ Էլ չեմ ասում դպրոցի մասին։ Ասաց՝ մտածիր, թե ինչ մեծ տեղ է դպրոցը։
Տնօրենը մի քանի անգամ ասել էր նրան, էլի ասաց․
-Քո ձեռքերը չե՞ն մաքրվում։ Մի քիչ շատ օճառ օգտագործիր։ Լավ լվա, տաք ջրով։ Առավոտյան մարմնամարզության ժամանակ խաղահրապարակում պարզած մի քանի հարյուր ձեռքերից միայն քոնն է տարբերվող։ Շատ տարբերվող: Նա իր սակավարյուն և քարացած, համարյա թափանցիկ մատներով դիպավ Վան Յամինի կապտականաչավուն ձեռքերին։ Այնպես նայեց, կարծես վախեցած լիներ, նա կարծես մի ակնթարթ դադարեց շնչել, ասես նրան ստիպել են դիպչել սև, արդեն սատկած թռչունի։- Գույնը բացվել է, ափերիդ մաշկը երևում է։ Նախկինից շատ ավելի լավ է, այն ժամանակ երկաթե ձեռքեր էին․․․․ Դասերդ հասցնո՞ւմ ես, ավելի շատ աշխատիր, հետո, պետք չէ մասնակցես առավոտյան մարմնամարզությանը, դպրոցի պատերը ցածր են, գարնանը դրսում զբոսնող օտարերկրացիները շատ են, նրանք հաճախ պատից այն կողմ կանգ են առնում, որ նայեն։ Սպասիր, ձեռքերիդ գույնը կվերանա, նոր կմարզվես առավոտյան։- Ասաց տնօրենը նրան և դադարեցրեց առավոտյան մարզումները։
-Ես արդեն հորիցս ձեռնոցներ եմ խնդրել, հագնեմ, էլ չեն երևա, չէ՞։ – բացեց գրապահարանը և հանեց հոր ձեռնոցները։
Տնօրենը ծիծաղից սկսեց հազալ, սակավարյուն դեմքը անմիջապես կարմիր գույն ստացավ․
-Չի կարելի։ Դու տարբերվում ես բոլորից, մեկ է՝ ձեռնոցով էլ ես տարբերվելու։
Արհեստական բլուրների վրայի ձյունը հալվեց, դպրոցի զանգը կարծես ավելի բարձր էր հնչում, պատուհանի դիմացի բարդիները բողբոջել էին, խաղահրապարակում կարծես գոլորշի էր բարձրանում արևի տաքությունից։ Առավոտյան մարմնամարզության ժամանակ հրամանատարի սուլիչի ձայնը ավելի հեռու էր թվում, պատուհանից դուրս պուրակի տները արձագանքում էին այդ ձայները։ Մենք և վազում էինք, և թռչում էինք, և թռչունների երամի նման աղմկում։ Մեր ուղեղը մթագնում էր քաղցր, թարմ օդից։ Քամին խառնվում էր ծառերի կատարների բողբոջների բույրին։ Ձմռանը կապանքների մեջ մեր եղած հոգին սեղմած բամբակի նման ազատություն ստացավ։
Առավոտյան մարմնամարզությունը ավարտելուց անմիջապես հետո հանկարծակի պատուհանից այն կողմ լսվեց մեկի ողջույնի ձայնը և այդ ձայնը խառնվեց օդի հետ, բարձրացավ մինչև երկինք․
-Ինչ տաք արև է։ Շոգում եք, չէ՞․․․
Պուրակի բարդիների ետևում, պատուհանի մոտ կանգնած էր Վան Յամինը։
Մինչ բարդիների տերևները կանաչում էին և ամբողջ այգին ստվերներով էր լցվել, Վան Յամինը կամաց-կամաց սկսեց նիհարել, աչքերի շուրջը մուգ շրջանակներ ի հայտ եկան, ականջները բարակեցին։ Ինչ վերաբերում է ուսերին, դրանք այլևս այնպես վայրի ու ուժեղ չէին։ Երբ հանկարծակի նրան տեսա ծառի ստվերների տակ, կուրծքը կարծես ներս ընկած լիներ և նա ինձ թոքախտ ունեցողի հիշեցրեց։
-Տնօրենն ասաց, որ տնայիններս չեմ հասցնում։ Այդպես էլ կա, մինչև տարվա վերջ էլ մեկ է, չեմ հասցնի, ըհը-ըհը։ Իսկապես կմնամ նույն դասարանո՞ւմ։ – չնայած նա առաջվա պես խոսելուց կրկնում էր այդ ըհը-ըհըն, սակայն նա սկսել էր ձեռքերը թաքցնել։ Ձախ ձեռքը մեջքի ետևում էր, աջ ձեռքը հագուստի տակ էր թաքցրել։
Մենք նրան երբեք արտասվելիս չէինք տեսել։ Այն օրը, երբ ուժեղ քամին օրորում էր բարդիները, նա մեջքով դեպի դասարանը ու մեզ էր կանգնել։ Պատուհանից դուրս նայեց ու սկսեց արտասվել։ Դա եղավ այն բանից հետո, երբ այցելուները գնացին։ Նա իր արդեն գույնը գցած կապտականաչավուն ձեռքերի մեջ էր հավաքում արցունքները։
-Ու դու դեռ արտասվում ես, հա՞։ Ինչո՞ւ ես լացում։ Չես էլ թաքնվում մեզ այցելած մարդկանցից։ Ինքդ տես, ո՞վ է քեզ նման տարբեր։ Երկու կապույտ ձեռքիդ մասին դեռ չեմ խոսում։ Նայի՛ր քո հագուստին, շուտով մոխրագույն կդառնա։ Բոլորի համազգեստները կապույտ են, էլ որտե՞ղ քեզ նման տարբերվող մարդ կա, շորիդ գույնը խախտում է համահավասարությունը․․․ չենք կարող միայն քո պատճառով խախտել հավասարակշռությունը․․․․ – մինչ նրա շուրթերը բացվում փակվում էին, նրա գունատ մատները պատռեցին Վան Յամինի օձիքը։- Ես քեզ ցած ուղարկեցի, ասացի, որ սպասես այցելուները գնան, ետ կգաս, ո՞վ քեզ թույլ տվեց կանգնել միջանցքում։ Միջանքում, հիմարի մեկը, մտածիր, նրանք քեզ չէի՞ն տեսնելու։ Այնքան էլ մեծ ձեռնոցներ էիր հագել։ Ինչ վերաբերում է «ձեռնոցներիդ», – տնօրենը իր սև, լաքապատ, փայլուն կոշիկի ծայրով հրեց արդեն ընկած մի ձեռնոցը․- Դու կարծում ես ձեռնոցով այստեղ կանգնելը լա՞վ միտք է։ Սա ի՞նչ հիմարություն է։ Նա նորից տրորեց ձեռնոցը, որն այնքան հաստ էր, ասես կառապանի ձեռնոց լիներ և չկարողացավ զսպել ծիծաղը։ Վան Յամինը այս անգամ նորից արտասվեց։ Քամու ձայնը արդեն դադարել էր, իսկ նա՝ դեռ ոչ։
Ամառային արձակուրդներից հետո նա կրկին եկավ։ Ամառվա վերջին նույնքան սառն էր, որքան աշնանը։ Մթնշաղից առաջ արևը փողոցի քարերը վառ կարմիր էր ներկում։ Մենք հավաքվել էինք դպրոցի մուտքի մոտի խնձորենու տակ և խնձոր էինք ուտում։ Հենց այդ պահին Վան Յամինի կառքը Լամաթայից աղմկելով մոտեցավ դարպասներին։ Հենց կառքը կանգ առավ, հայրը դուրս բերեց ճամպրուկը, իսկ նա տաշտ և մի քանի մանր իրեր էր տանում։ Երբ նա բարձրանում էր աստիճաններով, մենք անմիջապես ճանապարհ չտվեցինք նրա։ Որոշ աշակերտներ ասում էին՝ եկել ես, դու եկել ես։ Իսկ որոշ աշակերտներ բերանները մեծ բացել էին նրա առաջ։ Երբ նրա հոր գոտուց կախված սպիտակ սրբիչը օրորվելով բարձրացավ աստիճաններով, մեկն ասաց․
-Ի՞նչ, տանը ընդամենը մի ամառային արձակուրդներ է մնացել, իսկ ձեռքերը նորից սևացել են։ Երկաթի նման են։
Աշունն անցավ, և այն օրը, երբ պիտի տեղափոխվեինք այլ հանրակացարան, ես նոր իսկապես ուշադրություն դարձրի իր ձեռքերին։ Համարյա քնած էի, սակայն հարևանությամբ վեճի ձայն էի լսում․
-Չեմ ուզում նրան, ես նրա հետ անկողին չեմ կիսի։
-Ես էլ նրա հետ անկողին չեմ կիսի։
Ես փորձեցի ավելի ուշադիր լսել, բայց ոչինչ պարզ չէր լսվում՝ միայն խլացած ծիծաղ և անհասկանալի աղմուկ։ Գիշերը հանկարծակի վեր կացա և գնացի միջանցք ջուր խմելու։ Նստարանին քնած մարդ կար։ Անմիջապես ճանաչեցի՝ Վան Յամինն էր։ Երկու սև ձեռքերով ծածկել էր դեմքը, ծածկոցի կեսը ընկել էր գետնին, մյուս կեսը կախվել էր ոտնաթաթից։ Ես մտածեցի, թե նա էլի միջանցքի լամպի տակ գիրք է կարդում, բայց նրա կողքին ոչ մի գիրք էլ չկար, այլ միայն իր իրերն էին և մի քանի մանր-մունր բաներ գետնին։ Հաջորդ գիշեր տնօրենը Վան Յամինի դիմացից ֆնչացնելով քայլում էր՝ փաթաթված ծածկոցով։ Իր բարակ ձեռքով մի կողմ տարավ կոկիկ, հավասար փռած սպիտակ սավանները․
-Այստեղ․․․այստեղ յոթ անկողին է դրված, միայն ութ հոգի է քնում։ Վեց անկողնում ինը հոգի կարող է քնել, – նա շրջեց ծածկոցը, ուղղեց այն, Վան Յամինին թույլ տվեց իր ծածկոցը այդտեղ փռել։
Վան Յամինի ծածկոցը բացվեց, նա ուրախությունից անկողինն էր տեղավորում և սուլում։ Ես դեռ երբեք չէի լսել այդպիսի բան, դպոցի ներսում ոչ ոք չէր սուլել։ Նա արդեն դասավորել էր անկողինը, բերանը բաց նստել անկողնու վրա, ծնոտը մի փոքր առաջ, այդպես կարծես հանգիստ ու հաճելի զգացողությունից նա թեթևություն զգաց։ Տնօրենը արդեն ներքև էր իջել կամ արդեն լքել էր հանրակացարանը, վերադարձել տուն։ Բայց հանրակացարի աշխատողը, այդ մեծ կինը՝ մազերն ամբողջովին փայլը կորցրած, կոշիկները գետնին քստքստացնելով, վազելով գնում-գալիս էր․
-Ասում եմ, էլի, այդպես չի կարելի․․․ հիգիենային չի հետևում, մարմնի վրա միջատներ կան, ո՞վ կուզի իրեն մոտ լինել, – նա անկյունից մի քանի քայլ առաջ եկավ, կարծես թե նրա ակնագնդերը իմ կողմ էին ուղղված, – նայե՛ք այս ծածկոցին։ Հոտ քաշե՛ք։ Երկու չի [3] հեռավորության վրա հոտը գալիս է․․․․ նրա կողքին քնելն ընհանրապես հաճելի չէ։ Ո՞վ գիտի․․․ միջատները չե՞ն կարող ուրիշի մարմնի վրա բարձրանալ։ Գնացեք, նայեք, բամբակը ինչ սև է։
Այս կինը հաճախ էր պատմում իր մասին։ Ասում էր, որ երբ իր ամուսինը գնացել է Ճապոնիա սովորելու, նա նույնպես Ճապոնիայում է եղել և համարում էր, որ ինքն էլ է սովորել։ Աշակերտները հարցնում էին նրան՝ ի՞նչ էիք սովորում․ «Պետք չէ հատուկ որևէ բան սովորել։ Ճապոնիայում ճապոներեն խոսել, ծանոթանալ իրենց ավանդույթներին, մի՞թե դա դրսում սովորել չէ»։
Նա չէր դադարում օգտագործել «հակահիգիենիկ, հաճելի չէ, կեղտոտ» արտահայտությունները, իսկ ոջիլներին նա միշտ միջատներ էր անվանում։
-Այս մարդը կեղտոտ է, ձեռքերը կեղտոտ են, – նրա ուսերը լայն էին, կեղտոտ ասելիս միտումնավոր բարձրացրեց ուսերը, ասես սառը քամին հանկարծակի փչեց նրա վրա, և նա վազելով դուրս եկավ։ – Այսպիսի աշակե՞րտ։ Տնօրենն իսկապես․․․․․ տնօրենն իսկապես անիմաստ ուզում է․․․ – լույսերը հանգցնելուց հետո այս կինը դեռ միջանցքում մի քանի աշակերտների հետ զրուցում էր։
Երրորդ գիշերը Վան Յամինը բարձրացրել էր իրերով լի արկղը, հավաքել էր ճամպրուկը, իսկ առջևից քայլում էր գունատ տնօրենը։
-Չենք ուզում, այսքանս հերիք ենք։ – Տնօրենի եղունգը դեռ չէր դիպել ծածկոցին, նրանք անմիջապես գոռալով վեր թռան, և ամեն անկողնու շարքին մոտենալիս՝ նրանք սկսում էին գոռալ․ – այսքանս հերիք ենք։ Դեռ շատ է։ Վեց անկողին, ինը մարդ, էլ կարո՞ղ եք ավելացնել։
-Մեկ, երկու, երեք, չորս․․․ – տնօրենը սկսեց հաշվել, – հերիք չէ, մի հոգու կարելի է ավելացնել, չորս անկողնում պետք է վեց մարդ լինի, դուք հինգ հոգով եք ընդամենը․․․․․ Արի՛, Վան Յամին։
-Ոչ, սա քրոջս համար է, նա վաղը գալիս է, – մի աշակերտ վազեց և պինդ բռնեց ծածկոցը։
Վերջում տնօրենը նրան այլ հանրակացարան տարավ։
-Նա ոջիլ ունի, ես նրան մոտ չեմ գնա։
–Ես էլ նրան մոտ չեմ գնա։
-Վան Յամինի ծածկոցի վրա կտոր չկա, բամբակը մարմնին կպած է քնում, չե՞ք հավատում, ինքներդ նայեք։ – նրանք սկսեցին ծաղրել, սակայն վախենում էին Վան Յամինի սև ձեռքերից և չէին համարձակվում մոտենալ նրան։ Այս սև ձեռքերով մարդը քնեց միջանցքի նստարանին։ Այդ օրը շուտ արթնացա և տեսա նրան ճամպրուկը դասավորելիս ու ներքև քարշ տալիս։ Երբեմն ես նրան հանդիպում էի նկուղում, իհարկե գիշերը։ Ուստի երբ նա ինձ հետ զրուցում էր, ես նայում էի պատի ստվերին, նրա մազերը քորող ձեռքերին, և պատի վրայի ստվերը և մազերը նույն գույնի էին։
-Ընդամենը սովորել է պետք, աթոռին քնելը գետնին քնելու պես է, քնելու տեղ լինի, ի՞նչ տարբերություն։ Կարևորը սովորելն է․․․ իմ անգլերենը, չգիտեմ քննության ժամանակ պարոն Ման ինձ քանի միավոր կկարողանա՞ տալ։ Եթե տասնվեց միավոր չստանամ, տարվա վերջում կմնամ նույն դասարանո՞ւմ։
-Մի՛ անհանգստացիր, մի առարկայի համար նույն դասարանում չեն թողնի,- ասացի ես։
-Բայց հայրիկն ասել է, որ երեք տարի հետո պետք է ավարտեմ, ևս կես տարի նա չի կարողանա վճարել իմ ուսման վճարը․․․․ այս անգլիական լեզուն․․․ իմ լեզուն ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել դրա արտասանությանը, ըհը-ըհը․․․
Հանրակացարանում բոլորը զզվում էին նրանից, չնայած նա ապրում էր միջանցքում։ Նախ, քանի որ նա գիշերները հազում էր, հետո, հանրակացարանում սկսել էր ներկել գուլպաներն ու համազգեստը։
-Հագուստը հնացել է, ներկելը համարյա նորին նման է դարձնում։ Օրինակ, եթե ամառային համազգեստը վերցնես և մոխրագույն ներկես, կարելի է որպես աշնանային համազգեստ հագնել․․․ կամ օրինակ, գնել սպիտակ գուլպաներ, դրանք սև ներկել, այդպես էլ է կարելի․․․․
-Ինչո՞ւ սև գուլպա չես գնում,- հարցրի նրան։
-Սև գուլպաները նրանք մեքենայով են ներկում․․․․ պինդ չեն, մի անգամ հագնում ես, պատռվում է․․․․ բայց մենք տանը լավ ենք ներկում․․․․ մի զույգ գուլպան մի քանի մաո [4] արժի․․․ պատռվեցին, պատռվեցին, ինչ կարող ենք անել։
Շաբաթ երեկոյան աշակերտները երկաթե թասի մեջ ձու էին խաշում։ Ամեն շաբաթ օր համարյա այդպես էր, նրանք պետք է մի բան եփեին ուտելու համար։ Թասի մեջ եփված ձվերը սև էին։ Տեսա, թվաց, թե թունավորվել են։ Ձուն տանող աշակերտը այնքան բարձր գոռաց, որ ակնոցը համարյա ընկնում էր․
-Ո՞ւմ ձեռքի գործն է սա։ Ո՞վ, ո՞վ է։
Վան Յամինը վազեց խոհանոց, մյուների միջով արագ անցավ՝ հազալով․
-Ես եմ, ես չգիտեի, որ այս թասը դեռ օգտագործվում է, ես դրանցով զույգ գուպաներս եմ եռացրել․․․ ըհը-ըհը․․․ ես կգնամ․․․․
-Կգնաս, ի՞նչ անես։ Կգնաս․․․․
-Կգնամ, կմաքրեմ։
-Ներկած գարշահոտ գուլպաներով թասի մեջ չի կարելի ձու խաշել։ Դեռ մտածում ես խաշելու մասին։ – Երկաթե թասը ընկավ գետնին, մարդիկ բղավեցին, ակնոցավոր դասընկերը սև ձուն շպրտեց գետնին այնպես, ասես քար էր շպրտում։
Երբ մարդիկ ցրվեցին, Վան Յամինը հավաքում էր հատակի ձուն և ինքն իրեն խոսում․
-Տարօրինակ է։ Երկու նոր գուլպա եմ ներկել, էլ չեն ուզում թասը օգտագործել։ Նոր գուլպաները ինչպե՞ս կարող են գարշահոտ լինել։
Ձմեռային մի գիշեր դպրոցից հանրակացարան ամբողջ ուղին ձյունը փակել էր։ Մենք առաջ էինք շարժվում, խփվում, եթե ուժեղ քամու էինք հանդիպում, ձյունախառն քամուց պտտվում էինք, մեջքով կամ կողքի էինք քայլում։ Առավոտ կանուխ, ինչպես միշտ պետք էր հանրակացարանից շարժվել․ դեկտեմբերին բոլորիս ոտքերը փայտացել էին ցրտից, թեև վազում էինք։ Ուստի մենք անիծում էինք ու բարկանում, անգամ որոշ դասընկերներ արդեն հայհոյում էին, տնօրենին «բիճ», անվանում։
-Անպայման չէ հանրակացարանից այսքան հեռու գնալ, անպայման չէ դեռ մինչ լուսաբացը ստիպել դուրս գանք հանրակացարանից։
Կային օրեր, երբ դրսում մենակ քայլելիս հանդիպում էի Վան Յամինին։ Երկինքը և ձյունը փայլում էին հեռվում, լուսինը ընկնում էր մեզ վրա և մեր առաջ ստվերներ գծում։ Մեծ ու փոքր փողոցներում ոչ մեկին հնարավոր չէր տեսնել։ Քամին փչում էր փողոցի կողքի ճյուղերին և խշշում էր, ժամանակ առ ժամանակ կարելի էր լսել ինչպես է ձյունը թակում ապակե պատուհաններին։ Իմ և նրա զրույցի ձայները ևս կոպտացել, սառել էին բացասական ջերմաստիճանից։ Երբ մեր շրթունքները մեր ոտքերի պես անկենդան էին, մենք դադարում էինք խոսել, լսում էինք մեր տրորած ձյան ճռճռոցը։ Ձեռքս սեղմում էր դռան զանգը, ոտքերս կարծես ուզում էին ընկնել, և ծնկներս ժամանակ առ ժամանակ ուզում էին ծալվել։
Չեմ հիշում, թե որ առավոտն էր, թևիս տակ դեռ չկարդացածս վեպն էր, երբ դուրս եկա հանրակացարանից, հետ շրջվեցի ու դուռը պինդ փակեցի։ Սրտումս ինչ-որ վախ կար։ Որքան նայում էի հեռվում երևացող ոչ պարզ տներին, որքան լսում էի ետևում քամու և ձյան ձայնը, այնքան սկսում էի վախենալ։ Աստղերի փայլը այնքան թույլ էր, լուսինը ասես ընկել էր գետնին կամ երևի մոխրագույն և հողագույն ամպերով էր ծածկված։
Մի ճան [5] առաջ էի գնում, հետո մյուսը, հույս ունենալով, որ մի անցորդ կհայտնվի։ Բայց նաև վախենում էի, որ մարդ կանցնի, քանի որ անլուսին գիշերով միայն կարող էի ձայներ լսել և չէի տեսնի մարդուն, բայց կտեսնեի ստվերը, որ սկսում է աճել։ Երբ ոտք դրեցի դպրոցի մուտքի քարե աստիճաններին, սիրտս դեռ անհանգիստ էր, զանգը սեղմող ձեռքս կարծես կորցրել էր ուժը։ Հանկարծ քարե աստիճաններով մեկն էլ բարձրացավ։
-Ո՞վ, ո՞վ է։
-Ես։ Ես եմ։
-Դու իմ ետևի՞ց էիր քայլում, – քանի որ քայլելիս այլ ոտնաձայներ չէի լսել, սա ինձ ավելի սարսափեցրեց։
-Չէ, ես քո ետևից չեմ քայլել, ես մի հավերժություն այստեղ եմ։ Դպրոցի աշխատողը դուռը չի բացում, արդեն չգիտեմ որքան ժամանակ եմ ձայն տվել։
-Զանգը չե՞ս տվել։
-Զանգը անիմաստ է, ըհը-ըհը, աշխատողը լամպը վառեց, մոտեցավ դռանը, դուրս նայեց․․․․ բայց դուռը չբացեց։
Ներսում լույսը վառվեց, դուռը հայհոյելով բացվեց՝ գիշերվա կեսին դուռը թակում են․․․․ միևնույն է, դասերից հետ ես մնում։
-Ի՞նչ ես անում։ Հը՞, ի՞նչ ես ասում, – ես դեռ ոչինչ չէի ասել, բայց դպրոցի աշխատողը անմիաջապես փոխեց վերաբերմունքը, – պարոն Սյաո, Դուք դուռը երկար ժամանա՞կ եք թակել։
Ես և Վան Յամինը քայլեցինք նկուղ, նա հազում էր, դեմքը գունատ դեղին էր և մի որոշ ժամանակ կարծես կնճիռներ ունենար։ Քամուց աչքերի մեջ լցված արցունքները դեռ դեմքին էին։ Նա անմիջապես բացեց գիրքը։
-Ինչո՞ւ աշխատողը քեզ համար դուռը չբացեց, – հարցրի ես։
-Ո՞վ գիտի։ Ասում էր՝ շատ շուտ եմ եկել, որ հետ գնամ, հետո ասաց, որ տնօրենի հրամանն է։
-Որքա՞ն ես սպասել։
-Շատ չէի համարի, մի քիչ սպասեցի, հետո մի քիչ էլ, երևի այնքան, ինչքան ժամանակում մեկը ճաշ կուտեր։ Ըհը-ըհը․․․․․․
Նա առաջվա պես չէր սովորում, ձայնը կարծես ցածրացել էր, միայն մրթմրթում էր։ Օրորվող երկու ուսերը ճնշված և կախված էին։ Մեջքը սկսել էր թեքվել, կուրծքը հարթ էր։ Ես վեպ էի կարդում։ Շատ ցածր ձայնով էի կարդում։ Վախենում էի խանգարել նրան ու չէի հասկանում՝ ինչու էի հենց այս անգամ այդպես վերաբերվում նրան։ Նա ինձ հարցրեց, թե ինչ վեպ եմ կարդում, արդյո՞ք կարդադել եմ «Եռաթագավորությունը»։ Երբեմն նա էլ էր գիրք վերցնում ու նայում գրքի կազմին կամ թերթում էջերը։
-Դուք այնքան խելացի եք։ Տնայիններն անգամ չեք կարդում, բայց քննությունից ընդհանրապես չեք վախենում։ Ես այդպիսին չեմ, փորձում եմ մի փոքր հանգստանալ, հետո այլ գիրք կարդալ․․․ բայց դա էլ չի օգնում․․․․․
Մի կիրակի հանրակացարանը դատարկ էր, ես բարձրաձայն կարդում էի «Ջունգլիները» [6] որտեղ կին աշխատող Մարիան ձյուների մեջ ուշաթափվել էր, ես նայում էի պատուհանին ու կարդում և հուզվեցի այդ տեսարանից։ Վան Յամինը կանգնած էր իմ ետևում, բայց ես չգիտեի։
-Ի՞նչ գիրք ունես, որ արդեն կարդացել ես։ Տուր ինձ կարդամ։ Ձյուն է գալիս, իսկապես ձանձրանում եմ, տեղացիների մեջ բարեկամներ չունեմ, փողոցներում ոչինչ չկա, որ գնեմ։ Կամ էլ պիտի մեքենային գումար տամ։
-Հայրդ երկար ժամանակ է չի՞ եկել քեզ տեսնելու, – ինձ թվաց, թե նա տունն է կարոտել։
-Ինչպե՞ս գա։ Գնացքը վճարովի է, գնալ գալը երկու յուեն և ավելի է․․․հետո էլ, տանը մարդ չկա։
Ես «Ջունգլիները» դրեցի նրա ձեռքի մեջ, քանի որ արդեն կարդացել էի։ Նա ժպտաց, հազաց, ցնցեց մահճակալի ծայրը, սկսեց ուսումնասիրել գրքի կազմը։ Երբ նա դուրս եկավ ես լսում էի, թե ինչպես էր միջանցքում բարձրաձայն կարդում գրքի սկզբի առաջին տողը։
Հետո, էլի չեմ հիշում, թե որ օրը, երևի էլի ինչ-որ արձակուրդային օր, մի խոսքով՝ հանրակացարանը էլի դատարկ էր, լուսնի լույսը արդեն ընկնում էր պատուհանին, ամբողջ հանրակացարանը առաջվա պես լռության մեջ էր։ Անկողնուս ծայրից խշխշոց լսեցի, մեկը շոշափում էր անկողինս։ Ես գլուխս բարձրացրի, լուսնի լույսի տակ տեսա, որ Վան Յամինի սև ձեռքն է։ Տվածս գիրքը դրեց կողքիս։
Հարցրի նրան․
-Հետաքրքի՞ր էր։ Լա՞վն էր
Սկզբում նա ոչինչ չպատասխանեց, հետո ձեռքերով ծածկեց դեմքը, ասես մազերը ևս դողում էին։
-Լավն էր։
Նրա ձայնը լսելուց ես էլ սկսեցի դողալ, ու նստեցի։ Նա ետ քաշվեց՝ մազերի պես սև ձեռքերով դեմքը ծածկած։ Միջանցքը դատարկ էր, ես հայացքս հառել էի գետնին արտացոլված լուսնի լույսին։
-Մարիան իրական է, նա ընկել է ձյուների մեջ, ես չեմ ուզում նա մահանա։ Չի մահանա, չէ՞․․․․ այն բժիշկը գիտի, որ նա գումար չունի, ու չի զննի նրան․․․․ ըհը-ըհը, – բարձրաձայն ծիծաղեց և արցունքները ներքև գլորվեցին, – Ես էլ էի գնացել բժշկի մոտ, երբ մայրս հիվանդ էր, բայց դե, նա կգա՞ր։ Նա նախ ինձնից մեր տուն հասնելու գումար ուզեց, ասացի, որ գումարը տանն է, նստի մեքենա, գա։ Մայրս մահամերձ էր․․․ քեզ թվում է, եկա՞վ։ Նա բակում կանգ առավ ու հարցրեց․ «Ընտանիքդ ինչո՞վ է զբաղվում։ Քո տանը ներկելո՞վ եք զբաղվում»։ Չգիտեմ, թե ինչու, բայց երբ դրական պատասխան տվեցի, նա դուռը բացեց ու նորից մտավ տուն․․․Ես սպասեցի նրան, դուրս չէր գալիս, նորից գնացի ու թակեցի դուռը, նա ներսից ասաց «Չեմ կարող ստուգել, վերադարձիր տուն»։ Ես վերադարձա․․․ – Նա նորից սրբեց արցունքները և շարունակեց․ – Այդ օրվանից ես եմ հոգ տանում իմ երկու փոքր եղբայրների և երկու փոքր քույրերի մասին։ Հայրիկը սև և կապույտ գույներով էր ներկում, մեծ քույրս՝ կարմիրով․․․ Ձմռանը, երբ մեծ քույրս նշանվեց, նրա ապագա ամուսնու մայրը գյուղից եկել էր մեր տանը մնալու։ Երբ տեսավ քրոջս ձեռքերը, ասաց, «Գրողը տանի։ Մարդասպանի ձեռքեր են։» Այդ ժամանակից հայրիկը թույլ չտվեց կարմիր ներկենք, կապույտ ներկենք։ Իմ ձեռքերը սև են։ Եթե ուշադիր նայես, մանուշակագույն էլ կնկատես, իմ փոքր երկու քույրերն էլ իմ պես են։
-Քույրերդ չե՞ն սովորում։
-Չէ, ես կսովորեցնեմ նրանց։ Բայց ես չգիտեմ էլ, լավ եմ սովորում, թե չէ։ Եթե չէ, անգամ քույրերիցս կամաչեմ․․․ Մի կտոր ներկելու համար երեք մաո հազիվ ենք վաստակում․․․ մի ամսում քանի՞ կտոր կարող ենք ներկել։ Ամեն հագուստը մի մաո, կապ չունի մեծ, թե փոքր, մեծ մասը, որ ուղարկում են ներկելու, մեծ շորեր են․․․Հանենք լուցկու ու ներկի գումարը․․․ Ի՞նչ մնաց։ Իմ ուսման վճարը․․․ անգամ աղ չեն գնում, ամբողջը ինձ են տալիս։ Ինչպե՞ս կարող եմ չսովորել, ինչպե՞ս կարող եմ, – նա նորից շոշափեց գիրքը։
Ես դեռ նայում էի հատակին ընկած լույսին, մտածում էի, որ իր արցունքները շատ ավելի ազնիվ էին, քան իմ կարեկցանքը։
Դեռ ձմեռային արձակուրդները չէին սկսվել։ Վան Յամինը մի օր առավոտյան դասավորում էր իր ճամպրուկը և մանր-մունր իրերը, ճամպրուկը արդեն պինդ փակ էր և հենած պատին։ Ոչ ոք չգնաց նրան հրաժեշտ տալու և ոչ ոք նրան հաջողություն չասաց։ Մենք հանրակացարանից դուրս եկանք, մեկ առ մեկ անցանք գիշերը Վան Յամինին անկողին ծառայող նստարանի կողքով։ Նա բոլորիս ժպտաց և միաժամանակ հայացքը պատուհանից այն կողմ էր։ Քստքստացնելով անցանք միջանցքով, իջանք աստիճաններով, անցանք բակով։ Միջանցքի դարպասի մոտ Վան Յամինը հասավ մեզ, շնչակտուր և բերանը բացած․
-Հայրս դեռ չի եկել, մի ժամ ավել սովորելն էլ կարևոր է․․․ – ասաց բոլորին։
Այս վերջին մի ժամվա ընթացքում նա քրտնաջան աշխատում էր։ Անգլերենի դասին փոքր տետրի մեջ գրում էր գրատախտակին գրված ամեն մի նոր բառ։ Միաժամանակ կարդում էր, միաժամանակ գրում անգամ այն բառերը, որ կարիք չկար։ Երկրորդ ժամը աշխարհագրություն էր, նա փորձում էր արտատպել գրատախտակին ուսուցչի նկարած քարտեզը․․․ կարծես ամեն բան, որ մտնում էր նրան գլուխը, սկսել էր կարևոր դառնալ և պետք է հետք թողներ իր գլխում։ Դասից հետո ես նայեցի նրա տետրին, որտեղ ամեն ինչ սխալ էր գրված՝ անգլերեն բառերի մեջ տառերը կամ պակաս էին, կամ ավել՝ նա շատ անհանգիստ էր եղել։ Գիշերը նրա հայրը չեկավ նրան տանելու, ուստի նա անկողինը նորից գցեց նստարանին, միայն թե այս անգամ նա ավելի շուտ քնեց, և սովորականից ավելի հանգիստ։ Մազերը փռված էին անկողնու վրա, ուսերը շնչառության հետ հանգստանում էին։ Այսօր նրա կողքին գիրք չկար։ Առավոտյան, երբ արևը ընկել էր ճյուղերից կախված դողացող ձյան վրա, և թռչունները նոր էին դուրս եկել իրենց բներից, նրա հայրը եկավ։ Կանգնեց աստիճանների ներքևում, իջեցրեց մեջքից կախված երկարաճիտ կոշիկները, և վզից կախած սպիտակ թաշկինակով սրբեց մորուքի սառույցը,
-Քննությունդ ձախողել ես, հա՞․․․- աստիճանների վրայի սառույցները փոքր կաթիլներ էին դառնում։
-Չէ, դեռ քննություն չեմ հանձնել, տնօրենն ինձ ասաց, որ պետք չէ քննություն հանձնեմ, միևնույն է, չեմ կարողանա․․․
Նրա հայրը կանգնած էր աստիճանների ներքևում, հայացքը պատին, գետկատեղից կախված թաշկինակը չէր շարժվում։ Ճամպրուկը աստիճանների մոտ էր, Վան Յամինը գնաց ձեռքի ճամպրուկն էլ բերելու, բերեց տաշտը և մի քանի մանր-մունր իրեր։ Մեծ ձեռնոցները տվեց հորը։
-Չեմ ուզում, դո՛ւ հագիր, – ամեն քայլի հետ ծանր կոշիկներից ցեխի հետք էր մնում գետնին։
Քանի որ առավոտ էր, քիչ աշակերտներ էին եկել նայելու։ Վան Յամինը թեթև ծիծաղով հագավ ձեռնոցները։
-Հագի՛ր կոշիկները։ Ուսումդ ձախողեցիր, ոտքերդ գոնե չմրսեն, – հայրը թուլացրեց կաշիկների կաշվե կապիչները։
Երկարաճիտ կոշիկները ծածկում էին Վան Յամինի ծնկները, նա սպիտակ կտորով կառապանի պես փաթաթել էր գլուխը։
-Կվերադառնամ։ Գրքերը տանեմ տուն, լավ կսովորեմ, հետ կգամ։ Ըհը-ըհը,- չգիտեմ, թե ում ասաց։
Երբ բարձրացրեց ձեռքի ճամպրուկը, հորը հարցրեց․
-Կառքը դարպասի մո՞տ է։
-Կա՞ռք, ի՞նչ կառք, քայլում ենք կայարան․․․ մեջքիս կդնեմ, կբերեմ ճամպրուկը․․․
Վան Յամինը թխկթխկացնելով իջնում էր աստիճաններով։ Հայրը քայլում էր դիմացից, գունափոխված ձեռքերը բռնել էին ճամպրուկի երկու անկյունից։
Արևից ընկնող նրանց ստվերները առջևից ձգվում էին մինչև դարպասները։ Պատուհանից նայելիս նրանք էլ իրանց ստվերների նման թեթև էին։ Կարելի էր տեսնել նրանց, բայց ոչ մի ձայն չէր լսվում։ Դարպասից դուրս եկան և ուղղվեցին դեպի հեռուն, արևի ուղղությամբ։ Ձյունոտ գետինը ասես կոտրված ապակի լիներ, և որքան հեռու էիր նայում, այնքան փայլն ավելի էր ուժեղանում։ Ես այնքան նայեցի հեռվում փայլող ձյանը, մինչ աչքերս սկսեցին ցավել։

Թարգմանությունը չինարենից՝ Գոհար Աթիկյանի

[1]Չինական շոգեխաշած հաց

[2] Կայսր, թագավոր

[3] 1/3 մետր

[4] 10 մաոն՝ 1 յուան

[5] 3,33 մետր

[6] Ափթոն Սինքլեր

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *