Թամարա Թամազյան | Մանկական բանաստեղծություններ

ՀԱՎԻԿ ՄԱՅՐԻԿԸ

— Հավի՛կ մայրիկ, խատուտի՛կ,
Ունես տասը ժիր ճուտիկ։
Նրանք խաղալ են ուզում
Մեր բակի խիտ խոտերում։
Զգո՛ւյշ եղիր, չցրվեն,
Ճուտիկները չկորչեն։
Հարևանի փիսիկը,
Այն խորամանկ փափլիկը
Թաքնվել է խոտերում,
Նրանց բռնել է ուզում։
— Ա՛յ ճուտիկներ, խմբվեցե՛ք,
Հավ-մայրիկին լսեցե՛ք,
Փիսիկից զգուշացե՛ք,
Անփորձանք վերադարձե՛ք։

 

ՄՐԳԱՍԵՐ ՄԵՐԻՆ

Այգի ունենք մի դրախտ,
Լի ծառերով բերքառատ,
Հասուն մրգեր` բալ, խնձոր,
Կեռաս, հաղարջ ու սալոր։
Մերին միրգ շատ է սիրում,
Նա միշտ այգի է գնում,
Ծառից ծառ է վազվզում,
Մրգեր քաղում և ուտում։
Բայց հոնը դեռ չի հասել,
Մերին չի կարող սպասել։
Հիմա նա ծառը կջրի,
Հոնը հասնի, կարմրի։
Քաղի, իր հետ տուն տանի,
Մերին հոնը անուշ անի

 

ՈՒՇԱՑԱԾ ՁՄԵՌ

Արդեն գարուն է, բայց դրսում
Փաթիլներն են զվարթ պարում,
Ինձ բացատրե՛ք, շատ եմ խնդրում,
Հիմա ձմե՞ռ է, թե՞ գարուն։

Ձյուն է եկել փափուկ, ճերմակ,
Փռել է նա սպիտակ վերմակ
Ու քնքշորեն առել իր տակ
Կարուսել ու ճոճանակ։

Ուրախություն է մեր բակում,
Ձյուների մեջ ենք թավալվում,
Վազվզում ենք անվերջ, սահում,
Ձնագնդի ենք մենք խաղում։

Ձմե՛ռ, ինչո՞ւ նոր եկար,
Ինչո՞ւ այսքան ուշացար,
Չէ՞ որ շատ ենք սպասել,
Մենք քեզ շատ ենք կարոտել։

Գարունը թող սպասի,
Իր ջերմ շունչը չսփռի,
Ձմռան խաղից լիանանք,
Հետո իրեն միանանք։

 

ԾԱՌԻ ՃՅՈՒՂԻՆ ԹՌՉՆԻ ԲՈՒՅՆ

Ծառի ճյուղին թռչնի բույն,
Լարին թառած մի թռչուն,
Մի մեծ թրթուռ կտուցին՝
Տխուր նայում է բնին։
Աղերսանքով մեզ նայում,
Կարծես ասել է ուզում․
«Բարի՛ մարդիկ, զգո՛ւյշ եղեք,
Բույնս հանկարծ չքանդեք,
Այնտեղ ունեմ ինը ձագ,
Թույլ, անպաշտպան են նրանք։
Ձագուկներս սոված են,
Բերանը բաց ինձ կսպասեն։
Կեր եմ բերել ես նրանց,
Որ ուտեն, ուժեղանան։
Թողե՛ք նրանց կերակրեմ,
Փայփայեմ ու մեծացնեմ։
Նրանք պիտի փետրավորվեն,
Առույգանան, թևեր առնեն,
Ապրեն այգում այս հրաշք,
Ուտեն որդեր ու միջատ,
Մաքրեն այգին այդ չարիքից,
Որ դուք օգտվեք բերք-բարիքից»։

 

ՓԻՍԻԿՆ ՈՒ ՄԿՆԻԿԸ

Հենց որ փիսոն մլավեց,
Փոքրիկ մուկը սարսափեց,
Փիսիկից էլ շուտ վազեց,
Պատի ճեղքում թաքնվեց։
Բա փիսոն էլ ի՞նչ անի,
Որ մկնիկին հեշտ բռնի,
Ճեղքի առաջ լուռ նստել,
Բեղիկներն է նա ցցել,
Սպասում է մկնիկին,
Որ վերջը տա ճստիկի։
Բայց դե մուկն էլ պակաս չէ.
Խորամանկ, աներես է,
Մյուս ճեղքով դուրս եկել,
Խոհանոց է նա մտել։
Դե, թող փիսոն սպասի
Ու ձանձրույթից մռռացնի։
Նա ճստիկին չի բռնի.
Մուկն իր գործը լավ գիտի։

 

ՕՐՈՐ

Օրոր ասեմ իմ բալիկին,
Օրոր ասեմ, որ քնի,
Մանկան սրտի նման բարի
Երազների գիրկն ընկնի։

Լուսնի շողը խաղա նրա
Քաղցր ու համով մռութին
Ու թռվռա թավշյա, փափուկ,
Կարմիր, թմբլիկ այտերին։

Թարթիչներին շար-շար թառեն
Աստղիկները երկնքի,
Ու անուշիկ մի վառ ժպիտ
Հայացքը լուսավորի։

Օրոր ասեմ իմ բալիկին,
Օրոր ասեմ՝ կուշտ քնի,
Իսկ ես, հենված օրորոցին,
Հսկեմ քունը իմ բալի։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *