«Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում այս անգամ այցելում եմ Արմավիրի մարզ:
Տանձուտ գյուղի (որին ես համառորեն Տանձատափ եմ անվանում) միջնակարգ դպրոցն ինձ դիմավորում է արևոտ ու գարնանային տրամադրությամբ:
Միջնակարգ դպրոց է, բարեկեցության միջին, նորմալ չափանիշով: Դպրոցում 250 աշակերտ է սովորում:
Ուսուցիչների ու տնօրենի հետ նախնանական խոսակցության ժամանակ տեղեկանում եմ, որ Մշակույթի նախարարության ու Ազգային գրադարանի գրքերի համալրման ծրագրերից երբեք որևէ համալրում չեն ստացել: Նշում են, որ եղած պարտադիր գրականության գրքերն էլ, եթե անգամ կան, վաղուց ֆիզիկապես մաշված են: Հատկապես նշում են, որ մանկապատանեկան գունազարդ գրքեր կցանկանային ունենալ դպրոցի գրադարանում:
Արդեն մշտական հարցը աշակերտներին. ծանո՞թ են ժամանակակից հայ գրողներին, կարդացե՞լ են արդյոք նրանց:
Սկզբում լռություն է, ոչ մի արձագանք, երեխաները մի քիչ կաշտկանդված են, հետո կպարզվի, որ տեղյակ էին. և՛ Հովհաննես Գրիգորյանի «Հայաստան» բանաստեղծություն են անցել դպրոցական ծրագրով, և՛ Լևոն Խեչոյանից ինչ-որ պատմվածք: Ծանոթ են Խաչիկ Մանուկյանին, Ժաննա Աբրահամյանին, Արտակ Համբարձումյանին ու էլի շատ ու շատ անուններ կթվարկեն, որոնց մի մասին անգամ ես չգիտեմ 🙂
Իմ խնդրանքով Աննան ընթերցում է Խաչիկ Մանուկյանի «Գոյամարտ» բանաստեղծությունը, որ նախապես անգիր է սովորել: Առհասարակ, շատ լավ երեխաներ կան դպրոցում, ընկալունակ, խելացի, շատ ուրախ եմ, որ այս ծրագրի շրջանակում կարողանում եմ շփում հաստատել նրանց հետ:
Իսկ հիմա կուզեի անդրադառնալ մի ցավոտ խնդրի. դպրոցներում ասմունքի մշակույթին:
Ասմունքի մշակույթի մասին
ասմունք [գոյական]
1. Արձակ ու չափածո երկերի գեղարվեստական ընթերցման կամ արտասանության արվեստը:
2. Արձակ և չափածո գեղարվեստական երկերի ընթերցանություն:
3. Արտասանելու՝ խոսելու եղանակ:
Ասմունքի արվեստը ձևավորվել է հնագույն ժամանակներում, երբ դեռևս հստակ բաժանված չէին հեղինակի և կատարողի գործողությունների շրջանակները։ Հետագայում ասմունքը, գրականությա զարգացմանը զուգահեռ, դրսևորվում է որպես զուտ կատարողական արվեստ՝ ձայնի հնչերանգային փոփոխությունների միջոցով տեքստին հուզականություն կամ որոշակի ուղղության ընգծվածություն շեշտադրելու համար: Առհասարակ, ասմունքը բարդ, թատերական երևույթ է: Գեղարվեստական ստեղծագործությունների ասմունքի հրաշալի ներկայացումներ կան, բայց…
Ասմունքի մշակույթը մեծ զարգացում ստացավ Խորհրդային երկրում, երբ կարիք կար շեշտադրել սոցիալիստական հեղափոխությունը, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակն ու Խորհրդային երկրի աննախադեպ «հաջողություններն» ու «առաջընթացները»: Տոտալիտար համակարգին բնորոշ վերևից իջեցված խոսքի միակ ու ճշմարիտ վերամբարձությունը ներփաթանցեց այս ասպարեզ՝ ասմունքի զարգացումը տանելով պաթետիզմի, ավելորդ հուզականության ճանապարհով: Գրողների, ասմունքի գործիչների, դերասանների կողմից հանրությանը ներկայացվող ասմունքի այս տեսակը յոթ տասնամյակների ընթացքում այնքան խոր արմատներ է գցել, որ անգամ այսօր, խորհրդային երկրի փլուզումից համարյա 30 տարի անց էլ շարունակում է տիրապետող լինել: Անտեսվում են ստեղծագործության բովանդակության աշխարհայացքային դիտանկյունը, ասելիքի ուղղվածությունը, կետադրությունը և արտասանվող խոսքը վերածում լալական, պաթետիկ տեքստի: Գրողը գրում է անելանելի էքզիստենցիալ վիճակներ, ապրելու անհնարինության, զսպված արցունքների մասին, որոնք խեղդում են կոկորդը, փոխարենն ասմունքող խորհրդային մշակույթին բնորոշ ասմունքի միոջոցով պաթետիկ ու լալահառաչ տեքստ է արտաբերում: Լավ, մասնավոր դեպքերում, մարդը ինչ կերպ կուզի, թող ասմունքի, բայց ինչո՞ւ ենք հենց այս ուղղվածությամբ ասմունքի մշակույթը խրախուսում դպրոցներում: Մարզային կրթության բաժինները ասմունքի մրցույթներ են անցկացնում, հանձնարարականներ տալիս դպրոցներին այս կամ այն հեղինակի հետ կապված, աշակերտներն էլ տեքստերն անգիր են անում և լալկան ձայնով արտասանում՝ առանց արտասանվող տեքստի իրական բովանդակության մեջ ներթափանցելու:
Իմ խորին համոզմամբ՝ դպրոցներում պետք է ասմունքի նոր մշակույթ ձևավորել: Պետք է իսպառ արգելել կրթական հաստատություններում ասմունքի հետ առնչվող միջոցառումներն ու բաց դասերը, փոխարենը պետք է խրախուսել սովորական, պարզ, հասարակ ընթերցանությունը: Ասմունքի մշակույթը պետք է դպրոցից դուրս գա՝ այն թողնելով թատրոնին, դերասանական արվեստով հետաքրքրվողներին: