ՏԱՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ | Բանաստեղծությունների ընտրանի

Տանյա Հովհաննիսյան

Կոպիտ պոեզիա-թղթե վարդ

Իմ պատուհանին դու մի՛շտ կաս- թղթե ծաղիկ,
ձեռքով պատրաստած,
Եվ բոլորը տեսնում են, որ դու թղթից ես ու կոշտ, անճարակ
սարքած.
-Ես չեմ ամաչում, ուրիշներն ամաչում են այսպիսի ծաղկի
համար՝ իրենց պատուհանին:

Իմ պատուհանին դու միշտ կաս- թղթե կոշտ ծաղիկ,
Դրանով պարզ երևում է իմ վառ սերը բոլոր ծաղիկների
հանդեպ,
Որքան առմիշտ բացակա են այստեղ,-
Դրանով- ակնհայտ է իմ վառ ցանկությունը,
Մեկընդմիշտ իմ կանչը՝ կենդանի ու բուրող վա՛րդը դեպի…
Ուրիշներն ամաչում են- ես չեմ ամաչում,
Որ ցանկությունս այսպես կոշտ է երևում իմ պատուհանիս,
Ես միայն սաստիկ պիտի ամաչեի ու տխրեի, թե չունենայի
պատկերը ծաղկի- բնա՛վ,-
Թե ցանկությունս իսպառ կորսվեր՝ այդ ծաղկի տեսքով-
անհե՛տ:-
Գիտեք ի՞նչ, դու հենց նրանք եք, որ չեն նվիրում ինձ
բուրող վարդեր,-
Իսկ ես, ձեզ հակառակ, ահա գովում եմ
Թղթե վարդը-կոպիտ պոեզիան,-
Որ զարդարում է, իրոք, իմ կյանքը:-
Այն ճարտարությունն է՝ սերս ապրեցնելու առմիշտ,
Այն իմ ձեռքն է, չեղած տեղը զարդարում է պատուհանս,
առմիշտ:
Այն իմ սիրտն է, որ միշտ ծաղիկ է տալիս:

Ես սիրում եմ իմ ճարտար ձեռքը, որ միշտ պատրաստում է
վարդ,
Ես սիրում եմ իմ ճարտար սիրտը, որ միշտ երազում է կյանք:

 

ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ

Այս չորս պատերն են, երկու աթոռակ, մի փոքրիկ սեղան,
վրան՝ գավաթում, կարմիր ծաղիկը դաշտից բերած…
Օ, իսկ ինչեր ենք մենք իրար ասում, ինչ լա՜վ է ներսում,
Սերն ինչ ասուն է, ինչ մեծ է դառնում- այս փոքրիկ տան մեջ,
Այս փոքրիկ տան մեջ մաքուր ու անմեղ, ամեն ինչ պարզ է
ու երևացող,
Դու տեսնում, սիրում ու գովերգում ես կապույտ ու խելոք,
սիրուն աչքերս,
(Այս դու ես ասում՝ կապույտ ու խելոք
սիրուն աչքերդ)
Դու տեսնում, շոյում ու գովերգում ես նուրբ, նկարելու,
բարակ ձեռքերս,
(Այդ դու ես ասում- նուրբ, նկարելու
բարակ ձեռքերդ),
Եվ դու նկարում ու փայփայում ես զգեստիս վրա
փոքրիկ նաշխն անգամ,
փոքրիկ թիթեռը՝ վարդագույն թևով…
Այս փոքրիկ տան մեջ դու ասում ես ինձ սիրո խոսքեր,
Որ ես առանձին մի հմայք ունեմ,
Որ ես, թեկուզև որտեղ էլ լինեմ,
Զարմանալի ու ցոլցլուն եմ…
Երանի՜:
…Իսկ սա քաղաքն է, մեծ դուրսն է, նայեք
Մեծ երթն է ձգվում մեքենաների,
Մեծ շղթան փակում հսկա շենքերի,
Ստադիոններում աղմուկ ու փառք է,
Լույսեր, արձաններ, հրապարակներ,
Առուծախ, շուկա, հարյուր հազարի անլույծ հաշվարկներ,
Եվ հոսքը մարդկանց հոսում, հորդում է…
Այդ ո՞ւր, այդ ո՞ւր է հորդում հեղեղը,
Վիզս ձգում եմ, ճիգով կանգնում եմ ոտնաթաթերիս,
Անունդ եմ գոռում, որ շուռ գաս, նայես, գտնես ինձ,
տեսնես…
-Մեծ դուրսն է, դո՞ւրսը, գտիր ինձ, ասա՛,
Փոքրիկ մեր տան մեջ՝ մեր ասածն ասա ու
մեր խոսածը,
Զարմանալիի ու սիրո մասին,
Իմ հմայքների ու ցոլցլանքների,
Թիթեռի՛ս մասին…

 

***

Իմ ու քո միջև ահագին տարածք կա, այնինչ մենք ուզում
ենք համբուրվել,
Ահագին տարածք կա՝ չորացած, քարքարոտ ու ճաքած,
Եվ մարդիկ՝ գնում ու գալիս են հապշտապ,
Որը հարբած է, որը կոպիտ, մեծախոս ու անդուրեկան:
Իմ ու քո միջև երգեր են ձգվում,
Խռպոտված, աններդաշնակ, մեղեդայնությունից զուրկ,
Եվ ռումբերն են սուրում վերջին խոսքի,
Եվ խելակորույս, վտանգավոր արագ պտտվում է
Այս մեծ երկրագունդը ինքը,-
Իսկ մենք համբուրվել ենք ուզում:

 

***
Դու իմացություն ունե՞ս, դե,- ուրեմն
Առաջնորդվիր այդ արևի լույսով:
Տես, հոնքամեջդ թթված է, երեսդ փոշոտ,
Աչքդ- անժպիտ է, հագուստդ ծուռ ու անտեղի պսպղուն,
Տես, անհամ բառերդ ծիծաղ չեն շարժում-
Ինչպես ծաղիկն է շարժվում դաշտում,
Տես, չգիտե՞ս, ուղեկցել է պետք ինձ,
Երբ ծառաշարքը ձգվում է մթան մեջ
Ու սոսափում է անուշ մի քամի:

Արտասովոր ես, արտասովոր, վատն ես:

Մինչև դու քեզ զարդարել չիմանաս-
Ինչպես ծառն է զարդարվում գարնան գլուխ,
Ինչպես ձուկն է ջրում լող անում-արծաթե,
Ինչպես արևն է հիացնում փոթորիկից հետո,-
Ես քեզ չեմ մոտենա,
Ես քեզ սեր չեմ բացատրի:

Դու իմացություն ունե՞ս-
Դե, շտկիր հոնքամեջդ, դե շտկիր հագուստդ,
Դե, մաքուր եղիր, լվացված,
Դե խոսել իմացիր- ուրախության չափ սրտաշարժ,
Դե մի հասարակ դաշտային ծաղիկ առ ձեռքդ-
պսպղանքից հեռու,
Ու ինձ ուղեկցիր մշտալույս աստղի պես-
Մութ ծառաշարքերի միջով-պարզերես ու շնորհալի,
Երբ սոսափում է անուշ քամին:

 

ՍԵՐ՝ ՉԲԱԺԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ես քեզ կմոտենամ ամեն կողմից,
Կպտտվեմ չորս բոլորդ, մանրամասն կպպտվեմ,-
Երբ դեմքդ ստվերի մեջ է այն մեկ կեսով,
Երբ մեկ ձեռքիդ մատները ցուրտ են ու դողդոջուն,
Երբ երգիդ բառերի կեսը մոռացել ես,
Երբ սրտիդ կեսը ռիթմից ընկած է կամ լուռ,
Կամ երբ մարմնիդ կեսը ստվերի մեջ է ու ծուռ,
Կամ երբ հոգուդ զմայլանքը քիչ է ու երերուն,
Կամ երբ սիրուդ մեկ երեսը պաղ է ու նվաղուն,
Կամ երբ, առհասարակ, թույնդ թաքցրած ես:
Ես քեզ կմոտենամ բոլոր կողմերից,
Կհամբուրեմ քեզ բոլոր կողմերից,
Եվ դու շռինդ կանցնես քո կեսօրվա միջով,
Երբ ստվերդ չկա, երբ ստվերդ չկա,
Ես էլ կանցնեմ այդպես, իմ կեսօրի միջով,
Ու անստվեր կանցնեմ,
Եվ դեռ երկար կապրենք, այնքան, ինչքան
Մարդը երազում է ապրել առհասարակ:
Կամ կծնվի մանուկ, որ կծնվի ասես
Անսվեր սիրո բարուրումից:

 

***

Ջուլիե՛տ-
կպահպանեմ
դեմքիդ եզրագծերը-
փայլի, գեղեցիկի ու սիրո-
կլորավուն, հանդարտիկ ու վսեմ,-
կնկարեմ, կամփոփեմ շրջանակի մեջ
ու կպահպանեմ
մի գորշ ու մութ անկյունում-
անկյունս կփայլփլի
հավատով, ինչպես՝
լուսավոր են անկյունները,
ուր կախ են տված
սրբապատկերներ:-
Քանզի քամին փոփոխում է
տարի՛ն, ժա՛մը, եղանակնե՛րը,
պոկում է թռչունը ծառից, տերևը,
թե՝ ժամանակն է- չվե՜ք,-
Ջուլիե՛տ,
ես կքանդակեմ դիմապատկերդ
ու կպահպանեմ-
ի՛նձ համար:

 

ԿԻՍԱՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Կիսաճանապարհին,
Երբ քամին կօրորի մեջքդ,
Ու դու լացակումած կհավատաս,
Թե մեջքդ բարակ է եղեգան պես,
Հիշիր սկիզբը-երբ սկսեցիր ճանապարհդ,
Երբ քեզ ճամփա գցեցին մայրդ, քույրդ, հարևանդ
ու անծանոթը,
Եվ հիշիր, որ նրանք դեռ կանգնած կմնան այնտեղ,
Մինչև դու հասնես ուզածդ տեղը
Ու բերես խնձորը անմահական:

Այսպես, երբ կեսճանապարհին՝
Քամին՝ յոթգլխանի հրեշ՝ կօրորի մեջքդ փափկասուն,
Հիշիր, ինչ կամեցավ զինվորը վերջին պահին,
Հողը սեղմած բռան մեջ ու աչքերը՝ բաց երկնքին,
Հիշիր, ինչ ճչած ծաղիկը խելագար, երբ արմատից պոկված
Ընկավ հորդահոս գետի մեջ…

Երբ վերջապես քամին կուզենա ջարդել մեջքդ,
Ու դու լացակումած կհավատաս,
Թե մեջքդ բարակ է եղեգան պես,
Հավատա նաև, որ ընդ եղեգան փող բոց ելաներ,
Որ քո եղեգնիկ մեջքից դեռ արու զավակ պիտի բոցա,
որ ճամփա ելնի առա՛ջ…
Հիշիր, որ երկրի վար արևը ընդմիշտ սպասում է մարդուն,
Ջուրն սպասում է, հողն սպասում է, ծովն ու երգը
Շառաչում զարկում են քարափին, այսինքն
Շնչում են ու սպասում են մարդուն:
Երկիրը անտեր չես թողնի, գիտեմ,
Երբ քամին օրորի մեջքդ
Կիսաճանապարհին:

 

***

Եվ աչքերս թաց են,
և սիրտս` կոտրված ափսե,
և ձեռքերս` դողով բռնված,
էլ ինչպես երկարեմ դեպի արևածաղիկը,
և ոտքերս` դողով բռնված,
էլ ինչպես դուրս գամ ճանապարհ:
Որովհետև միստր ճակատագիրը
ձաղկել է մեջքս մերկ –
որպես մի ձիու մեջք մերկ –
ու դեռ պտտվում է օդում
խնդմնդալով –
դաժան ճիպոտն իր քամահրանքի –
սև, օձաձև:
Էլ ինչպես դուրս գամ ճանապարհ –
ոտքերի տակից, ծեծված ու
մեռած ու ամոթահար:
Բայց ես ահա թաքուն նայում եմ
ոչ թե ետ – այլ` առաջ,
ուր ինձ թվում է` կանգնած ես դու –
կարմիր բլուզով
ու կանչում ես – զգացումի պես կարմիր:
Եվ ես ջոկում եմ զգեստներիս մեջ ամենագեղեցիկը
ու հասկանում եմ, որ ճակատագրից անդին էլի օր կա
ու – ճանապարհ, գիր ու պարտեզ, –
ինչպես` փակ պարսպից այն կողմ
ծաղկում է պարտեղ:
Եվ ես, մերկ ու ցավոտ,
պարզում եմ մեջքս –
որ համբուրես կապտուկներս
ցավս – ճակատագրից
այն կողմ, ճակատագրից հեռու,
անդին ու դուրս:

 

***

Իմ սիրելի փոքրիկ սեր,
ավելի լավ է՝ դու լինես իմ համար զբաղմունք՝
քո փոքրիկ, կարճլիկ ոտ ու ձեռքով,
մեկ-մեկ բարևներով, պստլիկ, բարակ համբույրներով,
քո այցելություններով- մանրիկ, ոտնահար-
հազիվ շունչը բերանիդ,
քու թույլ, անկենդան շոյանքներով,
թե հազիվհազ խոստովանություններով-
անկապ ու չորս-հինգ հատիկ,
անկիրք շողերով նայվածքիդ ու- պաղ,
սակավ ու նվազ,
հանգած ու մարած քո սիրահարվածությամբ,
քո վերջին նկրտումներով բնազդի
ու հիվանդ տղամարդկության,
քան- շուկան,
լրագրային ակնարկները,
սոցապները, գրասենյակները,
ալքիմիայի մի կերպ ոսկին ու փայլը առերևույթ,-
և այսպես՝ քան- տոկոս առ տոկոս՝
ինչ որ տեսնում ես այս օրերին-
մեծ մասամբ- գրեթե- ամեն բան,-
իմ սիրելի փոքրիկ սեր,
-իմ անտաղանդ ու հաշմ:

 

***

Գիտեմ, որ այրում է
կրակը,
և սակայն
մեկնում եմ մատս
դեպի այն:

Եվ սակայն
մանուկ չեմ ես:

Գիտեմ, որ աչքերիցդ
թույն է կաթում,
և սակայն՝
մեկնում եմ սիրտս
դեպի այն:
Եվ սակայն՝
կին եմ ես:

 Շնորհակալություն Արամ Մամիկոնյանին` տեքստ թվայնացնելու և մեզ տրամադրելու համար

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *