Ես փակում եմ հայ ժամանակակից գրողի գիրքն ու ականջակալներս խոթում ականջներիս մեջ: Ես միացնում եմ Մանսուրյանն ու դադարում լսել 39-ի վարորդի հեռախոսազրույցն էն մասին, թե «…դատարկ բարձրացա, դատարկ իջնում եմ, էդ լակոտին ասեք` իրան տենց չպահի: Ասում ա` ոչ մի կոպեկ պակաս չես տալու: Դուրդ չի գալիս` քաշի, կանգնի, բայց պակաս չես տա…»: Կոմիտասի վրա երկու զինվոր ուղիղ աչքերիս մեջ են նայում, վրաներն էլ գրած` #հաղթելուենք: Հա, տղերք, հաղթելու ենք: «Ոչ մի կոպեկ պակաս» ասողներին ենք հաղթելու: 39-ի վարորդը շարունակում ա փոթորկել, գոռգռալ, ակտիվ շարժվել, բայց ես Մանսուրյան եմ լսում, ես լսում եմ «Աշնան արևը»: Քաղաքում մարդ չկա: Իսկ ես շարունակում եմ ինձ համոզել, որ մարդ կա քաղաքում, քաղաքում չկա շարժ: Բոլորն անցել են իրենց տները, բոլորն ապրում են իրենց լռությունը: Խրամատներից հասնող մեծ լռությունն են ապրում: Ու մոռանում եմ ապրել աղմուկս, մոռանում եմ աղմկել ապրածս: Հիշում եմ, որ #հաղթելուենք ու թերթում եմ Ստեփանակերտի թիրախավորված ծննդատան նկարները: Հետո հրապարակում են նոր զոհերի անունները, որ իմ հասակակիցներն են կամ կրտսեր սերնդից, ես կարդում եմ ցուցակներն ու անդադար հիշում, որ #հաղթելուենք: Ես արթնանում եմ ու չեմ մոռանում, որ #հաղթելուենք: Հետո աշխատում եմ՝ անդադար հիշելով, որ #հաղթելուենք: Հետո ընկերներս սահմանին կանգնելուց առաջ հրաժեշտի նամակներ են ուղարկում, ու ես չեմ մոռանում վերհիշել, որ #հաղթելուենք: Ու պատասխանում եմ էդ նամակներին՝ ինքս ինձ բացատրելով, որ #հաղթելուենք: Տեսնում եմ, թե ոնց են ռմբակոծում ծննդատունը ու չեմ դադարում գիտակցել, որ #հաղթելուենք: Լսում եմ թիրախավորված երեխաների ու լրագրողների, բուժաշխատողների ու կամավորների վիրավորման մասին ու շարունակում եմ գիտակցել որ #հաղթելուենք, որ էդ ա էսօրվա կարևորը: Ու ժամանակը լղոզված շերտերով գցում ա հայացքն ինձ վրա, ինձ նմանների վրա, ինձ հետ իմ ապրածն իրենց ապրածի հետ մեկտեղողների վրա, ու էնտեղ կարդացած վստահությունից էն մասին, որ #հաղթելուենք, իջեցնում ա հայացքը, գցում ոտքերի տակ:
Օրը իր մնացորդներն ա քո առաջ դնում, ու դու գոհանում ես բնության տված լափից: Դու մոռացել ես` ոնց են լինում ուժեղ, որովհետև թույլ լինելու իրավունքը քեզ չի պատկանում: Ու ամեն օրվա ասածդ բարի լույսից կարկամած, արածդ մանր գործերից ամաչած, անճարակությունիցդ կծկված, ատելությունիցդ խեղճացած, անարդարությունից ինքդ քեզ չփրկած շրջում ես անելիքներիդ արանքով, կպնում ես դրանց, տեղաշարժում, դնում-վերցնում, ծռմռում, շտկում, էլի ու էլի իրենց վերադառնում, բայց ոչ մի կերպ դրանց չես տալիս իրենց ուզածը` իրենցով տարվելն ու իրականացումն իրենց: Դու լսում ես ականջիդ ծայրով, որ Ստեփանակերտի հիվանդանոցը ռմբակոծելիս ներսում բժիշկները չեն դադարել վիրահատություններն` էդ պահին արվող: Մերդ ա ասում` ի պատասխան քո կտրտված ու չհնչած «բարի լույս»-ի: Ու խառնվում ես էլի իրար: Ոչինչ չես պատասխանում, բայց ներսումդ սկսվում ա ուրիշ մի վիրահատություն, ու անողները էդ նույն բժիշկներն են: Նայողին կթվա, թե չտվածդ արձագանքները անհոգությանդ արդյունքն են: Բայց ի՞նչ ասես նրան, ինչ 24 տարեկանումդ առաջին անգամ ես ապրում, ինչ խմորվել ա մեջդ, կուտակվել, բայց ոչ մի կերպ չի մարսվում:
Օրը ուսերին գցած վերարկու ա դարձել, թևքերը կտրած, ուսերին գցած վերարկու: Թևերը սառն են, ձեռքերն` առավել: Ոչ մատներն են շարժվում, ոչ հնարավոր ա շարժել կողմնակի միջամտությամբ: Օրը անցնում ա փողոցներով ու զարմանում սեփական անպիտանության վրա: Ինքն իրեն հարց ա տալիս, թե ինչից ա, որ չի անցնում, որ արդեն 33 անգամ կրկնվում ա ու բացարձակապես անտեղյակ ա, թե դեռ քանի անգամ պիտի կրկնվի: Ես անցնում եմ օրվա կողքով ու ձեռքերի սառնությունն առնում հայացքիս: Թաց, թրջված, դառը հայացքս ոչ մի բան չունի տեսնելու, որովհետև սաղ տեսանելիքն ունի էնտեղ` սահմանի վրա, 2000-2002 թվերի ծնունդների տաք ձեռքերի մեջ, ուսերին դրած բեռան արանքում, հայացքներում առած կյանքի հոսքի տակ: Էդ ծնունդներին բաշխած սերն` ի կատար: Էդ ծնունդների` ամեն վայրկյան առած հաղթանակն` ի փառաբանում, ի ՄԻԱԿ փառաբանում, ի ՄԻԱԿ հարգանք, ի ՄԻԱԿ խոնարհում ու…ի ՄԻԱԿ փրկություն:
Մեծ բացած երախի մեջ քանի՞ անգամ թքես, որ ինքն իրեն կուլ գնա: Քանի՞ անգամ, մա…
Թափանցում ես… Ու չգիտես` ում աչքերը հանել սեփականից ազատվելու համար: Կորցնելուց հոգնած ու՞մ լեզուն բռնես, որ կորուստներիդ մասին չիմանաս: Էս երկրի սիրտը սևով ներկվելուց փրկելու համար ու՞մ ձեռքերը կտրես: Թափանցում եմ… Եղած-չեղածը մի բուռ հող, մի թիզ հայրենիք ա: Եղած-չեղածը մի բուռ սեր, մի թիզ պայքար ա: Եղած-չեղածը մի ամբողջ կյանքից առաջ ու մի ամբողջ կյանքից հետո, մի ամբողջ կյանքից-կյանք ձգվող, փոխանցվող պայքար ա` մի ամբողջ Հայրենիք:
Ինձ մեկնած թերթիկի վրա` «ազգությունդ» բառի դիմաց, մեծատառերով գրում եմ «ՀԱՅ» ու թքած ունեմ, թե աղավաղում եմ հայերենի քերականությունը: Հայերենի հոգին եմ պահում, հայերենի ՀՈԳՈՒ՛Ն մատաղ: Էն գիտակցումը, որ դրա անունից, էդ հոգու անունից ես շնչում, էդ հոգին ա շնչածդ, հազար բաց երախ թքած ունի, հազար բաց ռեխ ունի կարկատած:
Մանսուրյան ջա՛ն…«Աշնան արև»-դ սառն եմ լսում, ներող եղի: Ականջներիս վրա իջած մեղեդուդ դառնությունը ներող եղի ինձ: Ներող եղի, որ պատերազմ ես ծածկում, որ փրկում ես պատերազմից, որ պատ ես դառնում պատերազմի առաջ: Ներող եղի, որ ոչինչ քեզ չի հաջողվում. ոչ ծածկել, ոչ փրկել, ոչ պատնեշել: Ներող եղի, որ դարձար երգ՝ պատերազմի:
Մեծ բացած երախի մեջ քանի՞ անգամ թքես, որ ինքն իրեն կուլ գնա: Քանի՞ անգամ, մա… Կասես` #հաղթելուենք: Կասես, ու աչքերիցդ հաղթանակ կգլորվի: Հաղթանակը հեղուկ ա, մա, գլորվող, թափվող, չբռնվող ու չպահվող հեղուկ: Հաղթանակը սրբություն ա, մա, սուրբ հեղուկ. դու ես ծնում: Կասես` #հաղթելուենք, ու ես կհավատամ: Կհավատամ, որ հաղթել ենք էն բժիշկների` ավարտին հասցրած վիրահատության հետ, էն տղերքի համար թիրախ դարձած ու մորթված շների հետ, էն գլորվող հեղուկի հետ` լուռ ու անդադար պայքարի խորհրդանիշ: #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ, մա, ու Մանսուրյանին ազատենք «երգ՝ պատերազմ»-ից: Ինքը պիտի աշնան արև լինի` սառը օդ ճեղքող:
Մա, դատարկ աղմուկը լռեցրու, ասա` չեն խոսում նրանք, ովքեր չեն գործում: Ասա` պիտանի ոչինչ չկա գոռգռոցի մեջ: Ասա` տղերքը զանգել էին սահմանից, խնդրում էին, որ թարգենք: Ասա` տղերքն ասում են, որ հավատանք, ասում են, որ գործենք: Մա, ասա, որ չեն լինում ուժեղ, երբ ուժեղ չեն ներսից: Ասա` ուրախության առիթներ քիչ տան թշնամուն: Ասա` մենք մեզ չենք սազում, մենք մեզ հերքում ենք: Ասա` լռեն անիմաստությամբ, թե անիմաստությամբ աղմկելն ա երկրորդ հնարավորը:
Թափանցում եմ…
Ու գիտեմ` #հաղթելուենք: