Իոսիֆ Բրոդսկի | Տարերքի ուժը

Հողին, ջրին, օդին ու կրակին հավասար փողն է հինգերորդ տարերքը, որի հետ մարդը առավել հաճախ է հարկադրված հաշվի նստել: Սա պաճառներից մեկն է, գուցե անգամ գլխավորը, որ այսօր` Դոստոևսկու մահվանից հարյուր տարի անց, նրա ստեղծագործությունները պահպանում են այժմեականությունն ու պահանջված են: Նկատի ունենալով ժամանակակից աշխարհի տնտեսական վեկտորը, այն է՝ դեպի համընդհանուր աղքատացում ու կենսամակարդակի համահավասարեցում՝ այս գրողին կարելի է դիտարկել որպես մարգարեական երևույթ: Քանզի ապագայի կանխատեսումներում սխալներից խուսափելու լավագույն միջոցը ապագային աղքատության ու մեղքի ոսպնյակների միջով նայելն է: Դոստոևսկին գործածում էր հենց այդ զույգ ոսպնյակները:
Գրողի նվիրյալ երկրպագուներից Ելիզավետա Շտակենշնեյդերը՝ պետերբուրգյան նրբակիրթ մի տիկին, ում տանը անցած դարի 70-80-ական թվականներին հավաքվում էին գրողներ, կանանց իրավահավասության ջատագովներ, քաղաքական գործիչներ, նկարիչներ և այլն, 1880-ին, Դոստոևսկու մահից մեկ տարի առաջ, օրագրում է գրել է․
«․․․ բայց նա քաղքենի է: Այո՛, քաղենի: Ոչ թե ազնվական, ոչ թե ճեմարանական, ոչ թե առևտրական, ոչ թե արտառոց մեկը՝ ասենք, նկարիչ կամ գիտնական, այլ հենց քաղքենի: Եվ ահա այդ քաղքենին խորաքնին մտածող է ու հանճարեղ գրող․․․ Հիմա նա հաճախ է լինում ազնվական ու անգամ կայսերական ընտանիքի անդամների տներում, և, անշուշտ, ամենուր արժանապատիվ պահվածք է դրսևորում, այդուհանդերձ իր քաղքենիությունը տեսանելի է: Տեսանելի է բնավորության որոշ գծերում, որոնք հատկապես ակնառու են մտերմիկ զրույցի ընթացքում, իսկ առավել ակնառու՝ իր ստեղծագործություններում․․․ Հսկայական կապիտալի հոմանիշը նրա համար միշտ կմնա վեց հազար ռուբլին»:
Սա, իհարկե, այնքան էլ ճիշտ չէ․ «Ապուշ»-ում Նաստասյա Ֆիլիպովնայի բուխարու մեջ նետվում է վեց հազար ռուբլուց ավելի մեծ գումար: Մյուս կողմից, համաշխարհային գրականության ամենահոգեցունց դրվագներից մեկում, որը տանջալի հետք է թողնում ցանկացած ընթերցողի գիտակցության մեջ, կապիտան Սնեգիրյովը ձյան մեջ կոխոտում է երկու հարյուր ռուբլուց ոչ ավելի: Բայց կարևորն այստեղ այն է, որ այդ վեց հազար ռուբլով (այսօր դա մոտավորապես քսան հազար դոլար է) կարելի էր շուրջ մեկ տարի ապրել արժանավայել պայմաններում:
Իր ժամանակի սոցիալական շերտավորման արդյունք հանդիսացող դասակարգը, որը տիկին Շտակենշնեյդերը անվանում է քաղքենիություն, այսօր կոչվում է «միջին խավ», և բնորոշվում է ոչ այնքան դասային ծագմամբ, որքան տարեկան եկամտի չափով: Այլ կերպ ասած՝ վերոնշյալ գումարը ո՛չ անհաշիվ հարստություն է նշանակում, ո՛չ էլ աղաղակող թշվառություն: Այն պարզապես ապահովում է տանելի կենսապայմաններ, որոնք անհրաժեշտ են մարդ կոչվելու համար: Վեց հազար ռուբլին զուսպ, միջին գոյության դրամական արտահայտությունն է, ու եթե սա ընկալելու համար հարկավոր է քաղքենի լինել, ապա կեցցե՛ քաղքենին:
Քանզի մարդկանց ճնշող մեծամասնության իղձը հենց պատշաճ, մարդավայել գոյությունն է: Ուստի այն գրողը, որի համար վեց հազար ռուբլին հսկայական գումար է, ստեղծագործում է ֆիզիկական ու հոգեբանական այն դաշտում, որտեղ ապրում է մարդկանց մեծամասնությունը, ասել է թե՝ կյանքը նկարագրում է բնորոշ, հանրամատչելի միջոցներով, քանզի ցանկացած այլ բնական ընթացքի պես, մարդկային գոյությունը նույնպես միտված է չափավորության: Եվ հակառակը, հասարակության վերնախավին կամ սոցիալական հատակին պատկանող գրողը անխուսափելիորեն ստեղծում է որոշակորեն թյուր պատկեր, որովհետև երկու դեպքում էլ կյանքը դիտարկում է չափազանց սուր անկյան տակ: Հասարակության (որը կյանքի կեղծանուններից մեկն է) քննադատությունը, ինչպես վերից, այնպես էլ վարից, կարող է գրավիչ ընթերցանություն դառնալ, բայց միայն հասարակության ներսից ընկալվածը կարող է ընթերցողի համար վերածվել բարոյական իմպերատիվի:
Ավելին, միջին դասին պատկանող գրողի դիրքը բավականաչափ ճկուն է՝ թույլ տալու համար ներթափանցելու նաև ավելի ցածր մակարդակներում տեղի ունեցողի մեջ: Իսկ ավելի բարձր մակարդակներում կատարվողը նրա համար զուրկ է երկնային խորհրդավորությունից՝ պայմանավորված անմիջական ֆիզիկական մերձությամբ: Առնվազն զուտ քանակական առումով, միջին դասին պատկանող գրողը գործ ունի խնդիրների ավելի մեծ բազմազանության հետ, ու նաև դա՛ է, որ ընդլայնում է իր լսարանը: Ամեն դեպքում, հենց դա է Դոստոևսկու լայն ժողովրդականության պատճառներից մեկը, ինչպես թերևս՝ նաև Մելվիլի, Բալզակի, Հարդիի, Կաֆկայի, Ջոյսի ու Ֆոլքների: Վեց հազար ռուբլի գումարը, կարծես, վերածվում է մեծ գրականության երաշխիքի:
Հարկ է, սակայն, նշել, որ այդ գումարը հայթայթելը շատ ավելի դժվար է, քան միլիոնատեր դառնալը կամ փողազուրկ մնալը: Պատճառը շատ պարզ է․ նորմի հավակնորդներն ավելի շատ են, քան ծայրահեղություններինը: Այդ գումարը, կամ դրա կեսը և անգամ մեկ տասներորդը ձեռք գցելը մարդուց զգալիորեն մեծ հոգեկան ուժ ու ջանք է պահանջում, քան արագ հարստանալու որևէ կասկածահարույց ծրագիր կամ, մյուս կողմից՝ ժուժկալության ցանկացած ձև: Ավելին՝ որքան փոքր է ցանկալի գումարը, այնքան մեծ է դրա հայթայթումն ուղեկցող հուզական ջանքը: Ուստի ակնհայտ է, թե ինչու էր Դոստոևսկին, ում համար մարդու հոգեկան աշխարհի լաբիրինթոսը խիստ էական է, հսկայական գումար համարում վեց հազար ռուբլին: Նրա համար դա հավասարազոր է ահռելի հոգեկան ջանքի, նրբերանգների ահռելի բազմազանության, նույնքան ահռելի գրականության: Այլ կերպ ասած՝ խոսքը ոչ այնքան իրական, որքան մետաֆիզիկական փողի մասին է:
Նրա բոլոր վեպերը, գրեթե առանց բացառության, նեղ իրավիճակում հայտնված մարդկանց մասին են: Նման նյութն ինքնին կլանող ընթերցանության երաշխիք է: Սակայն մեծ գրող Դոստոևսկին դարձել է ոչ թե անխուսափելի սյուժետային բարդաբանությունների և անգամ ոչ հոգեվերլուծելու ու կարեկցելու եզակի աստվածատուր ունակության շնորհիվ, այլ գործիքի, ավելի ստույգ՝ իր գործածած նյութի ֆիզիկական բաղադրության, այսինքն՝ ռուսաց լեզվի շնորհիվ:
Ինչ վերաբերում է բարդաբանություններին, ապա ռուսաց լեզուն, որում գոյականները շատ հաճախ հարմարավետորեն տեղավորվում են նախադասության ամենավերջում, իսկ հիմնական ասելիքը՝ ստորադասական նախադասության մեջ, կարծես հենց դրանց համար է ստեղծված: Դա ձեր վերլուծական անգլերենը չէ՝ իր այլընտրանքային «կամ/կամ»-ով, դա «թեև»-ի ու «այդուհանդերձ»-ի լեզու է: Այդ լեզվով շարադրված ցանկացած գաղափար անմիջապես վերաճում է իր հակոտնյային, և չկա ռուսերենի շարահյուսության համար ավելի գայթակղիչ ու զգլխիչ զբաղմունք, քան կասկած ու ինքնաստորացում շարադրելը: Բառապաշարի բազմավանկ բնույթը (ռուսերեն բառի միջին երկարությունը երեք-չորս վանկն է) բառով արտահայտված երևույթների նախնական, սկզբնածին իմաստը վերհանում է շատ ավելի լրությամբ, քան ցանկացած խելամիտ կշռադատություն, և երբեմն իր միտքը զարգացնել պատրաստվող գրողին բառի հնչողությունը անսպասելիորեն ստիպում է գայթել ու խորանալ դրա հնչյունաբանական բովանդակության մեջ՝ նրա շարադրանքը տանելով անկանխատեսելի ուղղությամբ: Դոստոևսկու ստեղծագործության մեջ ակնառու է սադիստական մակարդակի հասնող լարվածությունը, որն առաջանում է խնդրո առարկայի մետաֆիզիկայի ու լեզվի մետաֆիզիկայի փոխադարձ շփումից:
Դոստոևսկին առավելագույնը քաղեց ռուսերենի քերականության անկանոնությունից: Նրա նախադասությունները գրված են տենդագին, հիստերիկ, անկրկնելիորեն անհատական ռիթմով, իսկ բովանդակությամբ ու ոճով նրա շարադրանքը վիպագրության, խոսակցական լեզվի ու բյուրոկրատաբանությունների համաձուլվածք է, որն ազդում է ընթերցողի հոգեվիճակի վրա: Ճիշտ է, որ գրելը իր համար երբեք ժամանցային զբաղմունք չի եղել: Իր հերոսներից շատերի պես, ծայրը ծայրին հասցնելու համար նա լարված աշխատում էր՝ վարկատուների ու վերջանաժամկետների ճնշման ներքո: Այդուհանդերձ նման ճնշման տակ ստեղծագործողի համար չափազանց հաճախ էր շեղվում թեմայից: Կհանդգնեմ անգամ պնդել, որ այդ շեղումները ավելի թելադրված էին շարադրանքի լեզվով, քան սյուժետային անցքներով: Նրան ընթերցելիս հասկանում ես, որ գիտակցության հոսքի աղբյուրը ոչ թե գիտակցությունն է, այլ բառը, որը վերափոխում ու վերաուղղորդում է գիտակցությունը:
Ո՛չ, նա լեզվի զոհը չէր: Բայց մարդկային հոգու նկատմամբ նրա վերաբերմունքը շատ ավելի քննական է, քան թույլ կտար Ռուս ուղղափառ եկեղեցին, որի նվիրյալ հետևորդն էր համարում իրեն, և այդ վերաբերմունքը ավելի պայմանավորված է շարահյուսությամբ, քան հավատքով: Ստեղծագործելուն միշտ մղում է ինքնակատարելագործվելու, անգամ սրբանալու իղձը: Վաղ թե ուշ, որպես կանոն՝ շատ վաղ, գրողը հայտնաբերում է, որ իր գրիչն ավելի մեծ հաջողություններ է արձանագրում, քան իր հոգին: Այս հայտնագործությունն իր հետ բերում է հոգեկան անտանելի մի երկվություն, որի պատճառով որոշակի սաղր շրջանակներում գրականությունը սատանայական համբավ ունի: Որոշակի առումով ըստ էության այդպես էլ կա, քանզի քերոբվեի կորցրածը գրեթե միշտ մահկանացուի գտածն է: Ի լրումն՝ ցանկացած ծայրահեղություն ինքնին ձանձրույթ է առաջացնում, իսկ լավ գրողի ստեղծագործության մեջ միշտ լսելի է երկնքի անհունի ու անհատակ խորխորատի երկխոսությունը: Ու եթե անգամ այդ երկվությունը չի հանգեցնում գրողի մահվանը կամ ձեռագրի կործանմանը (օրինակը Գոգոլի «Մեռած հոգիների» երկրորդ հատորն է), հենց այդ երկվությունից է ծնվում գրողը, որի խնդիրն այլևս տարածության կրճատումն է սեփական գրչի ու հոգու միջև:
Հենց դրանով էր իր բոլոր ստեղծագործություններում զբաղվում Դոստոևսկին, ընդ որում՝ իր գրիչը անդադար դուրս էր մղում իր հոգուն իր իսկ հավատքի սահմաններից: Քանզի գրող լինելը անխուսափելիորեն ենթադրում է բողոքականություն կամ առնվազն՝ բողոքական հայեցակարգի որդեգրում: Ինչպես ռուս ուղղափառության, այնպես էլ հռոմեական կաթոլիկության մեջ մարդը ենթակա է Ամենաբարձրյալի կամ Նրա Եկեղեցու Ահեղ Դատաստանին: Բողոքականության մեջ մարդն ինքն է իրեն դատում անհատական Ահեղ Դատաստանով, և դատում է շատ ավելի անողոք, քան Տերը ու անգամ Եկեղեցին՝ թեկուզ այն պատճառով, որ իրեն ավելի լավ է ճանաչում (ինքն այդպես է կարծում), քան Աստված կամ Եկեղեցին, և հակված չէ, ավելի ճիշտ՝ ունակ չէ ներելու: Իսկ քանի որ որևէ հեղինակ չի գրում միայն իր ծխի անդամների համար, ուստի գրական հերոսներն ու նրանց արարքները պիտի ունենան արդար ու անկողմնակալ դատաստանի իրավունք: Որքանով համակողմանի է հետաքննությունը, այդքանով համոզիչ է ստեղծագործությունը, իսկ գրողն առաջին հերթին ձգտում է հենց ճշմարտանմանության: Գրականության մեջ սրբությունն ինքնին այնքան էլ բարձր չի գնահատվում․ դրա համար էլ Դոստոևսկու մեկուսակյաց ծեր վանականը գարշահոտ է տարածում:
Անշուշտ, Դոստոևսկին Բարու, ասել է թե՝ Քրիստոնեության մեծագույն պաշտպանն էր: Այդուհանդերձ, եթե խորամուխ լինենք՝ սատանան նույնպես հազիվ թե նրանից ավելի լավ փաստաբան է ունեցել: Կլասիցիզմից նա որդեգրել էր չափազանց կարևոր մի սկզբունք․ նախքան փաստարկներդ շարադրելը, որքան էլ վստահ լինես, որ արդար ես ու անգամ արդարակյաց, պետք է թվարկես հակառակ կողմի բոլոր փաստարկները: Մեխն այստեղ այն չէ, որ հերքվելիք փաստարկները թվարկելով կարող ես հակվել դեպի հակառակ կողմը․ պարզապես այդ թվարկման բուն ընթացքն է բավական գրավիչ: Կարելի է ի վերջո մնալ նախկին համոզմունքին․ և այդուհանդերձ, Չարի օգտին խոսող բոլոր փաստարկները լուսաբանելուց հետո, ճշմարիտ Հավատքի պոստուլատները սկսում ես արտասանել ավելի կարոտով, քան ոգևորությամբ: Ինչը, ի դեպ, նույնպես բարձրացնում է արժանահավատության մակարդակը:
Սակայն ոչ միայն հանուն արժանահավատության են Դոստոևսկու հերոսները գրեթե կալվինիստական համառությամբ իրենց հոգին մերկացնում ընթերցողի առջև: Այլ պատճառ էլ կա, որ ստիպում է Դոստոևսկուն շրջոնք դարձնել նրանց կյանքն ու քննել նրանց հոգու դարձերեսի բոլոր ծալքերն ու կնճիռները․ և դա Ճշմարտության ձգտումը չէ: Քանի որ նրա հավատաքննության արդյունքները վերհանում են են ավելին՝ ավելին, քան Ճշմարտությունն է․ դրանք մերկացնում են կյանքի բուն հյուսվածքը, որը շատ խղճուկ ու աննախանձելի է: Այդ անելուն նրան մղում իր լեզվի ամենակեր ագահությունը, որը գալիս-հասնում է մի կետի, երբ այլևս չի բավարարվում Աստծով, մարդով, իրականությամբ, մեղքով, մահով, անվերջությամբ, փրկությամբ, օդով, ջրով, կրակով, փողով․․․ ու սկսում է խժռել ինքն իրեն:

1980

Թարգմանությունը ռուսերենից` Լեոնիդ Զիլֆուղարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *