Հանուն հայրենիքի չեն մեռնում միայն, նաև ապրում են:
Լուսինե Հովհաննիսյան
Երկնակամարում Արեգակի տեսանելի դիրքին համապատասխան՝ տարին բաժանվում է չորս եղանակի՝ գարուն, ամառ, աշուն և ձմեռ: Եղանակները հերթագայում են, և ինչպես ասվում է հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկիի «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ… և նորից գարուն» գեղարվեստական ֆիլմում՝ «Մարդու կյանքը փոխվում է տարվա եղանակների նման»: Մենք ի զորու չենք կանխել սպասվելիք իրադարձությունները, այնպես, ինչպես չենք կարող կանգնեցնել տարվա եղանակների հերթափոխը։ Ինչպես անցնում են գարունը, ամառը, աշունը, ձմեռը, և նորից գալիս է գարուն, այնպես էլ կյանքում բոլոր ցուրտ պատերազմներից հետո գալիս է խաղաղ եղանակ:
Մենք տարվա բոլոր եղանակներին ապրում ենք հռոմեական դիցարանից եկած Յանուսի ոգով, ինչքան էլ նայենք առաջ՝ ապագային, միշտ հետհայացք ենք ունենալու դեպի անցյալ, դեպի մեր պատմություն:
Վավերագրական գրականությունը գրականության ինքնուրույն տեսակ է, որի օբյեկտիվ հիմքն ու առարկան փաստերի, փաստաթղթերի, իրական դեմքերի ու դեպքերի ճշմարտապատում աշխարհն է։ Վավերագրական գրականությունը ակունքներով ու զարգացման ուղիներով կապվում է գիտության, արվեստի, հրապարակախոսության, սոցիոլոգիայի և հոգևոր գործունեության այլ ոլորտների։
Լուսինե Հովհաննիսյանի «Տարին ունի շատ եղանակ» գիրքն ունի կառուցվածքային յուրահատկություն։ Այն բաժանվում է երկու մասի` «Գրական վավերագրություն» և «Վավերական գրականություն», և դժվար է տարբերել, թե որ մասում է առավել շատ գրականությունը, որում՝ վավերագրությունը: Հենց սա է Լուսինե Հովհաննիսյանի ոճական առանձնահատկությունը: Նա լրագրողական ճշգրտությամբ պատմում է յուրաքանչյուր դեպք: Լեզուն միշտ էլ գեղեցկացրել են բարբառները: Գրքում մանկության հուշերը համեմված են Արցախի բարբառով:
Հեղինակի մանկությունն ասես արևածագ լինի՝ գեղեցիկ, ջերմացնող, բազմագույն և․․․ անհասանելի: Նա պատմում է իր կյանքն արևածագից հետո՝ երբեմն անձրևոտ ու քամոտ, երբեմն խաղաղ ու արևոտ: Վերադառնալով ներկա՝ միշտ գնում է մանկություն, գյուղ, ծննդավայր,… արևածագ:
Գրքի առաջին մասում հեղինակի «ես»-ը ոչ միայն որպես խոսքի սուբյեկտ է, այլ նաև ինքնանկարագրման և ինքնապատկերման օբյեկտ: Ինչպես նշում է Բախտինը. «…ինքնակենսագրության օբյեկտը ոչ միայն սեփական անցյալի աշխարհն է` հասուն գիտակցականի և ընկալման լույսի ներքո` հարստացված ժամանակային հեռանկարներով, այլև այդ աշխարհի նախկին գիտակցումը և գնահատումը (մանկական, պատանեկան, երիտասարդական)»:
Լուսինե Հովհաննիսյանի իքնակենսագրականի փաստացիությունը հագեցած է գեղարվեստական տարրերով:
«Ղարաբաղում վիշտը տարօրինակ են ապրում: Ղարաբաղում վիշտը ապրում են: Ապշելու կենսունակությամբ են թաղում, տառապում ու ապրում»:
Կյանքը շարունակվում է: Իհարկե շարունակվում է, բայց արդեն առանց նրանց: Արդյոք կսպիանա՞ն այդ վերքերը, կամ եթե նույնիսկ սպիանան, մի՞թե այդքան հեշտ է: Հենց այդ սպիերն են, որ դաջվում են մեր՝ շարունակվող կյանքերում:
«Ղարաբաղում միմյանց մարմնական թերությունները դարձնում են գրականություն, սուր գրականություն ու չեն նեղվում դրանից, ստեղծում են մարմնական արատների բանահյուսություն ու արատը չեն զգում, որովհետև արատը դառնում է հանրության ունեցվածքը, դադարում է պատկանել մեկին, ու այդ մեկը էլ չի նեղվում»:
«Այս երկրում ամեն մարդ գեղարվեստական գրքի նյութ է, գունեղ՝ կոմիկականը ողբերգականին սահուն խառնած, գրական պերսոնաժի նախատիպեր»:
Գրքի երկրորդ մասն ասես հուշատետր լինի, որտեղ արձանագրված են 2016-2017 թթ. իրադարձությունները: Քառօրյա պատերազմից հետո սահմանային դիրքերում անցկացրած պահերի, դեպքերի պատմումն է: Զինվորների հետ շփումն աննկարագրելի զգացողություն է, երբ գրկում ես նրանցից յուրաքանչյուրին, ուզում ես շշնջալ երկու բառ՝ «կներես» և «շնորհակալ եմ»: Բայց ինչպես հեղինակն է ասում՝ «մենք երբեք չենք ասում այն, ինչ ուզում ենք…»։
Պիրանդելոյի պիեսի հերոսներից մեկի արտահայտմամբ այստեղ ոչինչ նոր չի կարող պատահել, քան այն, ինչ արդեն ինչ-որ ժամանակ պատահել է, և որը հիմնականում հայտնի է շատերին:
«Պատերազմին մասնակցում են բոլորը. նրանք, ովքեր կռվում են, նրանք, ովքեր չեն կռվում, ովքեր հերոսանում են, ովքեր փախչում են: Պատերազմին մասնակցում են բույսերը, կենդանիները, պատերազմի ժամանակ տերևները կանաչում են, կովերը ծնում են, շները՝ նույնպես, կանայք ծննդաբերում են, վարդերը բացվում են հակառակորդի թողած քաղաքներում, խփված տանկերի կողքին ու անպայման՝ ալ կարմիր: Պատերազմին մասնակցում են բոլորը, ովքեր ապրել են պատերազմի տարածքում: Պատերազմին մասնակցում են նաև հիմարները՝ անհոգ, բայց եռանդուն…»։
Հեղինակի լեզուն էսթետիկ է: Նրա խոսքը ասես լրացնեն նուրբ ու տեղին նկարագրությունները: Մի տեսակ ապրեցնող գիրք է:
Մարտունու զորամասի գրադարանի մասին կարդալիս պարզապես չենք կարող թաքցնել հիացական ժպիտը: Հայ զինվորը նույնիսկ սահմանին չի մոռանում գրականության մասին: Չհանձնվելու և միշտ առաջ գնալու լավատեսական ուժը հաղթանակ է մեր ներսում:
«Պատերազմների սկզբում պատերազմն անվերջ է թվում, սարսափը նաև անվերջության մեջ է: Ու վերջում պարզվում է, որ բոլոր պատերազմները հստակ տևողություն ունեն՝ մի քանի տարի, մի քանի ամիս, մի քանի շաբաթ, մի քանի օր, այդ ամբողջ ընթացքը նույնիսկ կարելի է վերածել ժամերի ու րոպեների… ու՝ վերջ: Ու պետք է ողջ մնալ, ու պարզվում է՝ կարելի է ողջ մնալ ու նույնիսկ՝ առողջ»:
Մենք երբեք չգիտենք, թե պատերազմը երբ նորից կսկսվի…
«Մեռյալները մեռան՝ հայրենասիրությունն անմեռ է»:
Հայրենասիրությունը երբեք էլ չի մեռնի, գոնե այն ազգի համար, որն այդքան փորձությունների միջով է անցել: Հայրենասիրությունը սերերից կարևորն է:
«Ես ամբողջ կյանքում արթնացել եմ առավոտյան վեցին ու գործից տուն եմ եկել ութին, ես ուզել եմ լավ ապրել և աշխատել եմ, իսկ հիմա ինձ ասում են՝ քո տունը դատարկ է, ու դու տուն չունես»։
Ոչ մի գաղափար չի կարող մարդուն ստիպել լքել իր տունը և դառնալ փախստական: Մենք եկվորներին «չենք ընդունել»: Մենք սիրում ենք պիտակավորել մարդկանց՝ «փախստականներ», «բաքվեցիներ», «գաղթականներ», «ախպարներ» և այսպես շարունակ: Խնդիրն առավել խորքային է: Սա էլ է հայրենասիրություն․․․
«Զինվորին պետք է բացարձակ արժեք դարձնել, զինել, ապահովել նրա՝ սկզբում անապահով, իսկ հետո վտանգված կյանքը հնարավոր ամեն ինչով, ու բոլոր գյուղերը կապրեն…»։
Հեղինակը ներկայացնում է ոչ միայն անցյալը, այլև ապագան։ Ապագան ինչքան էլ շոշափելի չէ, այնուամենայնիվ, ծնված է սիրուց, ինչ-որ տեղ՝ զայրույթից: Ինքը տալիս է բանաձևը՝ խաղաղ ապրելու, հարատևելու անխախտ երազը, որ ի վերջո պիտի դառնա իրականություն։
Թող այլևս չգրվեն գրքեր, որոնք կպատմեն նոր պատերազմների մասին:
ՀՊՄՀ, հայ բանասիրության ֆակուլտետ, մագիստրատուրա