ժամանակը
եթե մի փոքր
երկարեր ժամանակը
ես կգրեի
բոլոր ծառերի մասին
թռչունների անհետացող տեսակների
(նրանց անկումներն ու
վերելքները հատ-հատ)
կովկասյան հովազի
հայկական մուֆլոնի
և կենտավրոսների
որ երբեք չեն եղել
հավանաբար
ես գրում եմ այն մասին
որ կարճ է
անկարելի կարճ է
ժամանակը
տարին
բառը բառի վրա –
օրեր են
տողը տողի վրա –
ամփոփվում է
տարին:
քայլի՛ր
երբ բոլորը կախել են
գլուխները
ու քամին խուժում է
վերքերի մեջ ծառի
բաց թող արևին
արձակիր երազներդ
ու ների՛ր
ներիր
բոլոր նրանց
որ քոնը
չեղան երբեք:
բառը բառի վրա –
օրեր են
ու տարին որ
չես ապրել երբեք
ամփոփում է
քեզ
լռում է օրը
որքան լուռ է
օրը
առաջ մտածում էի
որ լուռ օրերն
իմաստուն են
բայց չէ
լռում է օրը
որովհետև
ոչ մի գաղտնիք չունի
ոչ մի գաղտնիք
չունի
գիշեր
օրվա ողջ տաղտուկը
թաքցնում ես
փակ դռան ետևում
և մի փոքր
միայն մի փոքր
բացում պատուհանը
ծխից
ազատվելու համար
եթե նայես պատուհանից
կտեսնես
որքան մենակ են աստղերը
որքան մենակ է փողոցը
և մեքենաները
մենակ
այս ժամին
եթե նայես պատուհանից
պարզապես ամուր
հպվիր պատուհանագոգին
որ չնետվես հանկարծ
աշունը մեզ սիրում է հավասար
գրելու համար
լավագույն ժամանակն է
աշունը
լավագույն ժամանակն է
սիրահարվելու համար
աշունը մեզ սիրում է
հավասար
ու թաց ենք բոլորս
հոգիները դատարկում են
ծառերն
ասես հարբած
դու կարող ես կարդալ
և տեսնել այն ինչ չես տեսել
– գրիր իմ մասին
խնդրում է ինձ ծառը
– գրիր իմ կորցրած տերևների մասին
ես ծառին նայում եմ
քո աչքերով
կամ ծառն է քո աչքերով
նայում ինձ
թե իմ
թե ծառի համար
արդեն միևնույն է
ասում են գրելու համար
լավագույն ժամանակն է
աշունը
լավագույն ժամանակն է
սիրահարվելու համար
աշունը ինձ քեզ և ծառին
սիրում է հավասար
ու գալիս է անձրևը
հետգրություն
սիրելիս, երբ կհասկանաս
որ ոչինչ նշանակություն չունի
(երեկը,
այսօրը,
վաղը,
ժամանակը)
մենք կհանդիպենք նորից՝
առաջին անգամ:
միայն խնդրում եմ
փոքրիկ մի տեղ պահիր.
իմ գլուխն այնպես թեթև էր
ծնկիդ տեղավորվում
ընտրություն
մի քանի բանաստեղծություն
գրել՝
գիշերը հաղթահարելու համար
թեև ասում են
մարդն է որ
պիտի հաղթահարվի
փոքրիկ դիմադրություն
քո տեսքով՝
փողոցով անցնում է Պոետը
կանգնում
ծխում է պատուհանիդ
տակ
ծուխը լցվում է սենյակդ
ժամն է ընտրության.
դու բարիկադի
ո՞ր կողմում ես
վերադարձ
տարածություն, որ անցել ես
ու ժամանակ, որ չի եկել
(որ երբեք չի գալիս ժամանակին)
ինչ համառ են քայլերը
ու ինչ անփույթ ` ճանապարհները
գծված:
բաց թողած խաչմերուկներ,
ես հեռանում եմ լուսնից
ու մոլորվում:
փոքրիկ մանուկ,
որ անմեղ չէր բնավ
ինչպես հիշում ենք
փոքրիկ օրորոց,
որ փոքր չէր այդքան
որքան թվում է
խաղալիք
ավտոբուսը
վերջին –
ճիշտ
ժամին՝
անկենդան
ուղևորներով
բեռնված
ես հարբած էի երևի
երբ անցա սահմանը
հարբած –
ինչպես Հայրը` արարման պահին
և հարբած էլ ետ եմ գալիս:
մի քանի քայլ
ու ես հեռանում եմ լուսնից
(ու նեղլիկ փողոցներ, որ էլ չեմ անցնելու)
առջևում տեսիլքն է՝ օրորոց
ետևում քամիներ.
սառը քամիներ, որ արձագանքում են
դատարկ շշերից:
(ես գնում եմ
այնտեղ՝
ուր
որ էի,
որ
դառնամ այն՝
ինչ
չեմ դարձել)
մի՛ վախենա
խոր շունչ քաշել
հենվել բազկաթոռին
և կիսանստած փակել
աչքերը
հավասարապես
քնած
ու հավասարապես
արթուն
հավասարապես
կյանքի ու մահվան
միջև
փակիր աչքերդ
ու նայիր
օրերի լցված աչքերի
մեջ