«Չէ որ ես քեզ բերո՜ւմ էի թարմ ծաղի՜կ-նե՜ր…»
-Ինձ համար դիմակ կբերե՞ս…
-Տանը նստած ինչի՞դ է պետք:
-Պատշգամբ եմ դուրս գալու:
– Ի՞նչ անենք…
– Ինչ անենք. կորոնավիրու՛ս ընկնենք: Հարևան Շողիկը որ օը մի քանի անգամ լվացք փռի-հավաքի, ես էլ պատշգամբում ծաղիկները ջրելիս կամ ուղղակի նստած լինեմ, ի՞նչ կարող է լինել… Իրենք մեծ ընտանիք են, շփումները՝ շատ, ես էլ մաքուր օդ պիտի շնչե՞մ, թե չէ… Էլ չեմ ասում, եթե…
-Լավ, մի շարունակիր, կբերեմ:
-Բայց բժշկական լինի, ծայրին՝ մետաղիկով, որ քիթս լավ բռնի…
-Թե չէ քիթդ կփախնի՞՚՚՚… Երանի քո հավեսին,-ասաց Սուրենն ու դուրս եկավ տնից:
Դիմակը դրեց, երբ փողոցի կենտրոնական հատվածին էր հասնում, այն էլ, որպեսզի չտուգանվի: Բաց տարածքում քիթը փակ, կիսատ շնչելուց ավելի շատ վնաս կարելի է ստանալ, քան կորոնավիրուսով վարակվել: Ունքը հանելու տեղը աչքն են հանում: Լավ է գոնե աշխատավայրը բացեցին:
Մյուս օրը, տնից դուրս գալիս, կինը, թե՝
-Ինձ դիմակ կբերե՞ս, խնդրում եմ, բայց էն սևերից…
– Ինչ է, ձեռ ե՞ս առնում, երեկ չբերեցի՞:
– Ե՞ս, էդ դու՛ ես ձեռ առնում: Ես օրինապահ քաղաքացի եմ: Վարչապետը չասե՞ց՝ 3-4 ժամը մեկ փոխե՛լ դիմակը: Ես ամբողջ օրն եմ դրել-հանել. քանի անգամ պատշգամբ մտել-դուրս եմ եկել, երկար նստել այնտեղ, պատուհանից դուրս նայելիս էլ եմ դրել… Ինչքա՞ն կարելի է նույն դիմակն օգտագործել: Չի՛ կարելի: Մի բան լինի, դու՛ ես մեղավոր,- ասաց ու հոնքերը կիտեց ողջ երեկո: Հաջորդ օրը ստիպված էր հետը «էն սևերից» բերել: Կնոջ աչքերը փայլեցին, ասես զգեստ կամ ծաղկեփունջ էր նվեր ստացել: Իսկույն փաթեթից հանեց, մոտեցավ հայելուն, դրեց դեմքին, սկսեց աջ ու ձախից զննել իրեն: Բերանը փակ էր, բայց սև դիմակի տակից պարզորոշ սպիտակին էր տալիս ժպիտը…
Հաջորդ օրը Սուրենը տուն վերադարձավ առևտուրի ծանր բեռը ձեռքերին: Հոգնած ցած դրեց տոպրակները ու խորը շունչ քաշեց: Արդեն երկու ամիս է՝ այսպես են առևտուրն անում՝ ամեն բան մեկ վայրից, համեմատաբար ապահով է, նաև՝ հարմար:
-Հաց ունեի՞նք, չասացիր՝ բերեմ:
-Մոռացել էի: Ոչինչ, ես կգնամ, հացի խանութը մոտիկ է, հո նորից դուրս չե՞ս գա միայն հացի համար…
Սուրենի զարմանքն ավելի մեծացավ, երբ կինը արագորեն զգեստափոխվեց, սև դիմակը ձեռքին՝ պատրաստ կանգնեց դուրս գալու, ասես մեկ ժամ առաջ արդեն պատրաստված լիներ դրան:
Աչքերը գեղեցիկ շպարված էին, հոնքերը՝ գծված: Սև դիմակը խնամքով դրեց դեմքին ու միջանցքի հայելու առջև դեմքն այսուայն կողմ արեց. հոնքերն ավելի գեղեցիկ, ընդգծված երևացին սև դիմակով, ասես դրանց եզրերը հենց հոնքերին զուգահեռ էին արված… Սև դիմակի տակից վստահաբար սպիտակին տվեց ժպիտը…
-Բայց ասա՛, որ սազում է,- չդիմացավ կինը:
-Դիմակի սազե՞լը որն է, գժվել ե՞ս: Հոգնած չեմ, կգնամ, համ էլ սիգարետ էլ եմ մոռացել…
-Չէ՛,- բացականչեց կինը,- սիգարետ էլ կբերեմ:
Սուրենը հասկացավ, որ սա ավելի լուրջ է, քան կարող էր ենթադրել: Սև դիմակը մինչև աչքերը քաշած, որպես արևելյան գեղեցկուհի, կինը մրահոն-շպարված աչքերով սաստեց ամուսնուն ու երկար, սև կիսաշրջազգեստի փեշերն առաջ գցեց:
-Սև գլխաշոր էլ լիներ, կդառնայիր արաբ շեյխուհի…
Կինը չլսելու տալով՝ արագ առաջ անցավ: Բայց դա միայն տղամարդուն կարող էր թվալ, թե նա չորսաց ասածը:
Քանի օր է, ըստ պաշտոնական տվյալների, վարակվածների թիվը ոչ միայն չի պակասում, այլև ավելանում է: Հայաստանը տարածաշրջանում վիրուսով վարակվածների թվով դարձավ առաջատարը: Սահմանափակումները դեռ կմնան: Ընկերն ասում է՝ ինֆեկցիոն հիվանդանոցում տեղ ու դադար չկա, բժիշկները հազիվ են հասցում: Նոր կլինիկաներ պիտի վերապրոֆիլավորեն կորոնայով հիվանդների համար: Միայն թե մահերի թիվը պակասի, օրական 10-15 մահը չափազանց շատ է: Սուրենը ակնոցը վայր դրեց՝ մտահոգ հայացքը հեռացնելով համակարգչի էկրանից: Նույն լրահոսը հեռուստատեսությամբ է: Փոխեց մի քանի ալիք, նույն լուրերն էին: Շատ, շատ մտահոգիչ է:
-Մի րոպե, մի րոպե, ո՞ր ալիքն էր, հետ տուր, խնդրում եմ:
-Ինչ ասա՞ց որ, նույն բանն էր, նույն տեղեկությունը, ինչ քիչ առաջ լսեցինք:
-Չէ՛, չէ՛, հաղորդավարուհու դիմակը շատ հետաքրքիր էր, ուզում եմ նորից նայել:
Սուրենի բերանն ակամա բացվեց, թեև ոչ մի բառ այնտեղից դուրս չեկավ… Ծխելը կօգնի: Դուրս ելավ պատշգամբ, վառեց գլանակը, ծուխը խորը ներս քաշեց: Արև է ելնում: Լավ է, ասում են՝ վիրուսը կենսունակ չի տաք եղանակին: Հույս կա, որ կնահանջի: Աչքն ընկավ դիմացի լվացքի պարանին: Պարանից կախված էին թարմ լվացված դիմակներ՝ սև, սպիտակ, երկնագույն, նախշերով, աննախշ… Իսկական դիմակահանդես: Մի պահ թվաց՝ աչքին է երևում: Դիմացի շենքից, թե որտեղից, ծանոթ երգի հնչյուններ լսվեցին. «Չէ որ ես քեզ բերո՜ւմ էի թարմ դիմա՜կ-նե՜ր…» Հը՞ՙՙ, ականջին լսվե՞ց, ա՜յ քեզ բան… Կարո՞ղ է դա էլ փոխեցին… Լսողությունը լարեց, որ նորից լսի կրկներգը, բայց երգն ավարտվեց: Ինքը լավ գիտի, որ երգի մեջ «դիմակ» չի ասվում… Հայացքը գցեց օրորվող դիմակներին ու հնչած երգի տողը ակամա երգեց քթի տակ, խնդմնդաց լսածի ու երգածի վրա: Դիմակներն էլ ասես, որպես հաստատում, աչքով արեցին ու ժպտացին բարձրից… Սուրենը նորից երգեց թվացյալ, թե լսյալ երգի կտորն ու իսկապես սկսեց ծիծաղել…
Ներսից լսվեց կնոջ ձայնը: Արագորեն լրջացավ ու իրեն շտապ ներս գցեց. հանկարծ կինը դուրս չգա պատշգամբ ու տեսնի այն նախշերով դիմակը, որ որպես առաջատար, կենտրոնում էր ծածանվում… Իսկ պարանից կախված դիմակներն ամենևին չէին շտապում, ծույլ օրորվում էին արևի շողերի տակ, ժպտում ու սեթևեթում…