Երբեմն առավոտները քնից արթնանում էի և ուզում ճմռթված գիշերազգեստով, գզգզված մազերով, թարս ու շիտակ գուլպաներով հեռուստացույցի դիմաց նստել, մուլտֆիլմ նայել: Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմներն էի շատ սիրում: Ուզում էի առաջս անկորիզ խաղող դնել ու «Մոխրոտիկը», «Քնած գեղեցկուհին», «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» նայել: Ուզում էի Մոխրոտիկ, Քնած գեղեցկուհի ու Սպիտակաձյունիկ լինել, սպասել իմ արքայազնին, որն տձև դդումս կառքի կվերածի ու կարթնացնի իմ մեջ սիրո զգացումը: Ինձ համար մի մեծ ու գեղեցիկ դղյակ կկառուցի, դղյակ, ուր ճաշ եփելուց, փոշի սրբելուց ու լվացք անելուց խոսք չի լինի, այնքան մեծ դղյակ, ուր գիշերները ծծկեր երեխայիս լացի ձայնն ինձ քնից չի հանի կամ թե կեղտոտ տակաշորի հոտից քնահարամ չլինեմ:
Ուզում էի, որ ցերեկը, երբ արքայազնս իր փոշոտ փեյքանով աշխատանքից տուն վերադառնա, տեղիցս վեր թռչեմ, և մինչդեռ բանալին կպտտեցնի մեր փոքրիկ բնակարանի կողպեքում, աչքերս փակեմ-բացեմ, ու ղորմեսաբզի ճաշը պատրաստ լինի, իսկ զաֆրանով ֆլավի վրայից տաք գոլորշի բարձրանա, նոր թխված բարբարի հացը սեղանին բազմած լինի, իսկ բողկերն էլ կանաչու զամբյուղի միջից հեզիկ ժպտան, ու ես ուրախ ժպտալով ասեմ. «Սիրելի՜ս, ի՞նչ նորություն կա»: Արքայազնս մի փունջ նարգիզ կմեկնի ինձ ու կասի. «Ես քեզ սիրում եմ»: Ապա կգնա մեր մանկիկի կողմը, որը խաղա՜ղ, ճիշտ և ճիշտ հեռուստացույցի միջի գովազդի երեխաների նման ջինջ երկնագույն շապիկով իր աթոռակում նստած «աղղո՜ւ» կասի, և արեգակը պատուհանից նարգիզներին կժպտա, սենյակում կտարածվի մի անուշ մեղեդի, և ես կնայեմ իմ մաքուր, կոկիկ ու հարմարավետ դղյակին ու շունչ կքաշեմ. «Ա՜խ, ինչ երջանիկ եմ ես…»:
Երբ սանրվում էի, նկատեցի, որ սպիտակները շատացել են: Մայրս ասում էր. «Մազերդ ներկի՛ր. ամուսինդ դեռ երիտասարդ է, իսկ անմարդ ջահել կանայք` լի՜քը»: Երբ ամուսնուս էի նայում, ծիծաղս գալիս էր: Մտածում էի. «Ո՞ր մի ջահել աղջիկն աչք կտնկի իմ այս մռայլադեմ «արքայազնի» վրա: Բայց, ախր, հենց ես եմ տարիներ շարունակ իմ արքայազնից խլել իր բույրը, սիրահարի ժպիտը, աչքերի փայլը: Ես` զմրուխտե քաղաքի չար ու նենգ կախարդս: Էլ ո՞ր կինը կսիրահարվի իմ հալ ու մաշ եղած արքայազնին»:
Մեկ մեկ առավոտները գզգզված մազերով, ճմռթված գիշերազգեստով ման էի գալիս տան մեջ ու կեղտոտ շորերը բաղնիքից, գետնի, աթոռների, մահճակալի վրայից հավաքում, լցնում լվացքի մեքենան: Սեղմում ես կանաչ, ոսկեգույն կամ էլ դեղին կոճակ, և մեքենան լվանում է շորերը: Ձեռքերս միշտ են պարտական ամուսնուս:
Երեխայի տակաշորերը, սավանները, վերնաշապիկներն ու երեսսրբիչները ձեռքով լվանալու փոխարեն մատներս հանձնում էի գլանակի երանությանը: Նայում էի սպիտակ, կանաչ, կապույտ շորերին, շրջազգեստներին, ներքնաշորերին, տաբատներին ու կեղտոտ թաշկինակներին, բարձի երեսներին, սփռոցներին – կյանքիս այդ անբաժանելի մասնիկներին, որ պտտվում էին լվացքի մեքենայի մեջ: Մայրս ասում էր. «Հագուստները պետք է առանձին-առանձին լվանաս. ներքնաշորերը` իրար հետ, մանկական շորերը` իրար…»: Բայց ես բոլորն իրար հետ էի լվանում: Նա ասում էր` հիգիենիկ չէ: Քմծիծաղ էի տալիս: Մայրս ասում էր. «Փառք տուր Աստծուն, որ պարտավոր չես սառը ջրով ու օճառով ձեռքի լվացք անել… Մեր ժամանակ…»: Եվ ես մտածում էի. «Երանի մարդուն միշտ կյանքին կապող մի օղակ լինի. ասենք հագուստ կամ մի դամբարան` ոսկեզօծ աստիճաններով, մի լավ աշխատանք, պարգև, պաշտոնի բարձրացում, կամ թե բանկում թողած ավանդ, մի մեծ տուն` նորաձև կահույքով, ադամանդե մատանի, «Louis Vuitton» պայուսակ, «Rolex» ժամացույց, հարսանիք մի շքեղ հյուրանոցում, մի թմբլիկ երեխա, որի օրագիրը լի է «10»-երով, ընկերներ, որոնց հետ պայծառ զրույց կանի համեղ ֆենսանջան եփելու գաղտնիքներից, կամ էլ կբամբասեն մեկ այլ ընկերոջից, կամ թե միասին կգնան վարսավիրանոց»:
Կար մի ժամանակ, երբ գլխապտույտներ էի ունենում: Կապ չուներ` կանգնած եմ, նստած թե քնած: Զգում էի, որ հավասարակշռությունս կորցնում եմ: Զգում էի, որ հողը ոտքերիս տակից փախչում է: Ձեռքս երկարում էի, որ մի բանից կառչեի ու չընկնեի, բայց ոչինչ չէի գտնում: Մայրս ասում էր. «Մրսած ես»: Եվ ամեն օր հալած նաբաթ էր խմեցնում: Ամուսինս ծննդյանս օրը որպես նվեր աման լվանալու մեքենա ու հյութաքամիչ գնեց: Մի օր նրան ասացի. «Եթե մի այնպիսի բան լինի մոտս, որից կարողանամ բռնվել, վիճակս կբարելավվի, ու էլ չեմ ընկնի»: Մայրս ու ամուսինս իրար նայեցին ու ոչինչ չասացին: Մի քանի օրից մայրս մեր տուն եկավ և երեխային գրկեց: Ամուսինս ասաց` գնանք: Գնացինք:
Հոգեբույժի կլինիկայի ընդունարանը տգեղ էր ու վանող: Հատակի մուգ կտորը մի քանի տեղից փոնթ էր տվել: Կոշիկիս կրունկը կպավ փոնթերից մեկին, ու քիչ էր մնում ընկնեի մի երիտասարդ կնոջ վրա, ով նստած էր արհեստական կաշվից սրճագույն բազմոցին և աչքերը չռել էր մի ծաղկամանի վրա, ուր երեք արհեստական մեխակ կար: Ամուսինս ձեռքս բռնեց, և ես այդ կնոջից ներողություն խնդրեցի: Ամառ էր. հետմիջօրե: Գիտեի` դրսում արևոտ եղանակ է, բայց այդ ընդունարանում այնքան մութ էր, որ ցերեկային լույս էին վառել: Ամուսնուս ասացի. «Էս տեղը ոնց որ լրիվ դիահերձարան լինի»: Ամուսինս ժպտաց, ձեռքս սեղմեց ու ասաց. «Սիրելիս, հանգի՛ստ եղիր», և ես հասկացա` նկատի ուներ` լռի՛ր:
Նստեցի արհեստական կաշվե բազմոցներից մեկին` հենց այն կնոջ դիմաց, որի վրա քիչ էր մնում` ընկնեի: Մի քանի րոպեից մեջքս ու ոտքերս սկսեցին քրտնել: Նեյլոնե զուգագուլպան կպել էր ոտքերիս: Սկսեցի անհանգիստ շուռումուռ գալ: Արհեստական կաշին ճռճռաց: Ամուսինս ինձ էր նայում: Զզվում եմ այս նեյլոնե գուլպաներից: Նա ասաց. «Սիրելիս, հանգիստ եղիր»: Լռեցի ու մտածեցի. «Ինչո՞ւ, երբ զզվում եմ նեյլոնե գուլպաներից, պարտավոր եմ դրանք հանգնել ու դեռ մի բան էլ` չկարողանամ ասել, որ ատում եմ դրանք»: Մեր հերթը հասավ: Բժշկի սենյակ գնացինք: Ամուսինս բռնել էր ձեռքս ու ամուր սեղմում էր: Թևս ցավում էր: Հոգեբույժը նստած էր մի մեծ սեղանի հետևում: Նիհար էր: Սրածայր մորուք ուներ և օպտիկական ակնոց էր կրում: Հարցրեց.
– Ինչպե՞ս եք:
– Լավ եմ, միայն թևս է ցավում,- պատասխանեցի:
– Ձեր թև՞ն է ցավում: Ցավը երբվանի՞ց է սկսվել:
– Երեսուն վայրկյան առաջ:
Հազաց, ապա ակնոցն ուղղեց ու ասաց.
– Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը:
– Կարծում եմ` պատճառն այն է, որ ամուսինս ձեռքս շատ ամուր է սեղմում:
Ամուսինս սարսափահար ինձ նայեց ու հետ քաշվեց: Ասացի.
– Հիմա էլ չի ցավում:
Հոգեբույժը թղթի մի կտորի վրա ինչ-որ բաներ էր գրում: Զգացի` վրաս ծիծաղում է: Իր դեմքին ծիծաղ չկար, բայց ես զգում էի, որ ծիծաղում է: Ինքս ինձ ասացի. «Սիրելիս, հանգստացի՛ր»: Վիզս երկարեցի, որ տեսնեմ` թղթի վրա ինչ էր գրում: Թուղթն արագ մի կողմ քաշեց, բայց ես տեսա, որ թղթի վրա ծիծաղող դեմքեր է նկարում: Ուզում էի ասել. «Ոչինչ, փույթ չէ: Ես էլ եմ հաճախ ձեռքս ընկած ամեն ինչի վրա ծիծաղող դեմքեր նկարում»: Հոգեբույժը հարցրեց.
– Ի՞նչ եք սիրում:
– Ուոլթ Դիսնեյի մուլտերն ու անկորիզ խաղող…. հաա՜, մեկ էլ սիրում եմ ծիծաղող դեմքեր նկարել:
Մի քանի վայրկյան բերանը բաց էր մնացել: Մի քանի անգամ հազաց ու ասաց.
– Իսկ ի՞նչ չեք սիրում:
– Նեյլոնե գուլպաներ ու մեկ էլ, երբ մեկն անընդհատ թևս սեղմում է:
Հոգեբույժը մեկ այլ թղթի վրա ինչ-որ բաներ գրեց: Զգացի` թուղթը դիտավորյալ իմ կողմն ուղղեց, որ ես տեսնեմ. այս անգամ ծիծաղող դեմքեր չէր նկարել: Ասաց.
– Այս հաբերից օրը երեք հատ խմեք` առավոտյան, կեսօրին, երեկոյան: Ձեր վիճակը կբարելավվի:
– Այսինքն` կնպաստի, որ էլ Ուոլթ Դիսնեյի մուլֆիլմերը չսիրե՞մ:
Նայեց, նայեց, էլի նայեց ու ասաց.
– Ո՛չ, կնպաստի, որ ծիծաղող դեմքեր չնկարեք:
Սկսեցի ծիծաղել: Հոգեբույժն էլ էր ծիծաղում: Իսկ ամուսինս ոչինչ չասող հայացքով մեզ էր նայում:
Չգիտեմ` ինչքան ժամանակ է, որ երբեմն հոգեբույժի հետ նստում ենք ու Ուոլթ Դիսնեյի մուլտերը նայում մի մեծ, կոկիկ ու սիրուն դղյակում, ուր չկան կեղտ ու փոշի: Հոգեբույժս խաղողը կտահան է արել, և ես երբեք մազերս չեմ սանրում: Նրա մորուքը շա՜տ է երկարել: Ես նեյլոնե բոլոր զուգագուլպաներս դուրս եմ թափել, և քանի որ նա չէր ուզում, որ գուլպաներս ուղղեմ, միշտ դրանք թարս ու շիտակ էի հագնում: Իսկ նա ձեռքն ընկած ամեն ինչի վրա ծիծաղող դեմքեր է նկարում և ինձ համար պատմում այն կնոջից, ով նստած է ընդունարանում ու աչքերը չռել է երեք արհեստական մեխակների վրա:
Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի