ՏԱԹԵՎ ԱՅԱՍ | Ուրիշ բաների ժամանակը

Տաթև Չախչախյան

ՈւՐԻՇ ԲԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Տատս ասաց.
-Հայրենիքի մասին մի բան կարդա:
Ասացի.
-Չունեմ:
-Սիրո մասին գործդ կարդա:
-Տատ… չկա…
-Աշնան մասին… Տերյանի պես…
-Դե… Չեմ գրել…
-Բա ի՞նչ ես գրել:
-Ո՞նց ասեմ, տատ,
հիմա լինել-չլինել չկա,
աստված-չաստված չկա,
աշխարհում լիքը ուրի՛շ մարդ կա,
գլոբալիզացիա,
հազար ու մի ֆեդերացիա,
Մինսկի խումբ կա,

վրաց-օսական պատերազմ
ու բալկանյան խժբժոց կա,
Տիբեթի ինքնորոշում կա,
ջհուդամասոնական դավադրություն,
ու հոմոֆոբիայի դեմ պայքար կա:
Ամերիկայում սև նախագահ կա
-Յի՜ա…
-Բա՜… Դիսկրիմինացիա չկա:
Մոդեռն, պոստմոդեռն կա
ու դրա վրա խախտվածներ կան…
Ճգնաժամ կա:
-Էդ հա էլ կա…
Թրաֆիկինգ կա,
պեդոֆիլիա,
տեռոր-մեռոր,
շահիդ-մահիդ,
ֆուն-դա-մեն-տա-լիզմ ու
ուզածիդ չափ –իզմ կա:
(Տատս քաշեց վարագույրը
ու ասաց, որ լիքը ճանճ կա):
-Տատ, վախտը չի,
լիքը հարց կա…
Ու Հայ դատ կա:
-Էդ հլը՞ կա:
-Սահման-մահման…
-Վա՜յ, այ բալա…
Ֆուտբոլային դիվանագիտություն կա:
-Էդ ո՞րն ա:
-ԻՆՔԸ կիմանա:
Ղարաբաղ կա, տատ,
ուր 14 հոգանոց ընտանիք կա:
-Պատերազմը պրծե՞լ ա:
-Չէ, զինվորների պակաս կա:
Ազատ, թափանցիկ ընտրություններ կա:
-Էդ որտե՞ղ, բալա:
Բաց պորտերի դեմ պայքար կա,
ռուսական բազաներ կան,
օտարալեզու դպրոցներ… դեռ չկան…
Ծառ են կտրում,
ուղեղներին ասֆալտ փռում,
հարթ ու անծալք, սիրուն հղկում:
Մուրացկան կռվացնողներ
ու ազգի կենացը խմողներ կան:
Ու ազգային ինքնության նահատակներ կան…
Հա, նահատակներ հլը կան…
-Ախր մեր վախտ…
-Տա, երրորդ ինտերնացիոնալ չկա,
ու աշխարհի պրոլետարներին միացնող չկա…
Եղբայրական ժողովուրդներ չկան,
Բայց ախպեր-դիկտատորներ կան…
-Էլ բան չկա՞:
-Կարծեմ մեկ էլ
անձրևի տակ քայլողներ կան,
մոլորակին ձեռնոց նետող
ու շատ գաղտնի հաղթողներ կան…
Մոռացել էի, տատ…
-Դե գրի, Տաթ…

ԳՐԵԼՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ

Պոեզիայի ամեն չստացված ակտ
ինքնակերության միտում ունի,
երբ չգրված տողից հետո
անուժ կանգնում ես բառերի առաջ
ու փորձում թաքցնել ցնցումը մարմնիդ…
Երբ երկու ձեռքով չի ծածկվում մերկությունդ…
Երբ ջրով լցված փուչիկի պես ծանր ես թռչում…
Երբ ազատագրվել ես ուզում քեզանից…
Ինչ լիքն է աշխարհը գրելուց առաջ,
ինչ քաղցր է բռնաբարվող բառը դիմադրում,
ինչ տաք է ամենը պոեզիայի կեսին…
Ինչ դատարկ է աշխարհը հեշտանքից հետո…

***

«Հավերժ գնացող բաներին պետք է միայն լուռ ժպիտով ուղեկցել»:

հատված մահախոսական sms-ից

Ունեցածս մի մոլորակատիպ ավան է,
էն էլ վարկով, էստեղից- էնտեղից, ճարելով, փակվելով…
Իմ խեղճ ու անտեր մոլորակ,
իմ սոված,
ծարավ,
անկապ մոլորակ,
իմ մերկ ու հոգնած
ճանգռված,
պայթած,
քրտնած մոլորակ,
սատկած մոլորակ,
հալ ու մաշ,
ծեծված,
ծամված մոլորակ,
մարդաբոյ,
կեղտոտ,
խոնավ ու խավար,
տոթ ու գարշահոտ,
մկներ,
կատուներ,
ճանճեր,
կարիճներ,
զառանցող,
գունատ,
անարյուն,
անքուն,
ներվային մոլորակ
հիվանդ մոլորակ…
Մեծամասշտաբ լվացում,
համընդհանուր շաբաթօրյակ,
սանիտարահիգիենիկ աշխատանքներ,
ազատ տեղ,
ազատ օդ,
ազատ մարմին…
Լրիվ պատահական երկինքներից թափվածներ,
լրիվ պատահական հեռուներից եկածներ,
հավաքեք փասա-փուսաներ,
գլուխներ,
ոտքեր,
հատկապես թևեր…
Հա, մոլորակիս դեմոգրաֆիկ պատկերը փոխում եմ…
Էսօր գաղթ է,
Էսօր սպանդ է
էսօր տոն է, հա…
Բռնի միգրացիա,
ստերիլիզացի,
դիվերսիա,
պրովոկացիա,
ես հարբած եմ,
ես պարում եմ,
ռումբեր,
ռումբեր,
գլուխներ,
ոտքեր,
թևեր…
Դե,
յալլա,
haydi,
geberesi,
kara toprağa giresi,
teneşire gelesi,
adı batası,
ocakları batası,
kՓr olası…
Իմ անդեմ մոլորակ,
իմ դատարկ մոլորակ,
լուռ ու գլխիկոր…
Հուուու…
ազատ մոլորակ,
մաքուր մոլորակ…
Հ.Գ. Հենց որ դու արթնանաս, լվացվես ու կարգի բերես քեզ,
տեղն ու տեղը պիտի կարգի բերես նաև քո մոլորակը:
Փոքրիկ Իշխանը

ԽԻՍՏ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ` ԽԻՍՏ ՓՈՔՐ ՔԱՂԱՔՈՒՄ!

Ստվերների ժամ:
Ժամ մենակության:
Ժամ, երբ կոնյակը հատկապես համեղ է թվում:

Է. Մ. Ռեմարկ

Ծեսն էդպես է.
պետք է սովորականից երկար քնել
ու արթնանալ ծուլորեն, ճմրթված,
արթնանալ դանդաղ`
չծրագրված օրվա տեսլականով,
ոչ մի տեղ չշտապելով,
հիշելով, որ արևելքցի ես և ունես ժամանակ,
ուղիղ գծի պես ձգվող,
անվերջի ձգտող ժամանակ,
ու մի պահ անկեղծորեն դատարկ լինել`
անվերջի ձգտող թեթևությամբ…
Եվ պետք է Շուբերտի «Աղջիկն ու մահըե լսել
և ուղղագիծ քայլքի մեջ նախկին սերերիդ
(հատկապես երեսունն անց սերերիդ) ցուցակը
ձգել ծխախոտի երկարությամբ…
Ձևն էդպես է,
որովհետև աշուն է,
միջին վիճակագրական աշուն
սովորական հնագետի,
սովորական պոետի,
ու ավելի սովորական աղջկա համար:
Ու ծեսը պիտի շարունակվի Սիրահարների այգում`
ուր ինձ կբռնեցնեմ մելանխոլիայի լեղու մեջ կորած,
ու մոխրագույն շարֆով կփաթաթվեմ,
ու միապաղաղ քայլերով կանցնեմ ԱԺ-ի կողքով`
խիստ աշնանային անտարբերությամբ,
կհասնեմ ՀԳՄ,
կբարձրանամ երկրորդ հարկ, ուր
Հովհ. Գրիգորյանը կասի.
– Ո՞նց ես, նախշուն ջան:
Նախշունն էլ թույլ սուրճ կեփի,
ու Օպերայի շրջակայքում աշունն ավելի կխորանա…
Ես Սարյանի մոտով կանցնեմ գլխիկոր,
երկար-երկար մազերով թափված տերևները խառնելով
ու Կետիկնոցում հաստատ ինչ-որ մեկը կլինի,
ում ձեռքով կանեմ,
կժպտամ աշնանային անհեթեթությամբ
և ցուրտ օրերի կարեկցանքով,
որովհետև ինքն էլ հաստատ պոետ կլինի…
Ու ըստ ծիսակարգի`
հետո պիտի երեկո լինի,
քամի-մամի,
բոհեմ-մոհեմ,
սիլի-բիլի…
(Չէ, նոյեմբեր է,
Էլ փախչել չի լինի…)
Ու կեսգիշերին Դալիի պատկերների պես ծորուն
ստվերները կսահեն դեպի համակերպում,
և ես կմտածեմ, որ սրանից ավելի փոքր քաղաքներ էլ են լինում,
ուր աշնանը նեղվածք է լինում
ու… ծեսն էդպես է.
ավելի անպաշտպան են լինում պոետները
փոքր քաղաքի աշուններում…

ԿՐԱԿՈՒՄ ԵՆ!

Սարերում քայլում է ուղտը:
Կուզիկ,
լղար,
բազմաչարչար,
բեռան տակ կքած,
քարերից քերծված,
անատամ,
հոգնած,
փայլուն ճառերից գլուխը ուռած,
փոշուն, արևին գլուխը կախած,
մտքով՛ Անթալիա՛ ծովափին պառկած…
Ուղտից աջ՛ կրակում են:
Ուղտից ձախ՛ կրակում են:
Ուղտից վեր՛ ի՞նչ կարան անեն:
Ուղտին գնդակ չի դիպչում,
որովհետև… Ի՞նչ իմաստ ունի…
Ու ինքն արդեն թքած ունի,
որովհետև ուղտ է,
որովհետև շուրջն անապատ է,
որովհետև ուղտատերը չկա,
որովհետև կրակում էին…

Հ.Գ.
Գիտակցող ուղտին անապատ չեն քշում,
որովհետև առհասարակ՛ գիտակցողը չի քշվում:
Փամփուշտ խնայելու համար նախ գիտակցությունն են սպանում:
Չգիտակցողն ամենահեշտ ճկվողն է քամուց:
Անապատի թվացյալ ազատությունը գիտակցության բացակայությունն է:

Չգիտակցող ուղտի անատամ բերանում մի դժվար ծամվող բան են գցում
որ նա՛ ծամելով տարված, չլսի, որ շուրջը կրակում են…

Օ՜, ԻՄ ՊՈԶԱՎՈՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ

Քերթող լինելդ կաշիս քերթելու իրավունք չի տալիս:

2010-ի նոյեմբերին ցուրտ էր ու մենակ,
և ես դողում էի սիրելու… թուււււ… գրելու ցանկությունից:
Իմ մասնավոր բարոյականությամբ
մտքով տեղափոխվեցի կանանց գաղութ, երբ հասկացա,
որ սերերիս թիվն ուղիղ համեմատական է գրածներիս:
(Հետո՞ ինչ, որ Աստված մոռացավ ասել.
-Մուսաներ մի՛ շինիր քեզ համար:
-Եթե շինել ես, տիրությու՛ն արա:
-Սիրում ես, սիրի՛:
-Գրում ես, գրի՛:
Աստված էլ է անկատար.
չի հասցրել,
չի նկատել,
չի ենթադրել…
Ու ես` ճշմարիտ քրիստոնյաս,
խոնարհաբար խմբագրում եմ պատվիրաններդ,
ու անգիր արած սցենարով
ամեն մեղքից հետո
իմ ոտքով գնում պատիժս կրելու):
Հ.Գ.
Պոեզիայի աստվածը մարդկային զոհեր է պահանջում.
երես մի՛ տուր:
Պոեզիայի աստվածը շոյում է գլուխդ, երբ կուշտ է
ու քացով ուղարկում որսի` երբ սոված:
Տաթ, զգույշ եղիր.
հերթի վերջում դու ես կանգնած…

© Տաթև Չախչախյան

Share Button

15 Կարծիք

  • Evelina-Nelli says:

    Hrashq es Tatevik jan…!

  • Ամերիկայում սև նախագահ կա
    -Յի՜ա…
    🙂
    Ճգնաժամ կա:
    -Էդ հա էլ կա…
    🙂
    -Տատ, վախտը չի,
    լիքը հարց կա…
    Ու Հայ դատ կա:
    -Էդ հլը՞ կա:
    -Սահման-մահման…
    -Վա՜յ, այ բալա…
    🙂

    հաճույքով կարդացի…
    նոր փոքր եղբորս համար կարդացի հազար անգամ կներեք , բայց ասեց ` փաստորեն տատիին գրուզիտ արեց էլի …. )))))

  • Կարեն Անտաշյան says:

  • Nshan says:

    Կարծեմ մեկ էլ
    անձրևի տակ քայլողներ կան,
    մոլորակին ձեռնոց նետող
    ու շատ գաղտնի հաղթողներ կան…

    “ու շատ գաղտնի հաղթողներ կան…” Շատ սիրուն էր, շատ ))))))))))

  • Արթուր Մենք says:

    Ինձ թվաց այս ամենը` պատկերավոր, շոշափելի, կենդանի ու շատ գեղեցիկ…

  • Narek Bakhtamyan says:

    Gjot er, shat sireci cer gorcer@
    Մուսաներ մի՛ շինիր քեզ համար:
    -Եթե շինել ես, տիրությու՛ն արա:
    -Սիրում ես, սիրի՛:
    -Գրում ես, գրի՛:
    es mi mas@ arhasaraj verjn er!!!!!!!!!

  • Գրիշ says:

    Առաջին գործը շատ լավն էր: Վերջի ժամանակները մոդայա դառե, որ, նույնիսկ ամենալուրջ լուրերը մի քիչ հումորով հայտնեն: Դրա տիպիկ օրինակներից ա: Միաժամանակ լավ իմաստ կա մեջը` էն ինչ ակտուալա այսօր, վաղը, միգուցե դրա մասին չհիշենե:

  • Ազատ says:

    Լավ է, ապրեք, պիտի այս գործերը տարածել, հասցնել մարդկանց…

  • david balasan says:

    arajinum neytral ton kar)) haves er!

  • Պերճ says:

    Մի բան էլ ես ասեմ.
    -Գրելու չափ ու սահման էլ կա:

  • Taron Petrosyan says:

    Es scenar em pntrum film nkarahanelu hamar, ete du unes voreve mi ban urax klinem hamagorcakcel qez het. Es im el-postn e – revolution606@gmail.com.

  • Tigran says:

    Barev, shat lav eir nerkayacrel es ashxarhi shila-shpoty, bayc ed xexch tatd mexq cher, vor ed bery uxexin drir????

  • missyaguar says:

    Indz dur ekan, aseliq ka… Bovandakutyun ka…

  • Carpe Diem says:

    Shat hetaqrqir er, imastalic, aktual. Yes shat urax em vor qez pes eritasard banastexcner unenq, kuzei qo gorceric eli kardal. Hajoxutyun em maxtum!

  • Արգիշտի says:

    ”Քերթող լինելդ կաշիս քերթելու իրավունք չի տալիս”,)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *